Տղամարդը պարտավոր է կերակրել ընտանիքին. հայկական չհնացող ավանդույթ
Ուշադրություն
դիտումներ` 2025
լեզու: 

60-ամյա Գևորգ Գևորգյանը ծնվել և մեծացել է Հայաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Գյումրի քաղաքում: Շինարար-ճարտարապետ է: 30 տարի աշխատել է հայրենի քաղաքում: Ապա, ինչպես շատ հայ տղամարդիկ, արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կրկին զբաղվել է շինարարությամբ:

Հայ հասարակությունում, ընդհանուր առմամբ, ընդունված է, որ տղամարդը պետք է լինի ընտանիքին կերակրողն ու հոգ տանողը: Հատկապես մարզային աղքատության պատճառով Գևորգյանի պատմության նման պատմություններ Հայաստանում այսօր շատ կան: Ընտանիքին կերակրելու միակ տարբերակը շատերի համար արտագնա աշխատանքի մեկնելն է. տղամարդիկ թողնում են ընտանիքները և աշխատանք փնտրում արտերկրում: Հայաստանի ժամանակակից կյանքի իրականությունը գենդերային դերերի երկընտրանք է ստեղծում: Հայրը, որը հոգում է ընտանիքի կարիքները, սակայն ֆիզիկապես բացակայում է, ի՞նչ ազդեցություն է ունենում ընտանեկան կյանքի վերաբերյալ ավանդական պատկերացումներին:

«Ամբողջ կյանքում մուրճն ու մեխը ձեռքիս են եղել: Հայրս սիրում էր ասել, որ մենք քարից հաց քամող ազգ ենք: Ես հենց դա էլ արել եմ: Հազվադեպ եմ հիշում օրեր, որ տանը նստած լինեի: Եթե նույնիսկ տանը մնում էի, ապա շատ էի նեղվում իմ ոչինչ չանելուց»,-ասում է Գևորգյանը:

1988 թվականին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Հայաստանի հյուսիսային շրջաններում ավերվեց ավելի քան 50 գյուղ և 11 քաղաք: Հաշված վարկյանների ընթացքում Հայաստանում կյանքը կանգ առավ, գործարանները դադարեցին աշխատել, մարդիկ դարձան անտուն և գործազուրկ: Իսկ այդ հետեւանքները վերացնելու համար պահանջվեց տասնյակ տարիներ:

«Գրեթե խելագարվում էի, որովհետև այդ օրերին չէի աշխատում: Բայց հետո ինքս ինձ հավաքեցի, հասկացա, որ իրավունք չունեմ նստեմ տանը ու ոչինչ չանեմ: Ես պետք է իմ ընտանիքի ապրուստը հոգայի»,-ասում է Գևորգյանը, «կինս երբեք չի աշխատել, մեր ընտանիքում հստակ դերաբաշխում կար. ես փող աշխատողն էին, կինս՝ երեխաներին խնամող-մեծացնողը»:

Բախվելով ընտանիքը կերակրելու խնդրին՝ Գևորգ Գևորգյանը ընտրեց միակ հնարավոր տարբերակը: Նա մեկնեց Ռուսաստան՝ փնտրելու աշխատանք:

Գևորգյանը միայն կնոջ օգնությամբ է ի վիճակի մի սենյակից մյուս սենյակը գնալ: Հյուրասենյակում սովորաբար նստում է դռան մոտ գտնվող բազմոցի ծայրին:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետազոտող Աղասի Թադեւոսյանը «Չայխանայի» հետ զրույցում նշում է, որ նման պատմությունները հազվադեպ չեն. դրանք արտացոլում են նախորդ դարում տեղի ունեցած տնտեսական իրավիճակի եւ գենդերային հավասարության շրջանի փոփոխությունները:

«Տղամարդկանց ֆիզիկական ուժի շնորհիվ նրանք միշտ ծանր աշխատանք են կատարել, իսկ կանայք հոգացել են երեխաների մասին: 1930-ից 1950-ական թվականների արդյունաբերության զարգացման շրջանում տարբերությունն ավելի ընդգծվեց. գործարաններում տղամարդկանց աշխատանքի ավելի մեծ պահանջարկ կար»,-բացատրում է Թադևոսյանը:

Ըստ ազգագրագետի՝ Խորհրդային միության սկզբին կանայք սկսեցին ավելի լայն գործունեություն ծավալել և դարձան ավելի կիրթ: Այնուամենայնիվ, 1991 թ. խորհրդային միության փլուզումից հետո նրանց ճակատագիրը կրկին փոխվեց:

«Հետխորհրդային ժամանակաշրջանում կանայք վերադարձան խոհանոց եւ տուն, որպեսզի երեխաների մասին հոգ տանեն, իսկ տղամարդիկ դուրս եկան աշխատանքի: Այնուամենայնիվ, վերջին տարիներին Հայաստանում իրավիճակը փոխվել է, քանի որ կանայք դարձել են ավելի ինքնավստահ, կարող են ավելի շատ գումար վաստակել, որպեսզի աջակցեն իրենց ընտանիքներին»,- բացատրում է ազգագրագետը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում աշխատում են բազմաթիվ աղջիկներ`  հատկապես 17-20 տարիքային խմբից: Նրանք արդեն լիդերներ են, բարձրագույն կրթություն ստացած են և կարող են կերակրել իրենց ընտանիքներին»,-հավելում է Թադեւոսյանը` շեշտելով, որ չնայած հայ կանայք օրեցօր ավելի անկախ են դառնում, սակայն հայ տղամարդիկ դեռ չեն ցանկանում ընդունել այն փաստը, որ կանայք կարող են ընտանիքի կերակորողը լինել:

Եւ Գևորգ Գեւորգյանը նրանցի մեկն է:

«Ինձ երբեք չթողեց աշխատել»,-ասում է նրա 58 ամյա կինը՝ Գոհար Գևորգյանը,- «Ասում էր տղամարդը ծնված է աշխատելու ու տուն պահելու համար, կնոջ գործը տան պատերից ներս է: Գևորգը մեզ երբեք սոված չի թողել, բայց մենք միշտ նրան կարոտ ենք մնացել»:

Գևորգյանները երեք երեխա ունեն՝ 2 աղջիկ, որոնք տարիներ առաջ ամուսնացել և տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, և մեկ տղա:

28 ամյա Թորգոմը չափահաս դառնալուն պես դարձել է հոր օգնականը՝ նրա հետ մեկնել է արտագնա աշխատանքի, և արդեն 2 տղամարդիկ համատեղ ուժերով են սկսել գումար վաստակել: Յուրաքանչյուր տարվա գարնանը Գևորգյանը Հայաստանից մեկնում էր, իսկ աշնանը վերադառնում: Նրա խոսքով արտագնա աշխատանքի մեկնողների համար դա ընդունված նորմ է:

Սակայն, անցած տարի Գևորգյանն առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել մնալ Հայաստանում. նա ինսուլտ է ստացել, և միայն վերջերս է սկսել վերականգնվել: Այսօր նա կարող է քայլել միայն կողմնակի օգնությամբ:

«Ես գնալ չեմ կարող, տղայիս էլ մենակ գնալ չթողեցի: Այստեղ արդեն գործ է գտել, վարորդ է աշխատում:  Ճիշտ է՝ գումարը շատ չէ, սակայն ուզում եմ կողքիս մնա, թեպետ, եթե գնա էլ՝ այնտեղ մենակ չի լինի: Մենք Հայաստանից մեկնում ենք խմբերով: Մինչ մեկնելը ստանում ենք տուն կամ որևէ կառույց պատրաստելու պատվեր, ապա այստեղ համապատասխան մասնագետներով համալրված խումբ ենք կազմում և միասին մեկնում: Մի քանի հոգով ապրում ենք մի տան մեջ: Բոլորս նույն նպատակով ենք գնում. փող աշխատել ու ընտանքի պահել»,-բացատրում է Գևորգյանը:

ՀՀ  վիճակագրական կոմիտեի սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում երկրից մեկնել է 3, 741, 855 մարդ, ժամանել՝ 3,757, 168  (թիվը ներառում է նաև արտերկրացիներին և սահմանը մի քանի անգամ հատած անձանց): Թե այս անձանցից քանիսն են մեկնել արտագնա աշխատանքի, հստակ նշել հնարավոր չէ, թեպետ ոչ պաշտոնապես այդ թվերը ներկայացնում են արտագնա աշխատանքի մեկնողների գնալ-գալու դինամիկան: Կոմիտեի մամուլի խոսնակ Նելլի Դավթյանի խոսքով, յուրաքանչյուր տարվա գարնանն աճում է երկրից մեկնողների թիվը, իսկ աշնանը՝ վերադարձողներինը, սակայն սեռատարիքային հստակ տվյալներ չի ֆիքսվում:

25-ամյա Լևոն Ասատրյանը նոր սերնդի ներկայացուցիչ է, բայց Հայաստանի տնտեսական ոչ կայուն վիճակն ազդել է նաև նրա վրա: Ամուսնացած չէ: Կարծում է, որ դեռ ընտանիք պահել չի կարող: Նույնիսկ եթե նա հիմա ամուսնանա էլ, իրեն անհարմար կզգա, եթե ապրի կնոջ աշխատած գումարով:

«Ես իմ առջև մի շարք նպատակներ եմ դրել, մինչև դրանք չկատարեմ, ընտանիք չեմ կազմի: Նպատակներս իրականում համեստ են ու իրագործելի` մագիստրոսի կոչում, որն ավելի լավ ու բարձր վարձատրվող աշխատանքի հնարավորություն կտա, եւ ինչի շնորհիվ էլ կկարողանամ բնակարանս նորոգեմ-կահավորեմ, ապա որոշակի գումար կտնտեսեմ ու նոր կամուսնանամ»,-ասում է Ասատրյանը:

Ասատրյանը կորցրել է ծնողներին, երբ 11 տարեկան էր: Նրան խնամել են մորաքույրերն ու քեռին: 18 տարեկանում անցել է պարտադիր զինվորական ծառայության, ապա վերադառնալուն պես ընդունվել պոլիտեխնիկական ինստիտուտ: Ունի մեխանիկ-ինժեների բակալավարի կոչում, այժմ նույն գծով ստանում է մագիստրոսական կրթություն;

«Հարազատներս ինձ միշտ ասում էին, որ մինչ կրթությունս չավարտեմ, աշխատելու մասին չմտածեմ: Գումարով ապահովված էի. թե հարազատներս էին օգնում, թե պետության կողմից թոշակ էի ստանում որպես ծնողազուրկ: Սակայն ես չկարողացա ոչինչ չանողի կյանքով ապրել: Արդեն երկրորդ կուրսում բոլորից թաքուն աշխատանքի դիմում ներկայացրեցի Երևանի մետրոպոլիտեն, հաղթահարեցի մրցութային հարցերն ու անցա աշխատանքի: Առաջին աշխատանքային օրս երբ եկավ, միայն այդ ժամանակ հարազատներիս ասեցի, որ արդեն աշխատում եմ,»-պատմում է Ասատրյանը:

Ասատրյանը նոր է դուրս եկել աշխատավայրից: Նա շտապում է երկրորդ աշխատանքին:
Ասատրյանը ստուգում է ներքին ցանցի միացումները:
Դժվար է պատկերացնել, բայց այս խճճված լարերի կույտն իրականում հստակ դասավորված է: Նրանցից յուրքանչյուրը միացված է մի հեռախոսի:
Ասատրյանը ժամանակ առ ժամանակ նաև հեռախոս նորոգելու մասնավոր պատվերներ է ստանում: Ասում է` թեև վճարը շատ չէ, սակայն երբեք չի հրաժարվում ավել գումար աշխատելու հնարավորությունից:
Հանգստի ժամն է: Ասատարյանի սիրելի զբաղմունքը երեկոյան Երևանով հիանալն է:

Մետրոպոլիտենի աշխատանքին զուգահեռ Ասատրյանը միշտ աշխատել է նաև մասնավոր ընկերություններում, որտեղ զբաղվել է անվտանգության համակարգերի տեղադրմամբ և ներքին հեռախոսային ցանցի անցկացմամբ: Հենց այդ աշխատանքի ու ինքնակրթության շնորհիվ էլ ձեռք է բերել նաև կապի մասնագետի հմտություններ ու Մետրոպոլիտենից դուրս գալով՝ աշխատանքի անցել Հայաստանի հեռահողարդակցության առաջատար ընկերություններից մեկում:

Անկախ դժվարություններից, Ասատրյանը չի էլ մտածում արտագնա աշխատանքի մասին: Ասում է, թեև կյանքը դժվար է, բայց նախընտրում է մնալ և աշխատել հայրենիքում:

Թերեւս այն պատճառով է, որ նա Երևանում կայուն ապագայի տեսլական ունի: Ասատրյանն իր մորից որպես ժառանգություն բնակարան է ստացել: Նա այնտեղ չի բնակվում, բայց այս տարի պատրաստվում է տունը հիմնովին նորոգել, իսկ հաջորդ տարի՝ ընտանիք կազմել:

«Ես սիրում եմ պլանավորել: Բայց ընտանիք կազմելու հարցում իրականում կատակ եմ անում: Ինքս ինձ չեմ կարող պարտադրել, որ 2020 թվականին պետք է սիրահարվեմ ու ամուսնանամ»,-ժպտալով նշում է նա ու հավելում, որ ինքն իրեն կարողացել է պարտադրել ընտանիք կազմելու մասին չմտածել մինչեւ ֆինանսապես կայուն չլինի,-«իհարկե, ես չեմ ասում կինը աշխատելու իրավունք չունի, բայց նա չպետք է մտածի ընտանիք պահելու հոգսի մասին: Դա բացառապես տղամարդու պարտականությունն է»,-հստակեցնում է Ասատրյանը:

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ