Անձնական տարածք
Ուշադրություն
դիտումներ` 3224
լեզու: 

Առավոտյան 7-ն է: Մինչ փորձում եմ արթնանալ, ոտքերս ինքնաբերաբար ինձ տանում են խոհանոց: Առավոտյան երկչոտ լույսը կամացուկ ներխուժում է խոհանոց: Երևանի կենտրոնից հեռու պատուհանիցս երևում է ամպածրար Հատիս սարը: Լուսաբացի թեթև հովի մեջ վզզում են թռչունները:

Իմ տան սրտում եմ: Այստեղ` այս չորս պատերի ներսում ձգում եմ ժամանակը` կում-կում խմելով սուրճը եւ կիսելով առավոտյան խոհերը ամուսնուս հետ: Երբ աշխատանքի չեմ, ընդարձակ պատուհանից հետևում եմ, թե ինչպես է երկինքը փոփոխվում: Երբեմն խմբագրում եմ լուսանկարներս կամ ուտելիք սարքում, գրում եմ կամ ուղակի նստում:

Մշտապես ցուցարարներ եւ տարատեսակ իրադարձություններ նկարելուց հետո տարիներ առաջ օբյեկտիվս ուղղեցի դեպի այս փոքրիկ տարածքը եւ սկսեցի լուսանկարել խոհանոցի սալօջախի եռացող թեյնիկը, պարանին ձգված իմ լվացքը կամ ամուսնուս ստվերը` պատուհանի առաջ: Կամաց կամաց ես դարձա ականատեսը, թե ինչպես է արտաքին աշխարհը ներխուժում իմ տուն:  

Խոհանոցի պատուհանից բացվող տեսարանը մշտապես փոփոխվող կտավ է, որ միշտ առջևս է: Թմբերն ու Հատիս սարը միշտ նույն են և տարբեր ամեն ժամ: Պատուհանիցս երևում են տների տանիքները: Լուսադեմին նկատում եմ, թե ինչպես է երկինքը փոփոխում իր գույները` մինչ ծուլորեն ըմպում եմ սուրճը:

Հետո թեյնիկը եռում է: Տնեցիներն արթնանում են, կտավը կրկին փոփոխվում է, ինչպես և իմ տրամադրությունն ու զգացողությունները:

Խոհանոցից դուրս և ներս արված լուսանկարները իմ և ինձ շրջապատող տարածքի որոնումներն են: Պատկերելով այդ փոքրիկ սենյակը` ես վերլուծում եմ իմ ներքին և արտաքին աշխարհները, որ առերեսվում են ինձ շրջապատող տարածքի հետ:

Սա իմ անձնական տարածքն է, որտեղ ես սիրում եմ լինել:

Վաղ առավոտ է, թեյ եմ պատրաստում (նոյեմբեր 2015):
Ամուսնուս հետ սուրճ ենք խմում (հունիս 2017):
Լվացքի պարանին փաթաթված անկողինը շրջանակում է պատուհանից դուրս տեսարանը (մայիս 2016):
Հոկտեմբերյան առավոտ, 2015թ.:
Երբեմն այս լուսանկարները ես հրապարակում եմ սոցիալական ցանցերում, և հաճախ մարդիկ ուզում են տեսնել նոր լուսանկարներ, (մարտ 2016):
Նորակառույց տները` ծիածանի ներքո (հուլիս 2017):
Օդապարիկը իմ խոհանոցում (հոկտեմբեր 2016):
Ամանօրյա ձյունը (հունվար 2016):
Խոհանոցում ձմեռ է (2016):
Երբեմն թռչուններն այսքան մոտ են խոհանոցին (մայիս 2015):
Ընթրիքն ավարտված է (սեպտեմբեր 2017):
2016-ի Օգոստոսին մենք փոխեցինք խոհանոցի պատուհանը: Մինչ բանվորները կտեղադրեին նոր շրջանակը, այս քառանկյունը մի քանի ժամ բաց էր:
Դավիթը` փոքր տղաս, շեփոր է նվագում (դեկտեմբեր 2015):
Հայելային պատկերներ` նյութը հրապարակման համար խմբագրելիս (հունվար 2018):
Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ