Ապրեցնելով Գյումրին` մասնիկ առ մասնիկ
Ուշադրություն
դիտումներ` 1483
լեզու: 

27-ամյա Արսեն Վարդանյանը ծնվել, մեծացել և բնակվում է Գյումրիում` Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում: Մասնագիտությամբ իրավաբան է, սակայն ոլորտում աշխատել է ընդամենը 2 տարի՝ 2013-ից 2015 թվականները: Վարդանյանը լքել է իր գործը, որպեսզի կյանքն ամբողջությամբ նվիրի ծննդավայրի բարելավմանը` որպես «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության համահիմնադիր:

«2013 թվականի վերջին ընկերներով մասնակցեցինք Գյումրիի ավագանու նիստին և հայտարարեցինք, որ մեր քաղաքում ցանկանում ենք սահադաշտ կառուցել: Մայրաքաղաքում կար, բայց մենք մերն էինք ուզում ունենալ: Եվ հաջողվեց»,-ասում է Վարդանյանը:

Վարդանյանի նախաձեռնությունները Գյումրին ավերակներից վեր հանելու երկարատև պայքարի կարևոր մասն են: Երեսուն տարի առաջ Հայաստանի հյուսիս-արևմտյան այս անկյունը ցնցեց 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, որի պատճառով զոհվեց 25 հազար մարդ` մնալով փլատակներում եւ 130 հազար մարդ վիրավորվեց:

Այսօր Շիրակը մնում է Հայաստանի ամենաաղքատ շրջաններից մեկը: Մարզկենտրոն Գյումրին քիչ հնարավորություններ է առաջարկում երիտասարդներին: Հասակ առնելուց հետո, հնարավորության դեպքում, շատերը նախընտրում են հեռանալ, ինչպես ես արեցի: 1980-ականների և 1990-ականների այդ անհանգիստ տարիները զրկեցին ինձ և իմ հասակակիցներից շատերին գեղեցիկ մանկությունից, իսկ դժգույն տնտեսական հեռանկարները ստիպեցին ինձ հավատալ, որ չէի կարողանալու իմ հայրենի քաղաքում պատշաճ կյանք կառուցել:

Ոչ ոք չպետք է գրի նման բաներ այն վայրի մասին, որտեղ մեծացել է, և ես հուսով եմ, որ նման մտորումներ երբեք չեն անցնի գալիք սերունդների մտքով: Բարեբախտաբար, Գյումրիի որոշ երիտասարդներ տքնաջան աշխատում են, որպեսզի դա տեղի չունենա:

Վարդանյանի սահադաշտը փոքր քայլ էր` քաղաքը վերակենդացնելու ուղղությամբ: 2014-ից բոլորն` անկախ տարիքից եւ սեռից, երեկոներն անցկացնում էին սահադաշտում:

2013-ին Գյումրիում Վարդանյանի ու իր ընկերների ձեռքով ստեղծվեց քաղաքի առաջին սահադաշտը:
Վարդանյանը երազում է իր հայրենի քաղաքը զբոսաշրջային կենտրոն դարձնել:
Վարդանյանը նաեւ շատ ակտիվ է սոցիալական ցանցերում: Ֆեյսբուքում նա հիմնել է «Կատակում են գյումրեցիները» էջը, որն ունի մոտ 170 հազար անդամ: Այդ էջում պարբերաբար տեղադրում է ոչ միայն հումորներ, այլ քաղաքի մասին պատմող նյութեր: Լուսանկարում Գյումրիում նկարահանված հայտնի «Մեր մանկության տանգոն» ֆիլմից մի պատկեր է:

«Քաղաքապետին ասել էինք, որ մեզ ոչինչ պետք չէ իրենից, բացի սահադաշտի տարածքից ու ջրից: Մնացածն ինքներս կգտնեինք և կանեինք: Առատ ձյունը Գյումրիում անվճար էր: Մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ բան ներդրեց: Մեկը չմուշկներ էր բերել, մյուսը`շինարարական նյութեր, ինչ-որ մեկն օգնեց փողով, և մենք հաջողության հասանք»- հիշում է Վարդանյանը՝ նշելով, որ նրանք երբեմն վարձակալության էին տալիս չմուշկները` 500 դրամով ($ 1.3), իսկ այդ գումարը հետագայում տրամադրում բարեգործությանը:

Այսօր Արսենը շատ հայտնի է Գյումրիում: Նա ունի ոչնչից ինչ-որ բան ստեղծելու տպավորիչ փորձ:

2015-ին Գյումրիի մի շարք շենքերի պատեր զարդարվել էին գունավոր խճանկար հիշեցնող գորգերով` պատրաստված շշերի խցաններից:

«Դեռ 2013 թվականին Սլովենիայում տեսել էի Գինեսի ռեկորդների գրքում գրանցված 500 հազար խցանից պատրաստված ամենամեծ խճանկարը: Այդ ժամանակ որոշեցի, որ մենք էլ պետք է նման խճանկար ունենանք: Հետո մտափոխվեցի և որոշեցի, որ ավելի լավ է ունենալ դրա նման մի քանի խճանկարներ եւ չփորձել գերազանցել եղած ռեկորդը»,-ասում է Արսենը:

Առաջին խճանկար-գորգը պատրաստելու համար Արսենը և իր ընկերները սկսեցին փողոցներից հավաքել շշի խցաններ, սակայն հետագայում նրանց օգնեցին նաեւ Գյումրիի բնակիչները` ստեղծելով մեծ հավաքածու:

Վարդանյանը խցաններից առաջին գորգը պատրաստել է 2015-ին:
Մետաղե խցաններն արդեն գունաթափվել են: Վարդանյանն ասում է, որ գարնանը նախատեսում են այն ներկել:

«Ես ավելի էի ոգևորվում, երբ ինչ-որ փոքրիկ մի խցան առած, վազելով գալիս էր ու հպարտ հայտարարում, որ ուզում է օգնել: Հատիկ-հատիկ դրանք հավաքեցինք: Այդ ընթացքում մի օր հանդիպեցի քաղաքապետին, որն արդեն գիտեր նախաձեռնության մասին: Քաղաքապետը կատակեց, թե Գյումրիում, ի վերջո, կհավաքվի Հայաստանի ամբողջ աղբը»,-ասում է Վարդանյանը:

Գյումրին ոչ թե պատվեց աղբով, այլ մի քանի գեղեցիկ գորգ ունեցավ` պատրաստված խցաններից: Կարելի է նաև ասել, որ քաղաքը ձեռք բերեց ավելին, քան միայն գորգն է. տեղացիներն ունեցան վառ օրինակ, թե ինչերի կարող են հասնել, երբ միասին են:

Հաջորդ գաղափարը, որն Արսենը և իր ընկերները կյանքի կոչեցին Գյումրիում, անեկդոտների պատն էր: Նրանք սկսեցին հումորային գրառումներ փակցնել քաղաքի տարբեր մասերում:

Ուսուցիչը հարցնում է իր աշակերտին. «Ազնվորեն ասա, ո՞վ է արել քո տնային աշխատանքը», սկսվում է արտասովոր անեկդոտներից մեկը:«Ես անկեղծորեն չգիտեմ, քնած էի», - պատասխանում է աշակերտը:

«Անեկդոտները ներքին տուրիզմի զարգացման լավ միջոց էին: Դեռ տարիներ առաջ մարդիկ այցելում էին մեր քաղաքը միայն գաստրոտուրիզմի համար, քանի որ մենք համեղ ու ինքնատիպ տեղական խոհանոց ունենք: Բայց Գյումրիում տեսնելու շատ բան կա իրականում: Երբ զբոսաշրջիկները պարզապես զբոսնում են քաղաքի փողոցներով, նրանք կարող են շինությունների պատերին փակցված հումորային տեքստերից մեր քաղաքի մասին շատ բան իմանալ»,- ասում է Վարդանյանը:

Այդ գաղափարը զարգացնելով` Գյումրիի հենց կենտրոնում հիմնեց «Հումորի պատը»` մի քանի միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Կատակները գրված են ոչ միայն հայերեն, այլև` անգլերեն ու ռուսերեն: Թարգմանված տարբերակները, սակայն, այնքան էլ Արսենի սրտով չեն: Ասում է, որ թարգմանության արդյունքում կորել է բնօրինակի նրբերանգները:

2018 թվականից Գյումրին հումորի պատ ունի:
«Աշխարհի իսկական կենտրոնը Գյումրին է, ուղղակի շատ պետություններ չտեսնելու են տալիս»,-Վարդանյանի սիրելի արտահայտություններից մեկն է:
Արսեն Վարդանյանը ներկայացնում է իր համահեղինակած խաղերից մեկը՝ «Տեյմորտակը», որը հիմնված է տրամաբանության վրա: Սովետական տարիներին խաղը շատ տարածված է եղել, սակայն ժամանակի ընթացքում այն գրեթե վերացել է մեր կենցաղից:
Գյումրիում պատրաստված հոլը տարածվել է ամբողջ աշխարհում: Վերջին պատվերը ստացվել է Բրազիլիայից:

Իսկ քաղաքի կոլորիտը Արսենը կարողացել է միավորել, գունավորել ու աշխարհին ներկայացնել իր վերջին նախագծի շնորհիվ: Արդեն մեկ տարուց ավել է նա զբաղվում է հոլի արտադրությամբ:

«Փոքր տարիքում գարնան գալուն պես ընկերներով հոլ էինք խաղում: Անցյալ տարի, երբ ձյունը դեռ նոր էր հալչել, ես ընկերոջս` Գագիկին, խնդրեցի գնալ շուկա և հոլ գնել, որպեսզի կարողանանք կրկին խաղալ: Պարզվեց, որ մեր մանկության խաղալիքը վերացման եզրին է: Ուստի դա մեզ հոլ արտադրելու միտք տվեց: Գտանք հոլ պատրաստող վարպետների ու գործի անցանք»,- ասում է Վարդանյանը եւ շարունակ շեշտում ՄԵՆՔ բառը` կարեւորելով թիմային աշխատանքը, որում մեկը փայտն է տաշում, մյուսը հոլի քթի երկաթը պատրաստում, երրորդը գունազարդում է, իսկ Արսենն էլ հոլի թելն (ղայթան) է հյուսում:

Արսենի հոլերը հիմնականում նկարազարդված են Գյումրիի պատկերներով, և այժմ նա դրանք վաճառում է ամբողջ աշխարհով մեկ՝ փոստային ծառայության միջոցով: Հոլի գինը 5 դոլլար է, գումարը սիմվոլիկ է, այն զուտ արտադրության նյութի ծախսն է փակում: Արսենը հույս ունի, որ գործազրկության բարձր մակարդակ ունեցող քաղաքում այս փոքր քայլով կարող է որոշ աշխատատեղեր ստեղծել: Նա նաև հույս ունի, որ հոլերը քաղաքի երեխաներին կմիավորեն և կխրախուսեն, որ թողնեն համակարգիչներն ու բակ դուրս գան` հոլ պտտեցնելու ու մանկությունը վայելելու համար:

Նա նաեւ հավելում է, որ ոչինչ չէր կարողանա անել առանց իր գործընկերների` չնայած որ տարիքային բավականին մեծ տարբերություն կա իր և իր շատ աջակիցների միջև:

«Որոշները շատ երիտասարդ են, մյուսները` բավականին մեծ, բայց սերը քաղաքի հանդեպ միավորում է բոլորին»- եզրափակում է նա:

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ