Լսելի դառնալ մյուս կողմում. հայաստանցին` Թուրքիայում
Ուշադրություն
դիտումներ` 1795
լեզու: 

«Ձեզ մոտ փլավը ո՞նց են սարքում»։

Ստամբուլում իր թուրք հարևանուհուց այս տարօրինակ թվացող հարցը լսելիս Վարդուհի Բալյանը չզարմացավ:

«Ասում եմ, թե նույն կերպ ենք եփում, տարբերություն չկա։ Չեն պատկերացնում, որ մեր մշակույթներն այդքան նման են, որովհետև որտե՞ղ են հայի հանդիպել։ Ոչ թե կարծրատիպ ուներ այդ տատիկը, այլ իսկապես չգիտեր ու դրա համար իրեն հետաքրքիր էր հասկանալ, թե ոնց եմ ճաշ եփում»,-բացատրում է Բալյանը։

Շատ հայեր չեն ճամփորդում Թուրքիա, նույնիսկ հանգստի նպատակով, ուր մնաց այնտեղ տեղափոխվել ապրելու՝ լինի դա վախից, թե 1915 թվականի Ցեղասպանության արդյունքում առաջացած ատելությունից։ Չնայած Թուրքիան ընդունում է` տեղի են ունեցել վայրագություններ, բայց դրանք վերագրում է Առաջին համաշխարհային պատերազմին ու կտրականապես դրժում քրիստոնյա հայերին բնաջնջելու կանխամտածված փորձի փաստը։

Երկու երկրներում էլ ազգայնական դիսկուրսները մեկուսացրել են մարդկանց իրարից և հավերժացրել անհաշտ թշնամության պատկերացումը։ Օտարումը ամրապնդվում է դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ։ Թուրքիան խզեց հարաբերությունները Հայաստանի հետ՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում։ Այդ ժամանակվանից մինչ այսօր երկու երկրների միջև սահմանը փակ է։

Այսօր Թուրքիայում հանդիպող հայերը կամ պոլսահայերն են, որոնք այնտեղ են ապրում սերնդեսերունդ և իրենց սփյուռքահայ չեն համարում, քանի-որ Թուրքիան իրենց հայրենիքն է, կամ հայաստանցիներ են, որոնք ճամփորդում են Թուրքիա` առևտրի և աշխատանքի նպատակով։

Վարդուհի Բալյանը ժամանեց Ստամբուլ 2013 թվականին՝ ԹՕԳ համայնքային կամավորական հիմնադրամի և Հրանտ Դինք հիմնադրամի ծրագրերում կամավորություն անելու համար՝ նպատակ ունենալով մնալու միայն մեկ տարի։ Բայց շուտով նա չդիմացավ Ստամբուլի հմայքին։ Որոշեց ընդունվել Ստամբուլի Բիլգի համալսարան` ուսանելու Սոցիալական ծրագրեր և ՀԿ-ների կառավարման մագիստրական ծրագիրը։ Բալյանը հավատում է, որ Թուրքիա տեղափոխվելու իր որոշումը մարտահրավեր է շատերի ունեցած կարծրատիպերին ու անվստահությանը:

Վարդուհի Բալյանն աշխատանքի գնալու ճանապարհին Շիշլի թաղամասում անցնում է պատուհանից կախված թուրքական դրոշի կողքով:

«[Թուրք հարևանները] քեզ տեսնում են, քո հետ շփվում, հասկանում` միշտ չի, որ հայաստանցիները նախապաշարմունքներով մարդիկ են․ հասկանում են, որ Հայաստանի հասարակությունը շատ տարբեր չի այստեղինից։ […] [Թուրքիա տեղափոխված հայաստանցիներին] կարելի է երկու ձեռքի մատների վրա հաշվել։ Շատերը գալիս են սովորելու ու հետ են գնում։

EVS-ի (Եվրոպայի կամավորական ծառայություն) շրջանակում, նախքան գալս, այլ տարբերակ էլ ունեի՝ գնալ Հունգարիա։ Բայց ես թուրքագիտություն եմ սովորել ու ինձ համար Թուրքիան միշտ հետաքրքիր է եղել»։

Վարդուհի Բալյանը, ծագումով Դիաբեքիրից մի կնոջ փոքր ճաշարանում, Քուրթուլուշ փողոցում։ Այստեղ Բալյանը զգում է իրեն ինչպես տանը։ Ստամբուլը դարձել է իր տունը՝ տնից հեռու։

«Մինչև գալս ինձ համար Թուրքիան ասոցացվում էր միայն Թուրքիայի կառավարության հետ: Դժվար էր պատկերացնել, որ երկրում կան նաև այդ քաղաքականությանն իրոք դեմ գնացող մարդիկ։ Ու չես տեսնում այն այլնընտրանքը, որ կա, այն հարյուրավոր մարդկանց, որոնք ամեն Ապրիլի 24-ին գնում են ցեղասպանության միջոցառմանը` չնայած իրենց մասնակցությունը կարող է աշխատանքը կորցնելու պատճառ դառնալ [...] Շատ ընկերներ ունեի, որ ասում էին․ «Սա կախվածություն առաջացնող քաղաք է, զգու՜յշ եղիր, հետո դժվար կլինի»։ Այդպես էլ կա, այստեղ ես երբեք օտար չեմ եղել»։

Բալյանը գերազանց տիրապետում է թուրքերենի։ Նա ԱԳՈՍ հայ-թուրքական շաբաթաթերթի թուրքերեն բաժնի խմբագիրն է, որը հրապարակվում է 1996 թվականից Ստամբուլում՝ առաջ քաշելով այլընտրանքային դիսկուրսներ հայ-թուրքական հարաբերություններում։

2013 թվականին Ստամբուլում Գեզիի այգու բուռն փողոցային ցույցերից ճիշտ հետո էր։ Այն, ինչ սկսվել էր որպես այգու ձեւափոխման դեմ պայքար, վերաճեց մամուլի ազատության, արտահայտվելու ազատության իրավունքի, ինչպես նաեւ կառավարության կողմից աշխարհիկ կարգի վրա բռնանալու փորձի դեմ պայքար:

«Ես եկա Գեզիի բողոքի ակցիաներին հաջորդող ամիսներին։ Ես եկա սեպտեմբերին [2013], երբ դեռ դեմոկրատիայի ու հույսի մթնոլորտ կար, որը հետո տարիների ընթացքում մարեց: Ես Թուրքիայում ապրում եմ մի ժամանակաշրջանում, երբ շատ կարճ ժամանակում Թուրքիան կտրուկ փոփոխվում է»:

«Քարաքյոյում ափը, թեյ պատրաստողները, հիշողությունները, ամենը գնացած է»։ Քարաքյոյ, Ստամբուլ, Թուրքիա:

«Թուրքիայում կա հիշողությունը սպանելու մշակույթ։ Լինի Ցեղասպանության հիշողությունը, լինի Դերսիմի կոտորածի հիշողությունը [քրդերի կոտորածը 1937 թվականին], լինի 1955 թվականի Ստամբուլի ջարդերի [հույն փոքրամասնությունների վրա հարձակումները] հիշողությունը։ Թուրքական կառավարությունը հաջողացրել է սպանել նաև իմ հիշողությունը։ Չնայած, որ ես այստեղ եմ հինգ տարի։ Այլընտրանքային տեղերը ոչնչացվում են։ Դա այն տեղերն են, որտեղ հավաքվում են ձախակողմյան [քաղաքական հայացքներով] մարդիկ»։

Հունական Դոզե եւ Իստոս սրճարանում` Բեյողլու փողոցի վրա։

«Ամեն տարի Շվեցարիայում մենք [The Initiative of Changes շվեյցարական և Caux նիդերլանդական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում] կազմակերպում ենք հայ-թուրք-քրդական երկխոսություններ։

Տարածված սխալ է` մեկուսացնել հայկական եւ թուրքական սփյուռքն ու քուրդ ժողովրդին: Մենք այս երկխոսություններին ներգրավում ենք նրանց, հատկապես ավանդապահ համայնքներից, օրինակ Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին, քանի որ Լիբանանի հայերը սովորաբար հնարավորություն չեն ունենում հանդիպելու թուրքերին եւ դա մեծ խնդիր է: Նման հանդիպումների կարիք կա, ու մենք փորձում ենք լրացնել այդ բացը:»։

Բալյանը բազմաթիվ ընկերներ ունի Ստամբուլում։ Մշտական հանդիպման վայրը՝ Դոզե և Իստոս սրճարանն է։

«2017-ին, Իզմիրից ամենամոտ [թուրք] ընկերուհուս հետ մասնակցեցի [երկխոսության ծրագրին]: Իզմիրը ազգայնական, աշխարհիկ տեղ է, որը ժամանակին բնակեցված է եղել հայերով ու հույներով, բայց այդ մասում ավելի շատ կոնֆլիկտը հույների հետ է եղել, ու կապ չունի մեր Արևմտյան Հայաստանի կամ [ներկայիս Արևելյան Անատոլիայի] հետ: Երբ սկսեցինք քննարկումը, մի պահ եկավ, որ թուրքերի ու լիբանանահայերի միջև կոնֆլիկտ սկսվեց, ու մի պահ լիբանանահայերից մեկը սկսեց ընկերուհուս վրա գոռալ ՝ մեղադրելով, թե թուրքերը վերցրել են իր [նախնիների] հողերը, տունը: Ես տեսա, թե իմ մտերիմ ընկերուհին, որ այդ ամենի հետ կապ չուներ, անճարությունից լացում է։ Այդ պահին կորցրի ինձ ու ինքս էլ բղավեցի»։

 

«Մեծ բան չես փոխում, բայց ի վերջո միակ պատուհանն ես մնում այլընտրանքային ինֆորմացիայի հոսքի համար»։ Բալյանը մասնակցում է Թավշյա հեղափոխությանը [ապրիլ 2018] Հանրապետության հրապարակ, Երևան, Հայաստան։

«Քանի-որ Թուրքիայի համար Հայաստանը շատ երկրորդական դեր ունի, իրենք հետաքրքրված չեն Հայաստանով: Բայց երբ հեղափոխությունը սկսվեց, և Հայաստանում ժամ առ ժամ զարգացումներ էին լինում, զգացի, որ Թուրքիայում այս ամենի մասին մեծ ինֆրոմացիոն բաց կա։ Դա միշտ է եղել, բայց հիմա առավել է երևում։ Ու իրականում նույնը Հայաստանում է Թուրքիայի հետ կապված։ Հիմա շատ եմ ցանկանում մի պլատֆորմ ստեղծել, որ կկարողանա անկողմնակալ ինֆորմացիա տրամադրել Հայաստանի մասին թուրքալեզու ընթերցողին ու Թուրքիայի մասին` հայալեզու ընթերցողին։ Հիմա Թուրքիայում Հայաստանի նկատմամբ ավելի շատ է հետարքրքվածությունը։ Անգամ եթե չլինի, այն նյութը, որ տրվում է թուրքերենով, շատ թերի է։ Եթե թուրք ընթերցողը  մի օր հետարքրքվի, նա չունի որակյալ կայք, աղբյուր, որ կարող է կարդալ ու հասկանալ` ինչ է կատարվում Հայաստանում»։

Բալյանն Իստիկլալում ՝ Ստամբուլի ամենամարդաշատ փողոցում։

«Ես զգացողություն չունեմ, թե աշխարհում մեծ փոփոխություններ եմ անում, բայց փորձում եմ փոքր քայլեր կատարել` փոփոխությունների մաս դառնալու համար: Աշխարհը փոխելը մեկ մարդու գործ չէ: Ուրեմն, եթե կա որեւէ կարեւոր բան, որ կարող ես անել, ապա մի հապաղի»:


Հոկտեմբեր 2018, «Խաղաղարարներ» թողարկում

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ