Одним словом, из рассказов доктора Абасалиева выходило, что Айлис — и есть одно из 1001 имен Бога. И, возможно, его любовь к Айлису не имела никакого отношения ни к армянам, ни к мусульманам. Это было, скорее, еще одним своеобразным и поистине благородным проявлением верности человека Истине․

Акрам Айлисли, из книги «Каменные сны», 2012.

Պատերազմն իր ներքին ձայնն ունի, որ թնդանոթի ձայն չի, ոչ էլ պայթող արկերի. այն մի համր ճիչ է մարդու ներսում` մարդու և մարդկայինի կորստի: 


Մարտունի քաղաքի բնակիչ Մավրիկ Միրզոյանը՝ ադրբեջանական հարձակման հետևանքով ավերված իր տանը:

Մարտունու բնակիչ Շահեն Բալայանն ադրբեջանական ռմբագոծությունների հետևանքով կորցրել է կնոջը։ Նրա դուստրը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, մեկ տարեկան յոթ ամսական թոռը նույնպես վիրավորվել է ոտքից։

Մի ընտանիքից բազմաթիվ զավակներ մասնակցում են պատերազմական պաշտպանական գործողություններին, Մարտունի:


Պատերազմի երկրորդ օրն է։ Ես  Արցախում եմ։ Սա մեծածավալ պատերազմ է։ “Հրավառություն” օտարի համար, որին  աշխարհը կունկնդրի լավագույն դեպքում հետաքրքրությամբ, առավոտյան սուրճի կամ թեյի բաժակի շուրջ զրույցներով, քաղաքական չեզոք կոչերով, որոնք ոչինչ չեն փոխի։ 

Ստեփանակերտ, Արցախի մայրաքաղաք:  Օդը փոշոտ է, փոշու մեջ անորոշություն, ես ճանապարհում եմ Միկային՝ ընկերոջս 22 ամյա որդուն, ում այստեղ պատահաբար հանդիպեցի: Նա գնում է առաջնագիծ։ Մեկնելուց առաջ սելֆի ենք անում, երկար սպասման մեջ մեկ ու մեջ ծիծաղում ենք, մինչև Միկայի ուսապարկը անհետանում է ավտոբուսի դռների հետևում: Հետո, երկար ժամանակ,  նրանից լուր չենք ունենա։ 


Հորիզոնում ռազմագիծն է, որտեղ մարտեր են:


Այս պատմությունը ինձ համար անձնական է: Պատմություն մի պատերազմի մասին, որը չի մահանում արդեն 30 տարի։ Ես հրաժեշտ եմ տալիս հայացքներին, որոնց էլ չեմ տեսնելու․ կրկին “հարսանիք” կլինի լեռներում։ Սահմանները թաց են 18 տարեկան տղաների արյունով, թիկունքում արկերից քանդվում են տներ, մարդիկ են  մահանում։


Բեկորի հետք տան դարպասին:

Բեկորների հետքեր բնակելի տան պատին, Մարտունի:


Ապատսպարան: Ընկերոջս ընտանիքն է: Երեխաները խաղում են իրենց աշխարհում: Ռմբակոծություն ահազանգող օդային տագնապի շչակները հաճախ ընդհատում են նրանց խաղը և տեղափոխում սենյակի խորքը, բայց նրանք շարունակում են խաղալ, թվում է, թե խաղը չի դադարի։ Օդային տագնապների դադարների արանքում նշում ենք Նարեկի 9 ամյակը․ պատերազմում, կյանքի ամեն մի օրը ավելի քան կարևոր է դառնում։


Խաղալիքներ Մարտունի քաղաքում, տան բակերից մեկում, ռմբակոծությունից հետո:

Ապակու բեկորներ Շահեն Բալայանի` ադրբեջանական հարձակումից տուժած տանը:


Ճանապարհ: Խրամատներ են, լսում եմ հեռվում պայթող արկերի ձայնը և նայում  կիսաքանդ շինություններին, որոնք  դեռ առաջին /1991-1994/ պատերազմի օրերին են վնասվել: Հեռվում երևում է  ռազմաճակատի գիծը։ Կից կանգառը ժամանակին բանուկ է եղել։ Ճանապարհին հանդիպում են պայթյունից վառված  մեքենաների գորշ ուրվականներ, ռումբերից առաջացած փոսեր, մոլորված ընտանի կենդանիներ։ Ավերվածություններից հոգնած հայացքս խրամատի նման մի փոս է դառնում։

Ադրբեջանական ռմբակոցությունից հետո առաջացած ավերածություններ, ջրափոսը առաջացել է ռումբի ընկած փոսում, Մարտակերտ:

Լքված կանգառ զինվորական նախշազարդով Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոճանապարհին:


Գերեզմաններ։Կողքիս ադրբեջանական շիրմաքարեր են, որ վկայում են՝ այստեղ ազգերը խաղաղ են ապրել։ Մյուս կողմում  երկրորդ համաշխարհայինի հաղթանակին նվիրված, ժամանկի մեջ քայքայված կոթողն է, ևս մի համատեղ կյանքի վկայություն, որտեղ ազգերը միասին պատերազմել են  ֆաշիզմի դեմ, հանուն ընդհանուր հաղթանակի, ինչը հիմա զավեշտալի է թվում։ Այսօր նույն մարդիկ դուրս են եկել անզիջոմ բախման՝ մի կողմի համար հանուն տարածքի, իսկ մյուսի համար՝  հանուն իր հողում  ինքնուրույն ապրելու իրավունքի։


Ադրբեջանական շիրմաքարեր:

Երկրորդ համաշխարային պատերազմի հաղթանակին նվիրված կոթող


Պատերազմը արյունոտ վիշտ է, ուր է գնում, կուտակվում որդուն կորցրած ապրողի ցավը, միթե պիտի վերածվի  քարե կոթողի:

Վերադարձ դեպի  Երևան: Քաղաքը շունչը պահել է։ Պատերազմը մտել է ամեն մեկիս տուն: Ո՞ւր է իմ վախը։  Այն վաղուց եմ կորցրել ճանապարհին,  այն  չի օգնում և չի խանգարում,  երբ գալիս է անխուսափելին։ Ես դարձել եմ ական, որի մեջ պայթուցիկ է կուտակվում․ ձեռք չտա՛լ. կպայթի: 

Առավոտ է․  նոր քայլող բոբիկ տոտիկներով,  տղաս ինձ է մոտենում կիսամութի մեջ։ Սովարականից ավելի ամուր եմ գրկում նրան։


Տան բակ ռմբակոծությունից հետո, Մարտունի:


Կարդացեք, թե պատերազմն ինչպես է ազդել մեր ադրբեջանցի գործընկերոջ վրա. Living the conflict frame by frame



Ծանուցում. Չայխանան ըմբռնումով է մոտենում հակամարտության երկու կողմերի համայնքների տեսակետներին ու ապրումներին: Մենք հասկանում ենք, որ այս հրատարակության որոշ նյութեր կարող են վիրավորել ընթերցողներին: Հուսով ենք, որ լրագրողներին այս դժվարին ժամանակներում իրենց փորձի մասին անկեղծորեն գրելու հարթակ տալով՝ մենք կօգնենք խթանել երկխոսությունը:


թողարկում

Ճակատ

գլխավոր
Chai-khana Survay