Պատերազմ և խաղաղություն. ռազմադաշտի կանայք
Ուշադրություն
դիտումներ` 8714
լեզու: 

65-ամյա Մարիետա Խաչատրյանը 26 տարի զինվորական համազգեստ է կրում: Մասնագիտությամբ ինժեներ Խաչատրյանը 1990-ականների սկզբին միացել է Ղարաբաղյան պատերազմին` առանց գիտակցելու, թե որքանով է այդ որոշումը փոխելու իր կյանքը:

«Բնույթով ես մարտիկ եմ: Մասնակցել եմ բազմաթիվ բողոքի ցույցերի ԽՍՀՄ-ի փլուզվելու շրջանում և փորձել եմ իմ ձայնը լսելի դարձնել: Պատերազմը բռնկվելուց անմիջապես հետո կամավոր գրվեցի, քանի որ տանը մնալ չէի կարող: Ես դեռ պետք է իմ սեփական կռիվն ունենայի», - հիշում է Մարիետան:

1990-ականների սկզբին նա միացել է Սիսիականի կամավորական ջոկատին, որը կարճ ժամանակ անց մեկնել է կռվելու Բերձորում (Լաչինում), սակայն զինվորներն իրենց հետ չեն տարել Մարիետային՝ ջոկատի միակ կին զինվորին: Մեկ ամիս անց, մեկ ճակատամարտում սպանվել է ջոկատի յոթ անդամ:

«Երբ մեր տղաները մահացան, ես հասկացա, որ Սիսիանում չեմ կարող մնալ և, որ իմ տեղը մարտադաշտում է: Ես կռվելու թույլտվություն ստացա, վերցրեցի իմ զենքն ու միացա տղաներին` հուսալով, որ շուտով խաղաղություն կլինի և ողջ կվերադառնանք տուն: Ես ուզում էի ընտանիք ունենալ, բայց սպասում էի պատերազմի ավարտին: Չամուսնացա: Այսօր իմ երազանքներն ավելի մեծ են, որոնք ստվեր են գցում ընտանիք ունենալու այդպես էլ իրականություն չդարձած իմ հին ցանկության վրա»,-ասում է նա:

Խաչատրյանն ասում է, որ պատերազմում կռվել են մոտ 200 կանայք. նրանցից 40-ը մահացել են: Այսօր Մարիետան աշխատում է «Խաչակիր» ՀԿ-ում. կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է պատերազմի վետերանների խնդիրների լուծմանը:

«Պատերազմն ավարտվել է նրանց համար, ովքեր չեն մասնակցել դրան, բայց այն դեռևս թարմ է մեր հիշողություններում, քանի դեռ մենք օգնում ենք միմյանց, ինչպես որ սովոր էինք օգնել պատերազմի դաշտում»,- ասում է Մարիետան` հավելելով, որ օգնում են հավասարապես բոլոր վետերաններին` անկախ սեռից:

«Տարբերություն չկա` կինն է մարտադաշտում, թե տղամարդը: Բոլորի երակներում նույն արյունն է հոսում: Կա ընդամենը մեկ տարբերություն. կանայք ամենուր խաղաղություն են փնտրում: Երբ վերադարձանք մեր զորանոց, ես դարձա հաշտարար: Իմ ներկայությունը զսպում էր զինվորներին: Նրանք չէին վիճում, կամ էլ հայհոյում իմ ներկայությամբ: Երբ ես զգում էի, որ լարվածություն կար, մնում էի իրենց կողքին, մենք խոսում կամ կատակում էինք, մինչև լարվածությունն անցներ»,- հիշում է Մարիետան:

Նրա պատերազմի համազգեստն այժմ ցուցադրվում է Սիսիանի պատմության թանգարանում: Խաչատրյանն այն հպարտությամբ նվիրաբերել է թանգարանին, և երբ կարոտում է ջոկատում ապրած օրերն՝ այցելում է թանգարան: Դեռ պահում է ռազմական այն բաճկոնը, որը կրել է պատերազմում կռվելու ընթացքում:  Այսօր այն հագնում է նույն հաճախականությամբ, ինչ մեդալները` առիթից առիթ:

Լուսանկարն արվել է 1992 թվականին Սաֆյան գյուղում: Այն Քաշաթաղ (Լաչին) տարածաշրջանում է: Այստեղ Մարիետան մասնակցում է իր առաջին ռազմական գործողությանը:
65-ամյա Մարիետան չի սիրում մեդալներ կրել: Նա ասում է, որ յուրաքանչյուր մեդալ պատմություն ունի և միշտ չէ, որ հաճելի է հիշել դրանք:
Մարիետան ստացել է մի քանի մեդալներ` իր ակտիվ գործունեության համար:

Սիսիանից մեկ այլ կամավոր` 59-ամյաՆեկտար Օհանյանը նախընտրել է պահել իր համազգեստը:

«1993 թվականն էր, իմ որդին 12 տարեկան էր: Հայտարարեցին, որ բժշկական մասնագետների կարիք կա: Ես բուժքույր էի և որոշեցի կամավորություն անել: Երբ եկավ հրաժեշտի պահը, լաց եղա: Չէի կարող նրան ասել, որ պատրաստվում եմ պատերազմի մեկնել, ստեցի: Ասացի, որ գնում եմ Երևան, աշխատանքի հետ կապված հանդիպում կա»,- հիշում է Նեկտարը:

Ի տարբերություն Մարիետայի` Նեկտարը չի կռվել առաջնագծում: Նա մահվան դեմ իր պայքարը մղել է հիվանդանոցում:

Հրադադարի ռեժիմից հետո Նեկտարը որոշել է աշխատանքի անցնել Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում`տուն վերադառնալու փոխարեն:

«Ամուսինս մահացել էր նախքան պատերազմի սկսվելը: Ընտանիքում միայն ես և որդիս էինք: Նա հասկացավ, որ իմ կյանքը զինված ուժերում է և հարգեց իմ որոշումը: Ավելին, նա նույնիսկ «բռնեց [ռազմական] ուղին» և հիմա զինվոր է»,-ասում է Նեկտարը:

«Շատ շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր սեռային տարանջատում չէին դնում: Նրանք ինձ ընկալում էին որպես բուժքույր, ընկեր, մայր, բայց ոչ երբեք կին` զուտ ֆիզիոլոգիական իմաստով: Ասում էին, որ ես նրանց խաղաղության աղավնին եմ, և ես ամեն ինչ անում էի, որպեսզի պատվով կրեմ այդ տիտղոսը, ինչպես որ հիմա ես կրում եմ իմ մեդալները: Կարծում եմ, կանանց ներկայությունը անհրաժեշտ է [զինված ուժերում]: Յուրաքանչյուր վաշտ պետք է ունենա առնվազն մեկ կին անդամ` զինվոր, բուժքույր...», - ասում է Նեկտարը:

59-ամյա Նեկտար Օհանյանն ասում է, որ արձակված մազերն արգելված էին պատերազմի ընթացքում: Այժմ, զինադադարի ժամանակ, նա վայելում է իր ռազմական գլխարկի ներքո մազերը չթաքցնելու շքեղությունը:
Պատերազմից հետո հրատարակված «Աննվաճ երկրի վահանը» գիրքը ներառում է Սիսիանի ռազմական զորամասի համառոտ պատմությունը: Այնտեղ պատմվում է նաեւ զորամասում Նեկտարի ունեցած դերի մասին:
Նեկտար Օհանյանն իր ռազմական ընկերների հետ:

Ղարաբաղում նա աշխատել է մինչեւ 2006 թվականը, ապա վերադարձել է Սիսիան և աշխատանքի անցել տեղի հոսպիտալներից մեկում:

Տասը տարի անց, սակայն, 2016 թվականին մեկնել է Ղարաբաղ, կրկին որպես կամավոր, այս անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ:

Նեկտարի համոզմամբ «նախկին զինվոր» չկա: Նույնիսկ այսօր, չնայած իր տարիքին, պատրաստ է գնալ և կանգնել զինվորների կողքին, եթե նրա օգնությունն անհրաժեշտ է:

Նեկտարը նշում, որ  անձը պետք է սիրի իր երկիրն ու գնահատի խաղաղությունը: «Ուրիշից սեր ու խաղաղություն պահանջելուց առաջ ինքդ պատրաստ եղիր այն ստեղծել ու ամուր պահել»,-հավելում է նա:


Հոկտեմբեր 2018, «Խաղաղարարներ» թողարկում

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ