Մանկատնից դուրս՝ ճանապարհ դեպի տուն
Ուշադրություն
դիտումներ` 3665
լեզու: 

Նրանք այն անվանում են «տուն»: Եվ իրոք «Մեր տան» 16 կին բնակիչների համար Էջմիածին քաղաքում գտնվող երկհարկանի այս շինությունն իրապես միակ տունն է, որ նրանք գիտեն:

Հայաստանում իր ձեւի մեջ միակ այս կառույցը` «Մեր տունը», հասարակական կազմակերպություն է, որն օթեւան է տալիս մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների դեռահաս եւ չափահաս այն աղջիկներին, ովքեր ուզում են կրթություն ստանալ կամ շարունակել իրենց ուսումը: «Մեր տանը» նրանք ապրում են չորս տարի` այդ ընթացքում սովորելով էջմիածնում կամ մայրաքաղաք Երեւանում:

Տանիք եւ կրթություն տրամադրելուց բացի, այս տարածքը հասարակության տնտեսապես ամենախոցելի անդամներին ապահովում է նաեւ անկախ կյանքի համար անհրաժեշտ միջավայրով:

«Մեր տուն» կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանի համոզմամբ` առանց ընտանիքի եւ ֆինանսական օգնության, մանկատան եւ գիշերօթիկ դպրոցների իգական սեռի ներկայացուցիչները 18 տարեկանը լրանալուց հետո թրաֆիքինգի ենթարկվելու մեծ վտանգի առջեւ են հայտնվում: Քանի որ սա այն տարիքն է, երբ նրանք պետք է լքեն այդ հաստատությունները:

Կարապետյանը, ով նախկինում աշխատել է CASP կազմակերպությունում (Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմին առընթեր աղքատության դեմ պայքարի նախաձեռնություն) ասում է, որ 12 տարի առաջ հիմնել է այս տունը,  որպեսզի «աղջիկները զգան, թե ինչ է նշանակում ընտանիք ունենալը»։

«Ես մտածում էի նրանց որեւէ կերպ օգնելու մասին... աղջիկների մեղքը չի, որ ծնողները թողել են իրենց: Մենք պետք է ինչ-որ բան անենք` կանխելու նրանց կողմից հնարավոր ճակատագրական սխալները, հատկապես այս տարիքում»,-ասում է 53-ամյա Կարապետյանը:

Կարապետյանն իր համահիմնադիր գործընկերոջ` ամերիկահայ Ջուլիա Աշեկյանի օգնությամբ` ավելի քան 60 աղջիկների ապահովել է սնունդով, տանիքով, հագուստով, առողջապահական խնամքով եւ հոգացել կրթության ծախսերը: Կազմակերպությունը համագործակցում է մանկատների, գիշերօթիկ դպրոցների, Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության հետ: Տիգրանուհի Կարապետյանին ներկայացնում են հատկապես այն աղջիկներին, ովքեր հակված են կրթություն ստանալ կամ ուսումը շարունակել: Տվյալ թեկնածուի հետ կապված քննարկումներ են կազմակերպվում թե մանկատան տնօրենների, թե նախարարության աշխատակիցների հետ եւ թե «Մեր տունը» կազմակերպության տնօրինությունում, որտել էլ կայացվում է վերջնական որոշումը:

Ուսման ծախսերը (որը յուրաքանչյուր անձի համար կազմում է տարեկանը նվազագույնը 400,000 դրամ կամ 836 դոլար), հոգում է Հայաստանի կառավարությունն ու Հայ օգնության ֆոնդը, մնացած ծախսերը` «Մեր տունը» (ներառյալ սոցիալական աշխատողի եւ հոգեբանի վարձատրությունը):

Տանը գործում է ներքին կանոնակարգ: Դասերից դուրս հանդիպումների գնալիս, բնակիչները պարտավոր են գրավոր դիմում ներկայացնել` նշելով վերադառնալու ժամը եւ այն մարդու կոնտակտային տվյալներն, ում հետ հանդիպում են: Նրանք պետք է նաեւ իրենց մեջ բաժանեն տնային պարտականությունները, քանի որ խոհարար եւ մաքրուհի չկա:

«Երբ  դասից դուրս եմ գալիս  ու մի քիչ ուշանում, ինձ զանգում են տանից, հարցնում, թե ինչո՞ւ եմ ուշանում... այդ ամենը հույս է տալիս  ու վստահեցնում քեզ, որ կան մարդիկ, ովքեր մտածում ու անհանգստանում են քեզ համար, վերջապես սպասում են քեզ»,-ասում է Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, քաղաքացիական պաշտպանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհին Նելլի Շաղբաթյանը:

«Գուցե փաստաթղթերով քո տունը չէ, բայց դու միշտ զգում ես քեզ ինչպես տանը: Այստեղ իմ ընտանիքի ջերմությունն եմ զգում, այստեղ մեծ սեր կա բոլորի կողմից ՝երեխեքի, աշխատակիցների, տնօրենի»,-հավելում է 21-ամյա Նելլին, ով Վանաձորի մանկատնից է եկել:

Երեւանի պետական մանկավարժական համալսարանի 19-ամյա ուսանողուհի Արփինե Գրիգորյանի հավաստմամբ, ընտանիքի անդամներից շատերի համար խոհանոցը տան ամենասիրած անկյունն է:

Այնտեղ աղջիկներից մի քանիսը սեղան են գցում, մի մասը գազօջախի մոտ հայկական խաղողի թփով ու կաղամբով տոլմա են պատրաստում, մյուս մասը` ճակնդեղով աղցան:

Ոմանք էլ պարզապես զրուցում են:

Կազմակերպությունում շատ են խրախուսում խոհարարական հմտությունների ձեռքբերումն` ի պաշտպանություն ընդունված այն կարծրատիպի, թե մանկատան սաները չեն կարող լավ տնային տնտեսուհիներ դառնալ: Աղջիկները սովորում են նաեւ անգլերեն, ռուսերեն, կրոն, վարվեցողություն եւ ծրագրավորում:

էջմիածին քաղաքում գտնվող «Մեր տուն» հասարակական կազմակերպությունում Հայաստանի տարբեր մանկատներից եկած դեռահաս եւ չափահաս 16 աղջիկ է ապրում:
«Մեր տան» տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը մտադիր է ռեստորան կամ B&B բացել Էջմիածնում, որտեղ կարող են աշխատել տան բոլոր նախկին բնակիչները:
Ստեղծման պահից ի վեր` 2005թ-ից, «Մեր տունը» տանիք է տրամադրել մի քանի տասնյակ աղջիկների:
Տան սաները հպարտ են այստեղ ձեռք բերած խոհարարական հմտություններով: 2017 թվականի ազգային մրցույթում արժանացել են մեդալի` լավագույն տոլմայի համար:
Տան յուրաքանչյուր սան պետք է խստորեն հետեւի մաքրության եւ ճաշ պատրաստելու հերթապահությանը:
Ընթրիքի սեղանի շուրջ տան 16 բնակիչները քննարկում են անցկացրած օրն ու շաբաթվա անելիքները:
15-ամյա Օֆելյա Խաչատրյանը ցույց է տալիս «Մեր տան» սաների պատրաստած պահածոները:

Գուցե թվա, թե աղջիկների համար դժվար կլինի հեռանալը, սակայն, հնաբնակները կարծես թե պատրաստ են դրան։ Շաղբաթյանը, ով երկու տարուց պետք է լքի կազմակերպությունը, պատրաստվում է աշխատել քաղպաշտպանության համակարգում եւ միեւնույն ժամանակ տուն վարձել: Իսկ Մանկավարժական համալսարանի ուսանող Գրիգորյանն` արվեստի դպրոց բացել։

Սաների պաշտոնական առաքելությունն այդ անկախությունը խրախուսելն է: Տնօրենը շեշտում է, որ «Մեր տունը» պարզապես սոցիալական ծրագիր չէ:

«Յուրաքանչյուր աղջիկ տարբեր է:  Պետք է անհատական մոտեցում ցուցաբերես նրանցից յուրաքանչյուրին` հաշվի առնելով իրենց ապրած կյանքն ու ունեցած խնդիրները»,-ասում է Կարապետյանը:

Նա մտահոգված է նաեւ աղջիկների ապագայով:

Մինչև օրս կազմակերպությունն ունեցել է 60 շահառուներ, նրանցից 17-ի հարսանիքը տեղի է ունեցել հենց այստեղ: Պատերին փակցված են նախկին բնակիչների հարսանեկան լուսանկարները` տարբեր մակագրություններով`«Մեր տան առաջին սերը», «Մեր տան առաջին հարսանիքը»:  Կարապետյանն ասում է, որ արդեն 24 թոռնիկ ունեն:

«Մեր տան» տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը ցույց է տալիս «հպարության պատը», որտեղ ամրացված են բոլոր ամուսնացած սաների նկարները:
Օֆելիա Խաչատրյանն ու Արաքսյա Սուքիասյանը «Մեր տան» նորեկներից են:
17-ամյա Ալինա Կոլբիկը սովորում է Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Բայց շատ հետաքրքրված է նաեւ ձեռքի աշխատանքներ պատրաստելով: Նա արդեն գումար է վաստակում գորգագործությամբ:
Ալինա Կոլբիկը երեք տարեկան էր, երբ մայրը նրան թողեց Երեւանի մանկատանը: «Ես նույնիսկ հիշում եմ այդ օրը: Տարիներ անց ինձ տեղափոխեցին Գավառի մանկատուն, սակայն մայրս [չցանկացավ] իմանալ այդ մասին»,-ասում է նա: Չնայած այդ ամենին` Ալինան ներել է մորը եւ այժմ փորձում է լավ հարաբերություններ ունենալ նրա հետ:
19-ամյա Արփի Գրիգորյանը սովորում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանում: Նա, երկու քույրերի հետ միասին, «Մեր տուն» է եկել Վանաձորից: Աղջիկների հավաստմամբ, այս տարածքն իրենց համար հարազատ տուն է դարձել:
21-ամյա Ալիսա Հարությունյանը Վանաձորից «Մեր տուն» է եկել չորս տարի առաջ: Նա այժմ բուժքույր է աշխատում: «Գործի ընթացքում հաճախ եմ մտածում տան մասին: Նույնիսկ եթե երկու ժամ եմ առանց աղջիկների անցկացնում, կարոտում եմ նրանց բոլորին»,-ասում է Ալիսան:
Համապատասխան տրամադրության դեպքում «Մեր տան» բնակիչները սիրում են երգել եւ պարել երեկոյան:

Նա փորձում է լուծել աղջիկների աշխատանքի հարցը: Նշում է, որ թեեւ կրթության են տալիս, բայց շատերն ավարտելուց հետո դժվարությամբ են աշխատանք գտնում:  Տիգրանուհին ցանկանում է էջմիածնում ռեստորան կամ հյուրանոց բացել, որտեղ աշխատանքի կտեղավորի «Մեր տան» բոլոր նախկին եւ ներկա բնակիչներին:

«Յուրաքանչյուրի ճակատագիրը շատ կարեւոր է մեզ համար:  Մեր գերխնդիրն է, որ նորմալ ընտանիք կազմեն ու դառնան հասարակության ամուր բջիջ»,- ամփոփում է Կարապետյանը:

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ