Կյանքը սպասման մեջ
Ուշադրություն
դիտումներ` 6393
լեզու: 

Սանամ Ճաղարյանը հասկացավ, որ իր տղայի` Աղասիի հետ սարսափելի բան է պատահել, երբ առաջին անգամ Ղարաբաղի սահմանագծում ծառայող 20-ամյա որդու փոխարեն, հեռախոսին  պատասխանեց նրա ծառայակիցը: 1994 թվականի փետրվարին բանակ գնալուց երեք ամիս անց Աղասին անհյատ կորել է: Այդ պահից արդեն 23 տարի է անցել, սակայն Սանամը ոչ մի տեղեկություն չունի տղայի մասին:

«Ամեն անգամ ես գնում էի փոստային բաժանմունք, որպեսզի փորձեմ խոսել տղայիս հետ, սակայն ամեն անգամ տարբեր զինվորներ էին պատասխանում իմ զանգին` փորձելով թաքցնել այն փաստը, որ նա այլեւս զորամասում չի»,-պատմում է 66-ամյա Սանամը, ով ապրում է Տավուշի մարզի Այգեձոր գյուղում: Այն հայ-ադրբեջանական սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է:

Սանամն օրեր ու գիշերներ էր անց կացնում Այգեձորի փոստային բաժանմունքում, որպեսզի այնտեղի հեռախոսային ծառայության միջոցով գոնե ինչ-որ ինֆորմացիա ստանար որդու մասին: Միայն երեք ամիս անց նա տեղեկացավ, որ Աղասին, իր 7 ծառայակիցների հետ միասին, ադրբեջանցիների կողմից դարանակալման է ենթարկվել եւ համարվում է անհետ կորած: Հայկական բանակն այդպես էլ չի հաստատել նրա մահը:

Մինչ օրս Սանամը հավատում է, որ իր կրտսեր տղան դեռ կենդանի է:

«Ես կարծում եմ` անհնար է իմ տղան մահացած լինի: Նա այնպիսին չէր, որ մահանար»,-ասում է 66-ամյա կինը:

Կարմիր խաչի միջազային կոմիտեի տվյալներով, 2000 բնակիչ ունեցող սահմանամերձ Այգեձոր գյուղում երկու անհետ կորած զինծառայող կա:
Սանամի թոռները տեղյակ են իրենց կորած հորեղբոր մասին միայն լուսանկարներից եւ մեծերի պատմած պատմություններից:
Չորացած եղեւնու ճյուղը կախված է Աղասի Ճաղարյանի նկարի մոտ: Այն մնացել է նախորդ Ամանորից:
Աղասի Ճաղարյանը (աջից առաջինը) ընկերների հետ` 1994-ին անհետ կորելուց երեք-չորս տարի առաջ:
Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ սահմանամերձ գյուղերի երեխաների կյանքի անբաժան մասը, ինչպես Աղասի Ճաղարյանի զարմուհու դեպքում է:
Սանամ Ճաղարյանն ու նրա ավագ որդին` Սարգիսը, բանակի նախկին սպա:
Սանամ Ճաղարյանի հարեւանուհին աշխատում էր Այգեձորի փոստային բաժանմունքում, որտեղ Սանամը 1994 թվականին մի քանի ամիս էր անցկացրել` փորձելով ինչ-որ տեղեկություն ստանալ որդու` Աղասիի մասին:

Ճաղարյանը միակը չէ, ով շարունակում է հավատալ, որ իր հարազատը ինչ-որ կերպով ողջ է մնացել 1991-1994 Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ICRC), որը զբաղվում է Հայաստանից եւ Ադրբեջանից անհետ կորածների եւ գերի ընկածների մասին տվյալների որոնմամբ եւ հավաքագրմամբ, նշում է, որ հակամարտության արդյունքում երկու կողմերից էլ անհետ կորած է համարվում 4500 մարդ, որից 400-ը` Հայաստանից:

Կոմիտեի տվյալներով, 400-ից 15-ը սահմանամերձ Տավուշի մարզից են:


Հակամարտության ծավալման դեռ սկզբնական շրջանում որոշակի շփումներ  կային սահմանամերձ հայ եւ ադրբեջանական գյուղերի միջեւ: Ինչն էլ երբեմն հնարավոր էր դարձնում անհետ կորածների եւ գերիների մասին ինֆորմացիայի որոշակի ձեռքբերումն ու փոխանակումը: Սակայն հակամարտության խորացմանը զուգընթաց սահմանները վերջնականապես փակվեցին եւ դադարեցին հազվադեպ հանդիպումները:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հստակ տվյալներ չունի, թե ինչ է պատահել Աղասի Ճաղարյանի հետ` արդյո՞ք նա մահացել է, թե՞ գերի է ընկել Ադրբեջանում: Մայրը, ով նյարդային պոռթկումներ ուներ որդու անհետացման պատճառով, նախընտրում է հավատալ վերջին տարբերակին:

Այգեձորից 131 կմ հեռավորության վրա գտնվող Իջեւան քաղաքում ապրում է մեկ այլ կին` անհետ կորած հարազատին գտնելու ավելի քիչ հավատով:

Մարիետա Սիմոնյանի տան ներսում կախված է ամուսնու` Սարիբեկ Սարուխանյանի մեծ դիմանկարը: 13 տարվա ամուսին եւ երեք երեխաների հայր Սարուխանյանը, ով բեռնատարի վարորդ էր, անհետացել է 1990թ-ի օգոստոսի 19-ին, 41 տարեկան հասակում: Նրա դատարկ բեռնատարը հայտնաբերվել էր հայ-ադրբեջանական սահմանին՝ Սարիգյուղ եւ Բերքաբեր գյուղերը կապող մայրուղում: Մինչ օրս հայտնի չէ, թե ի՞նչ է պատահել Սարիբեկի հետ:

Տավուշի մարզկենտրոնը՝ Իջևան քաղաքն ունի 22 հազար բնակիչ:
2017 թվականի ապրիլին Կարմի խաչի միջազգային կոմիտեն Իջեւանի կենտրոնական հրապարակում բացեց Ղարաբաղյան պատերազմում Տավուշի մարզից անհետ կորած անձանց եղեւնիների պուրակ:
Իջեւանի բնակիչ Մարիետա Սիմոնյանը նայում է իր ամուսնու` Սարիբեկի նկարները, ով անհետ կորել է 27 տարի առաջ արցախյան հակամարտության ժամանակ:
Սարիբեկ Սարուխանյանի հետ (աջից` երկրոդը) արված վերջին ֆոտոներից մեկը, 1990 թ.:
Տանիքից կաթող անձրեւը փչացնում է Սարիբեկ Սարուխանյանի նկարները:
1990-ի օգոստոսի 19-ին Սարիբեկ Սարուխանյանի դատարկ բեռնատարը հայտնաբերվել էր սահմանամերձ Սարիգյուղ եւ Բերքաբեր գյուղերի միջեւ ընկած մայրուղու հատվածում:

Ղարաբաղյան հակամարտության սրման շրջանում մարդկանց գերի վերցնելն անսովոր բան չէր այս տարածքում: Սակայն հարազատների` Սարիբեկի մասին ինչ-որ բան իմանալու համար իրավապահ մարմիններին, ավելի ուշ նաեւ Կարմի խաչի միջազգային կոմիտեին դիմելը, արդյունք չտվեց:

Մարիետան ստիպված էր միայնակ մեծացնել իր երեք երեխաներին` աշխատելով որպես վաճառողուհի: Երկու աղջիկները բարձրագույն կրթություն են ստացել, իսկ տղան որոշել է շարունակել հոր գործը` դառնալով բեռնատարի վարորդ:

Մարիետան շարունակում է սպասել ամուսնուն:

«Եթե հիմա դուռը բացի եւ ներս մտնի, ես չեմ զարմանա: Ես միշտ սպասում եմ Սարիբեկին»,-ասում է նա:

Մոտ 3,5 ժամ է անհրաժեշտ Իջեւանից դեպի հյուսիս-արեւելք սահմանամերձ Ոսկեվան գյուղ հասնելու համար: Այստեղ ապրում է 63-ամյա Շուշան Խաչիկյանը, ով դպրոցից անմիջապես հետո ամուսնացել է: Շուշանը եւս հույս ունի, որ ամուսինը վերադառնալու է:

Ղարաբաղյան պատերազմի բռնկումից հետո 80-ականների վերջին սահմանամերձ գյուղերի բնակիչները ստիպված էին ստեղծել ինքնապաշտպանական կամավոր ջոկատներ: Շուշանի ամուսինը` Խաչիկ Խաչիկյանը, մեկն էր Ոսկեվանի կամավորներինց, ով սկսեց հերթապահել գյուղի սահմաններին: Նա ինժեներ էր աշխատում Ջողասի ջրմաբարում: 1990 թվականի հուլիսի 24-ին Խաչիկը գնաց հերթապահության եւ այլեւս չվերադարձավ:

Վերջապես լուրեր եկան հարեւան ադրբեջանական գյուղերից, որ 40-ամյա Խաչիկյանին գերի են վերցրել: Կնոջ խոսքերով, իրենց համագյուղացիները խոստացել էին վերադարձնել նրան, սակայն լայնածավալ պատերազմը կտրեց բոլոր կապերն ադրբեջանական գյուղերի հետ:

Ու չնայած այդ ամենին, այսքան տարի անց էլ ընտանիքը չի կորցրել հույսը, որ Խաչիկյանը կվերադառնա:

Հակամարտությունն այս ընտանիքի վրա այլ հետքեր էլ է թողել: Ամուսնական զույգի երեք երեխաներից մեկը կորցրել է իր ձեռքը ականի պայթյունից, մյուսը վնասել ոտքը:

Խաչիկյանը, ով այսօր խանութ ունի գյուղում, չի թեւաթափվել այս ամենի արդյունքում:

«Միայնակ եմ մեծացրել երեք տղաներիս ու աղջկաս, արել եմ ամեն ինչ՝ հնարավորինս անկախ լինելու համար: Միայն հիմա է, որ ունենք խանութ, նախկինում ստիպված էի մեր այգու մրգերը մեջքիս բարձած տանել եւ վաճառել, որպեսզի կերակրեի եւ բարձրագույն կրթության տայի զավակներիս: Հիմա, երբ մարդիկ բողոքում են կյանքից, ես նրանց ասում եմ` գնացեք եւ աշխատեք»,-նշում է Շուշանը:

Զինադադարի կնքումից ավելի քան 23 տարի անց սահմանամերձ Ոսկեվան գյուղում կրակոցերը չեն դադարում:
«Մենք լավ հարաբերություններ ունեինք ադրբեջանցիների հետ: Այցելում էինք միմյանց: Ո՞վ կարող էր մտածել, որ հնարավոր է նման բան պատահի»,-ասում է սահմանամերձ գյուղի բնակիչ Շուշան Խաչիկյանը:
27 տարի անց էլ Շուշան Խաչիկյանը դեռ մի փոքր հույս ունի, որ իր ամուսին Խաչիկը կվերադառնա տուն:

Աշխատանքն էր, որ պահեց Սերոբ Շահումյանին Կոթի գյուղի այլ տղամարդկանց միանալուց, որպեսզի տարհանեն իրենց ընտանիքներին, երբ 1992թ-ի հունիսին գնդակոծությունները սաստկացան:

Հեռախոսային կայանում աշխատող Սերոբը հակամարտության բռնկման ժամանակ դարձավ կամավոր եւ ռադիոկապով էր ապահովում սահմանները: Սերոբի հետ տանն ապրում էր նրա եղբայրը` 39-ամյա Հովսեփը, ով հոգեկան խնդիրներ ուներ:

«1992-ի հուլիսի 12-ին ես մարտական հանձարարություն էի կատարում: Երեկոյան եղբայրս անհետացել էր: Հիշում եմ, որ ուզում էր գնար անտառ` փայտ հավաքելու: Ինձ թվաց, թե համոզել եմ, որպեսզի չգնա, բայց փաստորեն գնացել էր»,-հիշում է 62-ամյա Սերոբը:

Չնայած, որ անմիջապես սկսվել էր որոնողական աշխատանքերը եւ այդ ամենում ընդգրկված էին բոլոր ռազմական եւ իրավապահ մարմինները, սակայն Հովսեփին հնարավոր չեղավ գտնել: Նրա մասին տեղեկություն ստանալու միակ հույսը սահմանամերձ Բերդավանի անցակետն էր` 150 կիլոմետր դեպի հարավ, որտեղ հայ եւ ադրբեջանցի քաղաքացիական մարդկանց միջեւ դեռ հանդիպումներ լինում էին:

Այդպիսի մի հանդիպման ժամանակ էլ Շահումյանը միջնորդավորված տեղեկացավ, որ հարեւան ադրբեջանական գյուղում կա իր եղբոր նման մեկը: «Նրանք նշեցին փրկագնի չափը, եւ մենք պայմանավորվեցինք հանդիպել 10-15 օրից: Սակայն նրանք այլեւս կապի մեջ չմտան»,-պատմում է Սերոբը:

Երեք կողմից ադրբեջանական գյուղերով շրջապատված Կոթիում 1990-ականների սկզբներին թեժ մարտեր են ընթացել:
62-ամյա Սերոբ Շահումյանը` հեռախոսակայանի նախկին աշխատակիցը, հակամարտության ժամանակ միացել է կամավորական ջոկատներին եւ կապով է ապահովել դիրքերը:
Սերոբի 39-ամյա եղբայրը` Հովսեփ Շահումյանը, 1992 թվականի հուլիսի 12-ին տնից դուրս է եկել եւ գնացել անտառ փայտ հավաքելու: Այդ պահից սկսած նրա մասին ոչինչ հայտնի չէ:
Հովսեփ Շահումյանից մնացած վերջին նկարները:
Ի տարբերություն անհետ կորած անձանց այլ ընտանիքների, Սերոբ Շահումյանը եղբոր նկարը տեղադրել է ընտանեկան գերեզմանաքարի վրա:

Շահումյանների ընտանեկան գերեզմանաքարին տեղադրված է նաև անհետ կորած Սերոբի պատկերը, առանց մահվան տարեթվի: Այս ընտանիքն անհետ կորած ունեցող այն եզակի ընտանիքներից էր, որ գնացել էր նման քայլի: Նկարի վրա չկա, սակայն, Հովսեփի մահվան տարեթիվը:

«Ես զգում եմ, որ նա այլեւս կենդանի չէ: Նրան այսքան երկար գերի չէին պահի»,-ասում է Շահումյանը` հավեվելով, որ կցանկանար Կարմիր խաչի միջոցով գոնե ստանար եղբոր աճյունը` նրան հայրենիքում թաղելու համար:

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ