«Շքեղության շուկա». ոսկյա շախմատից մինչեւ անիվատիպ մատանիներ»
դիտումներ` 4524
լեզու: 

Չնայած Հայաստանում խորացող սոցիալական ճգնաժամին, երբ երկրում պաշտոնապես աղքատ է համարվում ամեն երրորդ մարդ, Երեւանի հայտնի ոսկու շուկայի ավտոկայանատեղին դժվար թե դատարկ տեսնեք: Ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին կամ էլ այլ տոնական լուրջ միջոցառումներին հայերի սիրելի նվերը ոսկին է` որպես, սեր ու հարգանք, վերաբերմունք ցույց տալու ամենաարժեքավոր եւ յուրահատուկ ապացույց: «Մեր ժողովուրդը ոսկի սիրում է»,-վստահեցնում են հայ ոսկերիչները:

Ոսկեզօծ աստիճանները տանում են վեր՝ ոսկու աշխարհ, այնպիսին ինչպիսին կա արդեն բազում տարիներ:
47-ամյա Վահագն Միքայելյանի ժպիտն անպակաս է։ Չնայած լավ տրամադրությանը, 25 տարվա ոսկերչության փորձ ունեցող մասնագետն ասում է, որ մարդկանց հնարավորությունները շատ են նվազել։ «Մարդկանց սոցիալական իրավիճակի մասին բոլորը գիտեն,-ասում է նա,-դրա համար նախընտրում են ավելի մատչելի զարդեր, քանի որ ավելիի հնարավորություններ չունեն»։
26-ամյա Հասմիկ Խաչատրյանն ասում է, որ 7-8 տարի է, ինչ ոսկերչական զարդերի վաճառքով է զբաղվում։ «Հունիս-օգոստոս ամիսներին ոսկյա զարդերի պահանջարկն ավելի մեծ է՝ հարսանիքներ, խնջույքներ,- ասում է Հասմիկը,-բայց մարդկանց հնարավորությունները մեծ չեն: Հիմնականում պահանջարկ կա մեկ քար ունեցող ոսկյա մատանիների, քանի որ դրանք անհամեմատ մատչելի են»։
57 ամյա Արփինե Թառոյանը նշում է, որ ամբողջ ընտանիքով ոսկերչության և ոսկյա զարդերի վաճառքի ոլորտում են ներգրավված։ «Բոլորով այս ոլորտում ենք աշխատում, բայց հիմա լավագույն ժամանակները չեն,-նշում է նա,-դրամի արժեզրկումը, ոսկու գրամի գնի տատանումները ու ընդհանրապես մարդկանց սոցիալական դժվար վիճակը լուրջ խնդիրներ են ստեղծել նաեւ մեր ոլորտում»:
Դժվարին իրավիճակը, որի մասին խոսում են բոլորը, լավագույնս նկարագրում են ոսկու շուկայում դատարկ մնացած բազմում աշխատասեղանները: Դրանց շուրջ ժամանակին եռուզեռ էր:
Դժվարին իրավիճակը, որի մասին խոսում են բոլորը, լավագույնս նկարագրում են ոսկու շուկայում դատարկ մնացած բազմում աշխատասեղանները: Դրանց շուրջ ժամանակին եռուզեռ էր:
Նեղ միջանցքները` կիսամութ եւ հեղձուկ լի են տարատեսակ փոքր կրպակներով, որտեղ ոսկու հետ կապված ամեն տեսակի ծառայություններ են մատուցում: Այստեղ են տեղակայված նաեւ ոսկու փոքրիկ անհատական արտադրամասերը, որտեղ ոսկերիչները մանրակրկիտ եւ համբերատար աշխատում են:
Վարդան Միրումյանը 31 տարեկան է և 8 տարի է ինչ այս ոլորտում է։ Նա հիմնադրել է փոքր մի արտադրամաս, ուր հիմնականում երիտասարդ մասնագետներ են աշխատում։
«Սկզբում քար էի տեղադրում զարդերի վրա, հետո սկսեցի մոդելավորմամբ զբաղվել ու վերջիվերջո իմ արտադրամասը հիմնեցի»,-ասում է նա՝ ձուլարանում բացատրելով, թե ոսկու ձուլակտորը ինչպես է վերածվում նրբաոճ զարդի:
Միրումյանը ցույց է տալիս դետալները, որոնցից պետք է շախմատի դաշտ պատրաստի: Նա նշում է, որ հետաքրքիր պատվերներ հաճախ են ստանում:
Ահա «Աուդի» մեքենայի ոսկե տարբերանշանը, որը պատվիրել է մի կոլեկցիոներ: Նա 1937 թվականի արտադրության նման մակնիշի ավտոմեքենա ունի։
Տարոն Հակոբյանը 27 տարեկան է: 5,5 տարի է զբաղվում է ոսկերչությամբ։ Նա ասում է, որ ոսկերչության հանդեպ սերն ի հայտ եկավ 19 տարեկանում, երբ տեսավ թե ծանոթներից մեկը ինչպես է ոսկյա զարդեր պատրաստում:
«Ավելի շատ ադամանդով հավաքածուներ են պատվիրում`մատանի, ականջօղեր,-ասում է նա,-զարմանալի պատվերներ էլ ենք ունենում, օրինակ՝ մեքենայի անիվների նման կոպիտ ամուսնական մատանիներ էին պատվիրել, բայց ես միշտ հավատարիմ եմ «հաճախորդը միշտ ճիշտ է» սկզբունքին»,-ժպտում է նա։
27-ամյա Մովսես Խանամիրյանն ասում է, որ ամենաբարդը զմրուխտե քարերի հետ աշխատելն է: «Շատ հեշտ են փշրվում, պետք է անչափ զգույշ լինես»:
Մուտք ու ելք։
Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ