
26-ամյա Վարդան Հարությունյանը 40 աստիճան ջերմություն ունենալով հունվարի 9-ին դիմել է Վանաձորի պոլիկլինիկա, որտեղ իր մոտ ախտորոշվել է H1N1 վիրուսը: Վարդանը մեկն է այն հազարավոր մարդկանցից, ով տարվա սկզբին վարակվել էր խոզի գրիպով։ Դա վիրուսի տարածման ամեաակտիվ շրջանն էր, որը խլեց 19 մարդկային կյանք։
Վարդան Հարությունյանը վերականգնվելուց հետո:
Մասնագիտությամբ կենսաքիմիկ Վարդանը, սակայն, վիրուսի դեմ պայքարել է տանը և գրանցել դրական արդյունք:
H1N1 վիրուսի ռիսկի խմբում հիմնականում գտնվում են տարեցները, հղիները, երեխաները: Այդ պատճառով դպրոցական արձակուրդները Հայաստանում երկարաձգվեցին 3 շաբաթով։ Խոզի գրիպը այլ վիրուսների համեմատ ավելի արագ է տարածվում, և մահվան դեպքերն էլ ավելի շատ են գրանցվում։ Վիրուսի ախտանիշներն են՝
. բարձր ջերմություն
. ցավ կրծքավանդակում
. դժվարացած կամ հաճախացած շնչառություն
. հոգեկան վիճակի փոփոխություն
. մաշկի կապտավուն երանգ
. արյան ցածր ճնշում

Հանրապետության հիվանդանոցներում խոզի գրիպով հիվանդների դիմելիությունը հատկապես աճեց 2015 թվականի դեկտեմբերին։ Ըստ առողջապահության նախարարության, վիրուսի ամենաակտիվ շրջանում 1100-1200 մարդ ստանում էր ստացիոնար բուժում։ Մեծամասնություն էին կազմում անչափահասները։ Իսկ պոլիկլինիկաներում դիմելության թիվը հասել էր 3116-ի։ Չնայած այդ ամենի համաճարակ այդպես էլ չհայտարարվեց։ ԱՆ բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանի խոսքերով, համաճարակ հայտարարվում է, եթե առկա հիվանդների թիվը գերազանցում է վերջին 5 տարիների կտրվածքով սուր շնչառական հիվանդների թվին։

Ըստ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի, հունվարի 25-ից հետո վիրուսը տեղի տվեց, բայց ամբողջովին չվերացավ:

«Մինչ ապրիլ Հայաստանում շարունակվելու է սուր շնչառական վիրուսների սեզոնը: Դեռ կան սուր շնչառական հիվանդություններով պառկած հիվանդներ, բայց դրանց թիվը էապես կրճատվել է: Եթե հղիների դիմելիության թիվը հունվարի 17-18-ին հասնում էր 114-ի, ապա ներկայում 13-14 է, նկատվում է 70-80% նվազում: Մանկահասակների ստացիոնար դիմելիությունը նույնպես կրճատվեց, որին էապես նպաստեց դպրոցական արձակուրդների երկարաձգումը»,-ասում է Լիանա Թորոսյանը:
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքերով, 2016-ի առաջին տասը օրում գրանցվել է շտապօգնության 9611 կանչ, որոնցից օրական մոտ 120-ը սուր շնչառական վարակներով հիվանդների կողմից: Ներկայում թիվը նվազել է 40-50-ի:
«Եթե մինչ հունվարի 21-ը վարակների մեջ H1N1 վիրուսը նկատվում էր 52%-ի մոտ, ապա այժմ՝ 30%-ի դեպքերում: Հարուցիչը կա, բայց արձանագրումը նվազել է. հարուցիչը պարունակող հիվանդների վիճակը թեթև կամ միջին է»,-ասում է «Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ներկայացուցիչ Լիանա Թորոսյանը` հավելելով, որ ժողովուրդը չպետք է հանգստանա և զբաղվի ինքնաբուժությամբ: Վիրուսի առաջին նախանշանները տեսնելու դեպքում պետք է դիմել հիվանդանոցներ:

Չնայած մարդիկ դեռ դիմում են հիվանդանոցներ` բուժում ստանալու համար, այնուամենայնիվ, ԱՆ-ի որոշմամբ խոզի գրիպի բուժումը հանրապետության հիվանդանոցներում հունվարի 20-ից հետո այլևս անվճար չէ։ Անվճար բուժում տրամադրվում է միայն Հանրապետության պոլիկլինիկաներում։
Խոզի գրիպը բռնկումը տարածաշրջանային բնույթ ունի։ Այն տարածվեց ոչ միայն Հայաստանում, այլև՝ Վրաստանում։ Այդտեղ վիրուսի ամենաակտիվ դրսևորումը 2016-ի հունվար ամսին էր։ Հիվանդությունների և առողջապահության վերահսկման եւ կանխարգելման Վրաստանի ազգային կենտրոնի տվյալներով՝ փետրվարի 23-ի դրությամբ խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 17-ի, և 358 հոգու մոտ ախտորոշվել է վիրուսը։ Ադրբեջանում, սակայն, ըստ պաշտոնական տվյալների վիրուսի հայտնաբերման դեպքեր չեն գրանցվել։