Մաքրելով ականապատ դաշտն ինչպես սեփական տունը
Ուշադրություն
դիտումներ` 2978
լեզու: 

Հեռվից նայելիս երեք սակրավորներն էլ միանման տեսք ունեն` երկարաճիտ կոշիկներ, մեծ գրպաններով անդրավարտիք, հատուկ սաղավարտ, պաշտպանիչ դիմակ ու ձեռնոցներ։ Տեղիացիներից շատերին թվում է, թե նրանք տղամարդիկ են, սակայն իրականում սակրավոր կանայք են: Նրանք դիմում են այս քայլին` օգնելու իրենց ընտանիքներին:

«Ընտանիքիս համար եմ անում, երեխաներիս ավելի ապահով ու անհոգ ապագայի համար»,-ասում է 38-ամյա սակրավոր Քրիստինե Խաչատրյանը, ով ամուսնացած է եւ երեք երեխա ունի:

Պատերազմից հետո, Լեռնային Ղարաբաղում ամեն տարի քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվում է 20 եւ ավելի դժբախտ պատահար` ականի պայթյունից կամ չպայթած զինամթերքից: Ականազերծմամբ զբաղվող բրիտանական Halo Trust կազմակերպությունը, որն արդեն 18 տարի է, գործունեություն է ծավալում Լեռնային Ղարաբաղում, հայտարարում է, որ այն 90%-ով ականազերծված է, սակայն պոտենցիալ վտանգը դեռեւս շարունակում է մնալ:

Երեք տարի առաջ Սեփանակերտից 80 կմ հեռու Արտաշավի գյուղապետարանի նախկին հաշվապահը միացավ Halo Trust-ին, քանի որ կազմակերպությունն առաջին անգամ հայտարարեց կին սակրավորների ընդունման մասին։ Հաղորդվում էր նաեւ, որ վերապատրաստման դասընթացները կազմակերպվելու էին հենց հարևան գյուղում, որտեղ էլ հետո պետք է աշխատեին:

Քրիստինեի համար այս որոշումն ընդունելը հեշտ չէր, հիմնական դրդապատճառը հետաքրքրասիրությունն էր: Թեեւ ֆինանսական կարիքը եւս նշանակություն ուներ: Խաչատրյանի ամուսինը` դպրոցի նախկին ուսուցիչ Գարիկ Օհանջանյանը, գործազուրկ էր: Սակրավոր աշխատելով Քրիստինեն այսօր վաստակում է ամսական 225,000 դրամ ($464) եւ սա նրա նախկին եկամտի քառապատիկն է: Նա ունի նաեւ ապահովագրություն:

38-ամյա կինը խոստովանում է, որ սկզբում մտածում էր, թե երկար չի մնա այդ գործին։

«Երկմտություններ եղել են իհարկե, բայց հետո հասկացել եմ, որ չկա մարդուն փչացնող աշխատանք, կան աշխատանքը փչացնող մարդիկ։ Այսօր ես հպարտ եմ, որ մարդասիրական մեծ ու կարևոր գործի մաս եմ կազմում»,-ասում է Քրիստինեն։


 

Քարեգահ գյուղի հարակից դաշտի մի հատվածը ստուգելուց եւ ական չգտնելուց հետո, Քրիստինեն կարմիր ժապավենով նոր հատված է առանձնացնում` աշխատանքները շարունակելու համար:
«Սակրավորի աշխատանքն, իհարկե, հեշտ չէ: Իհարկե, իմ ընտանիքն անհանգստանում է ինձ համար»,-ասում է Խաչատրյանը,-«Ես եւս անհանգստանում եմ եւ փորձում եմ պահել անվտանգության բոլոր կանոնները: Եթե հետեւես դրանց, կարող ես անվտանգ մնալ: Վտանգավոր գործ անելու ոսկե կանոնն անվտանգ լինելն է»,-ասում է Քրիստինեն:
Չնայած դժվար աշխատանքին ու զբաղվածությանը, Քրիստինեն ժամանակ է գտնում աշխատանքից առաջ եղունգները հարդարելու, սանրվածք անելու, իսկ երբեմն նաև շպարվելու համար։ Համոզված է, որ անկախ աշխատանքի բնույթից, կինը պետք է միշտ պահի իր կանացիությունը։
Դաշտը, որտեղ սակրավորներն աշխատում են, շատ հաճախ բավականին հեռու է լինում իրենց հիմնական բազայից։ Ուստի դաշտի մաքրված մի փոքրիկ հատվածը բացօթյա խոհանոցի են վերածում, որտեղ սնվում են, հանգստանում, իսկ ցուրտ ու անձրևային եղանակներին նաև տաքանում ու չորացնում իրենց թրջված շորերը։
Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղին կից այս տարածքում ականազերծման աշխատանքների ավարտին մի շաբաթ էր մնացել եւ արդեն հույս չկար որեւէ բան գտնելու, սակայն Քրիստինեն ական էր հայտնաբերել։ Նա պատմում է, որ այդ պահին ոչինչ չես զգում, բոլոր զգացողություններն ականազերծելուց հետո են գալիս։
Քարեգահի դաշտում առատ ձյուն էր, իսկ հանսգստյան օրերին դեռ ժամանակ կար։ Քրիստինեն, օգտվելով աշխատանքի կարճ դադարներից, «սակրավոր» ձնեմարդ պատրաստեց։ Ասում է՝ նկարելու է, որ որդիներին ուղարկի։ Անհամբեր սպասում է, երբ են միասին ձնագնդի խաղալու ու ձնեմարդ պատրաստելու։

Նա երբեք չէր մտածում, որ կդառնա առաջին կին-սակրավորներից մեկը:

«Նախքան այս աշխատանքին անցնելը չէի մտածում, թե սա տղամարդու աշխատանք է, կամ  թե ինչպե՞ս եմ աշխատելու տղամարդկանց աշխարհում»,-ասում է Խաչատրյանը` շարունակելով,-«Ամբողջությամբ այլ բանի մասին ես մտածում, երբ մտնում ես ականապատ դաշտ, օրինակ ընտանեկան առօրյա հոգսերի մասին»:

Halo Trust-ի 11 կին սակրավորներն աշխատում են երեք թիմով, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ տղամարդ առաջնորդ:

«Առաջիկայում մենք նախատեսում ենք կին թիմ առաջնորդ ու վարորդ էլ վերապատրաստել։ Այսօր այդ աշխատանքը տղամարդիկ են կատարում»,-ասում է կազմակերպության նախագծերի համակարգող Աննա Իսրայելյանը։

Երկուշաբթիից մինչ ուրբաթ կին սակրավորներն անց են կացնում դաշտում: Մոտակա գյուղում կամ քաղաքում վարձած տնից դաշտ հասնելը կարող է ժամանակատար լինել` քարուքանդ ճանապարհների պատճառով, օրինակ` երկու ժամ կարող է տեւել 65 կմ տաքսիով անցելու համար: Եւ միշտ չէ, որ կա հանրային տրանսպորտ:

Խաչատրյանն աշխատանքը սկսում է յուրաքանչյուր երկուշաբթի առավոտյան ժամը 7-ին:

Սակրավորի հանդերձանքը հագնելն անվտանգության ամենակարեւոր միջոցառումներից մեկն է: Դրանից հետո նա արագ ստուգում է աշխատելու պարագաններն ու հասցնում ոտքի վրա մի բաժակ թեյ կամ սուրճ խմել։

Խաչատրյանի բացակայության ժամանակ տան հոգսերն ամուսնու եւ իր տղաների` 18-ամյա Գոռի, 16-ամյա Տիգրանի եւ 6-ամյա Նաիրի ուսերին են: Նրանք ստիպված էին յուրացնել տունը մաքրելու, եփելու, ամանները լվալու եւ լվացքի մեքենան օգտագործելու հմտությունները:

Տղաները դեռ այն կարծիքին են, որ սակրավոր լինելը կնոջ աշխատանք չէ, սակայն հպարտ են իրենց մայրիկով, երբ վերջինս հայտնվում է տարբեր լրատվամիջոցների էջերում:

«Դժվարությամբ է հաջողվում համատեղել ընատնիքն ու աշխատանքը։ Մանավանդ փոքր տղայիսշատ եմ կարոտում, ինքն էլ ինձ։ Հիմա փորձում եմ այնպես կազմակերպել աշխատանքս, որ ավելի շատ ժամանակ անցկացնենք միասին: Միշտ չէ, որ որպես կին, ընտանիքի մայր ու սակրավոր ինձ ներդաշնակ եմ զգում։ Չնայած պրոֆեսիոնալ առումով կանայք ոչնչով չեն զիջում տղամարդկանց», -ասում է Քրիստինեն:


 

6-ամյա Նաիրին շատ է կապված մոր հետ։ Հանգստյան օրերին, երբ Քրիստինեն տանն է լինում, տղան մորից մի քայլ անգամ չի հեռանում:
Քրիստինեի բացակայության ժամանակ տան ամբողջ հոգսը տղամարդկանց ուսերին է։ Սակայն շուտով ավագ որդին՝ 18-ամյա Գոռը, մի քանի ամսից զորակոչվելու է բանակ` պարտադիր ծառայության։ Քրիստինեն ուզում է փոքրերին Ստեփանակերտ տեղափոխել, որպեսզի համ միասին լինեն ամեն օր, համ էլ տղաները կարողանան սպորտային և այլ խմբակներ հաճախել։
Շաբաթվա ընթացքում իր բացակայությունը լրացնելու համար, հանգստյան օրերին տուն գալուց Խաչատրյանն ամեն անգամ փորձում է ինչ-որ համով բան գնել իր տղայի համար: Իսկ նկարում նա տապակած կարտոֆիլ է պատրաստում` ճաշի համար:
Քրիստինեն փորձում է ամեն կեպ ուրախացնել բարձր ջերմություն ունեցող որդուն։ Նա ասում է, որ երբ երեխաներն իր բացակայության ժամանակ են հիվանդանում, ինքը տեղը չի գտնում։ Ամբողջ օրն անց է կացնում նրանց հետ հեռախոսով խոսելու վրա:

Այս տարվա մարտին ականի պայթյունից զոհված կազմակերպության երեք աշխատակցի դեպքը որոշների համար առիթ դարձավ մասնագիտությունը փոխելու: Բազմաթիվ ընկերներ եւ բարեկամներ սկսեցին զանգել եւ հարցնել, թե արդյոք Քրիստինեն եւս կթողնի աշխատանքը:

«Անկեղծ ասած, այդ դեպքից հետո վախ չունեի ականապատված դաշտ մտնելիս: Ինձ համար շատ ցավալի էր այդ դեպքը եւ ես մեծ պատասխանատվություն եմ զգում շարունակելու իմ ընկերների աշխատանքը»,-ասում է նա:


 Հունիսի 1, «Ինքնություն» թողարկում

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ