Հայ-ադրբեջանական սիրո պատմություն
Ուշադրություն
դիտումներ` 6869
լեզու: 

60-ամյա Անժելա Ռուստամովան դեռեւս չի կարողանում մոռանալ 1975 թվականի այն օրը, երբ 32-ամյա վարսավիր Վագիֆ Ռուստամովը եկավ, 18-ամյա Անժելային ամուսնության առաջարկություն արեց եւ խոստացավ համատեղ երջանիկ կյանք:

Այն ժամանակ երիտասարդ Անժելան օրեր էր հաշվում հանդիպելու իր սիրեցյալ  Վագիֆին` Վրաստանում ապրող էթնիկ ադրբեջանցուն, ով տեսակցության էր գալիս Անժելային իր ծննդավայր Ալավերդիում:

 Չնայած ընտանիքների եւ հասարկության կողմից ճնշումներին, Անժելան եւ Վագիֆն ամուսնացան եւ նրանց սիրո պատմությունը տեւեց 42 տարի:

Երիտասարդությունը հիշելիս` Ռուստամովան ասում է, որ երբեք չէր պատկերացնի, թե կսիրահարվեր ադրբեջանցու: Իր խոսքերով բավականին լավատեղյակ էր երկու ժողովուրդների անցյալից. «Խանութներում, փողոցներում եւ այլ հանրային վայրերում, ես միշտ վիճում էի Հայաստան այցելող ադրբեջանցիների հետ, որովհետեւ շատ երիտասարդ էի»,-ասում է նա` շարունակելով, որ ամեն ինչ փոխվեց, երբ Ալավերդիի շուկայում հանդիպեց Վագիֆ Ռուստամովին: Այստեղ պարբերաբար առեւտուր անելու  էին  գալիս Վրաստանում ապրող էթնիկ ադրբեջանցիները:

Իր ամուսնու բնակավայրում` Վրաստանի Սադախլո գյուղում, որը հիմնականում բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով եւ գտնվում է Հայաստանի հետ սահմանին, ամուսնությունից հետո զույգը սովորեց եւ ընդունեց մեկը մյուսի լեզուն, ավանդույթներն ու կրոնը:  Նշում էին թե հայկական եւ թե ադրբեջանական տոները:

60-ամյա Անժելա Ռուստամովան Օփրեթի գյուղում, Վրաստան: Ամուսինը` էթնիկ ադրբեջանցի Վագիֆը, վերջերս է մահացել` 42 տարվա համատեղ կյանքից հետո:
Դեկորատիվ հայելին կախված է Անժելա Ռուստամովայի տան բակում, որտեղ նա հիմա մենակ է ապրում: Ռուստամովայի ադրբեջանցի ընկերներն իրեն անվանում են «Այնա», ինչը թարգմանաբար նշանակում է հայելի:
Ռուստամովան նստած է վերանդայում` մահացած ամուսնու լուսանկարի կողքին:
Վագիֆի եւ Անժելայի ամուսնության վաղ շրջանի նկարներից:

Այսօր «Անժելա» անվան փոխարեն, Ռուստամովայի ադրբեջանցի ընկերները նրան դիմում են «Այնա» անունով. ավանդական ադրբեջանական անուն է, որը թարգմանաբար նշանակում է հայելի:

«Ամուսնությունից հետո ես հասկացա, թե որքան նման ենք իրար»,-ասում է Ռուստամովան` հավելելով, որ նա եւ իր ամուսինը նույնիսկ համաձայնության են եկել տոլմայի վերաբերյալ:

 «Երկու ազգերն էլ պնդում են, որ լավաշը եւ տոլման իրենց ազգային ուտելիքն է: Մեր մշակույթը եւ ավանդույթները իրար շատ նման են»,-ասում է Ռուստամովան` անհեթեթ համարելով խոհանոցի վերաբեյալ նմանատիպ վեճերը:

«Ի՞նչ նշանակություն ունի, թե ում է այն պատկանում: Վերջիվերջո դա ընդհամենն ուտելիք է»,-ասում է նա:

Սակայն 80-ականների վերջին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված կոնֆլիկտը զույգի կյանքն ավելի բարդացրեց:

Սադախլոյի որոշ գյուղացիներ սկսեցին ճնշումներ գործադրել Վագիֆ Ռուստամովի վրա, որպեսզի վերջինս բաժանվի իր կնոջից: Բազմաթիվ բարեկամներ եւ հարեւաններ խորհուրդ տվեցին Անժելային հետ ուղարկել Հայաստան:

«Նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարն է թակել մեր դուռը եւ հայտարարել, որ ուզում է մեր բաժանումը»,-հիշում է Ռուստամովան` նշելով, որ իրենք, նախընտրել են բողոք չհայտնել պաշտոնյայի պահվածքի վերաբերյալ:

Սակայն ժամանակի ընթացքում տեղացիների կասկածները Ռուստամովայի վերաբերյալ ցրվեցին:

«Այն մարդիկ, ովքեր մտածում էին, թե մեր հարաբերությունները կվատանա միմյանց նկատմամբ, մտափոխվեցին: Ես չեմ նեղանում, նրանք պարզապես չէին հավատում, որ մենք այդքան երջանիկ կլինենք միասին: Բայց ես ուրախ եմ, որ մեր սերը հաղթահարեց ամեն ինչ»:

Անժելա Ռուստամովան փոքր խանութ ունի Օփրեթիում: Նա շաբաթը մեկ Մառնեուլից գնում է վաճառքի համար անհրաժեշտ մթերքները:
Անժելա Ռուստամովան սուրճ է պատրաստում տան վերանդայում:
Խոզերը` Օփրեթիի ճանապարհներին: Այս գյուղը նախկինում հունաբնակ է եղել: Այն գտնվում է Հայաստանի հետ սահմանին:
Անժելայի մահացած ամուսնու` Վագիֆ Ռուստամովի լուսանկարը` ճաշասենյակում:
Անժելա Ռուստամովան լվացնում է իր շորերը տան բակում:
Նա ջուր է տաքացնում վառարանի վրա:

Անժելա Ռուստամովայի ամուսինը մահացել է 3 ամիս առաջ, 74 տարեկան հասակում: Մինչեւ վերջին պահը Ռուստամովան հոգ էր տանում ամուսնու մասին: Նա շաքարախտով հիվանդ էր եւ լյարդի ցիռոզ ուներ. զրկվել էր երկու ոտքերից եւ սրտի վիրահատություն տարել:

Ամուսնու մահվանից հետո Ռուստամովան կարող էր վերադառնալ Հայաստան, սակայն որոշեց մնալ Սադախլոյից ոչ հեռու գտնվող Օփրեթի գյուղի երկհարկանի իրենց տանը, որտեղ ամենուր կախված են ամուսնու նկարները: 

«Ես կարող եմ հետ գնալ Հայաստան, բայց չեմ ուզում: Այստեղ բազմաթիվ հիշողություններ կան Վագիֆի հետ կապված, չեմ ուզում դրանք թողնել: Ուզում եմ այստեղ մահանալ»,-ասում է նա:

Զույգը երեխաներ չի ունեցել: Ռուստամովա այժմ մենակ է ապրում: Օրը սկսում է այգու եւ տնային աշխատանքներով, այնուհետեւ շարունակում փոքր խանութում, որտեղ վաճառում է մրգեր, բանջարեղեն, սիգարետ եւ ճաճա(վրացական օղի):

Նա բազմաթիվ պարտքեր ունի կուտակած ամուսնու հիվանդության պատճառով, սակայն չի գանգատվում դրանցից:

«Չնայած այդ պարտքերը վճարելն ինձ համար շատ ծանր է, բայց ամուսինս արժանի էր բուժում ստանալու»,-ասում է Ռուստամովան:

Նա ափսոսում է հայ-ադրբեջանական խառնամուսնություններով այն ընտանիքների համար, որոնք ի վիճակի չեն եղել շարունակել իրենց համատեղ կյանքը:

«Ես գիտեմ հայ հարսների, ովքեր մինչ այսօր էլ ապրում են Ադրբեջանում: Նրանք թողել են իրենց բարեկամներին եւ մնացել Ադրբեջանում: Նրանք չեն կարող տեսնել իրենց ծնողներին, եղբայրներին, քույրերին եւ այլ բարեկամներին: Նրանք շատ դժվար կյանք ունեն»,-ասում է Անժելան:

Ռուստամովան, ով դիտում է եւ՛ հայկական եւ՛ ադրբեջանական հեռուստաալիքներ, հավատում է, որ երկու երկրների կողմից տարածվող «կեղծ պատմությունները» միայն ավելի են խորացնում երկու ժողովրդների բաժանումը:

«Մենք պետք է առաջ նայենք, եւ խաղաղությունը պետք է վերականգնվի, որպեսզի ոչ ոք չմահանա, եւ ընտանիքները չբաժանվեն»,-ասում է նա:

Անժելայի երջանիկ ամուսնության հիշողությունները դեռ վառ են: Ամուսնու մահվանից հետո իր համար ճաշ չի եփում եւ ամեն երեկո քնելուց առաջ մտածում է նրա մասին:

«Չեմ ուզում գնալ այն ննջասենյակ, որտեղ միասին էինք քնում: Ես փակել եմ այդ սենյակի դուռը»:

 Նրա աչքերից հոսում են արցունքեր: Նա փակում է աչքերը կարծես փորձելով պահել իր հիշողությունները:

 

Օփրեթի գյուղը տեղակայված է վրաց-հայկական սահմանին:
Տան հյուրասենյակը:
Անժելան թերթում է ընտանեկան ալբոմը:
Ռուստամովայի ձեռքին ամուսնու նկարն է:
Անժելա Ռուստամովան խաղում է շան հետ, որը իր տան միակ ընկերակիցն է:
Անժելա Ռուստամովան քայլում է իր աճեցրած վարդերի կողքով:
Մուտքը դեպի Օփրեթի` նախկին հունական գյուղ Վրաստանում, տեղակայված Հայաստանի հետ սահմանին:

Տեքստը` Նուռաննա Մամադի

Լուսանկարները` Յահ Մաքնաութ Դեյվիսի

Խմբագիր` Էլիզաբեթ Օուեն

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ