Պատերազմի ջրափին. Բերքաբեր
Ուշադրություն
դիտումներ` 3975
լեզու: 

Քաղցրահամ ջրում ձկնորոսություն անելը սովորաբար ամենավտանգավոր գործը չէ, եթե, իհարկե, ձկնորս չես Հայաստանի և Ադրբեջանի միջև յուրատեսակ ջրային բուֆեր համարվող Ջողասի ջրամբարում: Այստեղ գյուղացիները ստիպված են ձուկ բռնել գիշերով:

1970 թվականին ջրամբարը կառուցվել է ոռոգման և ձկնարտադրության համար: Չնայած նրան, որ «գավազան» կոչվող հրաբխային ապարին հենված 2.14 քառակուսի կիլոմետր հայելով ջրավազանի տեսքը տպավորիչ է, կյանքն այստեղ ամենեևին էլ հեքիաթային չէ։

90-ականների սկզբներին, երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմ բռնկվեց հայերի և ադրբեջանցիների միջև, այս փայլփլող ջրային զանգվածը անհասանելի էր երկու կողմերի համար:

Ռմբակոծության վտանգի պատճառով լճի մոտ տեղակայված 465 բնակիչ ունեցող Բերքաբեր գյուղի բնակիչները հիմնականում մութն ընկնելուց հետո են իրենց նավակներով դուրս գալիս ձկնորսության: Բերքաբերը ադրբեջանական դիրքերից 500 մետր հեռավորության վրա է: Դիպուկահարների կրակոցներից խուսափելու համար գյուղացիները սովորաբար ձուկ են բռնում ջրափին շատ մոտ տարածքում:

Բերքաբերցիները չեն կարող մշակել իրենց հողերի մեծ մասը, քանի որ այն գտնվում է ջրամբարի մյուս կողմում, և ադրբեջանական զինված ուժերի կողմից մշտական ռմբակոծության է ենթարկվում:
Ջողասի ջրամբարը կառուցվել է Սովետական միության շրջանում և նախատեսված էր ոռոգման ջուր ապահովելու ինչպես Բերքաբերի, այնպես էլ ադրբեջանական Մեզեմ գյուղի համար: Այն նաև նախատեսված էր ձկան պահածոների գործարաններին հումք մատակարարելու համար։
64-ամյա Սուրեն Խուդավերդյանը ապրուստ է վաստակում՝ ջերմոցում բանջարեղեն աճեցնելով: Համագյուղացիներից շատերի նման, ղարաբաղյան պատերազմից հետո նա չի կարող մշակել իր հողատարածքները: Դրանք ներկայումս գտնվում են ադրբեջանական զինված ուժերի թիրախում:
Չնայած վտանգին` Բերքաբերի բնակիչների մեծ մասը շարունակում է ապրել հայրենի գյուղում:
51-ամյա Սերժ Մաիլյանը ձկնորս է: Ներկայումս ձկնորսությունը Բերքաբերի ամենավտանգավոր զբաղմունքներից մեկն է:
27-ամյա Անուշավան Խուդավերդյանը թողել է իր աշխատանքը Ռուսաստանում և վերադարձել հայրենի Բերքաբեր` ձկան չորացման բիզնես սկսելու նպատակով: Նկարում իր արտադրանքից մի օրինակ է: Բերքաբերի չորացված ձկները վաճառվում են հարևան գյուղերում և քաղաքներում` որպես գարեջրի խորտիկ:
Պիկնիկ` ջրամբարի հարևանությամբ գտնվող այգում:

Ստեղծված իրավիճակը կարծես թե ձեռնտու է միայն ձկներին: Հիմնականում կողակ, կարպ և կարմրախայտով հարուստ 60 մետր խորությամբ ջրամբարի հիմնական բնակիչները հեռացել են ափից: Բերքաբերի 6 ձկնորսներից մեկի` 51-ամյա Սերժ Մաիլյանի խոսքով, այլևս առատ որս չի լինում:

Ինչի պատճառով էլ Մաիլյանը ամեն մի ձկնորսությունից աշխատում է ոչ ավել, քան  4,000 դրամ ($8.28):

Այնուամենայնիվ, եղածը բավական էր, որպեսզի Բերքաբերի մեկ այլ բնակիչ՝ 27-ամյա Անուշավան Խուդավերդյանը ձկան չորացման փոքր բիզնես բացեր:

«Աշխատանքը սեզոնային է: Տարվա ընթացքում մենք աշխատում ենք միայն 5 ամիս` ամռանն ու աշնանը, երբ գարեջրի հետ խորտիկի կարիք կա»,-ասում է նա:

Բիզնես սկսելու համար Ռուսաստանից հայրենիք վերադարձած Խուդավերդյանը չորացրած ձկները վաճառում է միայն Տավուշի մարզում, սակայն նշում է, որ իր արտադրանքի աշխարհագրությունը ընդլայնելու նպատակ ունի:

Սա կստացվի միայն այն դեպքում, եթե ռմբակոծությունները չավելանան: Գյուղացիների հավաստմամբ, նախկինում հրադադարի ռեժիմի երկարատև խախտման պատճառով ձկնորսությունը դադարեցվել էր մի քանի տարով:

Նրանք նաև նշում են, որ անկանոն օգտագործման պատճառով ջրամբարի հատակին էրոզիա է առաջացել: Մաիլյանի խոսքով, ջուրսը սկսել է ճահճանալ` շարժման բացակայության պաճառով:

«Ջրամբարի ջուրը մաքուր է: Այն գալիս է լեռներից: Սակայն պատերազմի սկզբից ի վեր, ոչ մեկ [ազատորեն] չի կարող օգտագործել այդ ջուրը:

Դպրոցի աշակերտներն իրենց ազատ ժամանակն անց են կացնում գյուղում:
Աշակերտները` ռոբոտաշինության դասի ժամանակ:
Զբոսաշրջիկների համար կազմակերպված գյուղական տոնավճառը` Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Այն տարիներ առաջ կառուցվել է իրաքահայ բարերարի աջակցությամբ:
Բերքաբերի երեխաներն օգնում են իրենց ծնողներին վաճառել մրգերը, չորացրած խոտաբույսերը, լոբին, մեղրը և չորացրած ձկները տոնավաճառում, որը կազմակերպել է «Սահման» ՀԿ-ն և հայրենադարձությամբ զբաղվող Repat Armenia-ին:
Բերքաբերի բնակիչները` աշնանային տոնավաճառին:
16-ամյա Սրբուհի Խուդավերդյանը (աջից) ուզում է դառնալ լրագրող:
Չնայած ադրբեջանական դիրքերից եկող վտանգին` Բերքաբերի այս երեք աղջիկները սիրում են հանգստանալ Ջողասի ջրափին:

Ջողասի ջրամբարի ուղղությամբ նայելիս, Բերքաբերի բնակիչները  կարող են հեշտությամբ տեսնել Ադրբեջանի՝ Մեզեմի գյուղի բնակիչներին, ովքեր դաշտում աշխատելուց հետո իրենց հանգիստն են անցկացնում ջրամբարի մոտ կամ հարսանիքներ նշում:

Հարուստ մշակովի հողերը, որոնք մի ժամանակ սնում էին Բերքաբերը և որտեղից էլ առաջացել է գյուղի անունը, այժմ անհասանելի են` մշտական գնդակոծությունների և ռմբակոծությունների պատճառով:

Այդ տարածքներին ավելի քան 25 տարի հասանելիություն չունենալու պատճառով բերքաբերցիներից շատերն այսօր փոխարենը միրգ և բանջարեղեն են աճեցնում իրենց ջերմոցներում: Դրանց մի մասը կառուցվել է Երևանում գործող «Սահման» հասարակական կազմակերպության միջոցով, որը սոցիալական ապահովության և տնտեսական զարգացման մի շարք ծրագրեր է իրականացնում Հայաստանի սահմանային գյուղերում:

Ջերմոց ունեցող 64-ամյա Սուրեն Խուդավերդյանը նշում է, որ գազամատակարարման բացակայության պատճառով դժվար է գումար վաստակել ջերմոցներից:

«Գազամատակարարումը հնարավորություն կտար սեզոնից դուրս բարձր գներով միրգ և բանջարեղեն վաճառել»,- ասում է Խուդավերդյանը: Նա էլ, համագյուղացիներից շատերի նման, ջերմոցն օգտագործում է միայն տաք, արևային եղանակներին:

Այնուամենայնիվ, գյուղացիներին որոշակի օգնություն է տրվում ` մեղմացնելու այս խոչընդոտները:

Հայաստանի կառավարությունը հոգում է սահմանամերձ գյուղերի բնակիչների էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի ծախսերի կեսը, ազատել է նրանց  հողի հարկից այն տարածքների համար, որոնք այլևս չեն կարող մշակել:

Բիզնեսը խթանելու համար գյուղացիներին ազատել են նաև շահութահարկից և ավելացված արժեքի հարկից: Սակայն այս ամենի վերաբերյալ 2015-ին ընդունված օրենքի ժամկետն ավարտվում է այս տարվա սկզբին:

Գրիշա Դիլբարյանի տնից երևում են ադրբեջանական մարտական հենակետերը և Մեզեմ գյուղը:
Բերքաբերի բնակիչ Գրիշա Դիլբարյանն ուզում է սրճարան բացել, որն այցելուներին «մի հայացք» կառաջարկի սահմանագծի կյանքից:
Դիլբարյանների ընտանիքը հյուրերին հյուրասիրում է իրենց այգում աճեցրած մրգերով, որը Ջողասի ջրամբարի անմիջական հարևանությամբ է:
Տունը ռմբակոծությունից պաշտպանելու համար Գրիշա Դիլբարյանը իր պատշգամբի վերջում պատ է կառուցել, որտեղ էլ սովորաբար նստում են հյուրերը:
Գյուղապետ 50-ամյա Գրիշա Դիլբարյանը կնոջ` 44-ամյա Ալվարդի հետ:

«Սահման» ՀԿ-ի համահիմնադիր էրիկ Բաղդասարյանը պնդում է` երեք տարին բավական չէ, որպեսզի մարդիկ կարողանան օգուտ ստանալ այս օրենքից, ցանկալի կլիներ, որ այն  երկարաձգվեր  ևս 5 տարով:

Չնայած այդ ամենին` բիզնես սկսելու ռիսկային գործոնը դեռևս պահպանվում է:

Բերքաբերի 50-ամյա գյուղապետ Գրիշա Դիլբարյանը, ով պարբերաբար այցելուների է հյուրընկալում իր տանը, մտածում է դրա մի հատվածը սրճարան դարձնելու մասին: Տան պատշգամբից հիանալի տեսարան է բացվում դեպի Ջողասի ջրամբար:

Սակայն կա մի «բայց»․ նրա տունն ընկած է ադրբեջանական մարտական հենակետերի դեմ դիմաց:

Տեղացիները կատակում են, որ սրճարանը պետք է անվանել «Կաֆե Էքստրիմ»:

Դիլբարյանը, ինչպես գյուղի ձկնորսները, ջրամբարի վտանգը անտեսում է։ Դա չի կարող խոչնդոտ լինել նրա բիզնես ծրագրերը դադարեցնելու համար:

«Տունը հաճախ է ռմբակոծվում, բայց ես նախընտրում եմ չթաքնվել, այլ հանգիստ նստած մնալ իմ պատշգամբում»,-ասում է նա` հավելելով, որ «Սա հերոսական գյուղ է»:

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ