Խաղաղության երկխոսություն պատերազմական իրավիճակում
Ուշադրություն
դիտումներ` 1929
լեզու: 

Հարավային Կովկասի երեք երկրներում և Թուքիայում գրեթե յուրաքանչյուր մարդ  հակամարտության հետ կապված իր պատմությունն ունի, պատերազմի մասին հիշողություններն այստեղ թարմ են բոլորի համար: Թեև այս երկրներում մարդիկ երազում են խաղաղության մասին, միևնույն ժամանակ մարգինալացվում է խաղաղության դիսկուրսը։ Այն քչերը, ովքեր խիզախություն ունեն հանրային մակարդակում խոսել խաղաղության անհրաժեշտության մասին հաճախ պիտակավորվում են որպես «ազգի դավաճաններ»։  

Խաղաղաշինությամբ զբաղվող մարդկանց վերաբերյալ գոյություն ունեցող կարծրատիպերն առավել ընդգծված են դառնում, երբ այս դերում հայտնվում են կանայք։

Հասարակությունում գերակշռող այս կարծրատիպերը, սակայն, Համիդա Գիասբայլիին` Բաքվից, Մարիա Կարապետյանին` Երևանից և Փնար Սայանին` Ստամբուլից, չեն ստիպել ետ կանգնել խաղաղաշինությամբ զբաղվելու իրենց ուղղուց: 

Չնայած մարտահրավերները, որոնց այս կանայք առերեսվում են իրենց երկրներում, տարբեր են, նրանց նպատակն ընդհանուր է՝ խաղաղությունը, անգամ եթե այն անհավանական է թվում։

Այս ընդհանուր երազանքը նրանց միավորել է և այժմ, աշխատելով «Իմեջին հակամարտությունների կարգավորման կենտրոն» ոչ քաղաքական, անկախ կազմակերպությունում, նրանք օգտագործում են իրենց՝ տարիների ընթացքում կուտակված փորձը՝ կոտրելու գոյություն ունեցող կարծրատիպերը և Հարավային Կովկասի երկրների ու Թուրքիայի երիտսարադների համար միմյանց հանդիպելու և խոսելու հնարավորություններ ստեղծելու համար։  

Համիդա


 

26-ամյա Համիդա Գիասբայլին վերջին ութ տարիներին զբաղվում է խաղաղաշինությամբ։ Համիդայի՝ հանուն խաղաղության պայքարի գաղափարների վրա էականորեն ազդել են նաև նրա մանկությունը, ծնողները։ Տասնամյակներով Բաքվում իրենց ընտանիքի հայ ընկերների հետ ունեցած ընկերական հարաբերությունները վտանգվեցին ղարաբաղյան պատերազմի պատճառով։ Նույն պատերազմը ստիպեց նրանց ժամանակավորապես տեղափոխվել Իսրայել, սակայն նրանք պատրաստ չէին իրենց ընկերների հետ հարաբերություններն ընդհատել միայն ազգության` հայ լինելու պատճառով։

Համիդան ասում է, որ թեև անձնապես չի տեսել պատերազմը, սակայն իր ողջ կյանքի ընթացքում ստիպված է եղել առերեսվել դրա թողած հետքերին և չի ցանկանում, որպեսզի մյուս սերունդները ևս զգան դրա հետևանքները։

«Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ խաղաղաշինությունը քաղաքական է»,- ասում է Համիդան։ Շատերի համար բարդ է հասկանալ, թե ինչու է նա որոշել զբաղվել խաղաղաշինությամբ, մինչդեռ իր կարծիքով խաղաղությունն այն է, ինչի կարիքը մարդիկ ունեն առաջին հերթին։
Նրա համար խաղաղաշինությունը մարդկանց միջև հարաբերություններն են` թե՛ Հարավային Կովկասում, թե՛ ամբողջ աշխարհում։
Համիդան հավատում է, որ խաղաղության հասնելը հնարավոր է, սակայն ժամանակ է անհրաժեշտ։

«Ես չեմ ցանկանում` իմ երեխաները զոհվեն պատերազմում, կամ ստիպված լինեն առերեսվել պատերազմի արհավիրքներին։ Ես ծնվել եմ պատերազմի օրերին, ես չեմ տեսել պատերազմը, սակայն ես բախվել եմ դրա հետևանքներին, այն ամենին, ինչը հետք է թողել մարդկանց, հասարակության վրա»,-ասում է նա։

«Դա [հակամարտության ազդեցությունն] ինձ չափազանց վախեցնում էր։ Ես չէի կարողանում հասկանալ՝ ինչի՞ համար է այդքան ազգայնականությունը, ինչի՞ համար են այդքան տրավմաները։ Եվ հիմա այս սերնդին չափազանց դժվար է հասկանալ ավագ սերնդին, որը պատերազմում շատ բան է կորցրել» հիշում է Համիդան:

Հենց այստեղ է Համիդան տեսնում երկու սերունդների միջև կամուրջներ կառուցելու անհրաժեշտությունը, որպեսզի երիտասարդ սերունդը հասկանա, թե ինչ է տեղի ունեցել պատերազմ տեսաած սերնդի հետ և ինչպես իրենք կարող են առաջ շարժվել։

Հասկանալով, որ հակամարտության կարգավորումն իր հասարակության համար կենսական հարց է՝ Համիդան մեկնեց արտերկիր՝ խաղաղաշինության ոլորտում մասնագիտական կրթություն ստանալու։ Այստեղ էլ երիտասարդ կնոջն առերեսում էր սպասվում մեկ այլ պատերազմի հետևանքների հետ։ Սիրիական ճգնաժամի հետևանքով Ավստրիա տեղափոխված փախստականների ճամբարում կամավորությամբ զբաղվող Համիդան հասկացավ, որ պատերազմի հետևանքները նույնն են ամենուր։

Համիդայի խոսքով՝ սա շրջադարձային պահ էր իր համար: Նա հասկացավ, որ հակամարտությունը միայն իր երկրին և Հարավային Կովկասին չէ, որ բնորոշ է։

Ըստ նրա՝ այսօր ադրբեջանական հասարակության գերակշիռ մասը կնոջը դիտարկում է որպես «զինվոր արտադրողի»։

Իբրեւ կին խաղաղաշինարար, սա նրա համար հերթական մարտահրավերն է, մյուս կողմից Համիդան նշում է նաև, որ այս հարցում ընկալումները երբեմն միանշանակ չեն։

«Կարծրատիպ է, թե քանի որ սա մահմեդական մեծամասնություն ունեցող հասարակություն է, ադրբեջանցի կանայք ազատագրման հնարավորություն չունեն, կամ չունեն իրենց կարծիքը։ Որոշ բաներ իհարկե ճիշտ են, ակհնայտ է, որ կան կանայք, որոնք հնարավորություն չունեն բարձրացնել իրենց ձայնը, բավականաչափ կարողություններ կամ հարթակ չունեն հասցեագրելու իրենց խնդիրները, բայց մեր հասարակության մեջ կան կանայք, ովքեր առաջնորդներ են և ես նրանցից մեկն եմ»,-ասում է նա։

Երբեմն Համիդայի հոդվածները կամ հակամարտության մասին հանրային ելույթները ոչ դրական արձագանք են ստանում: Որոշ մարդիկ կարծում են, որ «կնոջ տեղը խոհանոցն է», և նա որպես կին «չպիտի խոսի նման լուրջ թեմաների» մասին։ Սակայն Համիդան վստահ է, որ նման կարծիքներ ունեցողներն օրեցօր զիջում են իրենց տեղը։

Ավելին, ժամանակի ընթացքում նա հասկացել է, որ խաղաղաշինությամբ զբաղվելիս կին լինելն իր համար առավելություն է։

«Ես շատ եմ աշխատել սահմանային համայնքներում, ներքին տեղահանվածների և փախստականների հետ։ Այս մարդիկ հաճախ հոգեբանական օգնության կարիք ունեն, և բազմաթիվ դեպքերում նրանց համար զգայուն, զգացական թեմաների մասին խոսելն ավելի հեշտ է կանանց հետ, ուստի ես որպես առավելություն եմ դիտարկում իմ կին լինելը, որպես մեկի, ում համար ավելի հեշտ է մարդկանց հետ խոսելը, նրանց համար հասանելի լինելը»,-ասում է Համիդան։

 

Մարիա


 

Մարիա Կարապետյանն ապրում է Երևանում։ 30-ամյա կնոջ կարծիքով մարդիկ, ովքեր ապրում են այս տարածաշրջանում, չեն կարող արհամարել հակամարտության ստվերը, քանի որ այն ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում է յուրաքանչյուր մարդու կյանքի վրա։

 Մարիան խաղաղշինությամբ զբաղվում է 7 տարի։ Այս տարիները փոխել են նրա պատկերացումներն Ադրբեջանի հետ հակամարտության մասին:

Մարիայի համոզմամբ, Հայաստանում հասարակության մեծամասնության կողմից կինն ընկալվում է որպես «զինվոր ծնող», և շատերը կարծում են` եթե կինը խաղաղաշինությամբ է զբաղվում, ապա մերժում է իր դերը։
Որպես լեզվաբան Մարիան հավատում է, որ նույնքան կարևոր է լեզուն, որն օգտագործվում է հակամարտությունների մասին խոսելիս։
Նա հավատում է, որ թեև հակամարտությունը բնորոշ է մարդկային հանրույթին, հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղությունն է։

«Ես զգում էի, որ հաղորդակցության բաց կա մեր հասարակությունների միջև և հասկանում էի ինֆորմացիայի հասարակ փոխանակման կարևորությունը։ Այն ժամանակ կարծում էի, որ իմ ունեցած ինֆորմացիան է ճշմարտությունը, որ մենք ճիշտ ենք, իսկ նրանք՝ սխալ։ Այո՛, հաղորդկցության բացը հիմա էլ գոյություն ունի մեր հասարակությունների միջև, սակայն ինձ համար ճշմարտության փոխանակումը վերափոխվել է ճշմարտությունների փոխանակման»-ասում է Մարիան։

Տարիներ շարունակ պետության կողմից տարվող ռազմականացման քարոզչությունն, իհարկե, իր հետևանքն է թողել հայաստանյան հասարակության վրա։ Խաղաղաշինարարներն այստեղ հաճախ դիտարկվում են լավագույն դեպքում որպես երազկոտ, ոչ ռեալիստ մարդիկ, վատագույն դեպքում՝ «ազգային շահի» դավաճաններ։ Այս խնդիրը բազմաթիվ այլ ենթահարցեր է առաջ բերում, երբ խաղաղաշինությամբ զբաղվում են հատկապես կանայք։

«Հասարակության գերակշիռ մասի ընկալմամբ, քանի որ կանայք զինվորական ծառայություն չեն անցնում, նրանք զինվորներ, մարտիկներ չեն եւ չեն պաշտպանում հայրենիքի սահմանները, այդ պատճառով հակամարտության կարգավորման հարցում ասելիք չունեն, հետևաբար կանանց լռեցնում են եւ համոզում, որ նրանց ձայնը քիչ արժեք ունի։ Բացի այդ, կանայք դիտարկվում են որպես զինվորների մայրեր: Եթե դու խաղաղաշինարար ես, նշանակում է դու ընդդիմանում ես քո հասարակական դերին»,-ասում է Մարիան։

Այնուամենայնիվ, Մարիայի կարծիքով, կանայք ավելի հակված են այլընտրանքային միջոցներ որոնելու հակամարտության կարգավորման համար և իրենց յուրահատուկ դերն ունեն հակամարտության կարգավորման գործում։ Այլ հարց է, որ կանայք բավականաչափ ներկայացված չեն խաղաղաշինության ոլորտում։

 

Փնար


 

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում է բնակվում 33-ամյա Փնար Սայանը։  Թուրք կինը խաղաղաշինությամբ սկսել է զբաղվել հայ-թուրքական երկխոսության մի ծրագրով Երևանում գտնվելուց հետո։ Այժմ նա այս բնգավառում արդեն մոտ 4 տարի է։

«Մարդիկ հակված են մտածել, որ խաղաղությունը բռնության բացակայությունն է, ինչն այդպես չէ։ Ես ավելի համապարփակ պատկերացում ունեմ խաղաղության մասին։ Իմ պատկերացմամբ խաղաղությունը արդարության և հավասարության մասին է։ Մենք կարիք ունենք փոխելու համակարգը, որը հանգեցնում է բռնության։ Խոսքը ոչ միայն ֆիզիկական բռնության, այլև այլ տեսակի բռնությունների մասին է, որոնք հիմնականում ի հայտ են գալիս հայրիշխանության, ազգայնականության, սոցիալ-տնտեսական տարբերությունների հետևանքով, և սրանք են ստեղծում հակամարտությունը»,-կարծում է Փնարը։

Փնարը գիտական աշխատող է։ Ըստ նրա՝ խաղաղաշինությամբ զբաղվելը հնարավորություն է տալիս իրեն դուրս գալ հետազոտական աշխատասենյակներից և շատ բան սովորել տարբեր մշակույթներ կրող մարդկանցից։
Նրա համար խաղաղաշինությունը միայն պատերազմական գոտիներում աշխատելը չէ։ Թուրքիայում Փնարն աշխատում է նաև փոքրմասնությունների տարբեր խմբերի հետ։

Որպես խաղաղաշինարար` Փնարը ցանկանում է գտնել բռնության հետևանքով առաջացած խնդիրների լուծումը։

Նա հավատում է, որ անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ հասարակությունների մեջ բռնությանը վերջ դնելու համար:

Այժմ Փնարը մի ծրագիր է համակարգում հայ և թուրք պատմաբանների համար, ովքեր հետազոտում են դասագրքերը, որոնցով ուսուցանվում են Հայաստանի և Թուրքիայի աշակերտները։ Նրա կարծիքով, սա ևս խաղաղաշինության համատեքստի մեջ է մտնում, քանի որ պատմությունը հակամարտության կարգավորման կենսական մասերից է։

«Երկու երկրներում էլ պատմության ուսուցանումն անչափ ռազմականացված է, ազգայնական է և ստեղծում է թշնամու կերպարներ: Ուստի, եթե մենք ցանկանում ենք փոխել իրավիճակը, մենք պետք է անդրադառնանք նաև կրթական ոլորտին»,- իտ մտահոգությունն է հայտնում Փնարը։

Նրա խոսքով, գոյություն ունեցող այս խնդիրների լուծման համար տևական ժամանակ է անհրաժեշտ։ Այդուհանդերձ, նա հավատում է, որ որքան էլ դրանց վերափոխումն անհնար թվա, պետք է անընդհատ շարունակել փորձել։



Պատմության ադրբեջանական հատվածը պատրաստվել է Սաբինա Աբուբեքիրովայի հետ համագործակցությամբ


Հոկտեմբեր 2018, «Խաղաղարարներ» թողարկում

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ