Ճանապարհ դեպի նոր կյանք
Ուշադրություն
դիտումներ` 3123
լեզու: 

2017-ի սեպտեմբերին պաշտոնապես շահագործման հանձնված 320 կմ երկարությամբ Մարտակերտ-Վարդենիս մայրուղին Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող երկրորդ ճանապարհն է, որի կարեւորությունը նշանավորվում է ոչ միայն Ղարաբաղի անվտանգությունը եւ հաղորդակցությունն ամրապնդելով, այլեւ նոր ճանապարհի հարակից բնակավայրերի համար առեւտրի բարենպաստ պայմաններ ստեղծելով:

Նախքան 2017-ի ամառը, Ստեփանակերտից Երեւան հասնելու միայն մեկ ճանապարհ կար, որն անցնում էր Բերձորով (հայտնի է նաեւ Լաչինի միջանցք անվամբ), եւ 6 ժամ էր պահանջվում Հայաստան հասնելու համար: Ղարաբաղի հյուսիսարեւմտյան հատվածով անցնող այս նոր 17 մլրդ դրամ ($35 մլն դոլար) արժողությամբ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը կրճատում է ուղեւորությունը 1,5 ժամով:

Տեղացի պաշտոնյաների հավաստմամբ, այս մայրուղով արդեն իրականացվում է Ղարաբաղի առեւտրի 80 տոկոսից ավելին: Իսկ ճանապարհի դրական ազդեցությունն առաջին հերթին տեսանելի է ճանապարհի հարակից քաղաքների եւ գյուղերի առօրյայի վրա:

2017֊ի սեպտեմբերին բացված Մարտակերտ֊Վարդենիս ճանապարհը Հայաստանը Ղարաբաղին կապող երկրորդ մայրուղին է։
Ճանապարհի շինարարությունը ֆինանսավորվել է Հայաստան Համահայկական Հիմնադրամի, ՀՀ և ԼՂՀ կառավարությունների կողմից։

Ստեփանակերտից դեպի հյուսիս` մոտ 90 կմ հեռավարության վրա գտնվող Գետավան գյուղով է անցնում Մարտակերտ-Վարդենիս մայրուղու մի մասը: Գյուղի մուտքի մոտ՝ ճանապարհի անմիջապես աջ հատվածում, կարելի է տեսնել տասնյակ գունավոր մեղվափեթակներ և փոքրիկ ցուցանակ` «անարատ մեղր» գրությամբ։

Ցուցանակը 35-ամյա մեղվապահ Վահրամ Սարգսյանինն է:

«Երբ նոր ճանապարհով երթևեկությունը սկսեց աշխուժանալ, եղբորս տան մոտ ցուցանակ դրեցի։ Մինչև այս պահը համարյա ամեն օր շուրջ 10 կգ մեղր միայն այդ ցուցանակի շնորհիվ եմ վաճառում»,-ասում է Վահրամը` նշելով, որ մեկ կիլոգրամ մեղրը վաճառում է 3000 դրամով($6.18):

Մեղվապահ Վահրամ Սարգսյանն աշնանը Քարվաճառի լեռներից իր փեթակները տեղափոխում է հայրենի գյուղ Գետավան:
Սարգսյանը պատրաստվում է մեղրի խանութ բացել Մարտակերտ֊Վարդենիս ճանապարհին։
Կառավարությունը հույս ունի, որ նոր ճանապարհը Գետավանի նման գյուղերի բնակիչների համար կարող է ստեղծել գիշերակաց֊հյուրատներ (B&B) բացելու մեծ հնարավորություն։

Սակայն մեղվապահ Սարգսյանների  ընտանիքը, ում պատկանում է Գետավանի 500 մեղվափեթակներից 300-ը, միակը չէ, որն օգտվում է նոր ճանապարհի ընձեռած հնարավորություններից:  

Սարգսյանի խոսքերով, անցած մի քանի ամիսների ընթացքում երեք նոր մթերային խանութներ եւ երկու սննդային կետեր են բացվել 353 բնակչություն ունեցող այս գյուղում: Մեկ գազալցակայան եւ մեկ ռեստորան էլ կառուցման ընթացքում են: Հիմնական ներդրողները Հայաստանի կամ Ղարաբաղի բիզնեսմեններն են:

Գետավանի համար սա շինարարական բում է: Իսկ փոփոխությունները ճանապարհի երկայնքով գտնվող բնակավայրերի համար միտումնային բնույթ ունեն: Ավելի քան 35 համայնքների բնակիչներ, հարեւան գյուղերում եւ Ստեփանակերտում վաճառելու փոխարեն, այսօր կարողանում են իրենց գյուղմթերքը ավելի քիչ ծախսերով հասցնել Հայաստանի շուկա:

«Մեր արտադրանքը վաճառում ենք Վարդենիսից, Գավառից ու Մարտունու մսամթերման կետերից եկողներին։ Գյուղացիներին ձեռնտու է, ճանապարհածախս չեն անում ու գներն էլ հարմար են»,-ասում է Գետավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար  Լյուդմիլա Առստամյանը` հավելելով, որ հիմնականում արտահանում են թարմ միս, քիչ քանակությամբ ընկույզ, պնդուկ եւ լոբի:

90 մեղվափեթակ ունեցող եւ 800կգ մեղր հավաքած Վահրամ Սարգսյանն ասում է, որ այս տարի գնորդների մեծ մասը նոր ճանապարհով երթևեկողներն են։

«Անցած տարիներին հիմնականում ծանոթ բարեկամների միջոցով էր հաջողվում սպառել արտադրանքը»,-պատմում է մեղվաբույծն ու նշում, որ գնորդների մեջ քիչ չեն նաև հայ և այլազգի զբոսաշրջիկները` հիմնականում Ֆրանսիայից, Ռուսաստանից ու Մոլդովայից:

Վարդենիս֊Մարտակերտ ճանապարհի եզրին տեղադրված այս փոքրիկ ցուցանակը, Վահրամ Սարգսյանի խոսքերով, կտրուկ ավելացրել է իր սեփական փեթակների մեղրի վաճառքը։
Շնորհիվ նորակառույց ճանապարհի` Վահրամ Սարգսյանը, (նկարում կնոջ և երեխաների հետ) հասցրել է ամառվա ընթացքում վաճառել գրեթե 200 մեղրահաց։

«Նոր ճանապարհը նախևառաջ լավ խթան է Մարտակերտի և Շահումյանի շրջաներում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը»,-համոզված է Ղարաբաղի կառավարության պետնախարարի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։

Քիչ չեն նաև ներդրումները ջրային ռեսուրսնեում։ Ներկա պահին երկու շրջաններում գործում է 5 հէկ, ևս երեքն էլ կառուցման ընթացքում են։ Արտակ Բեգլարյանի խոսքով, «Բեյզ Մեթալզ» ընկերությանը պատկանող ամենամեծ հանքի՝ Կաշենի  հանքանյութի տեղափոխումն  արդեն իրականացվում է նոր ճանապարհով։

«Առաջ Հայաստան բեռ տեղափոխելու համար ստիպված էինք հավելյալ մի քանի տասնյակ կիլոմետր անցնել, այն էլ վատ ճանապարհով։ Նոր ասֆալտի շնորհիվ և՛ մեքենան է քիչ ջարդվում, և՛ վառելիքն ենք խնայում»,-ասում է Գետավանում մեզ հանդիպած «Բեյզ Մեթալզի»  բեռնատարներից մեկի  վարորդը։

Քարվաճառ քաղաքի մոտակայքում կառուցվում է հանքային ջրի գործարան, որի արտադրանքը նույնպես, ըստ Արտակ Բեգլարյանի, արտահանվելու է նոր ճանապարհով։

«Մի քանի տարուց սահմանամերձ Մատաղիս գյուղի ձկան և սև խավիարի գործարանը (որը ուժեղ հրետակոծվել էր 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ) նույնպես տարեկան տասնյակ տոննա արտադրանք կարտահանի Մարտակերտ-Վարդենիս ճանապարհով»,-նշում է Բեգլարյանը։

Ղարաբաղի պետական հարկային տեսչության վիճակագրության տվյալների համաձայն՝  Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի գործարկմամբ երեք անգամ ավելացել է արտահանումն ու ներկրումը նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ:

Կառավարությունը չունի հստակ թվեր, սակայն Մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության տուրիզմի դեպարտամենտի պետ Արտակ Գրիգորյանի գնահատմամբ, 2016֊ի նույն ժամանակաշրջանի համեմատ, հունվարից սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 40 տոկոսով։

Գրիգորյանի հավաստմամբ, նոր ճանապարհը հեշտությամբ կարող է դառնալ Հայաստանի տուրիստական երթուղու մասը, եւ սա ենթադրում է, որ զբոսաշրջիկների աճը կշարունակվի:

«Օրինակ ավելացել է նոր ճանապարհից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու գտնվող 13֊րդ դարի Դադիվանք և հարակից երկու տաք ջրեր այցելուների թիվը։ Իհարկե, ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունելու համար անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն համապատասխան ենթակառուցվածքներին»-ասում է Գրիգորյանը` հավելելով, որ  գյուղական համայնքներում հյուրատները կարող են մեծ դեր խաղալ այս հարցում։

«Ճանապարհին մոտ գտնվող գյուղերում սկսել ենք ուսումնասիրե «B&B» ֆորմատի հյուրատներ ունենալու պոտենցիալը։ Գյուղացիներից արդեն հետաքրքրվողներ կան։ «B&B»-ով զբաղվով սկսնակներին տեղեկատվական աջակցություն կտրամադրենք»,- նշում է Գրիգորյանը։

Շատ տաքսիստներ արդեն բացառապես օգտվում են նոր ճանապարհից, քանի որ այն նվազեցնում է վառելիքի ծախսը եւ մեքենայի մաշվածությունը: Թեեւ միկրոավտոբուսները դեռևս հին` Բերձոր-Գորիս ճանապարհով են հիմնականում երթևեկում, սակայն արդեն բացվել է Վարդենիս֊Մարտակերտով անցնող Երևան֊Ստեփանակերտ երթուղին։ Տոմսի արժեքը 5000 դրամ է։

Զբոսաշրջիկների և ուղևորների աճը ենթադրում է, որ կավելանա նաև գիշերակացի պահանջարկը, ուստի շուտով Գետավանի հարևանությամբ կբացվի մի քանի սենյակ ունեցող այս հյուրատունը։
Վերանորոգման աշխատանքներ են ընթանում այնպիսի տուրիստական վայրերում, ինչպիսին է օրինակ «Արցախ» հանգստի գոտին։ Այն գտնվում է Գետավանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Գետավանում մեծ թափ է ստացել մանր առևտրային բիզնեսը։ 350 բնակիչ ունեցող գյուղն արդեն 8 խանութ ունի։
Լեռնային Ղարաբաղի առևտրաշրջանառության մեծ մասը ներկայումս իրականացվում է Մարտակերտ֊Վարդենիս ավտոճանապարհի միջոցով։

Թե ինչ կլինի նախկին՝ Բերձոր-Գորիս («Լաչինի միջանցքով») անցնող ճանապարհի շրջակա բնակավայրերի հետ, քիչ է քննարկվում: Ինչևէ, ղարաբաղցիների մի մասը, սակայն, մոռացության չի մատնել հին ճանապարհը։ 32-ամյա տաքսու վարորդ Ռադիկ Հայրապետյանի խոսքով, նոր ճանապարհը լավ է տաք եղանակին։

«Ձյանն ու անձրևին հին ճանապարհն ավելի անվտանգ է»,-ասում է նա։

This material may contain terms, which are not favored by all the parties of the dispute/conflict. Terms used in a material belong to the author and not Chai-Khana.

 

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ