Հայ կանանց սեզոնային մայրիշխանությունը Վրաստանում
Ուշադրություն
դիտումներ` 1863
լեզու: 

Ծննդյան պահից ի վեր Զինա Խաչատրյանի կյանքը բաժանվում է տարվա երկու եղանակի`  մեկը, երբ հայրիկն իրենց հետ է, մյուսն` առանց հայրիկի: Վրաստանի հյուսիսային Ջավախքի (Սամցխե-Ջավախեթի) մարզում բնակվող 13-ամյա Զինան ասում է, որ հոր հետ ընդհանուր հաշվարկով անցակցրել է ընդամենը 6,5 տարի` իր կյանքի ուղիղ կեսը:

Զինան վեց ամսական էր, երբ նրա հայրը` Սամվել Խաչատրյանը, այն ժամանակ դեռեւս 21 տարեկան, մեկնեց Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Մի բան, որ անում էր 16 տարեկանից սկսած: Նա մեկն է տղամարդկանց այն մեծ բանակից, որոնք աշխատանք են փնտրում եւ գտնում արտասահամանում` տարվա կեսը մենակ թողնելով իրանց ընտանիքներին:

Հստակ տվյալներ չկան, թե որքան է կազմում Սամցխե-Ջավախեթիից արտագնա աշխատանքի մեկնածների թիվը:

«Որոշ գնահատականներով ամեն տարի մինչեւ 3000 մարդ Ջավախեթիից մեկնում է կամ Հայաստան, կամ Ռուսաստան` սեզոնային աշխատանքի: Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին արտագաղթել է մինչեւ 30 000 մարդ: Նրանցից 67%-ը` Ռուսաստան, 30%-ը` Հայաստան, իսկ մնացածն այլ երկրներ` ներառյալ եվրոպականը, ինչպես նաեւ ԱՄՆ»,-ասում է Կովկասյան ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը:

Ջավախեթիի տեղի հայկական Jnews.ge լրատվամիջոցի անցկացրած հետազոտության համաձայն եւս, շրջանի ընտանիքների 63%-ն ունի նվազագույնը ընտանիքի մեկ անդամ, որն արտագնա աշխատող է: Այնպիսի գյուղերում, ինչպիսին Խանդոն է, այդ թիվը հասնում է մինչեւ 80%-ի, քանի որ աշխատատեղերը խիստ սահմանափակ են:

Մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 2500 բնակիչ ունեցող գյուղի տղամարդիկ «անտեսանելի» են: Ուղիղ կես տարի, կանայք իրենց ուսերին են կրում ամբողջ հոգսը` սկսած երեխաներին մեծացնելուց մինչեւ դաշտերում աշխատելը. այդ ամիսներին հայրիշխանական հասարակությունը վերածվում է մայրիշխանականի:

«Տարվա կեսը մեր տան ամենամեծ տղամարդը 11-ամյա եղբայրս է` Սերժիկը։ Ճիշտ է, պետք եղած դեպքում նա չի կարող մեզ մեքենայով տեղ տանել, բայց պարտաճանաչ կատարում է տան գնումները, քանի որ կանայք գյուղում խանութ չեն գնում: Պատճառն այն է, որ խանութների տերերը հիմնականում տղամարդիկ են: Կանայք առեւտի համար հասնում են կամ մոտակա Ախլքալաքի քաղաքը (գյուղից հեռու է 16 կմ) կամ գնումներ անում տնից առեւտրով զբաղվող կանանցից»,-ասում է Զինան, որի հորեղբայրը եւս արտագնա աշխատող է:

Թեեւ կրթությունն անվճար է, սակայն գյուղի տղամարդիկ հիմնականում ստանում են միջնակարգ կրթություն եւ դրանից անմիջապես հետո մեկնում արտասահման`խոպանի: Խոպանչի տերմինը օգտագործվում է 1950 թվականներից, երբ բանվորներն աշխատանքի էին մեկնում Սովետական Միության հեռավոր հատվածներ` մշակելու խոպան (անմշակ) հողերը:

Խոպանչիների մեծ մասը ընտանիք է վերադառնում վաղ ձմռանը, երբ ցուրտ եղանակի պատճառով աշխատանքները կանգ են առնում այնպիսի ոլորտներում, ինչպիսին շինարարությունն է, որտեղ էլ աշխատում է Խաչատրյանը: Հետեւաբար Զինայի համար դեկտեմբերը տոնակատարությունների ամիս է, քանի որ այն նշանավորվում է հոր վերադարձով եւ իր ծնունդով:

«Այս տարի ես խնդրել եմ նրան ինձ բջջային հեռախոս եւ արծաթե մատանի նվեր բերի։ Հա, մեկ էլ իմ սիրելի շոկոլադները։ Իրականում այս ամենը կարեւոր չէ, ամենամեծ նվերը նրա ֆիզիկական ներկայությունն է։ Մենակ թե հայրիկը մեզ մոտ լինի, ամեն ինչ լավ է լինելու»,- համոզված է Զինան։

Զինան` Խանդո գյուղում` դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին: «Անցած տարի ամառային արձակուրդներս Մոսկվայում եմ անցկացրել` հորս հետ։ Երեկոները գործից հետո հայրիկը տուն էր վերադառնում հոգնած։ Ես սուրճ էի պատրաստում եւ պատմում, թե ինչ տեսարժան վայրեր եմ այդ օրը այցելել Մոսկվայում: Մոսկվան իրոք մեծ է եւ գեղեցիկ, բայց մեր գյուղն ավելի լավն է»:
Կոշիկների շարքը Խանդո գյուղի «Smart school»-ի դասասենյակներից մեկում, որտեղ աշակերտները հաճախում են պարի դասերի: Դպրոցը կազմակերպում է ազգագրական պարի դասեր եւ սովորեցնում ռուսերեն: Հիմնադիր Մարգուշ Հակոբյանն ասում է, որ անունն առաջարկել է իր զարմուհին, ով մտածում էր, որ գյուղի երեխաների համար նման խմբակներ բացելը խելացի գաղափար է:
«Մանկուց շատ եմ սիրում պարել, կապ չունի` ինչ ոճի։ Արդեն մեկ տարի է ազգային պարերով եմ զբաղվում։ Պարելուց տրամադրությունս միշտ բարձրանում է։ Անցած տարի մեր խմբով անգամ Թբիլիսիի մշակույթի տանն ենք ելույթ ունեցել»:
Զինան տաքանում է ջեռուցիչի մոտ մինչև պարի պարապմունքի սկսվելը: «Անցած տարի Ախալքալաք տարազների մրցույթի պետք է գնայիք։ Երկար մտածում էինք, թե ինչով գնանք։ Նման պահերին առավել շատ եմ զգում հայրիկի բացակայությունը։ Նա հաստատ արագ լուծում կտար այդ հարցին ու մնացածին էլ մենք մեր մեքենայով կտանեյինք»:
Ախալքալաքից Խանդո տանող ճանապարն է, որի մի մասը արոտավայրեր են, իսկ մյուս մասը՝ կարտոֆիլի դաշտեր: Կարտոֆիլի մշակումն ու վաճառքն այստեղի բնակչության եկամտի հիմնական աղբյուրն է։
Զինան ընկերների հետ կարտոֆիլի դաշտ է գնում։ «Կարտոֆիլի բերքահավաքին հիմնականում կանայք են մասնակցում։ Խոպան չգնացած մի քանի տղամարդիկ օգնում են պարկերը բեռնատարներ բարձել եւ անում են այլ [ֆիզիկապես] ծանր աշխատանքներ։ Այս սեզոնին գյուղի կանայք հնարավորություն են ունենում գումար վաստակել՝ օրավարձով աշխատելով համագյուղացիների համար։ Իմ ընտանիքի կանայք էլ են դաշտում աշխատում»։
Զինան մայրիկի՝Քրիստինայի հետ հարևանների կարտոֆիլի բերքահավաքին։ «Մայրիկս տան գործերից ինձ աշխատում է ազատել։ Իմ միակ ու հիմնական պարտականությունը 3-ամյա զարմիկիս՝ Դավիթին խնամելն է, որը ես մեծ սիրով եմ անում: Բայց շատ հաճախ խղճում եմ մայրիկիս, քանի որ նա ստիպված է միայնակ հոգ տանել մեր մասին: Բայց ես միշտ օգնում եմ իմ ընտանիքին կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ»:
. Լվացքը չորանում է Զինայի տան բակում: «Մեր ընտանիքը մեծ է։Մի հարկի տակ ապրում ենք մենք, հորեղբորս ընտանիքն ու տատիկիս: Ընդհանուր հաշվով 9 մարդ: Այնուամենայնիվ մայիսից մինչեւ դեկտեմբեր` տանը միայն կանայք եւ երեխաներն են մնում:
Զինան ընկերուհուն՝ Հայկուշին, ցույց է տալիս դհոլ նվագելու իր հմտությունները։ «Համացանցում վիդո տեսա, որտեղ մի աղջիկ դհոլ էր նվագում եւ որոշեցի սովորել: Շատերն ասում էին, որ դա աղջկա գործիք չէ, բայց ես պնդեցի։ Հայրիկիս լուր տվեցի մայրիկի միջոցով ու նա ինձ քաջալերեց։ Զարմիկներիցս մեկն էլ իր հին դհոլը ինձ տվեց, որ սկսեմ սովորել։ Կարմիր գույնի է, իսկական աղջկական դհոլ: Մնում է մի քանի հոգի էլ հավաքվի, որ այդ գործիքի մասնագետին հրավիրեն գյուղ` դասեր տալու համար: Բայց, ես չեմ ուզում ժամանակ կորցնել եւ
Զինան Viber-ով հաղորդակցվում է հայրիկի հետ։ «Հեռավորությունը, ժամանակը, հայրիկի զբաղվածությունը ավելի են քչացնում մեր շփումը։ Մեկ-մեկ Viber-ով իմ փոքր ժամանակվա նկարներ եմ ուղարկում, ինչպես նաեւ իմ նոր նկարները, որ տեսնի ինչքան եմ մեծացել։ Երկար գրվել չի ստացվում, նա շատ է աշխատում, հոգնում է ահավոր»:
Զինան մայրիկի` Քրիստինեի հետ խաչապուրի է պատրաստում։ Զինայի հորեղբայրը եւս տարվա կեսը Ռուսաստանում է: [Այդ] ամիսների ընթացքում տան ամբողջ հոգսն ընկնում է երեք կանանց ուսերին` մայրիկի, տատիկի եւ հորեղբոր կնոջ` Ռոզայի:
Զինան լուսանկարում է գյուղի փոքրիկ մատուռում, որը կառուցվել է 1980-ականների սկզբին իր բարեկամների մեկի կողմից: «Ամեն կիրակի մայրիկիս կամ տատիկիս հետ գալիս ենք մատուռ մոմ վառելու։ Աստծուց խնդրում եմ միայն մի բան` առողջություն բոլոր համար»:

Ձյան հալոցքի հետ գալիս է նաեւ հրաժեշտի պահը: Մինչեւ 7 տարեկանը Զինան ամբողջությամբ չէր գիտակցում, թե ինչ է նշանակում հայրիկից բաժանված լինել, բայց մեծանալով նա սկսեց ավելի դժվար հրաժեշտ տալ հորը և ավելի ծանր տանել բաժանումը։

«Վերջին երկու տարին հատկապես դժվար էր: Առանց լացելու չեմ կարողանում հայրիկին ճանապարհել։ Ես լացում եմ, ինքն էլ հետս»,-ասում է Զինան։

Զինան ասում է, որ հեռավորության պատճառով ժամանակի ընթացքում նրանց շփման մեջ սառնություն է զգացվում: Նոր տեխնոլոգիաներն օգնում են: Հայրն ու աղջիկը խոսում են Սկայպով: Պարբերական կարճ հաղորդագրություններն ու տարատեսակ էմոտիկոնների պատճառով Զինայի համար բավականին դժվար է դարձել հորը դիմել որեւէ խնդրանքով կամ ինչ-որ բան անելու թույլտվություն խնդրել: Փոխարենը նա դիմում է մորը:

Զինան երազում է համալսարանում սովորելու եւ դիզայներ դառնալու մասին: Նա նաեւ մտածում է, որ ամենայն հավանականությամբ կվերադառնա իր հայրենի գյուղը, թեեւ գիտի, որ այդ դեպքում իր ապագա ամուսինը եւս, ինչպես իր հայրը, ամենայն հավանականությամբ տարվա կեսը կմեկնի Ռուսաստան` աշխատանքի:

«Իմ ծնողները մշտապես աջակցել են իմ որոշումներին: Ես բավական ժամանակ ունեմ սովորելու: Համալսարանից հետո էլ ուզում եմ գյուղ վերադառնալ, բայց  միևնույն ժամանակ ուզում եմ նաև ճամփորդեմ, աշխարհը տեսնեմ»,-հավելում է Զինան:

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ