Հայաստանի յոթ միանձնուհիները
Ուշադրություն
դիտումներ` 8091
լեզու: 

Աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկը` Հայաստանը, որը հայտնի է իր դարավոր վանքերով, ուր բնակվում են բազմաթիվ վանականներ, ունի ընդամենը մեկ կանանց մենաստան: Այն բացվել է միայն յոթ ամիս առաջ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: Համանուն վանքի յոթ միանձնուհիները Հայաստանում միակն են: 

Մինչ 2000 թվականը Հայ Առաքելական եկեղեցին արգելում էր կանանց մենաստանների գոյությունը: Ընդունված մոտեցումն այն էր, որ կանայք ստեղծված էին միայն բնակչության խթանման համար:

Երբ եկեղեցու հոգևոր առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսը արգելքը վերացրեց, որոշ կանայք արձագանքեցին այդ հնարավորությանը:

Առաջիններից մեկն էլ 70-ամյա քույր Եղիսաբեթն էր: Նա ասում է, որ «սկսել է ճանաչել Աստծուն» Գյումրի քաղաքում տեղի ունեցած 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո, «բայց ես երբեք չեմ մտածել միանձնուհի դառնալու մասին, քանի որ այն արգելված էր Հայաստանում»: Միանձնուհու երդումը քույր Եղիսաբեթը տվեց 2000-ին:

 «Ուզում էի վիրաբույժ դառնալ, սակայն Աստված ինձ այս ճանապարհով տարավ: Ցանկանում էի տասը երեխա ունենալ, բայց Աստված ինձ նվիրեց իմ քույրերին: Ես հիմա երջանիկ եմ: Չկա մի պահ, որ ուզենամ լքել այս վայրը»,-ասում է Ղազարավանի մենաստանում ապրող քույր Եղիսաբեթը:

 

Ղազարավանի մենաստանն է, որտեղ միանձնուհիները հոգեւոր ծառայություն են մատուցում:
70-ամյա քույր Եղիսաբեթը ծնվել է Աբխազիայում, սակայն տեղափոխվել է Հայաստան 13 տարեկան հասակում: Նա միանձնուհի է դարձել 2000 թ.-ին:
2000-ին քույր Տաթևը արագ արձագանքեց Գարեգին Բ կաթողիկոսի` միանձնուհիներ ձեռնադրելու որոշմանը: «Իմ աշխարհիկ կյանքը լիովին երջանիկ չէր, որովհետև առանց Աստծո երջանկություն չկա», - ասում է նա:
58-ամյա քույր Ռիման ապարանջան է գործում քույր Մարիամի և քույր Սեդայի հետ, որոնք նստած են մի կողմում: Քույր Ռիման միանձնուհի դարձավ 2015թ.-ին և հաճույք է ստանում մենաստանին կից հողատարածքում բանջարեղեններ մշակելուց:
Ղազարավանում ապրող յոթ միանձնուհիներից հինգը:

301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց հետո Հայաստանում սկսեցին ի հայտ գալ մենաստաններ:

«Պատմականորեն Հայաստանը միշտ ունեցել է մենաստաններ», - ասում է աստվածաբան Վարդան Խաչատրյանը, ով դասավանդում է Երևանի պետական համալսարանում: «Մ.թ. 353թ.-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Մեծի օրոք, մենաստանները մեծ վերելք են ապրել: Սակայն 370 թ.-ին Հայաստանի Պապ թագավորը արգելեց մենաստանների գործունեությունը և միանձնուհիներին ամուսնանալու իրավունք տվեց` հիմնավորելով դա այն փաստով, որ տարբեր պատերազմների պատճառով բնակչության թիվը և ծնունդների քանակը նվազել է»:

Պապ թագավորի գահակալման ավարտից հետո` 374-ին, արգելքը վերացվեց, սակայն ուշադրությունը կանանց վերարտադրողական դերի վրա նորից վերսկսեց 20-րդ դարում:

«1915թ. Հայոց Ցեղասպանությունից և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հազարավոր կանանց մահվան պատճառով ծնելիության մակարդակը նվազել էր և այն խթանելու նպատակ էր դրվել»,- ավելացնում է Խաչատրյանը:

Խորհրդային Հայաստանում, ծննդատան պատերին հատուկ պաստառներ էին փակցնում՝ «Կնոջ բնական վիճակը հղի լինելն է» գրությամբ:

Սակայն Խաչատրյանը պատճառ չի տեսնում, թե ինչու այսօր կանայք չեն կարող ընտրել միանձնուհի դառնալու ճանապարհը:

«Միանձնուհիները Քրիստոսի հարսնացուներն են»,- նշում է նա: Աստվածաբանության մեջ դա ընդունված տեսակետ է: Եվ եթե ինչ-որ մեկը դառնում է միանձնուհի, ոչինչ չի կարող խանգարել նրան այդ ընտրությունը կատարել: Եվ անհիմն են այն արդարացումները, որ կանայք պետք է երեխաներ ունենան, որպեսզի չնվազի պատերազմների միջով անցնող մեր ազգի թիվը»:

Ղազարավանի մենաստանի բնակչուհի, այժմ 60-ամյա քույր Տաթևը մեծացել է այն ժամանակաշրջանում, երբ այդ հիմնավորումներն արդիական էին: Ծնվել է Երևանում, նախկինում մայրաքաղաքում աշխատել է որպես անգլերեն լեզվի թարգմանիչ տարբեր հաստատություններում` սկսած Հայաստանի Ազգային գրադարանից մինչև Իզմիրլյան բժշկական կենտրոն և միկրոֆինանսական շահույթ չհետապնդող FINCA International կազմակերպությունում: Նա կայուն եկամուտ ուներ և կարող էր աջակցել իր ծնողներին:

Բայց 2000 թվականին որոշեց թողնել այդ ամենը: «Ես աշխարհիկ կյանք ունեի, բայց իմ ներքին ձայնը միշտ ասում էր, որ ես պետք է վանական կյանք ունենամ: Աստված միշտ կանչել է ինձ»,-ասում է նա:

Մոտ 18 տարի առաջ, երբ քույտ Տաթեւը դիմեց միանձնուհի դառնալու համար, նա մեկն էր այն 11 հոգուց, ում ուղարկեցին Լոռու մարզի Հաղպատի վանք` փորձաշրջան անցնելու: Չորս ամիս փորձաշրջան անցնելուց հետո միայն 5 հավակնորդներ են ցանկացել շարունակել: Նրանք տեղափոխվեցին Սուրբ Հռիփսիմե վանք, իսկ մյուսները վերադարձան աշխարհիկ կյանք:

Մենաստանում միանձնուհիների օրը սկսվում է առավոտյան ժամը 6-ին և այն խիստ կանոնակարգված է` աղոթքի և աշխատանքի համար հատուկ ժամերով: Միանձնուհիները պահում են պահքի բոլոր օրերը: Ըստ նրանց՝ պահքը խոկումի շրջան է, Աստծո հետ մերձենալու հնարավորություն: Պահոց օրերին նրանք միայն ուտում են հաց ու խմում ջուր: 

Միանձնուհիներն իրավունք ունեն ամսվա մեջ մեկ անգամ այցելել  կամ հյուրընկալել հարազատներին: 58-ամյա քույր Ռիման որոշեց միանձնուհի դառնալ երեք տարի առաջ: Նա ունի մեկ դուստր, մեկ որդի և հինգ թոռ, և կարոտում է նրանց:

«Ես արգելում եմ իմ թոռներին հաճախակի ինձ այցելել: Երբ տեսնում եմ նրանց,  հոգիս տակնուվրա է լինում»- ասում է նա:

Հարազատներին կարոտում են նաև մյուս 4 քույրերը՝ Գայանեն, Մարիամը, Սեդան և Շուշանիկը:

Քույր Գայանեն հոգ է տանում Ղազարավանի մենաստանի պարտեզում տնկած իր ծաղիկների մասին: Միանձնուհիները մտադիր են վաճառել ծաղիկների եթերայուղը` եկամուտ ստանալու համար:Քույր Գայանեն մոմեր էր վաճառում եկեղեցում և որոշեց միանձնուհի դառնալ 2008 թ.-ին:
Քույր Եղիսաբեթը հոգ է տանում մենաստանի շան ձագերի մասին` նրանց ջուր տալով իր ձեռքի ափից:
Քույր Ռիման, Շուշանը և Եղիսաբեթը (ձախից աջ), ուշ կեսօրյա պատարագի ժամանակ:
Քույր Տաթևն աղոթքի ժամանակ:

Միանձնուհիների աշխատանքը ներառում է նաև մենաստանի պահպանումը, հոգևոր ծառայություն մատուցելը հարևան եկեղեցում և գյուղատնտեսության վարումը:

Քույր Ռիման մշակում է բանջարեղեններ` մենաստանին կից քարքարոտ հողում, չնայած նա չունի համապատասխան գործիքներ և ստիպված է ջուրը դույլերով կրել` բանջարանոցը ոռոգելու համար: Միանձնուհիները նաև ճտեր և մեղուներ են պահում: Կանայք իրենց սնունդը ստանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայ Առաքելական եկեղեցու շտաբից, սակայն նրանք նպատակ ունեն դառնալ ինքնաբավ:

«Մենաստանների մշակույթը մեզ համար բավականին նոր է, բայց ես համոզված եմ, որ միանձնուհիների թիվը կաճի: Այս քայլը ևս ամրացնում է Եկեղեցու սոցիալական հիմնադրամը»,- նշում է Խաչատրյանը:


Օգոստոս 2018, Հավատք եւ Կրոն

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ