Ոգեշնչելով հեռավոր գյուղի աշակերտներին
Ուշադրություն
դիտումներ` 9884
լեզու: 

Լեռնային Ղարաբաղի բարձր լեռներում ծվարած այս գյուղն ընդամենը 30 բնակիչ ունի: Երբ 2017 թվականի ամռանը նորավարտ լրագրողներ Վերոնիկա Շահնազարյանը եւ Նարինե Վարդանյանը այցելեցին Վաղազին` ծանոթանալու գյուղական պայմաններին, բնակիչներից ոչ մեկը չէր հավատում, որ մեկ ամիս անց աղջիկները կվերադառնան` դասավանդելու 10 աշակերտ ունեցող հեռավոր գյուղի դպրոցում: Սա մարտահրավեր էր, որը նրանք որոշեցին ընդունել: 

«Համալսարանից հետո տարբեր տեղերում եմ աշխատել, սակայն գոհ չէի: Չեմ սիրում, երբ աշխատանքն առօրեական է դառնում: Հայրս ինձ ոգեշնչեց՝ մի իմաստալից բանով զբաղվելու»,-ասում է Վերոնիկան, ով 2016-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

Վերոնիկան Երեւանից է, իսկ Նարինեն ուսման նպատակով տարիներ առաջ է Երևան տեղափոխվել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից։ Աղջիկները դիմել էին «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին, որը ՀՀ մարզերի եւ ԼՂՀ շրջանների ամենակարիքավոր դպրոցներում փորձում է բարելավել կրթության հասանելիությունը:  

Այդ նպատակով երկամյա պայմանագիր է կնքվում երիտասարդ մասնագետների հետ: Վաղազինի դպրոցը նման մասնագետների խիստ կարիք ունեցող դպրոցներից մեկն է։

Քաշաթաղի շրջանի այս գյուղում շատ են  պատերազմի հետևանքով առանց տանիքի  շինությունները։ 1994֊ի հրադադարից հետո գյուղը կամաց֊կամաց վերաբնակեցվել է։ Սակայն ծանր պայմանները գյուղացիներից շատերին ստիպել են նորից լքել Վաղազինը։ 2000-ականների սկզբում գյուղում բնակվող 50 ընտանիքներից այսօր  մնացել է ընդամենը 8֊ը․ ընդհանուր առմամբ այստեղ ապրում է 32 հոգի` ներառյալ Վերոնիկան եւ Նարինեն:

Գյուղի դատարկվելը անդրադարձել է նաև կրթական համակարգի վրա։ Ընդամենը 10-ը աշակերտ ունեցող դպրոցում հնարավոր չէ կիրառել սովորական ուսումնական պլան, և յուրաքանչյուր առարկայի համար առանձին ուսուցիչ ունենալ: Վերոնիկան դասավանդում է անգլերեն և ռուսերեն, իսկ Նարինեն՝ հայոց լեզու և գրականություն։ Դասերը համարեցված են յուրաքանչյուր երեխայի կարիքներին համապատասխան:

Նարինեն իր տան միակ սենյակում խոսում է հեռախոսով: Հայաստանի բջջային օպերատորների կապը հասանելի է գյուղում, չնայած որ Վաղազինը Հայաստանի սահմանից 55կմ հեռավորության վրա է գտնվում: Վաղազինում գրեթե բոլորը օգտվում են կապի 2 օպերատորի ծառայություններից՝ մեկը տեղական զանգերի, մյուսը՝ Հայաստանում ապրող բարեկամներին զանգելու համար։ Բարձր լեռնային դիրքի պատճառով կապը հասանելի է կոնկրետ կետերում։
Վերոնիկան եւ Նարինեն աշակերտների առօրյան հետաքրքիր դարձնելու համար տարբեր միջոցառումներ են փորձում կազմակերպել։ Աշնանը էսքկուրսիայի էին մեկնել Երևան։Աշակերտների մի մասն առաջին անգամ էր Երևանը տեսնում։ Աղջիկները, ընկերների ու ծանթոների օգնությամբ, համակարգինչներ ու տպիչ են հայթայթել դպրոցի համար։
Վերոնիկան (աջից) «կլասիկի» խաղի միջոցով աշակերտներին ռուսերենով սովորեցնում է թվերը:
Վերոնիկան խաղում է Բելկա շան հետ: Երևանի կյանքին սովոր 22-ամյա ուսուցչուհու համար գյուղական առօրյային եւ կենցաղային պայմաններին հարմարվելը ժամանակ պահանջեց:
Վաղազինից բացվող տեսարան է: Նախքան պատերազմը գյուղում ապրում էր մոտ 150 ընտանիք, հիմնականում`քրդեր: Պատերազմից հետո գյուղը վերաբնակեցվել է Հայաստանի եւ Ղարաբաղի տարբեր շրջաններից եկած մարդկանցով:
Լեռնային Ղարաբաղի հեռավոր գյուղերի դպրոցներում օտար լեզուների մասնագետների կարիք միշտ կա: Վաղազինի անգլերենի ուսուցիչը գալիս էր հարեւան Արտաշավի գյուղից: Նախքան Վերոնիկայի գալը, գյուղի դպրոցը 4 տարի անգլերենի ուսուցիչ չուներ եւ առարկան չէր ուսուցանվում:
«Կարոտում եմ ընկերներիս, որոնք ամենայն հավանականությամբ փաբում խմում են, քանի դեռ ես այստեղ [մենակ] եմ»,-ասում է 23-ամյա Նարինեն, ով 2017-ին է ավարտել Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: «Կարոտում եմ Երեւանի գեղեցիկ փողոցներն ու փաբերը` գտնվելով գյուղում, որտեղ նույնիսկ խանութ չկա: Այնուամենայնիվ, գիտես, որ սեր ես տալիս այս երեխաներին եւ նրանք [իրենց հետ] կպահեն հավերժ»:
Շաբաթական երկու անգամ Վերոնիկան անգլերենի մասնավոր դասեր է տալիս 18-ամյա Ալինա Մխեյանին: Ալինան դպրոցն ավարտել է 2017-ին եւ հիմա պատրաստվում է ընդունելության քննությունների։ Ուզում է դիզայն սովորել Գեղարվեստի ակադեմիայում կամ Ճարտարապետական համալսարաում:
«Վաղազինի աշակերտները այս վեց ամսվա ընթացքում շատ են կապվել մեզ հետ։ Նրանք չէին ուզում, որ մենք Ամանորը Երեւանում անցկացնենք: Ցանկանում էին, որ առատ ձյունը փակեր ճանապարհը»,-ասում է Նարինեն, ով հունվարից շաբաթական երեք օր հայոց լեզու և գրականություն է դասավանդելու Վաղազինից 15 կմ դեպի հյուսիս գտնվող Մոսվսեսաշենի 13 աշակերտ ունեցող դպրոցում։ Այնտեղ անգամ ինտերնետ չկա։
Վերոնիկան եւ Ալինայի մայրը` Անգինը, զրուցում են ընթրիքի շուրջ: Մխեյանների ընտանիքը Երեւանից Վաղազին է տեղափոխվել 2000-ին: Նրանք գյուղի առաջին բնակիչներից են: Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ընտանիքին տրամադրել է տուն եւ մի քանի կովեր` նոր կյանք սկսելու համար: Ալինայի կրտսեր եղբայրը ` Սարգիսը, Վաղազինում է ծնվել։ Ծննդաբերությունը ողջ գյուղի կանանցով են ընդունել։ Գյուղում այդ ժամանակ էլեկտրականություն էլ չկար։ Միայն 2006-ից գյուղն էլեկտրականություն ունեցավ։
Նարինեն եւ Վերոնիկան կտրտված փայտը տանում են տուն: Աղջիկները նշում են, որ դպրոցում դասավանդելուն զուգահեռ նրանք ամեն օր նոր բան են սովորում:
Բելկան Վերոնիկայի լավագույն ընկերն է գյուղում: Նա ասում է, որ եթե Բելկան չլիներ, միգուցե և մտափոխվեր ու չմնար Վաղազինում։ Նարինեն կատակում է՝ եթե Վերոնիկան մի կես ժամով անհետանում է, ուրեմն ինչ-որ բանից նեղվել է, գնացել է հարևանի շան՝ Բելկայի հետ խաղալու ու լիցքաթափվելու։

Երևանի ակտիվ կյանքը աղջիկների համար կարծես ուրիշ մոլորակում մնացած լինի: Նրանց դռան վրա գրված է՝ «Դասավանդիր սերը ազատագրված հայրենիքում»։ Տան միակ սենյակի պատերին նկարիչ` Մինաս Ավետիսյանի և պոետներ՝  Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի նկարների կողքին կախված են Ֆիդել Կաստրոյի, Չե Գևարայի և Էռնեստ Հեմինգուեյի դիմանկարները։ Իսկ ռուս գրող Եսենինից մեջբերումներն էլ զարդարում են պատուհանին մեխված տախտակները։ Կահույքից ընդամենը երկու մահճակալ, երեք կիսաջարդված աթոռ, մի հին սեղան և փայտի վառարան կա։ Քաղաքից եկած երկու աղջիկները հարմարվել են այս պայմաններին:

«Մենակությունը երբեմն կարող է խեղդող լինել»,- ասում է Նարինեն եւ հայացքը շրջում դեպի իր նոր աշխարհը շրջապատող ձյունածածկ լեռներին։

Մեկուսացումը գյուղի հիմնական խնդիրն է։ Ամենամոտ մեծ բնակավայրը 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բերձորն (Լաչին) է, որտեղ ապրում է 1900 մարդ: Վաղազինից Ստեփանակերտ արդեն 90 կիլոմետր է։ Մարդիկ հիմնականում կամ իրենց սեփական մեքենաներով են քաղաք գնում, կամ օգտվում են համայնքային «ՈՒԱԶ»֊ից, որը և ավտոբուս է, և շտապօգնության մեքենան։ Ամենամոտ խանութը գտնվում է Բերձորում, իսկ այնտեղ տանող ճանապարհը ձմռանն առատ ձյունը հաճախ է փակում:

Բայց գյուղը շարունակում է գոյատեւել, քանի դեռ այնտեղ կա դպրոց և աշակերտներ։ Իսկ Վերոնիկան և Նարինեն էլ կարծում են, որ կրթությունը գյուղում հույս է սերմանում։

«Մենք ամեն ինչ կանենք, որ մեր գնալուց հետո նոր ուսուցիչներ գան՝ մեր գործը շարունակելու»,-ասում է Նարինեն։

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ