Եկեք (չ)խոսենք սեքսի մասին
Ուշադրություն
դիտումներ` 10722
լեզու: 

17-ամյա Լիանան (անունը փոխված է), դպրոցում սեռական կրթության դասերին թերահավատորեն էր մոտենում․ գիտեր, որ կան շատ թեմաներ, որոնց մասին ուսուցիչը չի խոսի։ Նույնիսկ առարկայի անվանումը՝ «Առողջ ապրելակերպ», ինքնին բնութագրական չէր։ Սեռական կյանքից բացի, բավականի շատ այլ բաներ կարելի էր հասկանալ «առոջղ ապրելակերպ» ասելիս։ Առարկան հենց այդպես էլ կար:

««Առողջ ապրելակերպը» դասավանդում էր ֆիզկուլտուրայի ուսուցիչը,- ժպտալով ասում է Լիանան, ով այս տարի է ավարտել Երևանի հանրային դպրոցներից մեկը,- Նա բերում էր այդ ձեռնարկը, ինքը կարդում էր, ինքը՝ լսում: Հիշում եմ, որ մակերեսային ուսումնասիրեցինք ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի և անձնական հիգիենայի մասին: Ուղղակի լսել ենք, հարց էլ չենք տվել: Եթե հարցեր էլ ծագեին, երևի չէինք տա, կամաչեինք բոլորի մոտ բարձրաձայնել»»։

Սեռական կրթության մասին պետության կողմից մշակված այս ծրագիրը, որը ներդրվել է 2009-ից, չարդարացրեց ինչպես Լիանայի, այնպես էլ դասընկերների` այդ թեմայով գիտելիքներ ստանալու հույսերը։ Թեև դասընթացին տարեկան տրամադրվում է 14 ժամ, սակայն Լիանան նշում է, որ առարկան անցել են միայն 9-րդ դասարանում՝ ընդամենը 3 ժամ։

«Առողջ ապրելակերպ» ձեռնարկը նախատեսված ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների համար:

Պահպանողական հայ հանրության մեջ սեքսի մասին խոսելը շարունակում է մնալ տաբու․ շատ ընտանիքներում սեռականության թեման քննարկումից ուղղակի դուրս է։ Երեխաներն ամաչում են հարցեր տալ, ծնողներն էլ անհարմար են զգում թեմայի մասին բաց խոսել։ Արդյունքում, դեռահասների մոտ ծագում են հարցեր, որոնց պատասխանները նրանք կա՛մ չեն ստանում, կա՛մ, ինչպես Լիանայի դեպքում, ստանում են ոչ վստահելի աղբյուրներից, օրինակ՝ համացանից:

Վերարտադրողական առողջության մասնագետները եւ սոցիոլոգները կարևորում են համապարփակ սեռական կրթության ծրագրի ներդրումը, ուսուցման մեթոդիկան դեռահասներին գիտելիքներ եւ հմտություններ տրամադրելու գործում, որոնք թույլ կտան նրանց սեռական կյանքում կատարել առողջ ընտրություն:

Գենդերային և տարիքային համապարփակ սեռական պատշաճ կրթության բացակայության հետևանքով առաջացած անցանկալի հետևանքները, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, զգալի են:

Պատանեկության տարիքում մինչամուսնական սեռական հարաբերությունները ավելի ու ավելի տարածված են դառնում, սակայն դեռահասները հիմնականում ունեն միայն աղոտ գիտելիքներ անվտանգ սեռական հարաբերությունների մասին։ Արդյունքը` անցանկալի հղիություն, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ և սեռական բռնություն։

«Առողջ ապրելակերպ» ուսուցիչերի համար նախատեսված ձեռնարկից մի հատված «անխոհեմ սեռական վարքագծի հնարավոր հետեւանքների մասին»:

2003-ին ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքն սահմանում է դեռահասների իրավունքը՝տեղեկացված լինելու սեռական հասունացման և վերարտադրողական առողջության մասին, անհրաժեշտ գիտելիքներ ունենալ հղիության արհեստական ընդհատման, սեռավարակների, այդ թվում՝ մարդու իմունային անբավարարության վարակի (ՄԻԱՎ) կանխարգելման ժամանակակից միջոցների վերաբերյալ։ Օրենքը պատվիրակում է դպրոցներին և մեծ կրթական ինստիտուտներին իրականացնել այդ իրավունքը։ Սակայն իրականությունը խիստ տարբեր է։

Օրենքի ընդունումից վեց տարի անց կրթության և գիտության նախարարությունը բոլոր հանրակրթական դպրոցներում ներդրել է «Առողջ ապրելակերպ» առարկան, որի նպատակը 8-12-րդ դասարանցիներին «առողջության պահպանման» մասին կրթելն է: Դասընթացը նույն հարթության վրա է դնում առողջ սննդի, ծխելու հետևանքների, ալկոհոլի և թմրամիջոցների մասին խորհուրդները վերարտադրողական առողջության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և սեռական հասունացման թեմաների հետ։ Աշակերտների համար առանձին դասագիրք չկա, միայն տպագրվել է ուսուցիչների համար ձեռնարկ։ Դասընթացն անցկանցում են ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները:

Արդյունքում անպատրաստ ուսուցիչները բաց են թողնում որոշ կարևոր թեմաներ, ինչպիսիք են բեղմնավորումը և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները։ Եվ շատ ժամանակ աշակարտները դասընթացի փոխարեն կա՛մ սպորտով են զբաղվում, կա՛մ էլ հանգստանում են։

Առողջապահության  ոլորտի մասնագետներն ու հոգեբանները բազմիցս բարձրաձայնել են սեռական կրթությունը` որպես առանձին առարկա ներդրելու անհրաժեշտությունը, որը կդասավանդվի համապատասխան մասնագետների կողմից, սակայն այդ հարցն անարձագանք է մնացել։

Վրեժ Շահրամանյանը նրանցից մեկն է։ Բժշկական գիտությունների  թեկնածու, դոցենտ, Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգը, որն ատենախոսությունը պաշտպանել է «Սեռական խանգարումներ՝ պայմանավորված սեռական դաստիարակության տիպերով, և դրանց կանխարգելումը» թեմայով, պնդում է՝ սեռական պատշաճ կրթության բացակայությունը զգալի բացասական հետևանքներ է թողնում ինչպես պատանիների, այնպես էլ ամբողջ հանրության վրա:

«Դեռահասության շրջանում՝հատկապես 10-16 տարեկաններում, մեծ ուշադրության պետք է արժանացնել սեռական կրթությանը։ Այդ շրջանում երեխայի մոտ սեռական հասունացման ֆոնի վրա սկսում է ձևավորվել իր սեռական նախընտրությունները: Սկսվում է ձևավորվել նրա հուզականությունը, ֆանտազիաները՝ կապված սեռականի կյանքի հետ և այդ ամենից հետո դրա կիրառումն անձնական կյանքում: Չափազանց բարդ ժամանակահատված է, և ծնողներն ու ուսուցիչները պետք է ուշադիր լինեն, քանի որ երեխաները շատ խոցելի են»,- նշում է Շահրամանյանը։ 

Ըստ սեքսոպաթոլոգի` դպրոցներում սեռական կրթությունը որպես առանձին առարկա ներառելն ուղղակի անհրաժեշտություն է: Միաժամանակ շատ կարևոր է աշակերտների համար դասագրքերի կամ ձեռնարկների ստեղծումը՝ «նրանց համացանցի սեքսառատ և վտանգավոր նյութերից հեռու պահելու համար»:

«Առողջ ապրելակերպը, իհարկե, շատ կարևոր է, բայց դա սեռական դաստիարակություն չէ»,- պնդում է Շահրամանյանը:

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը Հայաստանում գործող միակ մասնավոր դպրոցն է, որտեղ սեռական կրթությունը ներդրված է որպես առանձին առարկա արդեն 20 տարի: Առարկան պարտադիր է և դասավանդվում է 11-րդ դասարանում:

«Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ունենում է մի քանի դեր։ Եթե կան դերեր (կլինի բժիշկ, ուսուցիչ կամ այլ մասնագետ), որոնց համար մարդիկ մեծ ջանքեր են թափում, որպեսզի դառնան  դրա մասնագետը, ապա սեռային դերը միակն է, որը մենք ստանձնում ենք ի ծնե։ Սակայն շատ հետաքրքիր է, որ այդ դերը լավագույնս անելու համար, մենք որևէ կրթություն չենք ստանում »,- նշում է կրթահամալիրի հոգեբանական կենտրոնի ղեկավար Անի Հարությունյանը։

Դասի ժամանակ տղաներն ու աղջիկները առանձնացվում են: Առարկան տղաներին դասավանդում է բժիշկը, իսկ աղջիկներին` հոգեբանը: Լինում են նաև միացյալ դասեր՝ սոցիալական դերերի, գենդեր-սեռ հասկացությունների մասին։ Հոգեբան Լիլիթ Չոբանյանը մեկ տարի է, ինչ դասավանդում է առարկան, նշում է, որ ի սկզբանե մեծ կարևորություն է տրվում աշակերտների և ուսուցիչների միջև շփման հաստատմանը և «նրանց համար վստահության դաշտի ստեղծմանը»:

Ինչպես պետական դպրոցներում, այստեղ էլ առարկան ունի շփոթեցնող անուն՝ «Հայ կին և ասպետաբանություն», սակայն աշակերտներին անունն այդքան էլ չի անհանգստացնում, քանի որ բաց քննարկման հնարավորությունն ավելի կարևոր է, քան դասընթացի անունը։

«Անհամբեր սպասում էինք այդ առարկայի ժամերին, քանի որ դրա ընթացքում ստանում էինք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները,- նշում է 17-ամյա Էլինա Հովակիմյանը,-Եվ հիմա, երբ արդեն ավարտում ենք դպրոցը, նոր կյանքում դա մեզ համար սովորական թեմա է, որի մասին կարող ենք խոսել և՛ ընկերների, և՛ ընտանիքի հետ»։

Սեքսի մասին բաց քննարկումն ընտանիքի հետ, այնուամենայնիվ, հազվագյուտ երեւույթ է։ 2016-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի իրականացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ ծնողները չեն խոսում իրենց երեխաների հետ սեռական զարգացման մասին։ Հազվադեպ խոսում են հիգիենայի եւ դաշտանային ցիկլի մասին։ Հետազոտությունը ներառել է 6 թիրախային խումբ և 34 հարցազրույց չորս քաղաքներում՝ Արմավիր, Սևան, Վանաձոր և Երևան։

«… [Երբ դաշտանային ցիկլս սկսվեց] ես վախեցել էի, վախից պախկվել էի: Դրանից մամաս զգաց, որ հետս մի բան կատարվում ա: Էտ էլ ա սխալ՝ իններորդ դասարանի աղջկան չեն ասել՝ դա ինչ ա: Տես՝ անցել եմ բիոլոգիա, բայց էն ժամանակվա բիոլոգիայում չի եղել տենց բան: Ու ես հիմա իմ երեխուն կյանքում չեմ անի տենց, չեմ թողնի՝ ինքը չիմանա էդքան»,- Արմավիրում ֆոկուս խմբի քննարկումներից մեկի ժամանակ ասել է տեղացի կանանցից մեկը։

Հետազոտությունը բացահայտել է, որ մայրերը հայրերից առավել շատ են հակված դպրոցներում պատշաճ սեռական կրթության ներդրմանը։Այն նաև ցույց է տալիս, որ հանրությունը աղջիկների նկատմամբ առավել խիստ եւ պահպանողական է, որպեսզի վերջիններս «չշեղվեն ճիշտ ճանապարհից»։ «Ծնողների շրջանում գերակշռում է այն կարծիքը, որ յուրաքանչյուր սեռ ունի իրեն հատուկ դերերը, կարգավիճակները և վարքաձևերը, որոնք տրված են «Աստծո և բնության կողմից»»:

Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության տվյալների՝ 2016-ին 15-17 տարեկան աղջիկների շրջանում գրանցվել է հղիության արհեստական ընդհատման 13 դեպք։ Ցուցանիշը նույնն է  նաև 2015-ին։ Մինչդեռ անցանկալի հղիության մասին տվյալներ գրանցելն առավել դժվար է։

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» հետազոտությունը փաստում է, որ «ուսումնական պլանում մի շարք կարևոր թեմաներ բացակայում են, ինչպիսիք են՝ սեռական և վերարտադրողական օրգանների անատոմիան և ֆիզիոլոգիան, սեռական հարաբերությունները, հակաբեղմնավորիչ մեթոդները և այլն: Գրեթե բոլոր թեմաներում շեշտադրվում են սեռականության միայն վատ հետևանքները, ինչն ինքնին արդյունավետ մեթոդ չէ»։

«Առաջին սեռական հարաբերության տարիքը զգալիորեն նվազել է՝ 15,5 տարեկան տղաների և 17-ի՝ աղջիկների շրջանում,- նշում է Շահրամանյանը,- սեռական հարաբերությունների վատ հետևանքնեի մասին զգուշացնելը բավարար չէ, միևնույն է նրանք դա անելու են։ Դեռահասները ձգտում են հնարավորինս շուտ մտնել սեռական կյանք, բայց ապատեղեկացված են, անտեղյակ տարրական հարցերի մասին, օրինակ՝ պահպանակի կիրառման, հակաբեղմնավորիչ այլ մեթոդների մասին ընդհանրապես գաղափար չունեն կամ ունեն աղավաղված պատկերացում: Նույնը անցանկալի հղիության մասով՝ շատերին թվում է՝ աբորտը ավելի նախընտրելի տարբերակ է, քան հակաբեղմնավորիչ օգտագործելը: Դա էլ գալիս է սեռական անգրագիտությունից»։

Կենսաբանության 8-րդ դասարանի դասագրքից հատվածներ մարդու վերարտադրողական համակարգի վերաբերյալ:

Կրթության և գիտության նախարարության համոզմամբ, «Առողջ ապրելակերպ» առարկան բավարար է տվյալ տարիքի դեռահասներին անհրաժեշտ սեռական դաստիարակության համար։ «Չայխանայի» հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից նշել են, որ առաջիկայում առանձին դասագրքի հրապարակում չի նախատեսվում։ Իսկ ինչ վերաբերում է առարկայի ֆիզկուլտուրայի ուսուցիչների կողմից դասավանդամանը, նախարարությունից պատասխանել են.

«Դասընթացն իրականացնում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները, որովհետև համարվում է, որ առողջ ապրելակերպը ընդհանուր մարմնակրթության մաս է կազմում և բավական ներդաշնակ է այդ առարկային»։

Որոշ դպրոցներ դիմում են Վրեժ Շահրամանյանի նման մասնագետներին՝ պատանիների հետ կարճ դասախոսություններով, հանդիպումներով հանդես գալու համար, սակայն սեքսոպաթոլոգն ընդգծում է՝ դա շատ քիչ է: Շահրամանյանը համոզված է, որ պետական մարմինները չեն գիտակցում անտարբերության հետևանքները, սակայն լավատես է:

«Ես կարծում եմ, որ Կրթության և գիտության նախարարությունն ի վերջո այդ հարցին լուծում կտա: Եվ մենք էլ միշտ առաջարկներով հանդես ենք եկել, որ կազմակերպենք վերապատրաստման դասընթացներ դպրոցների կենսաբանության ուսուցիչների համար: Տրամադրենք իրենց համապատասխան գիտելիքը, գրականությունը, որպեսզի դպրոցներում իրենք տարածեն այդ ամենը»,- ասում է սեքսոպաթոլոգը:

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ