Ձյունաշող. Հիշողության բեկորներ Ադրբեջանից

Nazik Armenakyan

Ճանապարհը դեպի Ձյունաշող երկար է ու քարուքանդ: Հեռավոր այս գյուղի բնակիչներից ոմանք դժվարությամբ են բացում խորը թաղված հիշողությունների կապոցը: Նրանց ծերացող հիշողությունները նման են գյուղի կնճռոտած ճանապարհներին, որոնք ազդարարում են, որ հետադարձի ճամփան դժվար է:

30 տարի առաջ այս գյուղը բնակեցված էր ադրբեջանցիներով, որոնք բնակավայրն անվանում էին Ղզլ Շաֆագ կամ «Կարմի լուսաբաց»: Սակայն 1980-ականների վերջին, երբ սկսվեց ղարաբաղյան հակամարտությունը, գյուղացիները որոշեցին ներքին ինքնակազմակերպմամբ փոխանակել տները 540 կմ հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի հայաբնակ Քերքենջ գյուղի հետ:

Քերքենջ գյուղի նախկին բնակիչներից մեկն ասում է, որ Ադրբեջանից հեռանալու միտքն առաջին անգամ առաջացավ 1988-ին` Սումգայիթ քաղաքում հայերի էթնիկ ջարդերից հետո:

«Մի օր, երբ մենք աշխատանքի էինք, ադրբեջանցիներից մեկը եկավ եւ ասաց, որ պետք է հեռանանք գյուղից: Չէինք կարողանում հավատալ դրան: Ամեն ինչ սկսեց Սումգայիթից հետո»,-ասում է 63-ամյա Սաշիկ Վարդանյանը:

63-ամյա Սաշիկ Վարդանյանը Քերքենջում քարտաշ էր: Ձյունաշող տեղափոխվելուց հետո նա զբաղվում է անասնապահությամբ: Ամեն օր երեկոյան և վաղ առավոտյան գնում է գոմեր` կերակրելու անասուններին:

«Այստեղի տները նոր էին, տներ կային, որ դեռ մենակ պատերն էին գաջած: Վերջում բաքվեցիներ էլ եկան, բայց շատերը չհարմարվեցին, ինչ բերել էին այնտեղից, այստեղի տների հետ միասին ծախեցին եւ հեռացան», - ասում է 56-ամյա Սոֆիա Գրիգորյանը:

«Քերքենջում մենք անասուն չէինք պահում, գուցե մի կով ունենայինք մեր տան կաթնամթերքը ապահովելու համար: Մեր բոլորի բակերում խաղողի այգիներ էին: Բայց համ էլ հեկտարներով խաղողի այգիներ կար գյուղի դաշտերում»,- նշում է Սոնիա Վարդանյանը` մտահոգություն հայտնելով Քերքենջում մնացած խաղողի այգիների ներկայիս վիճակի մասին:

Աստիճանների ճաղավանդակներին պատկերված խաղողները հիշեցնում են Ադրբեջանում թողած խաղողի այգիները: «Տարին տասներկու ամիս մեր ծնողները աշխատում էին, Մոսկվա էինք ուղարկում մեր խաղողները: Գյուղն ուներ նաեւ գինու գործարան: Միշտ գերակատարում էինք պետական պլանը, քանի որ շատ գինի էինք արտադրում»,-պատմում է Սոնիա Վարդանյանը:

«Ադրբեջանցիները եկան մեր գյուղը տեսան, հավանեցին: Դե հարուստ գյուղ էր: Իսկ երբ մենք եկանք այս գյուղը տեսնելու` կեսը հավանեցին, կեսը չէ` ցուրտ կլիմայի պատճառով: Ադրբեջանցիներն այստեղ մեծ տներ էին կառուցել»,-ասում է Սոնիա Վարդանյանը:

«Քերքենջում Սումգայիթի ջարդերից հետո տղամարդիկ գյուղի ծերին կանգնած հսկում էին: Կանայք էլ երեխաների հետ տանը հագնված-կապված ամեն րոպե սպասում էին հեռանալուն … եւ այդպես մի քանի ամիս»,- նշում է Սաշիկ Վարդանյանը:

«Մենք հինգ երեխա էինք ընտանիքում, անհոգ ենք ապրել, երբեք չենք մտածել, որ մի օր մեր գյուղից դուրս կգանք: Սա, երևի, 1920-ի ֆոտո է. պապս է` Ենգիբար Վարդանյանը քրոջ հետ»,-ասում է Վարդանյանը:

Գյուղացիների միասնական տեղափոխումը կազմակերպելու համար բնակիչները փոքր հանձնախմբեր ձեւավորեցին եւ սկսեցին այցելել Հայաստան` փոխանակման հարմար գյուղ փնտրելու: Ի սկզբանե մտադրություն կար նման գյուղ գտնել Արարատյան դաշտում, սակայն տեղի գյուղերն արդեն բնակեցված էին Բաքվի հայերով:

Սակայն Հայաստանի երրորդ ամենամեծ Վանաձոր քաղաքից ընդամենը 52 կմ հեռավորության վրա գտնվող Ղզլ Շաֆագն ազատ էր: Այնտեղ բնակվող էթնիկ ադրբեջանցիները նույն ցանկությունն ունեին, ինչ Քերքենջում ապրող հայերը, այն է ամբողջ գյուղով միասին տեղափոխվել եւ ապրել խաղաղության մեջ:

Սովետական այս երկու երկրների միջեւ այն ժամանակ դեռեւս հաղորդակցություն կար եւ մարդիկ կարող էին ճանապարհորդել միմյանց գյուղեր: Քերքենջի բնակիչները տասը տղամարդուց բաղկացած հանձնախումբ ուղարկեցին Ղզլ Շաֆագ: Մինչեւ փետրվար գյուղերը փոխանակելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց:

Սաշիկ Վարդանյանի կինը, 58-ամյա Սոնիան հիշում է, որ հանձնախումբը Քերքենջի 250 ընտանիքներից յուրաքանչյուրին տուն առաջարկեց Հայաստանի այդ գյուղում` ընտանիքի մեծությանը համապատասխան: Այնուհետեւ առանձին ընտանիքներ մասնավոր պայմանավորվածություններ ունեցան միմյանց միջեւ եւ մեկնեցին Ղզլ Շաֆագ ադրբեջանցիների հետ ուղիղ բանակցությունների համար:

Երկու կողմերի համար էլ առաջնահերթություն էր գերեզմանոցների պահպանությունը, ինչի շուրջ էլ երկու կողմերը պայմանավորվեցին, քանզի հայկականը պետք է մնար Քերքենջում, իսկ ադրբեջանականը` Ղզլ Շաֆագում:

«Մինչ օրս մենք խնամում ենք ադրբեջանական գերեզմանոցները եւ բացատրում ենք մեր երեխաներին, որ նրանք եւս պետք է հոգ տանեն»,-ասում է Սաշիկ Վարդանյանը:

Ձյունաշողի (Ղզլ Շաֆագի) հայկական գերեզմանոցն այսօր գտնվում է ադրբեջանականի անմիջական հարեւանությամբ:

Բնակիչների խոսքով, գյուղերի խաղաղ փոխանակումը տեղի է ունեցել 1989-ի մայիս-օգոստոս ամիսներին: Ո′չ կառավարությունը, ո′չ էլ այդ ժամանակ իշխող կումունիստական կուսակցությունը ոչ մի դերակատարություն չի ունեցել փոխանակման գործում, ոչ էլ հետաքրքրված են եղել դրանով:

«Առաջին անգամ Հայաստան եմ եկել 1972թ-ին Մեղրու` Ագարակի պրոֆտեխուսումնարանում արհեստ սովորելու համար: Քերքենջում քարտաշ էի աշխատում, գերեզմանի քար էի տաշում, տարբերություն չկար հայի, թե թուրքի գերեզմանաքար պետք է սարքել»,-պատմում է Սաշիկ Վարդանյանը:

Ձյունաշողի լքված տներից մեկում այսօր խոտի խրձեր են պահվում:

Երիտասարդ հասակում Սոնիա Վարդանյանը 2,5 տարի աշխատել է Բաքվի կարի ֆաբրիկայում: «Մանկական շորեր էի կարում: Առաջատար կարող էի», - հիշում է նա:

«Մենք այնտեղ հավով չիխիրթմա էինք սարքում (հավը եփում էինք քիչ ջրով, սոխը շատ տապակում էինք, վրան ձու լցնում: Հետո կաղամբով տոլման սերկևվիլով էինք սարքում, սև կուրագայով, այստեղ այդպես չեմ սարքում: Մինչև հիմա այս պանիրն եմ պատրաստում` Քերքենջից բերված բաղադրատոմսով»,-ասում է Սոնիա Վարդանյանը:

«Ձյունաշողի հողը ավելի հարմար է անասուններին արածացնելու համար եւ այն էականորեն տարբերվում է Քերքենջի հողի որակից: Այնտեղ սեւահողեր էին` բարձր բերքատվությամբ»,-ասում է Սաշիկ Վարդանյանը:

Գյուղացիներն ասում են, որ մեքենաների պակասի պատճառով Քերքենջից Ձյունաշող գնալը բարդացել էր: Շատ հաճախ էթնիկ ադրբեջանցի գյուղացիները Քերքենջ էին գնում այն մեքենայով, որով Քերքենջում ապրող հայերն էին եկել:

Սոնիա Վարդանյանը հիշում է, որ քերքենջցի մի երիտասարդ տղամարդ, ով արդեն տեղափոխվել էր Հայաստան, հետ քշեց Ադրբեջան, որպեսզի իրենց Քերքենջից բերի Հայաստան.

«Եվ գիշերը ժամը երկուսին մենք լքեցինք գյուղը»,-ասում է Սոնիան:

Ժամը հատուկ էր ընտրված` ելնելով անվտանգության նկատառումներից: Հաճախ գյուղացիները նախընտրում էին Ադրբեջան գնալ ոչ թե Հայաստանի հետ վարչական սահմանը հատելով, այլ Վրաստանով` հատելով վրաց-ադրբեջանական սահմանը Ղազախի հատվածից, այնուհետեւ ճանապարհորդվելով իրենց գյուղ:

«Մենք ամենավերջիններից էինք, որ տեղափոխվեցինք, արդեն վիճակը շատ վատ էր, մեքենա չէինք գտնում գալու համար, իրերն արդեն ուղարկել էինք»,-ասում է Սոնիա Վարդանյանը:

Քերքենջցիները պատմում են, որ Ղզլ Շաֆագ տեղափոխվելուց հետո ուզում էին փոխել գյուղի անունը` Ադրբեջանում թողած իրենց գյուղի անվամբ: Սակայն պարզ չէ, թե այդ ամենից հետո ինչու որոշվեց գյուղն անվանել Ձյունաշող:

Գյուղացիների վերաբերմունքը տեղափոխման որոշման նկատմամբ միանշանակ չէր: Հայաստանի հյուսիսում գտնվող Ձյունաշողում եղանակն ավելի ցուրտ էր, քան Քերքենջում, եւ հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր, ի տարբերություն Քերքենջի, որտեղ հիմնականում զբաղվում էին խաղողի այգիների մշակմամբ եւ գինու արտադրությամբ:

Սոնիա Վարդանյանը հիշում է, որ երբ գյուղ եկան, կարտոֆիլը, գարին, ցորենն արդեն ցանված էր:

«Որ եկանք այս գյուղ ֆերմա կար, տղամարդիկ ֆերմայում էին աշխատում, ով էլ կարող էր կով էր կթում: Ձմեռը գոմերում էին աշխատում, ամռանը սարն էին տանում», - ասում է Սոնիա Վարդանյանը:

Ներկայում գյուղում ապրող 27 ընտանիքների հիմնական ապրուստը գոյանում է կաթի վաճառքից: Այս ընտանիքներից այսօր միայն ութն են Քերքենջից:

Յոթամյա Սլավիկը (ձախից) ամեն ինչ գիտի գյուղի մասին, տատը` Սոֆիա Գրիգորյանը, ամեն ինչ պատմել է:

«Դպրոցում ադրբեջաներեն չէինք անցնում, միայն հայերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն, լավ գրադարան ունեինք, ինչ գիրք ուզես, կար»,- հիշում է Սաշիկ Վարդանյանը` թերթելով իր հետ բերած միակ` Ադրբեջանում հայկական եկեղեցիների մասին հայերենով գրված եւ 1894-ին հրատարակված գիրքը:

«Ամեն սեպտեմբեր գնում էինք խաղող ու բամբակ հավաքելու: Հինգից մինչև տասներրորդ դասարանցիներին տանում էին ծնողներին օգնելու»,- հիշում է Սոնիա Վարդանյանը:

«Հիշողություններ կան… մեր մանկությունը, ջահելությունը, երջանիկ պահերը, իմ ամուսնությունն այնտեղ է եղել, վատ հիշողություններ չունեմ Քերքենջից»,-ասում է 56-ամյա Սոֆիա Գրիգորյանը` ցույց տալով դասարանցիների հետ խնջույքի լուսանկարը:

«Պատմությունը սկսեց գերեզմաններից: Մենք այնտեղ պապական գերեզմաններ ունեինք, իրենք էլ այստեղ: Մտածում էինք, որ դրանք պահպանվեն», - ասում է Սաշիկ Վարդանյանը:

Այսօր գյուղում Քերքենջից տեղափոխված ընդամենը ութ ընտանիք է ապրում, չորս տուն մեծավանցիներ են, երկուսը` Վրաստանի հայեր, երկուսն էլ Բաքվի հայեր:

Ժամանակը Ձյունաշողում կարծես թե կանգ է առել փոխանակման պահից ի վեր: Տների մեծ մասը քանդված են կամ լքված:

«Ավտոբուս կար, վերացավ, խանութ կար, մթերքներ կային, հաց էինք առնում, դա էլ կտրվեց: Սկսեցին սեփականաշնորհել, բաժան-բաժան անել: Բաքվից եկածներ էլ կային, քաղաքի ժողովուրդ էին, կով պահել, կաթ կթել չգիտեին: Սկսեցին մեկ-մեկ գնալ, լքել գյուղը: Բոլորը Ռուսաստան գնացին»,-ասում է Սոնիա Վարդանյանը:

Գյուղում մնալը նշանակում է դիմակայել բազմաթիվ դժվարությունների, այդ թվում հանրային տրանսպորտի, գազամատակարարման եւ մթերքի խանութների բացակայությանը:

Ձյունաշողն այսօր Քերքենջի նախկին բնակիչների համար հարազատ բնակավայր է դարձել, սակայն դեռ կարոտում են իրենց հայրենի գյուղը:

Լրագրողներից բացի, որոնք այցելում են երկու կողմերին էլ, Քերքենջից գյուղացիներն անմիջական նորություններ ստանալու հնարավորություն չունեն:

«Երկար տարիներ կողք կողքի ենք ապրել»,-ասում է Սոնիան` վերհիշելով իր ադրբեջանցի գործընկերներին եւ հարեւաններին:

Նա հիշում է «իսկական հայկական հարսանիքներ», որոնք ամեն շաբաթ գյուղի հարսանեկան սրահում էին հավաքում Քերքենջի բոլոր բնակիչներին:

«Երգիչն ու դհոլչին մեր գյուղից էին, իսկ ակորդեոնիստն ու կլառնետիստը հարևան [հայկական] գյուղից: Ընկերացել էին, ամեն շաբաթ մեզ մոտ նվագում էին: Մենք էլ հարևաններով հավաքվում եւ քեֆ էինք անում» - նշում է Սոնիա Վարդանյանը: Իսկ Սաշիկ Վարդանյանն էլ պատմում է.

««Քերքենջ» նշանակում է քարից կոշտ, բայց այնտեղ քար չէիր գտնի, ամբողջը սևահող էր, խաղողի այգիներ: Ջուրն աղբյուրներից էինք հավաքում»:

Գյուղացիները հույս չունեն, որ մի օր նորից կտեսնեն Քերքենջը: Այս պահի դրությամբ հիշողությունները նրանց ունեցած միակ կապն է:

թողարկում

Հիշողություն

հաջորդ պատմությունը