Լուծելով բնակարանային խնդիրը․ երեք տարբերակ
Ուշադրություն
դիտումներ` 3793
լեզու: 

Համակուրսեցիներ 31-ամյա Գեւորգ Ավագյանը եւ 33-ամյա Քրիստինա Գասպարյանն ամուսնացան 2012-ին: Երեւանում բնակվող Քրիստինայի համար Գեւորգի ծննդավայր Խորոնք գյուղ (Արմավիրի մարզի) տեղափոխվելն ու ամուսնու ծնողների հետ ապրելը խնդիր չէր, միանգամից համաձայնեց ու ամուսնությունից հետո էլ տեղափոխվեց:

«Ես էլ, ամուսինս էլ Երեւանում ենք աշխատում, ամեն օր առավոտյան գնում, երեկոյան վերադառնում ենք, հինգամյա երեխաս մնում է տատիկի հետ, մանկապարտեզ գնում, հետո էլ տատիկն է վերցնում մանկապարտեզից, խնամում, մինչեւ մենք կվերադառնանք աշխատանքից: Գեւորգի ընտանիքի հետ ապրելը շատ է օգնում: Երբեք չեմ մտածել, որ դա կարող է խնդիր լինել»,-ասում է Քրիստինան:

Քրիստինա Գասպարյանն ապրում է ամուսնու ծնողների հետ Արմավիրի մարզի Խորոնք գյուղում:
Հեռուստաօպերատոր Գեւորգն ու հաշվապահ Քրիստինան իրենց հնգամյա որդու՝ Մհերի հետ։ Ծնողները Մհերին տեսնում են միայն երեկոյան ժամերին, քանի որ օրվա մեծ մասն անցկացնում են Երեւանում։
Գեւորգը, Քրիստինան, Մհերը եւ Գեւորգի ծնողները՝ Մուրազն ու Զվարթը։ Գեւորգի ծնողները հոգ են տանում իրենց թոռան` Մհերի մասին, մինչեւ ծնողներն աշխատանքից տուն վերադառնան։

Շատ երիտասարդ ընտանիքների համար, սակայն, Գեւորգի ու Քրիստինայի մոդելը հարմար չէ: Հակառակ ծնողների հետ ապրելու ավանդույթին՝ շատերը ցանկանում են ամուսնանալուց հետո առանձին ապրել, հիփոթեքով բնակարան ձեռք բերել կամ էլ բնակարան վարձել, ինչը «էժան հաճույք» չէ:  

 

32-ամյա լուսանկարիչ Հրանտ Խաչատրյանն ու 26-ամյա լեզվաբան Աննա Բալայանն ամուսնացան երկու ամիս առաջ: Այժմ վարձով են ապրում Երեւանի կենտրոնում: Երկու սենյականոց բնակարանի համար վճարում են 150 հազար դրամ, ինչը մեծ բեռ է երիտասարդ ընտանիքի բյուջեի համար:

«Մոտ տասնհինգ տարի վարձով եմ ապրում տատիկիս հետ: Ամուսնանալուց հետո տեղափոխվեցինք ավելի մեծ՝ երկսենյականոց բնակարան: Նախորդ տանը ապրել էի ութ տարի, տեղափոխվելիս հաշվեցի, թե ինչքան վարձ եմ տվել: Ստացվեց, որ ութ տարվա մեջ 20.000 դոլարից ավել գումար եմ վճարել տան վարձ, այսինքն եթե հիփոթեքով նույն բնակարանը գնած լինեի, գումարի մոտ 30 տոկոսն արդեն վճարած կլինեի: Մի ուրիշ հաշվարկ էլ արեցի. մի բանկ կար, որ յոթ տոկոսով վարկ էր տալիս: Եթե 60.000 դոլարանոց բնակարան վերցնեի, հիմա վճարածս վարձից ավելի քիչ գումար պետք է վճարեի ամսական»,- ասում է Հրանտը:

Հրանտն ու Աննան բնակարան են վարձում Երեւանի կենտրոնում։ Համաձայն «Ֆրիդրիխ Էբերտ Շտիֆտունգ» հիմնադրամի՝ 2016-ին անցկացրած հետազոտության, հայ երիտասարդ ընտանիքների միայն 7,5 տոկոսն է ապրում ծնողներից առանձին։

Աննայի եւ Հրանտի խոսքով, միակ խնդիրը վարկի նախնական գումարը վճարելն է, ինչը հաճախ ծանր է երիտասարդ ընտանիքի համար:

«Հիմա ընտանիքի միակ աշխատողը ես եմ, տան վարձ ենք վճարում ու այդ նախնական 10 տոկոս գումարը հավաքել չի ստացվում: Արդեն մտածում ենք նաեւ Հայաստանից մեկնելու մասին: Եթե ստացվի, ապա կդիմենք, բնակարան կգնենք ու արտասահմանից աշխատելով կփակենք վարկը»,- ասում է Հրանտը:

Մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանի համոզմամբ, կրթական ցենզի բարձրացմանը զուգահեռ ավելի ու ավելի շատ երիտասարդներ են ցանկանում անձնական տարածք ունենալ, շատ հաճախ նաեւ անկախ բնակարանային պայմաններից:

«Եթե նայենք պետական բնակարանաշինության ծրագրից օգտվողներին, ապա կտեսնենք, որ նրանց գերակշիռ մասը բարձրագույն կրթություն ունի, մի մասն էլ արտասահմանում է կրթություն ստացել ու ինդիվիդուալիզմը այդ մարդկանց մոտ գերակշռող է: Ընտանիքի «գերդաստանային» մոդելից նրանք հրաժարվում են, առաջին հերթին, անձնական կոմֆորտ տարածքն ունենալու համար, ինչը վաղուց ընդունված նորմ է արեւմտյան մշակույթում»,- ասում է Աղասի Թադեւոսյանը։

2010 թվականին ՀՀ Կառավարությունը հաստատեց «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան»  պետական ծրագիրը: Ըստ ծրագրի՝ պետությունը ֆինանսավորում է վարկի տարեկան տոկոսադրույքի երկու տոկոսը, 2017-ին ընդունված մեկ այլ որոշմամբ՝ ֆիզիկական անձի աշխատավարձից պետբյուջե գնացող եկամտային հարկը ամբողջությամբ կարող է ուղղվել բնակարան ձեռք բերելու համար վերցրած հիփոթեքային վարկի տոկոսների գումարի մարմանը: Սա լրացուցիչ խթան էր, որպեսզի շատ երիտասարդ ընտանիքներ առանձնանան ծնողներից ու սեփական բնակարանը ձեռք բերեն: 

Հենց այս ծրագրի հնարավորությունից են օգտվել ամուսիններ Սանասար Դավթյանն ու Սոնա Արազյանը: Ամուսնանալուց հետո մի քանի տարի բնակվել են Սանասարի ծնողների հետ, այնուհետեւ որոշել, որ սեփական բնակարանը պետք է ունենան: Երեւանի Արաբկիր վարչական շրջանում կառուցվող «Երազ» բնակելի թաղամասի երեք սենյականոց իրենց բնարականն այժմ գրեթե պատրաստ է բնակության համար: 

Այժմ Սանասարն ու Սոնան կահավորում են իրենց բնակարանը: Զույգը դիմել է բնակարանի հիփոթեքային վարկավորման պետական ծրագրին, որն օգնում է երիտասարդ ընտանիքներին ձեռք բերել իրենց առաջին համատեղ բնակարանը։ Մրցակցությունը մեծ է, մեկ բնակարանի համար՝ չորս հայտ։
«Երազ» բնակելի թաղամասը: Կանաչ տարածքները, խաղահրապարակները, լողավազանն ու հարմարավետ ավտոկայանատեղին այս թաղամասը դարձրել են բնակարան փնտրող երիտասարդների ցանկալի վայրերից մեկը:

«Ծնողների հետ բնակվում էինք նույն բնակարանում, տունը այդքան էլ մեծ չէր, սենյակները քիչ էին, ու նպատակահարմար գտանք, որ դիմենք այս ծրագրին: Մրցույթը մեծ էր, մի բնակարանի համար 4-5 հայտատու կար, վիճակահանությամբ մեր բախտը բերեց ու ձեռք բերեցինք այս բնակարանը»,-ասում է Սանասարը, իսկ կինը` Սոնան հավելում.

«Ես էլ, Սանասարն էլ աշխատում ենք որպես ֆինանսիստ: Ես՝ բանկում, Սանասարը՝ մասնավոր հիմնադրամում, երկուսիս աշխատավարձերից գոյացող եկամտահարկը գումարեցինք իրար, հասկացանք, որ եթե 20 տարով վերցնենք այս բնակարանը, առաջին 10 տարին վճարելու ենք ամսական մոտ 60.000 դրամ, վարկի տոկոսների մնացած գումարը փակելու է եկամտահարկը: Շատ հարմար պայմաններ էին ու չէինք կարող չօգտվել»:

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 1990-2017 թվականներին ամուսնության միջին տարիքը թե՛կանանց, թե՛տղամարդկանց մոտ աճել է չորս տարով: Սրա պատճառներից մեկը, ըստ նույն զեկույցի, սեփական բնակարան ձեռք բերելու ցանկությունն է, ինչին երիտասարդները ֆինանսապես հաջողում են հասնել եռեսուն տարեկանի մոտ:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով, բանկային համակարգը պետք է շահագրգռված լինի` մեծացնելու ներդրումները հիփոթեքային վարկերի ուղղությամբ: Շինարարական ոլորտը նախորդ տարի զգալի աճ է գրանցել այդ ոլորտում, որի պատճառներից մեկը հենց երիտասարդների հետաքրքրվածության բարձրացումն է այս ծրագրի նկատմամբ.

«Երիտասարդների շրջանում վճարունակությունը բարձրացել է, հատկապես մեծ հետաքրքրություն կա եկամտային հարկը վարկի տոկոսների մարմանն ուղղելուց հետո, բայց դա էլ բավարար չէ ամբողջ պահանջարկը բավարարելու համար: Կարծում եմ՝ կառավարությունը բանկային համակարգի հետ միասին պետք է մտածի սուբսիդավորման նոր գործիքներ գտնելու ու կիրառելու մասին: Սրա արդյունքում կշահեն եւ բանկային, եւ շինարարական ոլորտները»,- հավելում է Մարգարյանը:

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ