Բժշկություն առանց դեղահաբերի
դիտումներ` 2215
լեզու: 

Բժշկության դասական մեթոդները ոչ միշտ են ցանկալի արդյունք տալիս այս կամ այն հիվանդության դեպքում։ Ընդունված տեսակները մի կողմ դնելով՝ առողջությունը վերականգնելու համար մարդիկ շատ հաճախ դիմում են այլընտրանքային մեթոդների։ Հայաստանում ոչ ավանդական կամ այլընտրանքային բժշկության կենտրոնները թվով զիջում են հիվանդանոցներին կամ մասնավոր կլինիկաներին, բայց պահանջարկ ունեն։ Այցելել ենք դրանցից ամենատարածվածները` պարզելու, թե ինչպես են այնտեղ բուժվում հիվանդները։

 

Տզրուկաբուժություն


Տզրուկաբուժությամբ կարելի է պայքարել հարյուրավոր խնդիրների դեմ՝ մաշկային հիվանդություններից մինչև սրտանոթային համակարգի խախտումներ։ Բուժման տևողությունը տատանվում է 5-12 այցելությունների միջև։

 


 

1

Ջրի մեջ պահվող տզրուկները բուծվում են Ռուսաստանում: Դրանք օգտագործվում են միայն մեկ անգամ, որից հետո ոչնչացվում են։

 

2

Բժիշկ Փառանձեմ Մովսիսյանը արդեն 14 տարի զբաղվում է տզրուկաբուժությամբ։ Հայաստանի շատ տզրուկաբույժներ հենց նրա սաներն են։

 

3

80-ամյա Աննա Դարչինյանը 20 տարի գանգատվում է արյան ճնշման տատանումներից։ Խմելով բազմաթիվ դեղահաբեր ու արդյունք չստանալով ՝ ի վերջո որոշել է հիվանդության դեմ հենց տզրուկաբուժությամբ պայքարել։

 

4

Նախքան պրոցեդուրան սկսելը չափում են այցելուի ճնշումը, ստուգում ինքնազգացողությունն ու համոզվում՝ հակացուցումներ չկան։

 

5

Մի քանի գրամ կշռող այս փոքրիկ տզրուկները մարդու մարմնի բիոակտիվ կետերի վրա մնում են մինչև մեկ ժամ։ Այդ ընթացքում օրգանիզմից քիչ քանակությամբ արյուն են խմում ու փոխանցում 100-ից ավելի կենսաբանորեն ակտիվ նյութեր։

 

Բուսաբուժություն


Բուսաբուժությունը ժամանակակից բժշկության նախահայրն է։Այլընտրանքային բժշկության այս ճյուղի միակ ու հիմնական կանոնը սա է՝ չկա մի հիվանդություն, որ չբուժվի բույսերի օգնությամբ։


 

Բույսերից պատրաստված թուրմերն ու դեղամիջոցները բժիշկ Աշոտ Աշոտյանն իր ձեռքով է պատրաստում ու դասակարգում ըստ հիվանդությունների։
Մազաթափության դեմ պայքարելու համար բժիշկ Աշոտյանը հատուկ դեղամիջոց է տալիս հիվանդներին: Պետք է քսել մազաթափության օջախին օրական երկու անգամ մի քանի օր շարունակ։
Հայաստանի բնությունը հարուստ է բուժիչ դեղաբույսերով։ Դրանք հավաքվում են ամենատարբեր մարզերից։ Որոշ բուսատեսակներ Աշոտ Աշոտյանն անձամբ է հավաքում՝ մի քանի օրով բարձրանալով լեռնային շրջաններ։

 

 

Ասեղնաբուժություն 


Ասեղնաբուժության ավանդույթը գալիս է Չինաստանից և ունի 4000 տարվա պատմություն։ Խորհրդային տարիներին այն բավական տարածված բուժման մեթոդ էր Հայաստանում։


1

Ասեղները դրվում են մարմնի կենսաբանորեն ակտիվ կետերին, որոնք պատասխանատու են տարբեր օրգանների բնականոն աշխատանքի համար։

 

2

Ասեղներով բուժվում են նյարդային խնդիրները, զարկերակային ճնշման հիվանդությունները, ողնաշարի և հենաշարժողական համակարգի խախտումները և տասնյակ այլ հիվանդություններ։

 

3

Բժիշկ Սամվել Քոչինյանը 1974-ից ուսումնասիրում է բժշկության այս ճյուղը, այդ թեմայով գրել է տասնյակ գիտական աշխատանքներ։ 

 

4

Ասեղները պատրաստվում են հիմնականում պողպատից։ Տարբեր հիվանդությունների համար կիրառվում են նաև այլ մետաղներից պատրաստված ասեղներ։

 

 5

Կարինե Մաթևոսյանը ասեղնաբուժությանը դիմեց հանկարծակի ի հայտ եկած դեմքի ջղաձգումներից հետո։ Մի քանի տասնյակ անգամ այցելել է ՝ բուժման այս տեսակի ամբողջական կուրսը անցնելու համար։ Ասում է՝ դեմքի ջղաձգումները զգալիորեն նվազեցին առաջին իսկ այցելությունից հետո։ 

 

Անձավաբուժություն


 

Ալտերնատիվ բժշկության այս մեթոդը արդյունավետ է  հիմնականում շնչառական (բրոնխիալ ասթմա, բրոնխների բորբոքումներ) ու ալերգիկ հիվանդությունների և իմունային համակարգի խնդիրների դեպքում։ Տարվա մեջ քսան օր, օրական վեց ժամ հիվանդները վերելակով  իջնում են Երևանի Ավան համայնքում գտնվող աղի հանքի խորքը՝ 235 մետր։


 

4000 ք/մ տարածքը փորված է աղի հանքի խորշերում։ Բնական միջավայրն ու աղի էներգիան օգնում են վերականգնել շնչառությունը, ազատվել ալերգիկ հիվանդություններից ու ասթմայի առաջացրած հազից։
Այս կենտրոնը գործում է դեռ խորհրդային ժամանակներից, բացվել է 1987-ին։ Ներսում կան մահճակալներ, ժամանցն ու հանգիստը կազմակերպելու բազմաթիվ տարբերակներ։
Ալլա Մարտիրոսյանը ստորգետնյա առողջարանի առաջին հիվանդներից է, այստեղ է բացման օրվանից։ Ասթմայի պատճառով պարբերաբար շնչառական խնդիրներ է ունենում։ Տարին պլանավորելիս տիկին Ալլան ուղիղ 20 օր առանձնացնում է աղի հանքում անցկացնելու համար։
Արամը անձավաբուժարանի ամենակրտսեր այցելուն է։ Այստեղ ժամանակը արագ է թռչում. բիլիարդի ու սեղանի թենիս է խաղում, մի լավ զբոսնում ու նորից կտրում ընդերք-երկիր 250-մետրանոց ուղին։
Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ