Հայկական բանակը տղամարդկության բաստիո՞ն
Ուշադրություն
դիտումներ` 1630
լեզու: 

Արտյոմ Ավետիսյանը կորցրել է հաշիվը, թե քանի անգամ է անցել Երևանից Վայոց Ձորի Խաչիկ գյուղ տանող 100 կիլոմետրանոց ոլորապտույտ ճանապարհը:

Բանակում եղած տասը տարիներից երկուսը 32-ամյա սպան անցկացրել է տեղական ռազմական բազայում:

«Երեխա էի, երբ որոշեցի, որ ուզում եմ միանալ բանակին: Ըստ իս` ոչ մի այլ աշխատանք ավելի պատվաբեր չի կարող լինել տղամարդու համար»,- բացատրում է սպան, որն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Այստեղ ուսանողները համատեղում են բարձրագույն կրթությունը զինվորական ծառայության հետ:

«Բանակն ինձ հեռու է տարել իմ ծնողներից, քանի որ ծառայում էի տարբեր ռազմական բազաներում, հաճախ հեռու իմ հայրենի Երևանից: Բայց ես չեմ բողոքում: Սա իմ ընտրությունն է»,-ասում է Ավետիսյանը:

Ավետիսյանի տեսակետին են աշխարհի միլիոնավոր մարդիկ, որոնց համար զինվորականի աշխատանքը տղամարդկության, պատվի, քաջության և հերոսության մարմնավորումն է:

«[Համաշխարհային] պատմությունը ցույց է տալիս, որ զինվորական եւ բանակային աշխատանքը միշտ պատվաբեր է եղել»,-ասում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը` հավելելով, որ զինվորները միշտ կրթված են եղել եւ համարվել են էլիտա: Եվ նրանց փառաբանելը որևէ առնչություն չունի ազգի ռազմականացված լինելու հետ:

«Ընտանիքը և հայրենիքը պաշտպանելն ամեն ինչ է ամուսնուս համար: Դա իր կյանքն է»,- ասում է Ավետիսյանի կինըՆաիրուհի Մեսրոպյանը, որը 2009-ից` իրենց ամուսնությունից ի վեր, միշտ նրա կողքին է եղել: «Երբ այլ կանանց հետ քննարկում եմ, թե ինչ է նշանակում լինել տղամարդ, ես անմիջապես մտածում եմ զինվորների մասին: Իմ որդին հիմա ընդամենը երկու տարեկան է, բայց ապագայում նրան տեսնում եմ որպես ծառայող զինվոր, պաշտպան»,-ասում է նա:

Արտյոմ Ավետիսյանը ցույց է տալիս Նախիջևանի հետ սահմանը, որը գյուղից 100 մետր հեռավորության վրա է:
Արտյոմ Ավետիսյանը և նրա երկամյա որդին` Արմանը: Նա կրում է զինվորական վերնաշապիկ. Ավետիսյանը և իր կինը երազում են որդու բանակային կարիերայի մասին:
Ռազմական մեքենան Ավետիսյանի երկամյա որդու սիրելի խաղալիքն է: Նա նաև սիրում է կրել հոր գլխարկը:
47-ամյա Վարուժան Ասատրյանը բանակին միացավ, երբ 36 տարեկան էր: Երեք տարի անց նա ստիպված է լինելու թոշակի անցնել, քանի որ Հայաստանի օրենքը բանակում ծառայող մարդկանց համար թոշակավորման տարիքի ավելի ցածր շեմ է սահմանում: «Ես մի քիչ մտահոգված եմ: Չեմ կարող պատկերացնել այլ աշխատանք»,-ասում է նա:

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված, Խաչիկի նման սահմանամերձ բնակավայրերը ռազմավարական են: 1100 բնակիչ ունեցող գյուղի տղամարդկանց մեծ մասը պայմանագրային զինծառայողներ են: 

Համայնքում կան ընտանիքներ, որոնց արական սեռի բոլոր ներկայացուցիչները զինվորականներ են:

Օրինակ` Ասատրյանների ընտանիքը, որտեղ բոլոր յոթ որդիները ծառայել են:

«Ես 11 տարի պայմանագրային զինծառայող եմ եղել: Յուրաքանչյուր տղամարդ այստեղ զինվոր է, դա ամենապատվաբեր գործն է: Խաչիկը սահմանամերձ գյուղ է»,- բացատրում է 47-ամյա Վարուժան Ասատրյանը, որն ի սկզբանե զբաղվել է գյուղատնտեսությամբ, սակայն հետագայում որոշել է ծառայության անցնել բանակում: Նա և իր եղբայրը` 49-ամյա Սիրեկանը, դեռևս շարունակում են աշխատել բանակում, մյուս չորս եղբայրները թոշակի են անցել:

Դեռեւս մանկուց տեր Հովհաննես Մաթևոսյանը նախատեսում էր դառնալ զինվորական, բայց փոխարենը քահանայի աշխատանքն ընտրեց: «Սա պարզապես երկրին ծառայելու այլ ուղի է»,- նշում է նա:

Տեր Հովհաննես Մաթևոսյանը Խաչիկի ռազմական բազայի քահանա է 2014 թվականից:

Բանակի` բացառապես արական սեռի ներկայացուցիչների տարածք լինելու հանգամանքը փոխվում է Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, քանի որ կանանց հաջողվել է հաղթահարել ընդունված ավանդական գենդերային սահմանները և աշխատել զինված ուժերում: Փոփոխությունը թեև դանդաղ է, սակայն այն կանանց այդ ոլորտ ինտեգրելու ավելի լայն գործընթացի մի մասնիկն է:

Դա հեշտ ճանապարհ չէ: Եւ Քրիստինե Բեգլարյանն այդ մասին լավ գիտի: Նա բազայի միակ կին զինծառայողն է եւ ստիպված է դիմակայել Ասատրյանի նման այլ զինակից տղամարդկանց թերահավատությանը: Վերջիներս խորն արմատավորված վերաբերմունք ունեն բանակի եւ տղամարդկության վերաբերյալ:

«Սկզբում դժվարությամբ էին ընդունում ինձ, բայց հետո սովորեցին: Նրանցից շատերի համար այսօր ես պարզապես «կին» չեմ, այլ հավասար ծառայակից»,- ասում է 38-ամյա Քրիստինեն, որն արդեն 2 տարի է գլխավորում է Խաչիկի մատակարարման բաժինը: Բեգլարյանը բանակում է արդեն 13 տարի:

Հայաստանում զինվորական ծառայությունը կանանց համար պարտադիր չէ: Սակայն շատ կանայք հետաքրքրված են ռազմական գործով: Պաշտպանության նախարարությունը կանանց համար բացել է երկու ռազմական ակադեմիա: Այսօրվա դրությամբ հայկական բանակում աշխատում է ավելի քան 2000 կին սպա:

Բեգլարյանի կյանքի պլաններում զինվորական համազգեստ կրելը չկար, բայց երբ ամուսնալուծվեց եւ դարձավ միայնակ մայր, բանակը փրկապարան է եղել եւ՛ ֆինանսական եւ՛ հոգեբանական առումով:

Մինչդեռ որոշ գիտնականներ պնդում են, որ կանանց ինտեգրումը սովորական տղամարդկային դերերին, ինչպես, օրինակ` զինվորական գործին, բավարար չէ` փոխելու այդ ինստիտուտի գենդերացված կառուցվածքը: Սակայն նույնիսկ փորձառությունը կարող է ոգեւորիչ լինել, բարձրացնել կանանց վստահությունը և անձնական ձեռքբերումների դռներ բացել նրանց համար ավանդաբար անհասանելի վայրերում: 

«Գենդերային կարծրատիպերը արմատավորված են հասարակության մեջ, սակայն այն գաղափարը, որ կանայք չեն կարող անվտանգության մարմնի մաս լինել, հակասում է նրանց բազմակողմանի դերին և գործառույթներին, քանի որ ինչպես պատմականորեն, այնպես էլ ներկայումս, կանայք կարևոր դեր են խաղում անվտանգության համակարգում»,-պնդում է սոցիոլոգ Աթանեսյանը, որն այլ հետազոտողների հետ միասին ուսումնասիրում է կանանց ինտեգրումը բանակին:

«Կանայք, անշուշտ, կարևոր դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում, ինչպես 1990-ականներին, այնպես էլ 2016թ. ապրիլին բռնկված քառօրյա պատերազմի ժամանակ»,-ասում է նա:

Բեգլարյանը ծագումով Եղեգնաձոր քաղաքից է, որը գտնվում է Խաչիկից 40 կմ հեռավորության վրա: Նրա 15-ամյա որդին դեռ ապրում է այնտեղ իր տատիկի հետ: Քրիստինեն հազվադեպ է տեսնում որդուն` աշխատանքի պատճառով:
29-ամյա տեր Հովհաննես Մաթևոսյանը ծնվել է Խաչիկ գյուղից ոչ հեռու: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ծառայելուց հետո նա կատարեց իր երազանքը` վերադառնալ հայրենի Վայոց Ձորի մարզ:
Արսեն Գևորգյանը (աջից), Սուրեն Ալիխանյանը (կենտրոնում) և Կարեն Մուրադյանը (ձախից) բոլորը 19 տարեկան են: Պարտադիր զինվորական ծառայության ավարտից հետո նրանք ցանկանում են մնալ զինված ուժերում:
20-ամյա Արթուր Աբրահամյանը Խաչիկից է: Երկու տարվա պարտադիր զինվորական ծառայությունից հետո որոշեց մնալ բանակում: Նրա երկու եղբայրները ևս զինվորներ են:

Խաչիկում, չնայած Բեգլարյանի ներկայությանը, բանակը շարունակում է մնալ հիմնականում տղամարդկության բաստիոն:

«Ես անձամբ չեմ կարող ընդունել, որ կանայք կարող են զինվոր լինել», - եզրափակում է Արտյոմ Ավետիսյանը: Նրա համար զինվորականությունը մնում է որպես տղամարդու գործ:

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ