«Կյանքն ինչպես վիճակախաղ»
դիտումներ` 2053
լեզու: 

Ուկրաինան քսան տարի շարունակ երկրորդ հայրենիք էր Հովասափյանների համար: Հայաստանից տեղափոխվելուց հետո ընտանիքի հայրը՝ Արամայիսը, Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում կարողացել էր աշխատանք գտնել ու տարիների ընթացքում նոր բնակարան ձեռք բերել՝ հայրենիքում թողածի  փոխարեն: Բայց Արամայիսի խոսքով, մի քանի ամսվա ընթացքում ուկրաինական ճգնաժամը Կիեւի մայդանից  հասավ Մարիուպոլի նավահանգիստ, հերթով թակեց բոլորի դռներն ու որոշեց երկար ժամանակով «հյուր» գալ: Նա պատմում է, որ գրեթե ամեն օր ծովափնյա քաղաքը հրթիռակոծության էր ենթարկվում Ուկրաինայի ազգային գվարդիայի կողմից՝ Կիեւի հրահանգները չկատարելու համար:

 

«Կյանքը մեր քաղաքում դարձել էր վիճակախաղ, ամեն առավոտ քաշում էինք տոմսն ու երեկոյան պարզում՝ շահե՞լ ենք մեր կյանքը, թե՝ ոչ»,- ասում է Արամայիսի որդին՝ Արմեն Հովասափյանը, ով ընտանիքի հետ մեկ տարի առաջ վերադարձավ հայրենիք:

Արմենը մինչեւ հիմա պահում է 2014-ի մայիսի 9-ի լուսանկարները, որոնք արել էր բջջային հեռախոսով: Հենց այդ օրը Ուկրաինական բանակի տեխնիկան ու զինվորականները մտան քաղաք՝ իր բնորոշմամբ առանց նախազգուշացնելու կրակ բացելով խաղաղ բնակչության ուղղությամբ:

 

Մարիուպոլի Ներքին գործերի վարչության շենքը: Հենց դրա շուրջ էին ծավալվում զինված բախումները:
Արմեն Հովասափյանն այս լուսանկարներն արել է հեռախոսով: 2014-ի մայիսի 9-ին Կիևից ուղարկված զինված խմբերի գրոհը տասնյակ մարդու կյանք խլեց:
Անահիտ Հովասափյանի երկրորդ որդին դեռ Մարիուպոլում է, հաճախ է ձեռքն առնում թոռների լուսանկարներն ու կարոտն առնում:
Արմենի սպորտային կյանքից մնացել են միայն այս տասնյակ մեդալները, որոնք աչքի լույսի պես է պահում:

Արմենը 10 տարի զբաղվել է սպորտով, եղել Ուկրաինայի Քիք Բոքսի հավաքականի անդամ, երկրի վեցակի չեմպիոն: Հիմա 29-ամյա մարզիկը հիմնական աշխատանք չունի, ամսվա մեջ մի քանի օր բանվորություն է անում՝ վաստակելով օրական 3000 դրամ ($6):

Արամայիսը որդու հետ մի կերպ հոգում է ապրուստը: Երեւանի՝ արդեն անծանոթ փողոցներում տաքսի է վարում՝ հաճախ շփոթելով հասցեները:

Անահիտ Հովասափյանը հեշտ հարմարվեց նախկին կյանքին, թեեւ ամեն ինչ փոխվել էր խորհրդային տարիների հետ համեմատած: Երեւանում վարձակալած փոքրիկ բնակարանը հիշեցնում է Մարիուպոլի տունը, միայն մի տարբերությամբ՝ օդում թռչող ռումբերի ձայներ այստեղ այլեւս չի լսում:

Հայաստան եկած փախստականները, որպես կանոն, առաջինը դիմում են Միգրացիոն պետական ծառայություն: Այստեղ քննարկում են նրանց կացության ու փաստաթղթավորման հարցերը:

Միգրացիոն պետական ծառայության շենքը: 

Միգրացիոն պետական ծառայության շենքը: 

Հայկական և ուկրաինական անձնագրերը Հովասափյանները կողք կողքի են պահում, մեկը ասոցացվում է պատերազմի, մյուսը՝ փախստականի կյանքի հետ:

«Ուկրաինայից եկած փախստականներից ոմանք ունենում են կացարանի խնդիր, նրանց սենյակ է հատկացվում հատուկ հանրակացարանում: Պետությունը հոգում է սննդի ու կոմունալ հարմարությունների ծախսերը: Նրանց տրվում է փախստականի հատուկ կարգավիճակ, որով կարող են օգտվել ՀՀ քաղաքացիություն ունեցողների համար նախատեսված բոլոր ծառայություններից ու բուժ.սպասարկումից»,- ասում է Միգրացիոն պետական ծառայության Ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը:

Ելենա Յաշչյանը Միգրացիոն պետական ծառայության Ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետն է: Նա անձամբ է շփվել շատ ուկրաինահայերի հետ ու կազմել բոլորի անձնական գործերը:

«Ցանկության դեպքում ՀՀ քաղաքացիություն չունեցող փախստականները կարող են դիմում գրել ու արագացված կարգով հայկական անձնագրեր ստանալ»,- ասում է Ելենան:

Միգրացիոն պետական ծառայության աշխատակից Ելենա Յաշչյանը զբաղվում է Ուկրաինայից Հայաստան եկած փախստականների իրավական խնդիրներով:
Փախստականների անձնական գործերի կազմումը ընդհուպ ամիսներ է ձգվում. նրանց փաստաթղթերը հայկական արխիվներում հաճախ չեն պահպանվել:
Պետրոս Աղաբաբյանը 2005-ից զբաղվում է փախստականներին ապաստան տրամադրելու հարցերով: Վերջին հոսքը ուկրաինահայերն էին:

Հովասափյանները նույնպես ստացել են փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը: Արմենը ստացել է նաեւ փախստականներին տրվող Ճամփորդական փաստաթուղթ, որը կարող է օգտագործել երկու տարի: Այն նախատեսված է ՀՀ տարածքից դուրս փախստական կարգավիճակով ազատ տեղաշարժվելու համար: Ընտանիքի մյուս անդամներն ունեն միայն ուկրաինական անձնագեր:

 

Ինչպես շատ ուկրաինահայեր, այնպես էլ Հովասափյանները օգտվում են «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության տրամադրած օգնությունից:

Սիմոն Գրիգորյանը շուրջ հինգ տասնյակ ուկրիանահայ ընտանիքների, այդ թվում՝Հովասափյանների սոցիալական աշխատողն է «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունում:

«Մենք հոգում ենք Հովասափյանների բնակարանի վարձը, գումար տրամադրում նաեւ բժշկական ծախսերի ու ձմռանը բնակարանը տաքացնելու համար»,- նշում է Սիմոն Գրիգորյանը:

Սիմոն Գրիգորյանն ամեն ամիս այցելում է Հովասափյաններին՝ տեղեկանում խնդիրներին մասին ու լուծում օգնության տրամադրման հարցերը:
Ուկրաինահայերի թղթապանակները Սիմոնն անձամբ է կազմում: Տասնյակ ընտանիքներ ամեն ամիս սպասում են այս կազմակերպության օգնությանը:
«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը շատ փախստականների փրկության օղակն է: Օգնում են՝ ըստ անհրաժեշտության ու առաջնահերթության:

Ուկրաինայից գաղթած փախստականները, սակայն, դժվար են հարմարվում Հայաստանի կյանքին ու սոցիակական դժվարություններին, ինչպես հարմարվում են Հովասափյանները: Շատ ընտանիքներ ստիպված են լինում նորից լքել հայրենիքն ու այս անգամ բախտ փնտրել մեկ այլ երկրում՝ փորձելով մոռանալ պատերազմի պատճառած ցավերը:

 

This material may contain terms, which are not favored by all the parties of the dispute/conflict. Terms used in a material belong to the author and not Chai-Khana.

 

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ