Ի՞նչ է նշանակում տղամարդ լինել Հարավային Կովկասում
Ուշադրություն
դիտումներ` 1110

Ներածությունը` Գայ էդմունդսի

Համակարգող` Մոնիկա էլլենա

Շատ տղամարդկանց համար այս հարցի պատասխանն ավանդույթի մեջ է` լինել խիստ, ամուր, խիզախ, ինքնուրույն եւ կարողանալ կառավարել ինքդ քեզ: Տղամարդ լինելը նշանակում է լինել հավատարիմ, հայրենասեր, ուժեղ` ներքուստ եւ ֆիզիկապես:  Տարածաշրջանում, որը մշատպես եղել է Ռուսական կայսրության, Օսմանյան Թուրքիայի եւ Պարսկաստանի պայքարի թատերաբեմում, տղամարդու հիմնական դերն այն է, որ կռվի, պաշտպանի իր հայրենիքն ու կերակրի ընտանիքին: 

Նորագույն պատմությունը, որը Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի շուրջ ընթացած սաստիկ պատերազմների վկան է, ամրապնդել է այդ ընկալումը: Սառեցված, սակայն դեռեւս շարունակվող տարածաշրջանի հակամարտությունները, թեեւ չեն դրդում տղամարդկանց մեծ մասին պատերազմել, սակայն նրանց պայքարն ընթանում է ընտանիքի հարեւանությամբ. քանի որ ավանդական ապրելակերպը խաթարվում է ուրբանիզացիայով, միգրացիայով, նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ եւ տնտեսական մարտահրավերներով: Քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխակերպումներին  զուգընթաց փոփոխվում են նաեւ տղամարդկության մասին ընկալումները:

Շատերի համար դա ափսոսանքի առիթ է, քանի որ ավելի շատ մարդիկ են թողնում փոքր համայնքների կյանքը եւ տեղափոխվում քաղաք` համեմատաբար մասնավոր կյանք վարելու համար, տղամարդու խոսքն այլեւս դադարում է լինել տղամարդու պարտականություն: Միաժամանակ փողը գերադասվում է առաքինությանը, որը մարդկության հիմնարար արժեքն է: Ոմանք սփոփանք են գտնում կրոնի կողմից վերագրվող ավանդական սեռային դերերի մեջ, որոնք հստակության զգացողություն են տալիս փոփոխությունների դարում, անկախ կանանց վրա դրա թողած ազդեցությունից:

Մյուսների համար ժամանակակից աշխարհում ընթացող փոփոխություններն ազատագրում են: Որոշ տղամարդկանց համար 21-րդ դարում բիզնեսով զբաղվելը նշանակում է կիրառել նորագույն տեխնոլոգիաներ` դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու համար: Ոմանք օգտագործում են ժամանակակից փոխադրամիջոցները եւ հաղորդակցման միջոցները` տարբեր մշակույթներին ծանոթանալու եւ սեփական ուղին ընտրելու համար: Հաճախ այն ենթադրում է տարատեսակ սեռային դերերին մարտահրավեր նետելը եւ սեփական ինքնատիպության տարբեր կողմերն ուսումնասիրելը: Այն հույս է տալիս նաեւ կանանց իրավունքների պաշտպաններին այն առումով, որ ավելի շատ կանայք են ստանձնում ընտանիքի կերակրողի դերը: Արդյոք տղամարդիկ պե՞տք է ստանձնեն ընտանիքի գլխավոր դերը: Իսկ ի՞նչ կասեք երիտասարդ հայրերի դեկրետ վերցնելու մասին: Նման գաղափարները դեռ նոր են սկսում քննարկվել:

Հայաստան

 

Արտակ Գեւորգյան, 47 տ., ոսկերիչ (Դիլիջան)


 

«Տղամարդկությունն ինձ համար տոկուն եւ չկոտրվող լինելն է: Կինն էլ կարող է այդպիսին լինել: Տղամարդկությունը նաեւ այն է, երբ նպատակ ես դնում եւ իրագործում ես այն։ Իմ կյանքի հիմնական նպատակն իմ երեխաներին իրենց նպատակներին հասցնելն է: Տղամարդկությունը դա չկոտրվելն է: Իմ հայրը շուտ է մահացել, ու ես ցավ եմ ապրում, որ ինքը չհասցրեց տեսնել իր թոռների մեծանալը: Չտեսավ նաեւ, թե իր երկու որդիները` եղբայրս ու ես, ինչով ենք զբաղված հիմա: Իսկական տղամարդու համար առաջնայինը ընտանիքի գաղափարը պետք է լինի, եթե ընտանիքդ չպահես, հայրենիքդ չես պահի։ Ինձ համար շատ կարեւոր է երեխաներիս ճիշտ դաստիարակելը, որպեսզի լավ մարդ մեծանան»։

Գեւորգ Կաաս (Ղուկասյան) 22 տ., հոգեբան եւ արվեստագետ


«Ավանդապահ և հայրիշխանական արժեհամակարգով հասարակությունում, ինչպիսին մերն է, տղամարդկություն նշանակում է լինել` ուժեղ, հատուկ խիստ կեցվածքով ու բարդ որոշումներ կայացնելու սառնասրտությամբ: Ծնվելու պահից ի վեր տղամարդու վրա սեռով պայմանավորված արհեստական եւ շատ հիմար պարտավորվածություններ, դոգմաներ են դրվում հասարակության կողմից: Դրա պատճառով տղամարդը, որպես մշակութաբանական և քաղաքակրթական էակ, զրկվում է կյանքի բազմաթիվ ուրախություններից, լիարժեք ինքնաարտահայտման հնարավորությունից, ազատ, լիաթոք շնչելու ունակությունից և այլն:

Տղամարդկանց ամբողջ կյանքում ասում են, թե ով պետք է լինեն նրանք եւ նրանք այդպես էլ չեն գիտակցում, թե ով պետք է լինեն իրականում…Կարծում եմ, որ հատուկ բան չկա...միշտ պայքարել եմ գենդերային կարծրատիպերի դեմ»:

Տիգրան Ասկարյան, 26 տ., ֆիթնեսի մարզիչ, Աբովյան


 

«Տղամարդկությունն առաջին հերթին կապում եմ ընտանիքի հետ: Ինձ համար հասուն տղամարդը պետք է ընտանիք ունենա եւ այն հնարավորինս լավ պահի: Տղամարդկությունն ինձ համար նաեւ խոստումը պահելն է: Երբ փոքր էի, ինձ համար տղամարդու խորհրդանիշը հայրս էր, հիմա՝ ես եմ, գուցե շատ ինքնավստահ հնչի, բայց դա այն է, ինչ զգում եմ: Իմ կարծիքով, տղամարդը մշտապես պետք է աշխատի ինքնակատարելագործման վրա, օրինակ չպետք է վախենա 40 տարեկանում համալսարան ընդունվելուց: Հայ տղամարդիկ շատ նվիրված են իրենց ընտանիքներին, եւ շատ ցավալի է, որ նրանք արգելում են իրենց կանանց առհասարակ դուրս գալ տնից: Կարծում եմ` սա ավելի շատ խոսում է նրանց ինքնավստահության բացակայության մասին, քան տղամարդկությունից: Կապ չունի որքան ուժեղ են տղամարդիկ, նրանք հիմնականում չեն սիրում իրենց կողքին ուժեղ կին ունենալ: Սա էլ ուժեղ կանանց միայնակ մնալու հիմնական պատճառն է:»

Անդրոնիս Ղարիբյան, 31տ., բժիշկ-սեքսապաթոլոգ (Երեւան)


 

«Շատ դժվար է ասել, թե ինչ է տղամարդկությունը, այն սահմանում չունի, դա ինֆորմացիայի ամբողջություն է, որը ներդրվել է մեր մեջ մանկությունից: Ես տղամարդկությունն ասոցացնում է աշխատասիրության, նպատակասլացության եւ ֆիզիկական ուժի հետ: Դժվար իրավիճակներում կանայք հույսները դնում են տղամարդկանց վրա եւ իհարկե հակառակը եւս պատահում է: Հայ իրականության մեջ տղամարդու դերը շատ կարեւոր է: Իհարկե, ֆեմինիստները կհակադարձեն ինձ` նշելով, որ իմ ասածը չի համապատասխանում իրականությանը, եւ եթե իրենք չլինեին աշխարհը կկործանվի։ Թող այդ կարծիքն էլ լինի: Բայց, իմ համոզմամբ, եթե պետք է տանը փայտ կտրել կրակ վառելու համար, ապա դա պետք է անի տղամարդը, քանի որ նա ֆիզիկապես ավելի ուժեղ է: Ես նաեւ կարծում եմ, որ տղամարդկությունը կամ կանացիությունը կապ չունի սեռական կողմնորոշման հետ: Համասեռամոլ տղամարդը կարող է լինել շատ առնական, իսկ հետերոսեքսուալը կարող տղամարդուն բնորոշ հատկություններ չունենա»:

Նարեկ Մկրտչյան 22տ., Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող


 

«Յուրաքանչյուր տղամարդու համար տարբեր է տղամարդկության հասկացողությունը, եւ ես չունեմ դրա հստակ սահմանումը: Ընդհանուր առմամբ, ես ինձ համարում եմ ավանդապահ, ուստի կարծում եմ, որ եթե տղամարդը հավանում է որեւէ կնոջ, ապա պետք է հարցնի նրա հոր թույլտվությունը ժամադրելու համար: Կարծում եմ` բոլոր հայ տղամարդիկ պետք է այդպիսին լինեն: Տղամարդն ընտանիքի գլուխն է, առաջնորդը: Ինձ համար տղամարդկության ամենակարեւոր հատկանիշը հավատարմությունն է: Ես շատ խանդոտ մարդ եմ: Կարծում եմ հայ տղամարդկանց բնորոշ է խանդոտ լինելը: Չեմ կարող ասել` դա լավ է, թե վատ, բայց դա իրողություն է: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ես կռվում էի Լեռնային Ղարաբաղում: Այն ժամանակ 19 տարեկան էի, եւ պատերազմը խորապես ազդեց ինձ վրա: Ես դարձա ավելի հասուն, սառնասիրտ, բայց միեւնույն ժամանակ ավելի մարդկային»:

Ադրբեջան

 

Մարդան Հայդարով, 58տ., թեյատան աշխատակից (Լենքորան)


 

 «[Ինձ համար] Հազի Ասլանովը տղամարդկության տիպարն է: Նա սովետական հերոս է, [Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնկացած կարմիր բանակի գեներալ], որը ծնվել է այստեղ` Լենքորանում: Իսկական տղամարդն ինձ համար անցյալից է: Դեռեւս 50 տարի առաջ տղամարդը կարող էր արտահայտել իր կարծիքը` իմանալով, որ այն հաշվի կառնեն: Այն արժեք ուներ: Ցավոք դա այլեւս իրականություն չէ այսօր: Տարիներ առաջ իմ ընկերոջ պապիկը գնաց Ջալիլաբադ, եւ նրա խոսքը կանխարգելեց սպանությունը: Այն, ինչ ասաց նա այնտեղ, արժեք ուներ: Այսօրվա երիտասարդները չեն կարող պարզապես այդպես անել: Ինչպես նաեւ հասարակությունը գնահատում է այն տղամարդուն, որը փող ունի: Այսօրվա աշխարհում ամեն ինչ վաճառքի է հանված: Հասկանալու համար, թե ինչ է նշանակում տղամարդ լինել, բավ է Ասլանովի դիմանկարին նայել: Ավելացնելու ոչինչ չունեմ»:

 

Օմար Գասիմով 57տ., հնաոճ իրերի վաճառող, Թբիլիսի


 

«Ես ծնվել եմ Գադաբայում [Ադրբեջան] 1962-ին: Ադրբեջանցի եմ, ունեմ ռուսական անձնագիր, վարորդական իրավունք` Հայաստանից եւ զինվորական գրքույկ` Վրաստանից: Հիմա ապրում եմ Վրաստանում` իմ բիզնեսի պատճառով:

Տղամարդուց ակնկալում են հաղթահարել բոլոր դժվարությունները, բայց կան բաներ, որոնք վեր են նրա ուժերից, ինչպես օրինակ պատերազմը: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ես Ֆիզուլիում էի [Վարանդա], [երբ հայկական զորքերը գրավեցին այն 1993-ին]: Պատերազմի ժամանակ դու զգում ես մահվան հոտը, այն պահանջում է քեզ ամուր մնալ: Դա է տղամարդկությունը: Տղամարդկություն է նաեւ մեքենա քշելը: Երբ ոտքդ դողում է արգելակը սեղմելիս, ապա մեքենան չի կանգնի: Պետք է ղեկն այնքան ամուր պահես, որ ամբողջությամբ վերահսկես այն: Ոչինչ չի կարող հաղթել տղամարդուն, բացի կնոջից: Մարդիկ ասում են, որ կանայք թույլ են, բայց իմ կարծիքով կանայք ամենաուժեղ էակներն են»:

Ֆարհադ Ռզայեւ, 31տ., թվային մարքեթինգի մասնագետ (Բաքու)


 

«Այսօր տղամարդ լինելը նշանակում է նվիրված եւ պատասխանատու լինել ընտանիքի, աշխատանքի եւ ընկերների առջեւ: Նշանակում է հավատարիմ մնալ քո բարոյական սկզբունքներին` հաջողություններիդ եւ ձախողումներիդ ժամանակ: Իրատես մնալը դժվար է, մենք ապրում ենք մշտական հաղորդակցման դարաշրջանում, որը հաճախ լի է ոչ պետքական ինֆորմացիոն հոսքերով: Սթրեսային իրավիճակներում կարեւոր որոշումներ կայացնելը կարող է խեղաթյուրել իրականության զգացումը, ստեղծել կեղծ նպատակներ, ընկերներ եւ թշնամիներ, ինչպես նաեւ սխալ սկզբունքեր:»

Գաֆար Գանիզադե, 32 տ., յոգայի մարզիչ (Բաքու)


«Ես յոգայով զբաղվում եմ 7 տարի, իսկ արդեն 4 տարի է աշխատում եմ որպես յոգայի մարզիչ: Այս փորձառությունը ձեւավորել է տղամարդկության եւ կանացիության մասին իմ պատկերացումները: Մեզանից յուրաքանչյուրը երկու էներգիաների միախառնումն է, իբրեւ հայր ես կարող եմ լինել խիստ եւ խստապահանջ, բայց միեւնույն ժամանակ նաեւ սիրով լի: Ես քրտնաջան աշխատում եմ ներքուստ հավասարակշռելու ին եւ յանը, որոնք ստեղծում են կենսական էներգիայի հոսքը: Այն օգնում է մեզ հաղթահարել կյանքի դժվարությունները:

Ադրբեջանում սոցիալական նորմերը ճնշում են տղամարդու մեջ եղած կանացի ոգին: Սակայն ինչպես կինը կարող է բացել իր բիզնեսը եւ շատ լավ կառավարել այն, տղամարդն էլ կարող է մանկապարտեզ բացել եւ աշխատել այնտեղ:

Տղամարդու համար եւս կարեւոր է տեսնել առօրյա գործողությունների գեղեցկությունը կամ արտահայել իր զգացմունքները: Սրանք հավասարակշռված մարդուն բնորոշ հատկություններ են: Այս զգացմունքները չպետք է խլացվեն, քանի որ խլացված զգացմունքները ճանապարհորդում են մեր ներսից դեպի մեր մարմին եւ մեզ հիվանդացնում»:

Մեհման Ռասուլով, 60տ., գործազուրկ (Լենքորան)


 

«Տղամարդ լինելն ինձ համար նշանակում է լինել հաստատուն: 70-80 տարի ապրելու համար պետք է դիմացկունություն, իրատեսություն եւ նվիրվածություն առ բնություն: Տղամարդկությունն ինձ համար տղամարդու կարողությունն է հոգ տանել իր մասին:

Ես երկու երեխա եմ մեծացրել: Նրանք անկախ մարդիկ են: Մենք չենք կարող նրանց մեզանից կախյալ դարձնել միայն նրա համար, որ մեծացրել ենք: Մենք միայն կարող ենք օգնել նրանց մեծանալ, այնուհետեւ ազատ թողնել»:

Վրաստան

 

Աչիկո Մչեդլիձե, 30տ., ինժեներ (Թբիլիսի)


 

«Իմ կարծիքով տղամարդը պետք է կենտրոնանա իր ընտանիքի վրա: Նա պետք է իր խոսքը պահի: Ձկնորսությունն ինձ համար այս գաղափարի արտացոլումն է: Երբ փոքր էի, ձկնորսությունն ինձ գրավում էր, հիմա էլ այն հրապուրիչ է ինձ համար: Այն այլեւս պարզապես հոբբի չէ, այլ սպորտ եւ օգնում է հանգստանալ: Բայց հավատարիմ մնալով այս գաղափարին, ես միշտ բաց եմ թողնում իմ բռնած ձուկը»:

Գիգա Մակարաշվիլի, 34 տ., լրագրող, քաղաքացիական ակտիվիստ (Թբիլիսի)


«Տղամարդ լինելը նշանակում է երբեք չհանձնվել եւ մշտապես շարժվել քո նպատակների ուղղությամբ: Ես հենց դա էլ անում եմ: Ես ուզում եմ վերահաստատել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ոտքով կտրում եւ անցնում եմ ամբողջ Վրաստանով: Հաշվել եմ, որ այն 1600 կմ է:

2018 թվականի սեպտեմբերի 14-ին ես քայլեցի Թբիլիսիից մինչեւ Ինգուրիի կամուրջը (որը համարվում է Վրաստանի եւ Աբխազիայի սահման), 340 կմ է:  Ավարտեցի ճանապարհորդությունս սեպտեմբերի 27-ին, Սուխումիի ճակատամարտի օրը: Ապրիլի 9-ին ես սկսեցի մեկ այլ ճանապարհորդություն դեպի Գորի, մայիսի 27-ին կավարտեմ իմ քայլարշավթը դեպի Մեսթիա, Սվանեթի»:

Շոթա Բեթլեմաձե, 37տ., մարտական արվեստներ, (Թբիլիսի)


«Վրացի տղամարդը պետք է ծնվի, ապրի ու մահանա երեք բանի համար` հայրենիք, պատիվ եւ հավատ: Ես ծառայել եմ Վրաստանի զինված ուժերում 1997-ից մինչեւ 2009 թվականը: Պատերազմի վետերան եմ, կռվել եմ նաեւ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ: Սկսել եմ զբաղվել մարտարվեստով 30 տարի առաջ, երբ դեռ 7 տարեկան էի: 2018-ին նվաճեցի Golden Magnus աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Երբ կռվում եմ, չեմ վախենում պարտվելուց: Միակ անհանգստացնող բանն այն է, որ չհիասթափեցնեմ մարդկանց, որոնք հավատում են ինձ»:

Սաբա Գորգոձե, 23 տ., լուսանկարիչ (Թբիլիսի)


«Ինձ համար տղամարդկությունը նշանակում է իմանալ, թե դու ինչ ես անում եւ պատասխանատվություն կրես քո գործողությունների համար:

2018-ի մայսիսի 12-ին, հազարավոր երիտասարդներ բողոքի ցույց կամզակերպեցին մեկ օր առաջ Թբիլիսիի գիշերային ակումբներում իրականացրած ոստիկանության հատուկ գործուղության դեմ: Մայիսի 13-ին, բողոքը հասավ գագաթնակետին եւ վրաց նեո-նացիստական եւ կրոնական խմբերը հայտարարեցին հակազդող ցույցի մասին: Ես մի ամբողջ գիշեր եմ անցկացրել հակազդող ցույցի մասնակիցների հետ: Նրանք ագրեսիվ էին եւ գոռում էին խտրական կարգախոսներ, երբ փորձում էին անցնել ոստիկանական շրջափակումը: Նրանց չհաջողվեց դա անել: Այդ հակազդող ակցիան հստակ ցույց տվեց, թե որքանով ավանդական տղամարդկությունը կարող է դառնալ թունավոր: Մեկ տարի անց էլ, ես դեռ չունեմ պատասխան որոշ հարցերի, որոնց մասին մտածում էի այնտեղ եղած ժամանակ: Ի՞նչ կլիներ, եթե այս տղամարդիկ անցնեին հակառակ կողմի ցուցարարների շարքը: Արդյոք վրացի տղամարդկանց համար տղամարդկությունը նշանակում է բռնություն»:

Սանդրո Կերաուլի, 22 տ., երաժիշտ (Թբիլիսի)


 

«Տղամարդ կամ կին լինելը նշանակում է պարզապես մարդ լինել: Երբ պատանի էի, սկսեցի երաժշտությամբ զբաղվել: 2015-ին հիմնեցի առաջին մետալ (ռոք-երաժշտության ժանր) խումբը, որը կոչվում է «Քյումեխ»: Մենք ընտրել ենք այդ անունը ցույց տալու համար, որ ժամանակակից Վրաստանի մասին մեր գաղափարների ձայնը պետք է այնքան բարձր լինի, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան լսել: Եւ լինեն այնքան անկախ, որքան հնարավոր է: Սա օրինակ է ագրեսիվ տղամարդկությունը հասարակության համար ստեղծված արվեստի փոխակերպելու»:

 


Masculinities, April/May 2019

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ