Գետը՝ փշալարից այն կողմ
Ուշադրություն
դիտումներ` 5205
լեզու: 

Արաքս գետով է անցնում Հայաստանի հարավային սահմանն Իրանի հետ: Այն հոսում է խիստ հսկվող փշալարի երկայնքով: Սամվել Դավթյանը միշտ երազել է լողալ ընդամենը երկու քայլ այն կողմ հոսող գետում:

«Երեխա ժամանակ որքան կարող էի, մոտենում էի գետին, բայց այն փշալարի մյուս կողմում էր։ Մի անգամ ընկերոջս հետ կամրջով անցանք դեպի Իրան, շուկայում մի քիչ պտտվեցինք, բայց վերադարձին սահմանապահը մեզ վրա գոռաց»:

Երիտասարդ անհոգ տարիներն անցան, սակայն Դավթյանի` Արաքսում լողալու երազանքն այդպես էլ չիրականացավ։ Այժմ 63-ամյա Սամվելն իր ժամանակն անցկացնում է հայրենի Արաքսաշենում՝ ընտանիքի և նռնենիների այգու հետ միասին:

Գետը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։ Հատելով այն՝ հարյուր հազարավոր հայեր են փրկվել 1915-ի Ցեղասպանությունից և դրան հաջորդող պատերազմներից։ Արաքսը սնում է նաև բերրի Արարատյան դաշտը։

Այդուհանդերձ, գետի ջրերն անհասանելի են ինչպես Արաքսաշենում, այնպես էլ ավելի հյուսիսում։ Իրականում գետի միայն մի մասն է Հայաստանով հոսում, այն էլ՝ մի ափը։ Միջպետական սահմանն անցնում է հենց գետով, սակայն ԽՍՀՄ տարիներին տեղադրված ցանկապատը հայկական ափին է։ Հայաստանցիները փշալարի ու պետական սահմանի (գետի մեջտեղի) միջև ընկած տարածքում ձուկ բռնել և գյուղատնտեսությամբ զբաղվել կարող են միայն անցաթուղթ ունենալու դեպքում, որի տրամադրումը շատ պարզ գործընթաց է։ 

Արաքսը սակայն միակ բանը չէ, որից զրկված են Արաքսաշենի բնակիչները։ Նախկինում Մեղրիով անցնող գործող երկաթուղին կապում էր այն մայրաքաղաք Երևանի հետ: Երկաթուղին անցնում էր Նախիջևանով, և ղարաբաղյան պատերազմի ընթացքում այն փակվեց։ Երկաթուղին չվերաբացվեց կամ Երևանի հետ կապող այլընտրանքային ուղի չկառուցվեց։ Ուստի Հայաստանի հարավում՝ ժայռերի մեջ գտնվող Մեղրիի մեկուսացումը խորացավ։

Ավելի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանին, գետը սնում է Արարատյան դաշտը։ Գետի անունով են կոչվում մի շարք գյուղեր՝ Երասխ, Երասխավան, Երասխահուն, Արաքս և Արազափ։

Վերջինը, ինչպես անունն է հուշում, գտնվում է հենց Արաքսի ափին, չնայած գետից, ինչպես Մանվել Հարությունյանն է ասում, առանձնապես օգուտ չունեն։ Մի շարք բնակավայրեր գրեթե կպած են թուրքական սահմանին, օրինակ` Մարգարայից սահման մոտ 200 մետր է։ Ինչպես Արաքսաշենում, այստեղ ևս բնակիչները հսկվող փշալարից այն կողմ գտնվող հողամասեր կարող են մուտք գործել ռուսական ստորաբաժանման կողմից տրամադրվող համապատասխան անցաթղթով միայն։

«Այո, մենք գետափին ենք ապրում, բայց չենք կարող հենց այնպես վեր կենալ ցանկացած պահի, գնալ և մի դույլ ջուր բերել»,- ասում է 53-ամյա գյուղապետը։

Իսկ մինչ մարդիկ արհեստական սահմաններ են գծում, Արաքսը մեղմորեն հոսում է` խորհրդանշելով սահմաններ չճանաչող բնությունը:

31-ամյա Անի Սիմոնյանը ֆոտոխցիկի առջև կեցվածք է ընդունում Փոքր Վեդիում, որը Թուրքիայի սահմանից 8 կմ հեռավորության վրա է: Գյուղը հաճախ հենց Խոր Վիրապ են անվանում՝ 642թ. կառուցված համանուն վանքի անունով:

 

Զույգը քայլում է դեպի Խոր Վիրապի վանքը՝ նշելու հարսանիքը: Արաքսը հոսում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ բնական սահման ստեղծելով Հայաստանի և Թուրքիայի միջև:

 

Խոր Վիրապի՝ հարդարված բեղերով աշխատողը հյուրերի հետ սպասում է հարսանեկան արարողությանը։

 

Խոր Վիրապի և Թուրքիայի հետ սահմանի միջև ընկած հարթավայրերն են։ 1990-ականների ղարաբաղյան հակամարտության ընթացքում Թուրքիան՝ որպես Ադրբեջանի դաշնակից, փակեց հայ-թուրքական սահմանը։ Այն մինչև օրս փակ է։

 

Արաքսը` հայ-իրանական սահմանին։ Աջ կողմի ցանկապատը հսկում են ռուսական զորքերը։

 

Ժամանակավոր մուտք դեպի մասնավոր հողակտոր, որը գտնվում է Մեղրիի մոտ՝ հայ-իրանական սահմանին։ Արաքսը հոսում է փշալարի հետևով: Հողագործներն այնտեղից ջուր են վերցնում պոմպերով կամ ջրանցքերով։

 

Արաքսաշենի լքված կայարանի պատռված վարագույրները։ Երկաթուղու փակումը խորացրել է Մեղրիի մեկուսացումը։

 

Արաքսաշենի՝ տասնյակ տարիներ լքված կայարանի դիմաց կանգնեցված արձանը՝ վագոնի պատուհանից։ Վերջին ուղևորն այստեղից մեկնել է 1991-ի նոյեմբերին, իսկ բեռնատար գնացքը՝ 1992-ի ապրիլին։

 

Արաքսաշենի ժանգոտած գնացքը` լուսնի լույսի ներքո: «Նախկինում կյանքն այստեղ եռում էր, մենք հեշտությամբ էինք Երեւան հասնում»,-վերհիշում է բնակիչներից մեկը:

 

63-ամյա Սամվել Դավթյանը՝ այգու նռները հավաքելիս։ Մեղրին Հայաստանի «նռան մայրաքաղաքն» է, և մրգի առևտուրն այստեղ եկամտի կարևոր աղբյուր է։

 

Արաքսաշենի բնակիչներն անցնում են գլխավոր փողոցով։ Ռուսական զորքն ուշադիր հսկում է Արաքսով անցնող սահմանը։ Ըստ տեղացիների՝ գետի ջրերը ձկնառատ են, և ազատ ձկնորսությունը հավելյալ եկամուտ կապահովեր։

 

9-ամյա Անի Բեգլարյանը նկարել է Արաքս գետը։ «Ես գիտեմ, թե ինչպիսին է այն, ես ամբողջ կյանքս այստեղ եմ ապրել»,- ասում է նա։

 

59-ամյա Հասմիկ Կանդազյանը բացում է վարագույրները։ Նա աշխատում է հիվանդանոցում։ Տեղի տնտեսությունը թույլ զարգացած է հիմնականում մեկուսացվածության պատճառով։

 

Արքայախնձորի ծառեր Լեհվազում։ Այս 600-հոգանոց գյուղը Մեղրիի կենտրոնացված համայնքի կազմում է։ Մեղրի գետը՝ Արաքսի վտակը, հոսում է այս գյուղով։

 

Արքայախնձորի չրի պատրաստման ընթացքն է։ Լեհվազում Պողոսյանների ընտանիքն ունի մոտ 160 ծառ։ Մեղրիի կլիման հիանալի է մրգերի համար, և տեղի պահածոների գործարանն աշխատում է 1928-ից մինչ օրս։

 

Ջրամբար Արաքս գյուղում։ Գյուղն այսպես են կոչել 1946-ին, երբ խորհրդային իշխանություններն այստեղ սովխոզ հիմնեցին։

 

62-ամյա Ավիկ Մկրտչյանը մաքրում է ձուկն այն ավազանի կողքին, որտեղ էլ հենց բուծում է դրանք: Այցելուները գալիս են այստեղ ձկնորսության: Ձուկը բռնելուց հետո նրանք կամ առնում են այն, կամ հետ գցում ջրի մեջ:

 

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ