Պետականության մոռացված հայրերը
Ուշադրություն
դիտումներ` 7333
լեզու: 

Հայաստանի Առաջին Հանրապետությունը` ստեղծված 1918 թվականի մայիսի 28-ին, նշանավորեց Հայաստանի պետականության վերականգնումը 543 տավա անկախության բացակայությունից հետո: Այն ապահովեց ոչ միայն անկախություն, այլեւ երկիր, որտեղ Ցեղասպանությունից ու պատերազմից փրկված հարյուր հազարավոր մարդիկ գտան իրենց ապաստանը: Սակայն այսօր պատմության այդ ժամանակշրջանը շատ քիչ է հիշվում, կամ գրեթե չի հիշվում: Շատերը մտահոգված են, որ Առաջին Հանրապետության երկու հիմնադիր հայրերը` Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանն ու վարչապետ Հովհաննես Քաջազնունին պարզապես մոռացվել են:

 

Մայքլ Բաբայանի արխիվից
Արամ Մանուկյանի այս լուսանկարն արված է Երեւանում, 1919-ին՝ մահվանից ամիսներ առաջ:
Մայքլ Բաբայանի արխիվից
Հովհաննես Քաջազնունու եզակի պահպանված լուսանկարներից մեկը։ Այն արվել է 1919-ին՝ Նյու Յորք կատարած այցելության ժամանակ:

Հավանական պատճառները բազմազան են. Առաջին Հանրապետությունը գոյատեւեց ընդամենը երկուսուկես տարի` մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Դրան հաջորդող տասնամյակներում Առաջին Հանրապետության մասին ընդհանրապես չէր խոսվում: Այս վերաբերմունքը փոխվեց, երբ 1991 թվականին Հայաստանը կրկին վերականգնեց իր անկախությունը: Չնայած`այսօր էլ շատ քիչ ուշադրություն է դարձվում պատմության այդ ժամանակաշրջանին:

Թեեւ ամեն տարի մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը, սակայն այն սահմանափակվում է զուտ համերգներով եւ տարատեսակ ելույթներով, շեշտադրվում է միայն թուրքական զորաբանակի դեմ Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը, եւ ետին պլան մղվում հանրապետության հիմնադրումը:

2017-ի մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպված տոնակատարությունների ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում նշեց.

«1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր և փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ: Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը»:

Նա, սակայն, ոչ մի բառ չասաց Առաջին Հանրապետության մասին:

Աղբյուրը` president.am
Սերժ Սարգսյանը պետական պաշտոնյաների ու զինվորականների հետ Սարդարապատի հուշահամալիրում, 2017 թ․ ։

Որոշ պատմաբանների համոզմամբ, Առաջին Հանրապետությունը եւ վերջինիս կարեւորությունը ստվերած հերոսամարտերը փոխկապակցված են: Արամ Մանուկյանը կազմակերպել է 1918-ի պաշտպանությունն Օսմանյան Թուրքիայի ներխուժման դեմ:

Նա Ներքին գործերի նախարար եղել է մինչեւ 1919 թվականի սկիզբը, երբ 39 տարեկանում մահացավ տիֆից:

Մասնագիտությամբ ճարտարապետ Հովհաննես Քաջազնունին հանրապետության վարչապետ դարձավ նույն քաոսային օրերին, երբ երկիրը անցնում էր դժվարին փորձությունների` հակառակորդի ներխուժման, սովի, համաճարակների, հազարավոր գաղթականներին ապաստան տրամադրելու խնդիրների միջով: Բազմակուսակցական կառավարության եւ Արեւմտյան իշխանությունների հետ լավ հարաբերություններին կողմնակից լինելով` Քաջազնունին այս պաշտոնում մնաց մինչեւ 1919 թվականը, նախքան Միացյալ Նահանգներ` որպես Հայաստանի կառավարության ներկայացուցիչ ուղարկվելը:

Աղբյուրը` ՀՅԴ պատմության թանգարան
Հովհաննես Քաջազնունին 1919-ին Կառավարության իր աշխատասենյակում:

Բոլշեւիկների իշխանության գալուց հետո, Քաջազնունին սկզբից ապաստան գտավ Ռումինիայում, այնուհետեւ վերադարձավ Հայաստան` շարունակելու իր գործը որպես ճարտարապետ: Նա դասավանդում էր Երեւանի պետական համալսարանում եւ համագործակցում Ալեքսանդր Թամանյանի հետ: Քաջազնունին մահացավ 1937-ին` բանտային հիվանդանոցում` դառնալով ստալինյան բռնաճնշումների զոհ:

Սիվիլնեթի Լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը զբաղվում է նաեւ Հայաստանի Առաջին հանրապետության պատմության ուսումնասիրմամբ, չի հիշում մի դեպք, երբ պետական պաշտոնյաները մայիսի 28-ին այցելած լինեն Արամ Մանուկյանի եւ Հովհաննես Քաջազնունու գերեզմաններին կամ խոսեն պետականության հիմադրման գործում այս կերպարների դերի մասին:

«Այսօրվա պետական քաղաքականությունն ուղղակիորեն տանում է պատմության մոռացության: Միլիոնավոր դրամներ են ամեն տարի ծախսվում մայիսի 28-ի տոնակատարությունների համար` պաստառներ, հրավառություններ, համերգներ: Բայց նույն Քաջազնունու գրքերը, որոնք մեծ նշանակություն ունեն պատմության պահպանման համար, նոր հրատարակություններ չեն ունենում: Երկուսի գերեզմաններն էլ այսօր անտեսված ու լքված են, հարյուր հազարավոր այլ գերեզմանների հետ գտնվում են Երեւանի «Կենտրոնական» (Թոխմախի) գերեզմանատանը: Համոզված եմ, որ մեր բարձրագույն ղեկավարության ճնշող մեծամասնությունը անգամ չգիտի, թե որտեղ են դրանք, ինչ վիճակում են, որոշները գուցե չեն էլ լսել այս գործիչների մասին»,-ասում է Թաթուլ Հակոբյանը:

Civilnet.am
2017-ին Թաթուլ Հակոբյանն աղբի ու մոլախոտերի մեջ կորած գտավ Քաջազնունու ընտանեկան գերեզմանը: Շատ չանցած նախաձեռնեց տարածքի մաքրումը:

Մոռացված գերեզմանները

Միայն Մանուկյանի գերեզմանն է պահպանվել մինչ օրս` շրջապատված  տասնյակ այլ գերեզմանների անկանոն շարքերով Երեւանի ամենամեծ «Կենտրոնական» գերեզմանատանը: Թաթուլ Հակոբյանի հավաստմամբ, Քաջազնունու մարմինն ամփոփված է եղել «Կոզեռն» գերեզմանատանը, որը քանդվել է խորհրդային տարիներին` կորցնելով Քաջազնունու գերեզմանի հետքը:

Պատմագետ Մայքլ Բաբայանը արդեն մի քանի տարի ուսումնասիրում է Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունն ու պետական գործիչների կենսագրությունները:  Նրա խոսքով, Քաջազնունու մահվան 80-րդ տարելիցին նրա գերեզմանին այցելեցին 10, իսկ ծննդյան 150-ամյակին` ընդամենը 5 մարդ:

«Պետական մակարդակով փորձում են մոռացության մատնել պատմությունը, քանի որ Քաջազնունու գործունեությունն ու համեստ կյանքը ուղղակի անհամեմատելի են այսօրվա իրականության հետ»,- կարծում է պատմագետը:

Քաջազնունու ծոռը` Քսենիա Օռլովան, ով ապրում է Մոսկվայում, նշում է, որ իր մեծ պապիի անունն ու հիշատակը Հայաստանում անարդարացիորեն մոռացված է:

«Այս տարվա հունվարին լրացավ բանտում նրա մահանալու 80 տարին, փետրվարին էլ` 150-ամյակը: Մեզ համար զարմանալի էր, որ պետական մակարդակով այդ իրադարձությունները չհիշատակվեցին, ծննդյան օրը չնշվեց. հիշեցին միայն նրանք, ովքեր հարգանք ունեն Քաջազնունու ու նրա գործի հանդեպ»,-մեր նամակին ի պատասխան գրեց Քսենյա Օռլովան` ընտանիքի անունից հույս հայտնելով, որ մի օր Հայաստանում անպայման կկանգնեցվի նաեւ Հովհաննես Քաջազնունու արձանը: 

Արամ Մանուկյանի ընտանեկան գերեզմանը շրջապատված է տասնյակ այլ գերեզմանների անկանոն շարքերով:
Ոտքի ճանապարհ դեպի Արամի ընտանեկան գերեզման չկա, այն հնարավոր եղավ գտնել գերեզմանից գերեզման ցատկելով:
Արամի ու նրա զավակների կողքին թաղված է նաեւ վերջինիս կինը` Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր, բժշկուհի Կատարինե Զալյանը:
Զալյանի շիրմաքարը անհայտ անձանձ կողմից վանդալիզմի է ենթարկվել: Գողերը պոկել են քարին ամրացված` բժշկությունը խորհրդանշող բրոնզե քանդակները:
Այս շիրմաքարն ավելի շատ սիմվոլիկ բնույթ ունի, Քաջազնունին այստեղ չի թաղվել:
Առաջին Հանրապետության առաջին վարչապետի մարմինը ամփոփված է եղել «Կոզեռն» գերեզմանատանը, որը քանդվել է խորհրդային տարիներին` կորցնելով Քաջազնունու գերեզմանի հետքը:
Հետագայում այս շիրմաքարը տեղադրել է նրա դուստրը` Մարգարիտա Քաջազնունին` ի հիշատակ հոր եւ ընտանիքի մյուս անդամների:

Հայ հեղափոխական դաշնակցության անդամները պարբերաբար այցելում են Մանուկյանի շիրիմին, որն այժմ ուղիղ ժառանգներ չունի, բայց Քաջազնունու գերեզմանը գրեթե անտեսված է: Թաթուլ Հակոբյանի կարծիքով սրա պատճառը Քաջազնունու` գաղափարական հողի վրա դաշնակցության շարքերը լքելն էր:

Հայ հեղափոխական դաշնակցությունը համաձայն չէ այս պնդման հետ:

Թեեւ Երեւանի քաղաքապետարանն անցած տարի հայտարարեց Մանուկյանի արձանը կանգնեցնելու մասին, սակայն նման որեւէ պլան չկա կապված Քաջազնունու հետ:

ՀՅԴ մամուլի քատուղար Արտաշես Շահբազյանն Առաջին Հանրապետության նկատմամբ հետաքրքրության բացակայության մեջ մեղադրում է Սովետական Միությանը, որը հիմնադիրներին պիտակավորում էր որպես դավաճանների, իսկ Առաջին հանրապետությունը որպես արկածախնդիրների անհաջող նախաձեռնության։

Նա համաձայն է, որ այսօր շատ ավելին պետք է արվի Առաջին Հանրապետությունը հիշելու համար.

«Պատճառը միանշանակ կրթությունն է, մինչ օրս դպրոցներում ու բուհերում պատշաճ ներկայացված չէ Առաջին Հանրապետության պատմությունը, տոնական օրերին էլ խոսվում է միայն մայիսյան հերոսամարտերի մասին։ Այս տարի՝ 100-ամյակին ընդառաջ, Դաշնակցությունը քայլեր է ձեռնարկելու խոսելու առաջին հերթին հանրապետության գործիչների, պետականության երեւույթի ու դրա կարեւորության մասին։ Դա ներառելու է հեռուստատեսային հաղորդումներ, ֆիլմեր, քննարկումներ, դասախոսություններ եւ այլն»։

Հեղինակ` Գեւորգ Ղազարյան
Դաշնակցության պատմության թանգարանը Երեւանում:
Հեղինակ` Գեւորգ Ղազարյան
Արամ Մանուկյանի՝ տարիներ շարունակ կրելու հետեւանքով մաշված շապիկը:

Պահպանված եւ անտեսված պատմությունը

Մանուկյանի եւ Քաջազնունու մասին պատմական փաստերն ու վերջիններիս որոշ անձնական իրերը պահվում են Դաշնակցության պատմության թանգարանում:  Թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանն ասում է, որ թանգարանով ու հատկապես Առաջին Հանրապետության պատմությամբ հետաքրքրվողները շատ չեն: Ոււնենում են հատուկենտ այցելուներ, ովքեր կամ կուսակցության պատմությամբ հետաքրքվողներ են, կամ էլ դպրոցականների խմբեր:

Այլ իրեղեն վկայություններ այս երկու քաղաքական գործիչների անցյալի վերաբերյալ, շատ քիչ են պահպանվել:

Առաջին Հանրապետության կանգուն վկա կառավարության շենքը՝ Հանրապետության 37 հասցեում, այսօր վերածվել է պիցերիայի: Հենց այս պատշգամբից է 1918-ին հայտարարվել Հայաստանի անկախության հռչակագիրը։ 1918-1920 թթ․ այստեղ է աշխատել երկրի կառավարությունը։

Իսկ Արամի անունը կրող Երեւանի կենտրոնական փողուցում գտնվող Մանուկյանի տնից մնացել է միայն շենքի ֆասադը: Բացառապես հուշատախտակից կարելի է գլխկի ընկնել, որ այս տանն ապրել ու մահացել է Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից մեկը: Արամի փողոցը վերջին տասնամյակում «մաքրվեց» պատմական գրեթե բոլոր շենքերից. հիմա այստեղ մեկը մյուսի հետեւից նորակառույցների հիմքեր են գցվում`բիզնես կենտրոնների ու բնակելի շենքերի համար:

 

(վիդեոն` Դավիթ Այվազյանի)

Արամի պատմական տունը պետության սեփականությունը չէ, պատկանում է մասնավոր անձի, ով պահպանման ու վերակառուցման քայլեր չի ձեռնարկում: Այն ներառված է«Հին Երեւան»  պատմաճարտարապետական միջավայրի նախագծում: Թե ինչ ճակատագիր է սպասվում տանը` հայտնի չէ:   

Պուշկինի 4 հասցեում գտնվող Քաջազնունու տունը հիմա մասնավոր մի ընկերության գրասենյակ է։ Շենքն ու հողը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանի շինարարական ընկերությանը։ Պուշկինի 4-ը արդեն ճանաչվել է հանրային գերակա շահ։ Սա նշանակում է, որ բազմաթիվ պատմական շենքերի նման այն եւս կարող են քանդել՝ տեղում նոր բարձրահարկ կառուցելու նպատակով։

Հեղինակ՝ Գեւորգ Ղազարյան
Մանուկյանի տան պատին փակցված հուշաքարը:
Հեղինակ՝ Գեւորգ Ղազարյան
Գրություն`փակցված Մանուկյանի տան պատին:
Հեղինակ՝ Գեւորգ Ղազարյան
Պուշկին 4 հասցեի բնակարաններից մեկում է ապրել Քաջազնունին։
Հեղինակ՝ Գեւորգ Ղազարյան
Ինչպես Արամի տունը, Քաջազնունու բնակարանի նախկին տարածքը եւս փլատակների ու աղբի մեջ է:
Հեղինակ՝ Գեւորգ Ղազարյան
Խորհրդային տարիներին շենքը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում էր։ Հիմա այն ցանկից հանված է։
Հեղինակ՝ Գեւորգ Ղազարյան
ԽՍՀՄ քարտեզը ` Քաջազնունու տանը:

Քաջազնունու ծոռը` Քսենիա Օռլովան, մեզ հետ զրույցում նշեց, որ 1990-ականների սկզբին խոսվում էր Քաջազնունու տուն-թանգարանի հնարավոր ստեղծման մասին, ինչը տեղի չունեցավ (Քաջազնունու դուստրը` Մարգարիտա Քաջազնունին, հավաքել ու պահպանել էր հորը վերաբերող բազմաթիվ իրեր ու այլ թանգարանային նմուշներ): Նա հույս ունի, որ այդ թանգարանը մի օր կստեղծվի:  Թեեւ  կառավարությունն այսօր կարծես թե նման պլաններ չունի:


 

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ