Ընտանիքը՝ երկու առաջնագծերում

Հեղինակ՝ Հասմիկ Բալեյան

Պատկերազարդումը՝ Լիկա Գուրգենիշվիլիի


Մեկ տարի առաջ Արսենն ու Հայկազը բժշկական համալսարանի ուսանողներ էին։ Երկու եղբայր, բնակվելով մայրաքաղաք Երևանում, կենտրոնացել էին իրենց կրթության վրա։ Նրանք ընտրել են իրենց հոր՝ մանկաբույժ, ընտանեկան բժիշկ Արամ Հարությունյանի ուղին:

Երևանի պետական բժշկական համալսարանի 4-րդ կուսի ուսանող 24-ամյա Արսենը և օրդինատուրայի 1-ին  կուրսում սովորող Հայկազը համավարակի տարածումից հետո նախընտրեցին  մնալ Երևանում՝ հայրենի Արենի համայնք վերադառնալու փոխարեն այս համայնքի հեռավորությունը Երևանից 110 կմ է։


Քանի որ կրթական պրոցեսն իրականացվում էր օնլայն, եղբայրները կամավոր աշխատանքի անցան բուժհաստատություններում և սկսեցին բուժել  կորոնավիրուսով վարակված պացիենտներին։

«Ես ցանկացել եմ  բժիշկ դառնալ մարդկանց օգնելու համար։ Իմ հոր կյանքում հենց դա է ինձ գրավել ես հիացել եմ ու հպարտացել նրանով, որ նա միշտ օգնել է մարդկանց», — ասում է Արսենը։

Արամը հիվանդներին բուժում էր իրենց համայնքում գտնվող բուժհաստատությունում, իսկ նրա որդիները  Երևանում հոգ էին   տանում COVD-19-ով վարակվածների մասին։ Ամռանը Հայկազը կորոնավիրուսով վարակվել է մեկ անգամ, իսկ Արսենը՝ երկու։

57-ամյա բժիշկ Արամն անհանգիստ է եղել, բայց միաժամանակ հպարտացել, երբ իր որդիները կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում էին։

«Երբ որդիներս ասացին, որ որոշել են որպես կամավոր աշխատել Երևանում գտնվող COVID կենտրոններում,  ես և կինս հպարտ էինք, որ  մեր որդիները գիտակցում են իրենց մասնագիտական առաքելության  կարևորությունը՝ ցանկանալով օգնել մարդկանց», — ասում է բժիշկ Արամը։

«Իհարկե, վտանգը մեծ է, բայց այլ ելք չկա։ Բժիշկները միշտ պայքարում են հիվանդության դեմ։ Իմ որդիները ևս պետք է պայքարեն։ Եթե նրանք ընտրել են այդ մասնագիտությունը, ապա պետք է պայքարեն»։

Բժիշկ Արամը և նրա կինը՝ Ալիսա Համբարձումյանը, կրկին ստիպված էին ականատես լինել, թե ինչպես են իրենց որդիները հայտնվում վտանգի մեջ, երբ սեպտեմբերին սկսվեց պատերազմն Արցախում։

«Երբ իմ որդիները որոշեցին, որ որպես կամավոր  բուժաշխատողներ՝ պետք է պայքարեն կորոնավիրուսի դեմ, ես չփորձեցի նրանց ետ պահել այդ որոշման իրագործումից։ Ինչ  վերաբերում է Արցախ մեկնելուն, ապա այդ անգամ ևս ես ու կինս չենք փորձել նրանց հետ պահել», - ասում է բժիշկ Արամը։

«Բժշկի առաքելությունը կյանքեր փրկելն է։ Եթե նույնիսկ պատերազմական իրավիճակ է, ռումբեր ու արկեր են պայթում, բժիշկը դարձյալ պետք  է հիշի իր մասնագիտական առաքելության մասին ու կյանքեր փրկի»։

Հայկազը ռազմաճակատ է մեկնել սեպտեմբերի 27-ին, իսկ Արսենը՝ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին։ Նա ընդգրկված է եղել ջոկատի կազմում և գտնվել է Ղարաբաղի հյուսիսային՝ Եղինիկներ կոչվող հատվածում, որը թեժ կետ էր։

Բժիշկ Արամը գիտեր, թե ինչ վտանգների միջով պիտի անցնեին իր որդիները։ Արմատներով  ղարաբաղցի Արամը 1988-1994 թվականների պատերազմական գործողությունների ընթացքում  հաճախ ստիպված է եղել մարտեր մղել, որպեսզի կարողանա վիրավորների կողքին լինել ու բուժել նրանց։
Մինչև  որդիների Արցախ մեկնելը Արամը նրանց ասել է «Ձեր կյանքը պատկանում է ոչ միայն ձեզ, այլև վիրավոր տղաներին»։

 Այս ամենը Արամը հասկացել է՝  անցնելով 90-ականների պատերազմի սարսափների միջով։



57-ամյա Ալիսան ևս ասում է, որ չի էլ փորձել իր  որդիներին հետ պահել Ղարաբաղ մեկնելու որոշումից։  Նա մինչև այսօր հիշում է նաև այն տարիները, երբ իր ամուսինը իրենց մարզկենտրոնում գտնվող զորամասի բուժծառայության բաժնի պետն էր։ 

«Նրանք որոշել են դառնալ բժիշկ։ Ես նրանց հետ չեմ պահել, երբ ապրիլ ամսին որոշեցին որպես կամավոր աշխատել բուժհաստատություններում ու փրկել կորոնավիրուսով հիվանդներին։ Արցախ մեկնելու հետ կապված՝ իհարկե, անհանգստացել եմ, սիրտս ցավել է, բայց չեմ արգելել, չեմ խնդրել, որ չգնան ռազմադաշտ», —  ասում է Ալիսան։ 

«Ես հասկանում եմ, որ իմ որդիների առաքելությունը կյանքեր փրկելն է, և բազմաթիվ մարդիկ Արցախում ունեին նրանց օգնության կարիքը»։

Պատերազմի ընթացքում զոհվել է  է 15 բժիշկ։ Բարեբախտաբար, Ալիսայի որդիները ողջ են։ Ավագ որդին՝ Հայկազը, տղաներին  առաջնագծում բուժելիս վիրավորում է ստացել,  և անգամ այդ վիճակում շարունակել է մնալ այնտեղ ու բուժել վիրավորներին։ Նույնիսկ  հիմա Հայկազը Ղարաբաղում է, որպեսզի օգնի նրանց, ովքեր հիմա զգում են դրա կարիքը։

Առաջնագծում իր պարտքը կատարող Արսենը  տուն է վերադարձել հոկտեմբերի 26-ին։ Պատերազմի ավարտից հետո էլ Արսենը չի հասցրել հանգստանալ։  Մեկ շաբաթ չանցած՝ նա աշխատաքի է անցել Սիսիանի COVID  կենտրոնում, այնուհետև՝ Երևանում։

«Պատերազմից հետո հասարակության համար կորոնավիրուսը  իր սարսափելի կերպարով երկրորդ պլան մղվեց, քանի որ պատերազմն է՛լ ավելի սարսափելի էր, բայց բժիշկները երբեք չեն անտեսել  կորոնավիրուսի դեմ պայքարը», —  ասում է նա։

«Կորոնավիրուսը մեր կյանքը փոխեց մենք անհանգստանում ենք մեր հարազատների համար, քանի որ չգիտենք՝ ում օրգանիզմն ինչպես կկարողանա պայքարել այս հիվանդության դեմ, վախենում ենք կորցնել մեր հարազատներին․․․ Իսկ պատերազմը սովորեցրեց  գնահատել կյանքի ամեն վայրկյանը, շփումը հարազատների ու սիրելիների հետ, և այն, ինչը նախկինում մանրուք էր թվում»։

Կարդացեք նաև, թե պատերազմն ինչպես է ազդել ադրբեջանցի բժիշկների վրա. Treating soldiers, one war at a time

թողարկում

Ճակատ

գլխավոր
Chai-khana Survay