Ազատության տարածքը

Իննա Մխիթարյան

Երեւանի Ազատության հրապարակը հայերի անկախության, ազատության եւ սոցիալական արդարության ձգտման վկան է: Տասնամյակներ շարունակ քաղաքի սրտում տեղակայված այս հրապարակը եղել է վայր, որտեղ հայերը հավաքվել են հիշատակելու տարբեր իրադարձություններ, բարձրաձայնելու իրենց դժգոհությունն ու փոփոխությունների պահանջը:

«Իջնենք օպերա» արտահայտությունը հնչում է մարդկանց բերանից, երբ քաղաքական ու սոցիալական դժգոհության դեմ բողոքելու առիթ կա:

Սովետական տարիներին այս տարածքը կոչվում էր Թատերական հրապարակ, սակայն 1991-ի անկախությունից հետո այն վերանվանվեց Ազատության հրապարակի:

Առաջին անգամ այս տարածքում ժողովուրդն իր բողոքն արտահայտելու համար հավաքվեց 1965 թվականի ապրիլի 24-ին` «Ճանաչել ցեղասպանությունը» կարգախոսներով: Խորհրդային հասարակարգի պայմաններում 50-ամյա լռությունից հետո հանրությունը պահանջում էր ապրիլի 24 -ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր եւ կառուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որը ցույցերից երկու տարի անց դարձավ իրականություն:

Սովետական Միության փլուզման վերջին տարիներին` 1987-88 թվականներին, հրապարակը կրկին կենդանացավ: Բողոքի ցույցերի պահանջները (առաջին օրերին)  հիմնականում կապված էին էկոլոգիական խնդիրների` մասնավորապես  «Նաիրիտ» գործարանի, Մեծամորի ատոմակայանի և կառուցվելիք ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի հետ: Սակայն շուտով այս բողոքի ակցիաներում հնչեցին նաեւ քաղաքական ելույթներ եւ պահանջ դրվեց Ղարաբաղն Ադրեջանի կազմից հանելու եւ Հայաստանին միավորելու:

 

 Ղարաբաղ կոմիտեն` Ազատության հրապարակում (1988 թ): 11 ինտելեկտուալներից և հայտնի գործիչներից կազմված կոմիտեն բազմամարդ ցույցեր կազմակերպեց ի աջակցություն Ղարաբաղի՝ ՀԽՍՀ կազմի մեջ մտնելու պահանջի։

Այն, ինչ սկսեց որպես կենտրոնական իշխանություններին ուղղված պահանջ, դարձավ հայկական պատմության վճռորոշ պահերից մեկը: Ծնվեց Ղարաբաղյան շարժումը, որն ի վերջո փոխելու էր Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը:

20 տարի անց քաղաքական դժգոհությունը հազարավոր մարդկանց կրկին բերեց Օպերա, որն այդ ժամանակ պաշտոնապես կոչվում էր Ազատության հրապարակ: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո հրապարակը դարձավ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիների շուրջօրյա հանրահավաքների վայր: Դրանք ավարտվեցին մարտի 1-ին իրավապահ մարմինների կողմից ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառված ուժով, որը վերածվեց բախումների եւ խլեց 10 մարդու կյանք: Այնուհետեւ հայտարարվեց 20 օր արտակարգ դրություն:

Վերջերս Ազատության հրապարակն առավելապես դարձել է սոցիալական բողոքների վայր, այստեղ սկսեց էլետրաէներգիայի թանկացման դեմ պայքարը  եւ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ նախաձեռնությունը:


 

(Ձախ նկար) 1965–ի ապրիլի 24-ին մարդիկ հավաքվել էին Երեւանի Թատերական հրապարակում՝ պահանջելով Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայի կողմից հայերի էթնիկ զտումները ճանաչել որպես ցեղասպանություն: (Ֆոտոն` Հերբերթ Բաղդասարյանի):

(Աջ նկար) Ցեղասպանության վերապրածների ժառանգ 73-ամյա Կատյա Ղազարյանն է: 1965-ին Կատյան 20 տարեկան էր, ուսանում էր Շինարարական տեխնիկումում: Նա մեծ եղբոր ու ընկերների հետ ներգրավվել էր երիտասարդական շարժմանը, թռուցիկներ պատրաստել ու տարածել Հայաստանի տարբեր բնակավայրերում` մարդկանց տեղեկացնելով ապրիլի 24-ին կայանալիք հանրահավաքի մասին: Հենց այդ օրը երթից հետո նա ձերբակալվել եւ երեք օր ոստիկանության բաժանմունքում էր անցկացրել: Կատյայի մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ ձերբակալվել է զազրախոսության համար:

Ղազարյանը հիշում է, որ ապրիլի 24-ին բոլորով պայմանավորվել էին հանրահավաքի սեւ հագուստով գնալ:

«Մենք մտածում էինք, որ շատ բան կփոխենք այդ օրը եւ հետ կվերադարձնենք մեր հողերը: Միամիտ էինք»,- ասում է նա:

59-ամյա Զարուհի Մուրադյանը 1988 թվականին, երբ սկսեց Ղարաբաղյան շարժումը, 29 տարեկան էր: Վստահ լինելով, որ դա Հայաստանի պատմության համար շրջադարձային պահ էր, Մուրադյանը նկարահանել է ցույցերն իր տեսախցիկով: Այն իրեն նվիրել էր հայրը` նկարիչ Սարգիս Մուրադյանը, որը կամերան բերել էր ԱՄՆ շրջագայությունից:

Այսօր, սակայն, Զարուհի Մուրադյանը, Ազատության հրապարակում չի զգում նույն էներգիան:

«Ես շատ էի տխրել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնակատարությանը, քանի որ հավատացած էի` հրապարակը բազմամարդ կլինի, սակայն այդպես չէր: Այս պահին հրապարակը մեռած տարածք է ինձ համար»,-ասում է Մուրադյանը:

48-ամյա Ապրես Զոհրաբյանն Ազատության հրապարակի վետերաններից է: Յոգայի մարզիչը դեռեւս 1988-ին միացել էր Ղարաբաղյան շարժման ցույցերին: Այն ժամանակ նա 18 տարեկան էր եւ մեկնեց մասնակցելու Ղարաբաղյան պատերազմին: Սակայն նրա ակտիվությունը ժամանակի հետ չնվազեց: Զոհրաբյանը մասնակցել է Ազատության հրապարակի բոլոր առանցքային ցույցերին` 1996, 2008 եւ 2013 թվականներին: Զոհրաբյանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև «Սասնա Ծռեր» խմբավորման պաշտպանության համար կազմակերպված բողոքի ակցիաներին:

Վազգեն Մանուկյանը 1989֊ին (ձախ նկար) և այսօր (աջ նկար) Ազատության հրապարակում:

Մաթեմատիկոս Վազգեն Մանուկյանը 42 տարեկան էր, երբ 1988֊ին միացավ «Ղարաբաղ կոմիտեին»։ Ղարաբաղի միացմանն ուղղված ցույցերն ընթանում էին Ազատության հրապարակում: Ակտիվ գործունեության համար ձերկաբալվել է սովետական իշխանությունների կողմից եւ վեց ամիս պահվել Մոսկվայի  բանտում: Այնուհետեւ, Հայաստան վերադառնալով, դարձել է անկախ Հայաստանի առաջին վարչապետն ու հետո պաշպանության նախարարը։

1996֊ի նախագահական ընտրություններից հետո նրա համակիրները հավաքվեցին Ազատության հրապարակում վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Հանրահավաքները ցրվեցին ու պարետային ժամ հայտարարվեց:

ՀՅԴ անդամ 46-ամյա Արթուր Խաչատրյանը Շիրակի մարզպետն է։

Ուսանող տարիներին նա մասնակցում էր Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներին: Դրանք կազմակերպվել էին այն բանից հետո, երբ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով կասեցվել էր ՀՅԴ գործունեությունը Հայաստանում՝ հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով:

Արդյունքում Դաշնակցությունը փակվեց։ Իսկ դրանից հետո ոստիկանությունը սկսեց ձերբակալել կուսակցության առաջնորդներին` մեղադրելով նրանց հեղաշրջման փորձի մեջ:

Ձախ նկարում դաշնակցության համակիրները Ազատության հրապարակում բողոքում են ձերբակալությունների դեմ: Մասնակիցները մատները խաչելով ցույց են տալիս բանտի ճաղավանդակներ:

Աջ նկարում ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն է Ազատության հրապարկում: Ձախ նկարում Փաշինյանը 2008 թվականի ընտրությունների արդյունքները վիճարկելու համար կազմակերպված ցույցի ժամանակ է, կրկին Ազատության հրապարակում:

42-ամյա Նիկոլ Փաշինյանը, ով ներկայումս գլխավորում է «Ելք» խորհրդարանական խմբակցությունը, առանցքային դերակատարություն է ունեցել 2008 թվականի ընդդմիության հանրահավաքների ժամանակ:

Փաշինյանը 2010 թվականին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` մարտի 1-ին անկարգություններ կազմակերպելու հոդվածով, սակայն 2011-ի մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20 ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվել:

Իր հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր երբեմն հանրահավաքներ է կազմակերպում Ազատության հրապարակում:

60-ամյա Կարինե Գեւորգյանի եւ 58-ամյա Գայանե Հովհաննիսյանի ընկերությունը ծնվեց Ազատության հրապարակում: Նրանք երկուսն էլ մասնակցել են Ղարաբաղյան շարժման ցույցերին, սակայն 20 տարի անց կրկին հանդիպել են հրապարակում՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ կազմակերպված հանրահավաքներում: Այդ ժամանակվանից սկսած նրանք ընկերներ են:

Ձախ նկարում 2008 թվականի փետրվարյան հանրահավաքներից մեկի ժամանակ են: Աջում` Գայանեն ու Կարինեն են 10 տարի անց նույն հրապարակում:

Այս կանայք Ազատության հրապարակ հենց այնպես չեն գնում:

«Մեզ համար այդ տարածքը պայքարի վայր է, ոչ թե զբոսնելու»,-ասում են նրանք:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը 2008֊ի նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ժամանակ։ Մարտիմեկյան դեպքերից մի քանի ամիս անց նա հիմնեց ժամանակին Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ ՀԱԿ֊ը։

2013֊ի նախագահական ընտրություններից հետո նախկին արգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը երկու շաբաթ հացադուլ արեց Ազատության հրապարակում։ Նրա համակիրների շարժումը կոչվեց «բարևոլուշն»՝ հայերեն «բարև» և անգլերեն «revolution»  (հեղափոխություն) բառերից, քանի որ քարոզչության ընթացքում նա սովորություն ուներ մարդկանց անձամբ բարևելու։ 

Սա նորամուծություն էր հայկական քաղաքականության մեջ։ 
Հացադուլից հետո իր ելույթում Հովհաննիսյանն ասաց, որ այս հրապարակը դառել է ազատության, անկախության և ազգային միասնության վայր։

Կարո Ղուկասյանն (ձախ նկարում) ընդդեմ ջրցան մեքենայի․ 2015֊ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցեր եղան Երևանում։ Երիտասարդության ոգին և ոստիկանության բռնի ուժը մարմնավորող այս լուսանկարը Կարո Ղուկասյանին դարձրեց «Էլեկտրիկ Երևան» շարժման խորհրդանիշերից մեկը։

Ցույցերը սկսեցին Ազատության հրապարակում, ապա տեղափոխվեցին Բաղրամյան պողոտա։

Իսկ 2008֊ին Կարոն ընդամենը 14 տարեկան էր և հանրահավաքներին մասնակցում էր հետաքրքրությունից դրդված: «Ազատության հրապարակն ինձ համար հատուկ վայր է․ ես այստեղ զբոսնում եմ մեծ հաճույքով։ Վստահ եմ, որ Հայաստանում հեղափոխություն կսկսի հենց այստեղից»,-ասում է նա:

թողարկում

Տարածություն

հաջորդ պատմությունը