Աղջիկ կադետները տղաների ռազմական վարժարանում
Ուշադրություն
դիտումներ` 3919
լեզու: 

Ուղիղ երկու տարի առաջ 16-ամյա Արփինե Ավանեսյանը ստացավ, ինչպես ինքն է ասում, ծննդյան ամենալավ նվերը, որն էականորեն տարբերվում էր իր հասակակիցների ուզածից: Արփինեի նվերը ռազմական վարժարան ընդունվելու համար իր ծնողների համաձայնությունն էր:

Լեռնային Ղարաբաղի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը աղջիկ կադետներ է ընդունում 2015 թվականից, սակայն միայն 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո ավելացավ աղջիկների հոսքը: Այսօր արդեն 16 աղջիկ է սովորում Ստեփանակերտում գտնվող վարժարանում:

Ընդհանուր առմամբ այստեղ կրթություն է ստանում 14-17 տարեկան 110 ուսանող` ռազմական ոլորտում պոտենցիալ ծառայություն ծավալելու նպատակով: Դասավանդումը կատարվում է Ղարաբաղի միջնակարգ դպրոցների ուսումնական պլանով, սակայն կադետները սովորում են նաեւ ձեռնամարտ, զինվորական պատրաստություն եւ ինքնաձիգից կրակել:

Աղջիկ կադետների համար կարծրատիպերը կոտրելն ուսման ամենադժվար մասն է:

Նրանց մեծ մասը երկար պայքարից հետո է կարողացել ստանալ ծնողների համաձայնությունը վարժարան ընդունվելու համար: Ղարաբաղում շատերը դեռեւս կովկասյան ավանդական այն համոզմանն են, թե կինը պետք է  ընտանիքի մասին հոգ տանի, իսկ ռազմական գործը թողնի տղամարդկանց:

Օրինակ Ավանեսյանների ընտանիքի բոլոր անդամները դեմ էին Արփինեի որոշմանը, բացի հորից, որը 90-ականների սկզբին  մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին:

«Ծննդյանս օրը, երբ բոլոր հյուրերը հեռացան, հայրիկս ընտանիքի անդամներին ասաց, որ ես ընդունվելու եմ վարժարան, եւ որ այդ հարցն այլեւս քննարկման ենթակա չէ: Ոչ մեկը չհակաճառեց հայրիկիս»,-ասում է Արփինեն:

Վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանի խոսքով, առաջնագծից բացի, կանայք արդեն ծառայում են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի տարբեր ստորաբաժաննումներում:

Հակոբյանը պատմում է, որ 2013-ին Մոսկվայի Սուվորովի անվան ռազմական ուսումնարան այցելելուց հետո, դիմեց Ղարաբաղի պաշտպանության նախարաությանն իրենց վարժարանում ևս աղջիկ կադետներ ընդունելու որոշման համար:

«Սուվորովի ռազմական ուսումնարանում աղջիկ կադետներ տեսնելուց հետո ես մտածեցի, ինչու մենք էլ հնարավորություն չենք տալիս աղջիկներին դառնալու ռազմական ոլորտի պրոֆեսիոնալներ: Վստահ եմ, որ նյութատեխնիկական աջակցության բաժանմունքներում աշխատանքներ կան,  որոնք կարող են իրականցվել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց կողմից»,-ասում է նա:

Հակոբյանը բացառում է կանանց առաջնագիծ ուղարկելը` նշելով, որ դա նրանց տեղը չէ:

«Չայխանայի» հետ զրույցում աղջիկ կադետները նշեցին, որ իրենց տղա դասընկերի մեծ մասը մինչեւ հիմա էլ մտածում է, որ ո՛չ բանակում եւ ո՛չ էլ ռազմական վարժարանում աղջիկներ չպետք է լինեն:

Տղա կադետներն ակնհայտորեն չեն դժգոհում աղջիկ կուրսեցիներ ունենալուց, սակայն նրանցից ոմանք իգական սեռի ներկայացուցիչներին ընկալում են ավելի շատ որպես օգնականների, քան ընդունում են որպես հավասարի:

Օրինակ` 20-ամյա Արտակ Պետրոսյանը հավատում է, որ աղջիկները, ինչպես ինքն է ասում, կարող են թիկունք կանգնել տղա զինվորներին եւ ծառայել օրինակ հակաօդային պաշտպանության, կապի զորամասերում, կամ աշխատեն որպես բուժքույր:

«Պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմական իրավիճակներում բազմաթիվ կանայք թիկունք են կանգնել իրենց ամուսիներին: Մեր աղջիկները շարունակում են այդ ավանդույթն այսօր»,-նշում է նա:

2017 թվականին 18-ամյա Եվա Ղազարյանը դարձավ Իվանյան վարժարանի առաջին աղջիկ կադետ շրջանավարտը: Հիմա նա սովորում է Երեւանի մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Կրթությունն ավարտելուց հետո նախատեսում է ծառայել Ղարաբաղի զինված ուժերում:
Ռազմական վարժարանի կանոնների համաձայն` աղջիկ կադետները պետք է իրենց մազերը հավաքած պահեն, որպեսզի դեմքին չընկնի: Շատերի համար մազեր հյուսելն այդ պահանջին համապատասխանելու ամենահարմար տարբերակն է:
16-ամյա կադետ էռնա Ավագյանի ավանդական հայկական պարը հայրենիքի պաշտպանի եւ մայրենիի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
Ռազմական վարժարանը հետեւում է Ղարաբաղի միջնակարգ դպրոցների ուսումնական պլանին, սակայն դասավանդվում է նաեւ ձեռնամարտ, նախնական զինվորական պատրաստություն եւ ինքնաձիգից կրակել:
Ռազմական վարժարան ընդունվելուց հետո աղջիկներից ոմանք սկսել են կրել ռազմական թեմատիկայի կախազարդեր:
Վարժարանում սնունդն անվճար է: Կադետները պատրաստվում են նախաճաշի, որը ներառում է ձու, նրբերշիկ, հաց եւ թեյ:
16-ամյա Լենա Ամիրխանյանը ցանկանում է կրթությունը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում եւ դառնալ ռազմական ինժեներ: Դրանից հետո նախատեսում է ծառայել կամ Ղարաբաղի զինված ուժերում կամ հայկական բանակում:
Աղջիկները կրակել սովորում են հատուկ ժամանակակից սարքի միջոցով` օգտագործելով ուսումնական կալաշնիկով:
16-ամյա Սվետլանա Ասրյանը այնքան է հմտացել Կալաշնիկով ավտոմատը քանդել հավաքելու գորձի մեջ, որ փակ աչքերով է անում հիմա։
Կադետները կեսօրյա ճաշից հետո` նախքան դասերի սկսելը, մեկ ազատ ժամ ունեն: Աղջիկ կադետներին տրամադրվել է առանձին սենյակ, որտեղ նրանք զրուցում եւ երաժշտություն են լսում:
16-ամյա Արփինե Ավանեսյանն ու Անաստասիա Հարությունյանը շարքի առջեւում են` շարային ստուգատեսի ժամանակ: Նրանք ասում են, որ փոքր տարիքում չէին մտածում ռազմական կարիերայի մասին: Փոխարենն ուզում էին դառնալ ուսուցիչ եւ դիզայներ:
Ինչպես բանակում, կադետները եւս, ամեն ուսումնական տարվա սկզբին մասնակցում են խոստման արարողությանը:

16-ամյա Լենա Ամիրխանյանը երկրորդ տարին է սովորում է վարժարանում, իր տղա համակուրսեցու բերած պատճառներից եւ ոչ մեկը հիմք չի ծառայել վարժարան ընդունվելու համար: Ընդհակառակը նրա նպատակը ռազմական ինժեներ դառնալն է:

Ռազմական գործը նրան գրավել էր դեռեւս 2015 թվականին, երբ ընտանիքը Դիլիջանից տեղափոխվեց Ղարաբաղ, երբ մայրն ուսուցչի աշխատանք էր գտել գյուղերից մեկում: Սակայն, Լենայի խոսքով, 2016 թվականի քառօրյա պատերազմը ավելի ամրացրեց վարժարան ընունվելու իր որոշումը:

«Ես սիրում եմ փոքրամասնության մեջ լինել եւ այդպիսով տարբերվել հասարակությունից»,-ասում է Լենան:

Աղջիկները եւ տղաները կրում են նույն համազգեստը, և վարժարանը դեռ ամբողջությամբ հարմարեցված չէ աղջիկ ուսանողների համար: Կան առանձին զուգարաններ, սակայն չկան գիշերելու առանձին սենյակներ: Ի տարբերություն տղաների, աղջիկների մեծ մասը չի գիշերում վարժարանում, բացառությամբ երկուսի, որոնք բնակարանային խնդրի պատճառով ստիպված մնում են վարժարանում հատկացված հատուկ սենյակում։

Տնօրեն Հակոբյանը հավաստում է, որ իրենք նախատեսում են կառուցել նոր զորանոց, որը կկարողանա գիշերակաց ապահովել մինչեւ 30 աղջիկ կադետների համար:

Վարժարանից կամ համալսարանից հետո շրջանավարտները պետք է ծառայեն զինված ուժերում, բայց նրանք պարտավորված չեն շարունակել ռազմական կարիերան:

«Եթե սովորեմ, բայց չշարունակեմ, սովորածս իզուր կլինի: Հենց սովորում եմ, որ հետագայում շարունակեմ ծառայությունս [բանակում]»,-ասում է Ամիրխանյանը, որն արդեն կատարել է իր ընտրությունը:

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ