Ջնջելով սահմանները խոհանոցում եւ խաղահրապարակում
Ուշադրություն
դիտումներ` 3679
լեզու: 

Հայաստանում գրեթե ամեն ինչում սահմանը կնոջ և տղամարդու միջև շատ հստակ է դրված. երեխաների խնամքի և տնային տնտեսվարման հարցերը կնոջ ուսերին են, իսկ տան տղամարդը զբաղված է ընտանիքի ապրուստի համար գումար վաստակելով: Այս մտածելակերպը սերմանվում է դեռ մանկուց, երբ երեխան ակամայից դառնում է մեծահասակների պահվածքի, զրույցի մշտական հանդիսատեսը և սովորում «կարելին» և «չի կարելին»: Հայկական շատ ընտանիքներում հանդիպում է «տղամարդու գործ» և «կնոջ գործ» հասկացությունները:

Թեև դանդաղ, բայց մայրաքաղաքում և դրանից դուրս, սերնդեսերունդ կյանքը փոխվում է: Ասիական Զարգացման Բանկի  2015֊ի ուսումնասիրությունում նշվում է, որ 50֊ից բարձր տարիքի տղամարդիկ ավելի հավանական է, որ որոշ աշխատանքներ կբնութագրեն որպես «բացառապես կանանց գործ, օրինակ` ճաշ եփելը, ամաններ լվանալը և այլ տնային գործեր, անկախ նրանից կինն աշխատանք ունի, թե ոչ»։ Սակայն անկախության սերունդը հավատում է, որ ամուսինները պետք է տնային աշխատանքը հավասարապես բաժանեն, բայց նույնիսկ այստեղ մինչև 39 տարեկան հարցվածները կարծում են, որ մաքրությունն ու ճաշ եփելը «կնոջ գործն է»։

Չնայած այս ամենին` այսօր երբեմն կարելի է հանդիպել տղաների, ովքեր ջանասիրաբար օգնում են մայրերին, և հակառակը` կան աղջիկներ, ովքեր տղամարդկանց կարծիքով զբաղվում են «ոչ կանացի գործերով»:

Ալեքսանդրը և Նարեն, ապրելով Երևանում և Լեռնագոգ գյուղում, դաստիարակվել են այնպիսի ընտանիքներում, ուր սահմանը կնոջ և տղամարդու աշխատանքների և նախասիրությունների միջև գծված չէ, և նրանք ազատ են իրենց գործողություններում:

Ալեքսանդր Ամրոյանը 17 տարեկան է: Ապրում է ծնողների և 9-մայ քրոջ` Սոնայի հետ: Դեռ փոքրուց օգնում է մորը տնային գործերում և դա միշտ անում է հաճույքով: Ալեքսանդրի համար խորթ երևույթ չէ, երբ տղամարդը հավասարապես կիսում է կենցաղային գործերը կնոջ հետ. նրա համար լավ օրինակ է հանդիսանում հայրը:
Ալեքանդրը մաքրում է քրոջ պատրաստած նախաճաշի հետևանքները: Դպրոցն ավարտելուց հետո ցանկանում է սովորել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում:
Պատշգամբում կա պահածոների համար նախատեսված պահարան, ուր Ալեքսը փորձում է տեղավորել դատարկ տարաները:
Սոնայի խնամքի հարցում եղբայրը նույնպես մասնակցություն ունի:
Ալեքսը լվացրած կաթսաները տեղավորում է պահարաններում: Ասիական զարգացման բանկի 2015-ին անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ հայ տղամարդկանց մեծամասնության համար ընդունելի է զբաղվել տան հետ կապված գործերով, սակայն պատասխանողների գրեթե մեկ քառորդը (21.8%), հիմնականում կանայք (87.5%), չեն կարծում, որ այսօր կան այնպիսի տղամարդիկ, ովքեր պատրաստ են հավասարապես մասնակցել տնային գործերի կատարման պարտականություններին:
Խոհանոցի մաքրման աշխատանքները գրեթե ավարտված են:
Շուրջ 2000 բնակիչ ունեցող Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի աղջիկների ֆուտբոլի թիմը բավականին հայտնի է մարզային ֆուտբոլային մրցաշարերում: Այս գյուղում երեխաները շատ զբաղմունք չունեն, սակայն ֆուտբոլը միշտ կարևոր տեղ է զբաղեցնում նրանց առօրյայում:
17-ամյա Նարե Գալստյանը գյուղի լավագույն ֆուտբոլիստ աղջիկն է: Նա 2013-ին իրենց դպրոցում ստեղծել է աղջիկների ֆուտբոլի թիմ, որը հաճախ խաղում է այլ մարզերի թիմերի հետ: Հայաստանում չկա կանանց ֆուտբոլի պաշտոնական մրցաշարեր: 2003-ին կանանց ազգային հավաքականն ունեցել է իր առաջին միջազգային խաղը Ավստրիայի դեմ եւ ձախողել է անցնել Աշխարհի եւ Եվրոպայի գավաթի խաղերին: 2012 թվականից ի վեր կանանց ազգային հավաքականն այլեւս չի խաղացել:
Նարեն 8 տարեկանից ֆուտբոլի մեծ երկրպագու է: Ընտանիքում միայն պապն է իր նախասիրությանը դեմ, իսկ ծնողները Նարեի նախաձեռնությունները խրախուսում են:
Նարեն հայտնի հայ ֆուտբոլիս Հենրիկ Մխիթարյանի երկրպագուներից մեկն է: Վերջերս Մխիթարյանին տեսնելու նրա բաղձալի երազանքն իրականացավ «Հայաստանի Մանուկներ» (COAF) հիմնադրամի շնորհիվ:
Այս տարի Նարեն ընդգրկվել է Flex (Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրում) և գալիք ուսումնական տարին նա կանցկացնի ԱՄՆ-ում:
Լեռնագոգի ֆուտբոլի աղջիկների թիմը ոչ միշտ է լիարժեք կազմով մարզվում. ամառվա շրջանում շատերը օգնում են ծնողներին` այգեգործության մեջ:
Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ