Երազանքներ, որ տանում են տնից հեռու...
Ուշադրություն
դիտումներ` 2083
լեզու: 

Երևան

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք

2800-ամյա պատմություն

Աշխարհի հնագույն քաղաքներից մեկը...

Երևանը, սակայն, ոչ միայն պատմական տվյալների, այլև մարդկանց ճակատագրերի մասին է: Իսկ ճակատագրերն այստեղ ամեն օր են կերտվում. Երևանում ապրում են մարդիկ, որոնց պատմությունները գուցե այլ ընթացք ստանային, եթե ավելի լավ ապագա ունենալու երազանքով նրանք չհեռանային իրենց ծննդավայրերից [Հայաստանի մարզերում գտնվող] ու չհայտնվեին մայրաքաղաքի գրկում:

Ներքին միգրացիան գլոբալ միտում է, որը չի շրջանցել նաև Հայաստանը՝ հաշվի առնելով մարզերի և մայրաքաղաքի միջև առկա տարբերությունները:

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի ընտանիքների 22.2%-ը 2014-2017 թվականներին ունեցել են Հայաստանի ներսում կամ արտերկիր տեղափոխված անդամ: Այս տարիների ընթացքում ընտանիքների 15 և բարձր տարիքի անդամների` 13.9%-ի տեղաշարժերի բնույթը եղել է ներհանրապետական՝ Երևան քաղաքի եւ ՀՀ մարզերի միջև:

Ներքին միգրանտների պատմությունները տարբեր են, նպատակը հիմնականում նույնը՝ խոստումնալից ապագա: Նրանք մեր հարևաններ են, գործընկերները, կուրսընկերներն ու ոչ միայն. նրանցից մեկն էլ ես եմ...

Լենա Բադալյան, 28 տարեկան

Ծննդավայր՝ քաղաք Արմավիր, Արմավիրի մարզ

Ավարտել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետն ու Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի Լրագրության և մեդիա մենեջմենթի ֆակուլտետը:

Երբևէ առիթը բաց չեմ թողնում հիշեցնելու կամ տեղեկացնելու, որ արմավիրցի եմ: 15 տարեկան էի, երբ ընդունվեցի համալսարան: Ու քանի որ Արմավիրը համեմատաբար մոտ է Երևանին [48կմ], մեր ընտանիքում տեղափոխվելու տարբերակն անգամ չքննարկվեց. ստիպված էի չորս տարի շարունակ ամեն օր մոտ 3 ժամ անցկացնել Արմավիր-Երևան-Արմավիր ճանապարհին: Ու եթե գումարենք նոր միջավայրին, մարդկանց, մշակույթին ու մտածելակերպին հարմարվելու դժվարությունները, ապա «ընկճախտը» պատրաստ էր: Տարիներ անց, սակայն իրավիճակը փոխվեց:

Թբիլիսիում սովորելուց ու մագիստրոսի կոչում ստանալուց հետո վերադարձա Արմավիր, հավաքեցի ճամպրուկս ու տեղափոխվեցի Երևան: Ծննդավայրումս երբեք էլ չեմ փորձել աշխատանք գտնել. գիտեի, որ իմ ցանկություններին համապատասխան աշխատանք չէի գտնի: Չնայած Երևանում աշխատանք գտնելու հարցում երբեք խոչընդոտների չեմ հանդիպել, բայց մեր իրականությունում շատ աշխատել դեռ չի նշանակում շատ վաստակել: Սակայն նույնիսկ ֆինանսական խնդիրները որոշումիցս հետ կանգնելու պատճառ չէին: Զգում էի՝ այլևս հետ չեմ գնալու. Երևանն ինձ տվել էր ազատություն, կենցաղային հոգսերից վեր առօրյա ու թևեր, որոնք կտրել չէի պատրաստվում:

Աշխատում եմ «Փաբլիսիս Արմենիա» գովազդային ընկերությունում:
Մտքովս անգամ չի անցել ծննդավայրումս աշխատանք փնտրել: Նպատակներս ու առկա հնարավորությունները որևէ կերպ չէին խաչվում:
Ցանկացած դժվարություն հաղթահարելու, որպես անհատ կայանալու ու տեսակդ ճանաչելու լավագույն տարբերակը մենակ ապրելն է:

Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ հետ չգնալու հիմնական պատճառներից մեկն էլ «ճահիճ»չվերադառնալու ցանկությունս է: Արմավիրն ինձ համար փակուղի էր [է], որտեղ թե´ մասնագիտական, թե´ անձնական աճի ճանապարհները կարճ էին [են] ու ոչ հեռանկարային: Հանուն արդարության պետք է նաև նշեմ, որ, երկար տարիներ աշխատելով որպես լրագրող, շրջել եմ Հայաստանի տարբեր քաղաքներում ու համայնքներում, տեսել եմ շատ ավելի վատ պայմաններ ու իրականությունից փախնելու ավելի լուրջ պատճառներ: Թե´ արտաքին, թե´ ներքին միգրացիան հիմնականում տնտեսական բազմաշերտ խնդիրների հետևանք է: Ու «մեղքի բաժին»-ը կրում են բոլոր կողմերը՝ քաղաքացիներից մինչև պետական համակարգի աշխատողները. առաջինները գուցե նախաձեռնող չեն, իսկ վերջինները՝ ճիշտ տարբերակներ չառաջարկող:   

Սարգիս Խանդանյան, 28 տարեկան

Ծննդավայր՝ քաղաք Գավառ, Գեղարքունիքի մարզ

Սարգիսն ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ու Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Մարդաբանության ֆակուլտետը:

Լավ կրթության ու մեծ հնարավորությունների հետքերով Սարգիսն ընտանիքի հետ տեղափոխվեց Երևան, երբ 16 տարեկան էր ու նոր էր ավարտել դպրոցը.

-Ապրել Երևանում ու չլինել երևանցի, ինքնությանդ լրացուցիչ տարր է հաղորդում, հատկապես երբ բարբառով ես խոսում: Դեռ մանկուց ինձ կաղապարում էր մեր փոքր քաղաքն ու շփումների սակավությունը, գիտեի, որ մի օր գնալու եմ:

Գնալու որոշումը պայմանավորում է ոչ միայն իր էությամբ, այլև քաղաքի խնդիրների բազմաշերտությամբ, խնդիրներ, որոնք ավելի ակնառու են դառնում, երբ ամեն անգամ վերադառնում է ծննդավայր:

«Մարզերը ոչ միայն անհամաչափ են զարգանում, այլեւ զարգացումն ընդհանրապես կանգ է առել: Գավառի պարագայում պատճառները նաեւ բնական են` Սովետական միության փլուզումից հետո արդյունաբերական քաղաքի զարկերակը կանգնեց, գրեթե բոլոր գործարանները փակվեցին ու տնտեսական խնդիրների պատճառով հազարավոր մարդիկ արտագաղթեցին: Նույնիսկ այն տարիներին, երբ Հայաստանում տնտեսական աշխուժություն էր գրանցվում ու միգրացիոն սալդոն դրական էր, Գավառում իրավիճակը չէր փոխվում: Իմ քույրերի, քեռու, հորեղբոր ու բազմաթիվ այլ ազգականների ընտանիքներ են արտագաղթել: Իմ կարծիքով, իշխանությունների համար մեր քաղաքը երրորդական նշանակություն է ունեցել ավելի խոշոր քաղաքների համեմատ:  Սակայն Գավառը կարող էր ունենալ ու դեռ կարող է ունենալ տնտեսական ներուժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գտնվում է Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային կետի՝ Սևանա լճի հարևանությամբ»,-ասում է Խանդանյանը:

Սարգիսն այժմ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է:
«Դեռ մանկուց ինձ կաղապարում էր մեր փոքր քաղաքն ու շփումների սակավությունը»:
«Մարզում ապրելով՝ դժվար է երազել, քանի որ միշտ նույն շրջափուլի մեջ ես: Ու երբ ինձ պես մարդիկ գալիս են Երևան, երազող մարդկանց թիվն այնտեղ պակասում է»:

-Ինձ համար առաջին տարին դժվար էր հարմարվել. գալիս ես շատ փակ ու պահպանողական համայնքից ու սկսում ես շփվել մեծ քաղաքի մարդկանց հետ, որոնք ժամանակի ու տարածության այլ պատկերացում ունեն: Հետագայում, իհարկե, սովորեցի նոր միջավայրին: Մայրաքաղաքում աշխատանք փնտրելիս երբեք խնդիր չեմ ունեցել:

Այս տարիների ընթացքում Սարգիսը հասցրել է աշխատել որպես լրագրող, հաղորդավար, հաղորդակցության պատասխանատու, խմբագիր: Հիմա աշխատում է կառավարությունում, վերջերս էլ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ու ցավով է փաստում, որ ստացած կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական գիտելիքները Գավառում կիրառել չի կարող.

-Մարզում ապրելով` դժվար է երազել, քանի որ միշտ նույն շրջափուլի մեջ ես: Երբ ինձ պես մարդիկ գալիս են Երևան, երազող մարդկանց թիվն այնտեղ պակասում է: Գավառում աշխատելու տարբերակները սահմանափակ են, միևնույն ժամանակ կարծում եմ, որ փորձի ու երևակայության դեպքում հնարավոր է ինչ-որ բան անել: Իրականում պատճառները փոխկապակցված են` մարդիկ նախաձեռնող չեն, համայնքային կառավարման մեծ խնդիր կա, շատ ծրագրեր ինքնանպատակ են արվում, չկա համապարփակ մոտեցում:

Աննա Սախլյան, 26 տարեկան

Ծննդավայր՝ քաղաք Վանաձոր, Լոռու մարզ

Աննան ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Վանաձորի փոխարեն Աննան նախընտրում է ծննդավայրը նախկին անունով կոչել՝ Կիրովական: Քաղաք, որն իր համար և´ սիրելի է, և´ դեպրեսիվ: Քաղաք, որն Աննան լքեց դպրոցն ավարտելուց հետո.

-Ծնողներս Երևանում են սովորել, ու ես և քույրս վաղուց գիտեինք, որ գալու ենք Երևանում սովորելու. այլընտրանք չկար:

Փոքր-ինչ մտածելուց հետո թվարկում է նաև այն խնդիրները, որոնց առնվազն ինքը տեղյակ է՝ անորակ կրթություն, աշխատատեղերի բացակայություն, տնտեսական վատ վիճակ:

«Երևանում աշխատանք գտնելու հարցում իմ բախտը միշտ բերել է: 2-րդ կուրսից մատուցողուհի էի աշխատում, հետո հաճախորդներից մեկն առաջարկեց իրենց մոտ ծրագրավորող աշխատել, որոշեցի փորձել ու ստացվեց: Իրականում հետաքրքիր է տարբեր գործեր անել, երբեմն տխրում եմ ծրագրավորողի առօրյայից, քանի որ շատ մեկուսացված աշխատանք է. ինձ սոցիոպատ եմ զգում»,-ասում է Սախլյանը:

Աշխատում է PicsArt ընկերությունում որպես iOS ծրագրավորող:
«Ընկերներիցս շատերը արդյունքի չէին հասնի, եթե մնային Կիրովականում»:
«Ես, օրինակ, սիրում եմ զարմացնել, բացի զարմանալուց: Ու Կիրովականում զարմացնելու հնարավորություն կա»:

Աննայի համար ծնդավայրը մարդիկ են, իր սիրելի ընկերները, որոնց հիմա քաղաքում չի կարող գտնել.

-Լոռիում հանգիստ նստել չէի սիրում, խումբ ունեի, երգեր էինք գրում ու նվագում: Ու սկզբնական շրջանում, երբ տեղափոխվել էի, ինձ համար շատ դժվար էր ֆինանսապես, դժվար էր նաեւ ընկերներ գտնել: Լացելով եմ եկել Կիրովականից: Ամեն շաբաթ սպասում էի, թե երբ եմ հետ գնալու: Հետո այստեղ գտա ինձ հարազատ մարդկանց, ու քանի որ ընկերներիս հետ սովորական շփումն ինձ համար քիչ է, այստեղ էլ խումբ ստեղծեցի [Ջրիմուռներ]: Այսօր ընկերներս մեծ մասամբ էլ Կիրովականում չեն՝ կամ Երևանում են, կամ երկրից դուրս: Դրա համար էլ հաճախ չեմ գնում: Համոզված եմ, որ շատերն արդյունքի չէին հասնի, եթե մնային Կիրովականում: Մտածում եմ, որ կուզեի հետ գնալ ու մի լավ բան անել: Կիրովականում ավելի հանգիստ է, մարդիկ իրենց չեն կոտորում, որ ինչ-որ բանի հասնեն: Իսկ ես ինձ «զոմբի» եմ զգում, քանի որ ամբողջ օրն աշխատում եմ ու կյանքս անցնում է: Բայց դե հասկանում եմ, որ Երևանում ավելի հեշտ է աշխատանք գտնել, գումար աշխատել: Մի խոսքով՝ ինքս ինձ հակասում եմ. այս մտքերն ամեն օր ինձ տանջում են:

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Հայաստանում միգրացիայի վարչական տեղեկատվության աղբյուրը ՀՀ բնակչության պետական ռեգիստրն է: Ռեգիստրում սակայն, ընդգրկված չէ բնակչության տեղաշարժերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, քանի որ մարդիկ իրենց տեղաշարժերի մասին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը հիմնականում չեն տեղեկացնում և, հետևաբար, դուրս են մնում միգրացիայի վարչական վիճակագրության տեսադաշտից:

Վաչե Տերտերյան չի մոռանում նաև շեշտել՝ տարածքային անհամաչափ զարգացումը տարբեր ժամանակաշրջաններում բոլոր երկրներին է բնորոշ եղել, իսկ Հայաստանում խնդիրը խորհրդային տարիներից է արդիական: Ու չնայած կառավարության նպատակն է ստեղծել համաչափ միջավայր Հայաստանի քաղաքացիներ համար, բայց արդյունքները գոհացուցիչ չեն, քանի որ նպատակներն ավելի հավակնոտ են, քան հնարավորությունները:

 

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ