Մարգինալները քաղաքային տարածքում․ Երևանի անօթևանները
Ուշադրություն
դիտումներ` 6749
լեզու: 

Ցուրտ ձմեռային օր է, սակայն արեւը շողում է Երեւանում: Շաբաթվա իր գտածոները դասավորելով` Վալերի Գրիգորյանը հույս ունի, որ մարդիկ կայցելեն կենտրոնում գտնվող «Քրջի բազար» եւ կցանկանան գումար ծախսել:

«Օրվա ընթացքում կարող ես ընդամենը 1500 դրամ  ($3.12) աշխատել, իսկ երբեմն էլ ընդհանրապես չաշխատել»,-ասում է 55-ամյա Վալերին, ով արդեն 6 տարի է, ինչ անօթեւան է:

«Անձրեւոտ կամ ցուրտ օրերին հաճախորդներ ընդհանրապես չեն լինում, այդ իսկ պատճառով ստիպված եմ լինում ծախսել խնայածս, կամ պարտքով մթերքներ վերցնել խանութից»,-շարունակում է նա:

Գեւորգյանի համար շուկան ավելին է, քան պարզապես առեւտրի տարածք: Դա նրա (ոչ) պաշտոնական բնակության վայրն է: Կորցնելով իր սեփական բնակարանը` նա, ինչպես շատ այլ մարդիկ, հայտնվել են մի շատ ավելի ընդարձակ` հանրային տարածքում: Լինի դա աստիճաններ, թե մետրոյի կայարաններին կից գետնանցումներ, կամ էլ զբոսայգու նստարան։ Սրանք տարածքներ են, որտեղ վարձ տալ պետք չէ:

Հայաստանում անօթեւանությունը տարածվել է անկախությանը հաջորդող տարիներին՝ 1990-ականների վերջին։Անօթևանների կարգավիճակում հայտնվելու պատճառները բազմազան են` որոշները ամուսնալուծության, հարբեցողության, աշխատանքը կորցնելու, որոշներն էլ խաբեության զոհ են դարձել և կորցրել են իրենց բնակարանները։Կան անօթևաններ, որոնք այլ երկրներից արտաքսվածներ և նախկին կալանավորներ են։Նրանց հիմնական եկամուտը քաղաքի աղբամաններն են, որտեղից հավաքում են շշեր, մետաղի ջարդոն և դեն նետված տարբեր տեսակի առարկաներ։

Թեեւ ճշգրիտ վիճակագրություն չկա, սակայն տարբեր գնահատականներով անօթեւանների թիվը Երեւանում 400-1000 է: Նրանք հիմնականում քնում են մետրոյի կայարաններում, կամուրջների տակ կամ տարբեր լքված շինություններում:

Գեւորգյանի խոսքով, եթե բախտը բերում է եւ հնարավոր է լինում գտնել օգտակար առարկաններ, ինչպիսիք են օգտագործման ենթակա թավաներ, չվնասված խաղալիք կամ ճամպրուկ, կարողանում են դրանք վաճառել «Քրջի բազարում» եւ վաստակել մինչեւ 10000 դրամ ($20.80):

Անօթեւաններին անհատապես ոչ մի պետական օգնություն չի տրամադրվում, սակայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ֆինանսական օգնություն է տալիս «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամին, (հայ-դանիական բարեգործական կազմակերպությունը), որը Հայաստանում անօթեւաներին ժամանակավոր կացարան տրամադրող միակ կազմակերպությունն է: Այն կարող է տեղավորել 108 անօթեւանների 3 ամսով, թեեւ գոյություն ունեն որոշակի սահամափակումներ: Վարակիչ` հեպատից C, տուբերկուլյոզ եւ մաշկային հիվանդություններով մարդիկ չեն կարող այստեղ մնալ:

Հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանի խոսքով, 2011 թվականից սկսած իրենց կենտրոնի շահառուների թվաքանակը հասել է մոտ 1000 անօթևանի:

«Նրանցից 700-ին մեզ հաջողվել է վերադարձնել ընտանիք, ուղարկել ծերանոցներ կամ, աշխատանք գտնելով վերադարձնել ինքնուրույն կյանքի: Օտարազգիների դեպքում, համապատասխան դեսպանատների հետ համագործակցելով, վերադարձրել ենք իրենց հայրենիք»,-ասում է Խաչատրյանը:

Նրա հավասմամբ, 2018 թվականի ընթացքում բացվելու է կենտրոն, որը լուծելու է հոգեկան խնդիրներ, հեպատիտ C, տուբերկուլոզ, մաշկային և վեներական հիվանդություններ ունեցող մարդկանց խնդիրը: Օգնելու են, որպեսզի այդ մարդիկ ձեռք բերեն փաստաթղթեր եւ հաշմանդամության կարգ` պետական առողջապահական աջակցություն ստանալու համար:

Չնայած տրամադրվող օգնությանը, ոչ բոլոր անօթեւաններն են ցանկանում մնալ կացարանում: Այն ունի խիստ կանոններ, օրինակ` չի կարելի ալկոհոլ օգտագործել:

Գեւորգյանի պես մարդկանց համար անվճար ճաշարանները եւս տարբերակ չեն: Նրանք նախընտրում են սնունդ առնել այն գումարով, որը վաստակում են քաղաքում տարբեր իրեր վաճառելով:

Նման մարդկանց համար ազատությունը իրենց կյանքի կարեւոր մասն է: Պատերի բացակայությունը նրանց համար սահմանափակում չէ:

Մասնագիտությամբ բուժքույր Սվետան ապրում է «Բարեկամություն» կայարանի մոտ գտնվող կամրջի տակ։ Աշխատանքը կորցնելուց հետո նա զբաղվել է մանրավաճառությամբ, հետո ապակե շշերի և անասնապահների համար հավաքած չորացած հացի վաճառքով։ Սվետան ապրում է իր «Բորենի» շան ու նրա ձագերի հետ։
35-ամյա Դավիթ Վարդանյանը չի սիրում շփվել։ Նա ծնվել է Էջմիածնում։ Արդեն հինգ տարի է, ինչ բնակվում է Երևանի «Բարեկամություն» կայարանում՝ Ռոբերտի հետ։
40-ամյա Մարիամը 2017 թվականի նոյեմբերից բնակվում է Երևանի «Բարեկամություն» կայարանում։ Բնակարանը վաճառելուց հետո քրոջ հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ։ Սակայն վեճից հետո որոշել է վերադառնալ Երևան։ Այստեղ նա տարատեսակ աջակցություն է ստանում կրոնական կազմակերպություններից։
Ամեն շաբաթ և կիրակի վաճառողները հավաքվում են Երևանի Վազգեն Սարգսյանի մարզադաշտի հարեւանությամբ գտնվող «Քրջի բազարում»։ Այստեղ բազմաթիվ անօթեւաններ են բնակվում։
«Քրչի բազարի» անօթևանների կացարանների մոտ չորացող լվացքը։ Անօթեւանները հագնում են բարեգործությամբ ստացված կամ աղբամաններից հայթայթած հագուստ։ Լվացվելու համար նրանք օգտագործում են վառարանների վրա տաքացվող ջուր։ Երբեմն նրանք այցելում են նաեւ հանրային բաղնիքներ։
Վալերի Գևորգյանը (աջ) և իր ազգությամբ ռուս կինը՝ Գալինան (ձախ) «Քրջի բազարի» մոտակայքում գտնվող իրենց ինքնաշեն խրճիթում։ Նրանք հանդիպել են «Հանս Քրիստիան Կոֆոեդի» կացարանում։ Երբ լրացավ Գալինայի երեքամսյա ժամկետը, Վալերին որոշեց նրան մենակ չթողնել։ Նրանք ամուսնացել են 2016 թվականին։ Երբ զբաղված չեն վաճառքի համար ապրանքներ կամ սնունդ հայթայթելով, Գալինան խորասուզվում է ռուս դասականների գրքերում` Բուլգակով, Չեխով կամ Դոստոևսկի։
55-ամյա Վալերի Գևորգյանը մինչև 1990-ականների սկիզբը աշխատում էր Հայէլեկտրոգործարանում: Երբ գործարանը փակվեց, հազիվ կարողացավ գոյատեւել` տարբեր բաներ վաճառելով։ Վալերին ասում է, որ ընտանիք ունի, սակայն արդեն վեց տարի է կապ չի պահպանում նրանց հետ։
62֊ամյա Լենա Ներսիսյանն օրվա կեսը «ապրանք» է հավաքում աղբամաններից։ Նրա խոսքերով, «Քրջի բազարում» կիրակնօրյա վաճառքից ստացված հասույթը հազիվ է հերիքում ծխախոտին։
Սամվել Սրապիոնյանը բանտից դուրս է եկել 2013֊ին՝ սպանության հոդվածով 15 տարի այնտեղ անցկացնելուց հետո։ Նա չունի ոչինչ և ոչ ոքի։ Հիմա 56-ամյա Սամվելն ապրում է «Քրջի բազարի» մոտ։ Շրջակայքի անտունները նրան «Պռոշ» են ասում` խոշոր շրթունքների և դրանցից մեկի վրա առկա պատռվածքի պատճառով։
Վերջին 9 տարիներին Ռոբերտի «տունը» եղել է «Բարեկամություն» կայարանը։ Նրան անօթեւանների կացարանը երբեք չի հետաքրքրել, այնտեղ ընկերներ չունի, ավելին, այդ վայրը նրան բանտ է հիշեցնում։ Ռոբերտի խոսքով, կացարանում բնակվողները «նախկին հարբեցողներ» են եւ չի ցանկանում նրանց հետ նույնականացվել։
80-ամյա Էմմա Սահակյանն արդեն 6֊րդ տարին է անցկացնում նախագահականի դիմացի մայթին՝ մետրոյի «Բաղրամյան» կայարանում։ Նրա պնդմամբ, 2012-ին իր քրոջ մահվանից հետո նա ապօրինի կերպով զրկվել է իր և քրոջ անունով գրանցված բնակարանից։ Այդ դեպքից հետո նա արդարություն է պահանջում նախագահական նստավայրի դիմաց։
Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ