Հավատքն ու բանակը
Ուշադրություն
դիտումներ` 3940
լեզու: 

Զինվորական վիլիս մակնիշի ամենագնացը սլանում է առաջնագծի հողե ճանապարհով՝ օդ բարձրացնելով փոշու անվերջանալի ամպ։ Ճանապարհի մի մասում ղարաբաղադրբեջանական շփման գիծն է, մյուսում` ղարաբաղյան պաշտպանական դիրքերն են։ Խրամատների կողքին հուլիսյան արևից շիկացած հողի վրա աչք է ծակում սպիտակ փոքր քարերից պատրաստված խաչն ու կողքի գրությունը` «Պատիվ ունեմ»։ Նմանատիպ խաչերը, փոքրիկ մատուռներն ու աղոթքի անկյուններն ամենուր են: Զինվորականների խոսքով, դրանց քանակն ավելացել է  2016-ի ապրիլյան քառօրյայից հետո։

«Եթե զինվորը մատուռ է սարքում իր խրամատում, մոմ վառում ու աղոթում իր զինակիցների ու իր ընտանիքի բարեկեցության համար, չհավատաք, որ որևէ պարագայում նա կհանձնի  իր դիրքը»,-ասում է 32-ամյա փոխգնդապետ Նվեր Ներսիսյանը, ով մասնակցել է ապրիլյան պատերազմի հյուսիսային ուղղությամբ ընթացող ամենաթեժ մարտերին:

Ղարաբաղի պաշտպանական շրջաններում այսօր գործում է շուրջ 8 եկեղեցի ու մատուռ` չհաշված առաջնագծի տասնյակ ինքաշեն մատուռներն ու աղոթքի անկյունները։ 15 սարկավագ հոգևոր ծառայություն են իրականացնում պաշտպանության բանակի զորամասերում։ Այստեղ անգամ մկրտություններ են անում։

«Եթե քաղաքացիական կյանքում շատ հարցերում հույսդ դնում էիր հարազատների ու ընկերների վրա, ապա բանակում լիովին ինքնուրույն ես ու պետք է ինքնդ լուծես քո բոլոր հարցերը։ Ըստ իս, եկեղեցին ու կրոնն օգնում են ինքնության կայացման այդ ճանապարհը հնարավորինս հարթ անցնել»,-ասում է 23-ամյա շարքային Գուրգեն Մելքոնյանը:

Առաջնագծում զինվորների հետ հավասար մարտական հերթապահություն են իրականացնում նաև դիրքապահ շները։
Դիրքապահ զինվորներն ավանդույթ են դարձրել զորացրվելուց հետո իրենց կրած խաչը թողնել դիրքի մատուռում։ Զինվորականները պատմում են, որ այդ խաչերը բազմիցս փրկել են իրենց տերերին:
Ղարաբաղի Ավետարանոց գյուղից 19-ամյա Գագիկ Ավանեսյանը կնքված չէ։ Փայտե խաչը, որը նա կրծքին կրում է կես տարուց ավել, զորացրված ավագ եղբոր նվերն է։ Ավանեսյան եղբայրները հասցրել են 6 ամիս միասին ծառայել։ «Առաջին անգամ դիրքեր բարձրանալուց առաջ եղբայրս իր վզից հանեց այս խաչը և տվեց ինձ` հորդորելով միշտ կրել: Ասաց, որ այն ինձ կպաշտպանի»,-հիշում է Գագիկ Ավանեսյանը։
Դիրքապահների հանգստի սենյակն է։ Փոքրիկ պատուհանից ներս թափանցող արևի լույսի տակ հազիվ ուրվագծվում են պատից կախված ավտոմատները, շախմատի տախտակն ու վրան դրված փայտե եկեղեցին։
Պաշտպանության բանակի տանկային N զորամասի մատուռը սկսել է գործել 2018-ից։ Սարկավագ Հայկ Հարությունյանը պատմում է, որ մատուռը կառուցվել է ձեռքի տակ եղածով ու պատահական չէ, որ այստեղի մոմակալները պատրաստված են տանկի արկերի պարկուճներից։
Հանգստյան օրերին զինվորներն ավելի շատ ժամանակ ունեն` եկեղեցի գալու, աղոթելու եւ մոմ վառելու համար:
N զորամասի սենյակներից մեկի սեղանին կիսաբաց տուփի մեջ խնամքով դրված է տրամբոն, իսկ մյուս սեղանին` արևի տակ աստվածամոր գիպսե քանդակն է չորանում։ 19-ամյա Լեոնիդ Չուգուրյանը նվագախմի տրամբոնահարն է։ Ազատ ժամերին գիպսից սրբաքանդակներ է պատրաստում։ Ասում է`զորացրված զինակցից է սովորել։
Զորամասի եկեղեցու բակում տեղադրված հրեշտակի քանդակը սպաներից մեկի հոր աշխատանքն է։ Պատմում են, որ հրեշտակը քանդակել են դժվար մշակվող ռուսական մարմարից։ Գործն ավարտելուց հետո հեղինակը չգիտեր, թե որտեղ պետք է այն տեղադրվի, սակայն երազ տեսնելուց հետո որոշել է բակում դնել:
Նորայր սարկավագն ասում է, որ զորամասի եկեղեցում մատուցում են ոչ միայն պատարագներ ու ժամերգություններ, այլեւ նշում են բոլոր եկեղեցական տոները։ Զորամասի ներսում էլ զինվորների ջանքերով ստեղծվել է հոգեւոր գրականության անկյուն:
Ազգությամբ եզդի 25-ամյա Փայլակ Օզմանյանի համար գոյություն ունի միայն մեկ աստված, թեեւ իր համոզմամբ, ամեն մեկը յուրովի է կոչում այդ աստծոն: «Մենք եզդիներս պաշտում ենք արեւին, չնայած որ հաճախում ենք եկեղեցիներ, վառում մոմ եւ աղոթում»-ասում է նա:
Յուրաքանչյուր զինվոր իր փոքրիկ դարակու ունի աստվածաշունչ կամ աղոթագիրք:
Ֆոտոն` 2016-ի
Բանակում եկեղեցու ու կրոնի հետ կապն ավելի արտահայտիչ է դառնում: Զինվորներն ասում են, որ դա պայմանավորված է ավելի մեծ վտանգի հետ: Ամեն նոր եկող իր հետ բերում է հավատքի իր առարկան` լինի խաչ, թե աստվածաշունչ:

Օգոստոս 2018, Հավատք եւ Կրոն

 

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ