Կանանց ընտրական իրավունքի հայկական բանաձևը

Lena Badalyan

20-րդ դարի սկզբին աշխարհում կանանց իրավունքների համար պայքարն արդեն վերածվել էր հստակ շարժման, բայց Հարավային Կովկասում մի փոքրիկ հանրապետություն պատմությունից առաջ էր ընկել:

1918 թվականի մայիսի 28-ին Ռուսական կայսրության մոխիրներից Արևելյան Հայաստանում ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը: 1919 թվականի հունիսի 21-ին և 23-ին համընդհանուր ընտրական իրավունքով տեղի ունեցան խորհրդարանական առաջին ընտրությունները. 20 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից, կրոնական ու ազգային պատկանելությունից, իրավունք ուներ մասնակցելու ընտրություններին:

Պետության կառավարման համար պատասխանատու օրենսդիր մարմնի 80 անդամներից երեքը կին էին՝ Կատարինե Զալյան-Մանուկյան, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան և Վարվառա Սահակյան: Նրանք բոլորն էլ Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամներ էին՝ սոցիալիստական կուսակցություն, որը հիմնադրվել է 1890 թվականին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում և ակտիվ է մինչև օրս:

Այս կանանց մասին տեղեկությունները քիչ են, իսկ քաղաքական կյանքը կարճատև՝ Հայաստանի առաջին Հանարապետության պես: 1920 թվականի դեկտեմբերին բոլշևիկների ներխուժումից հետո Հայաստանը խորհրդայնացավ՝ մինչև 1991 թվականը մնալով Խորհրդային Միության կազմի մեջ: ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորվեց Հայաստանի երրորդ Հանրապետությունը:

Այնուամենայնիվ, Առաջին Հանրապետության կենսունակ երկու տարիներն արտացոլում են կանանց իրավունքների և քաղաքական մասնակցության զգալի փորձը:

Ռուսական կայսրության տարիների թե´ հայ տղամարդիկ, թե´ կանայք իշխանություն չունեին կանանց ընտրական իրավունքի համար քայլեր ձեռնարկելու համար: Առաջին Հանրապետության ձևավորումից հետո, սակայն փոփոխություններ առաջարկեցին հենց տղամարդիկ:

«Այս տղամադրիկ կրթություն էին ստացել արտասահմանում, ականատես էին եղել կանանց հզոր շարժումների»-ասում է Երևանում գործող «ՊրոՄեդիա- Գենդեր» ՀԿ-ի փոխնախագահ Լիլիթ Զաքարյանը, -«Տղամարդիկ բարձրացրին կանանց էմանսիպացիայի հարցը, քանի որ հասկանում էին, որ ազգապահպանման գործում կանայք մեծ դերակատարում կարող են ունենալ»:

Women's Suffrage: The Armenian Formula

Հետևաբար, ըստ բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Հարությունյանի, ի տարբերություն արևմտյան շատ երկրների, Հայաստանում կանանց իրավունքների համար պայքար չծավալվեց:

Նոր հանրապետությունում ամենահայտնի հանրային պաշտոն զբաղեցնող երեք կանայք պատմության էջերում չեն ներկայացվում որպես ֆեմինիստ-ակտիվիստներ, նրանք կրթված, հասարակական կյանքում ակտիվ կանայք էին, ովքեր ամուսնացել էին հայտնի քաղաքական գործիչների հետ և ՀՅԴ-ի շատ գործընկերների հետ աջակցում էին կանանց դերի բարձրացմանը:

«Հոգևոր Հայաստան» մշակութային ՀԿ-ի նախագահ, 65-ամյա Անահիտ Հարությունյանը 2005-ին հրատարակել է «Երևելի տիկնանց դարը» գիրքը՝ ներկայացնելով Հայաստանի ազգապահպանման գործին ծառայած կանանց գործունեությունը:

Կատարինե Զալյան - Մանուկյան 

Կատարինեն բժշկուհին էր ու մանկատներում պայքարում էր համաճարակների դեմ: Նրա ու Արամ Մանուկյանի (Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր) ուղիները խաչվեցին Երևանում, որտեղ էլ ամուսնացան 1917 թվականին, իսկ մեկ տարի անց ծնվեց նրանց միակ դուստրը՝ Սեդան: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի և թուրքերի միջև տեղի ունեցող Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսամարտերի ընթացքում Կատարինեն ղեկավարում էր հիվանդանոցներում կամավոր բժշկուհի աշխատող դպրոցական աղջիկներին:

Նրա ընտանեկան կյանքը, սակայն երկար չի տևում. 1919 թվականի հունվարին Արամը մահանում է բծավոր տիֆից: Նույն թվականին պատգամավոր ընտրվելուց հետո ընդգրկվում է առողջապահության հանձնաժողովում: 

Առաջին Հանրապետության փլուզումից հետո Կատարինեն դառնում է քաղաքական հետապնդումների զոհ. աշխատանքից ազատվելուց ու բնակարանից վտարվելուց հետո մեկնում է Կրասնոդար: Տարիներ անց, երբ Հայաստանը բժիշկների կարիք ուներ, վերադառնում է: Հետապնդումները, սակայն  չեն ավարտվում: 1965-ին մահանում է Մոսկվայում, երբ առողջությունը վերջնականապես քայքայված էր:

Մասնագիտությամբ բժշկուհի Կատարինե Զալյան-Մանուկյանը ամուսնու մահից ամիսներ անց ընտրվել է պատգամավոր:

Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան

1886-ին ներկայիս Թուրքիայի Ադրիանապոլիս քաղաքում ծնված Պերճուհին 16 տարեկանում հանդիպում է ապագա ամուսնուն՝ հեղափոխական և ֆիդայական շարժման հայտնի գործիչ Սարգիս Բարսեղյանին: Նրա հորդորով ու օգնությամբ էլ ստեղծում է կանանց միություն՝ հայ գիրը, գրականությունը, պատմությունը և հեղափոխական գաղափարները տարածելու համար: Այնուհետև մեկնում է Ժնև, Շվեյցարիա` ուսանելու գրականություն և մանկավարժություն: Սկսում է ստեղծագործել Էտնա կեղծանունով:

Ավելի ուշ վերադառնում է Օսմանյան Թուրքիա: Նրա ընտանեկան կյանքը նույնպես կարճ  է տևում. 1909-ին ստեղծված ընտանիքի պատմությունն ավարտվում է 1915-ին: Օսմանյան կայսրության իշխանության հրամանով ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականների հետ ձերբակալվում է նաև Սարգիսն ու նահատակվում Կոստանդնուպոլսում (ներկայիս Ստամբուլ): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո էթնիկ հայերի կոտորածները Հայաստանն ու 30 այլ երկրներ ճանաչել են որպես Ցեղասպանություն:

Ամուսնու մահից հետո տեղափոխվում է Սոֆիա, այնուհետև՝ Թբիլիսի ու շարունակում է դասավանդել: Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո 1918-ին վերադառնում է հայրենիք, ընտրվում պատգամավոր՝ ընդգրկվելով Ամերիկյան խնամատարության կոմիտեում: Հանրապետության անկումից հետո գաղթի ճանապարհը նրան նախ տանում է Սոֆիա, այնուհետև Փարիզ, որտեղ էլ շարունակում է գրական գործունեությունը: Իսկ 1940-ին մահանում է երկարատև հիվանդությունից հետո:

Առաջին Հանրապետության ձևավորումից հետո Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, ով ապրում և ուսուցանում էր Սոֆիայում, Բուլղարիա, հետո Թբիլիսիում, Վրաստան վերադառնում է Երևան և 1919-ին ընտրվում պատգամավոր:

Վարվառա Սահակյան 

Վարվառան կուսակցության շարքերում էր վաղ տարիքից, ամուսնացել էր Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի  հետ: Ընտրվելով խորհրդարանի պատգամավոր` համակարգում էր կրթական ոլորտը՝ դառնալով կրթական առաջին նախագծերի հեղինակը: Բոլշևիկների ներխուժումից հետո (այդ ընթացքում ամուսինը այլ ազգային գործիչների հետ բանտարկվում է Երևանում) և 1921 թվականի Փետրվարյան հեղափոխության անկումից հետո Վարվառան ամուսնու և երկու զավակների հետ ոտքով հասնում են Թավրիզ, վեց տարի անց մեկնում են Հարավային Իրան, ապա Իրաք: Հետո արդեն ստիպված տեղափախվում են Լիբանան, քանի որ կլիման վատ էր անդրադառնում Վարվառայի առողջության վրա: Բեյրութում Վարվառան ներգրավվում է հասարակական գործունեության մեջ: 1932 թվականին կորցնում է երկրորդ զավակին՝ Արմենակին, մեկ տարի անց՝ ամուսնուն: Ճակատագրի այս հարվածները վերջնականապես քայքայում են Վարվառայի առողջությունը, ինչի պատճառով էլ մահանում է 1934-ին:

Վարվառա Սահակյանը համակարգում էր կրթական ոլորտը՝ դառնալով կրթական առաջին նախագծերի հեղինակ:

Դիանա Աբգար

Այդ տարիներին առավել հայտնի չորրորդ կին հասարակական գործիչը Դիանա Աբգարն է, ում հասարակական կյանքն այլ ճանապարհով է ընթացել: Սփյուռքի զավակ Աբգարը ծնվել է ներկայիս Մյանմայում: 1920 թվականի հուլիսի 2-ին նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան. երկիր, որտեղ այդ տարիներին իշխանության գլուխ էին միայն տղամարդիկ: Ծառայելով մինչև 1921 թվականը՝ նա համարվում է աշխարհի առաջին կին դեսպաններից մեկը:

«Այն տարիների կար մեկ հիմնական սկզբունք՝ եթե կարող ես, ծառայի՛ր»,- ասում է ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը, - «Այս կանայք իրենց բուռն գործունեությունը սկսել են որպես ուսանող, համատեղ ճանապարհ են անցել հերոսամարտերի տարիներին տղամարդ գործիչների հետ միասին»:

Դիանա Աբգարը Ճապոնիայում, 1889-ի լուսանկար: Ծնվելով ներկայիս Մյանմայում՝ 1920-ին նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան, որն առաջինն է ճանաչել Հայաստանի Հանրապետությունը: Մահացել է 1937-ին Յոկոհամայում, նրա աճյունն ամփոփվել է տեղի օտարերկրացիների համար նախատեսված գերեզմանատանը՝ ամուսնու շիրմի կողքին։

67-ամյա պատմաբան Անուշ Ամսեյանը Երևանում գործող ՀՅԴ պատմության թանգարանի տնօրենն է:

ՀՅԴ պատմության թանգարանը Երևանում: Հիմնադրել են Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամները Ժնևում` 1915-ին, այնուհետեւ 2007-ին տեղափոխել են Երևան: Թանգարանի մոտ 3000 ցուցանմուշները ներկայացնում են կուսակցության և Առաջին Հանրապետության պատմությունը:

1930-ականների լուսանկարում պատկերված է Առաջին Հանրապետության խորհրդարանի շենքը: Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան փողոցում տեղակայված շենքը 1970-ականների կեսերին ավերվել է: Այսօր նույն տարածքում գործում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը:

Առաջին Հանրապետության անձնագիր:

Թվում է՝ հարյուր տարի անց Հայաստանը կորցրել է առաջադիմական տեսլականը:

Չնայած այսօր Հայաստանի Ազգային ժողովում ավելի շատ կին պատգամավոր է ընդգրկված քան Հայաստանի առաջին հանրապետության տարիներին (105 պատգամավորից 18-ը կին են)՝ այդ ցուցանիշը Հարավային Կովկասում ամենացածրն է:  Իսկ կառավարության կազմում 17 նախարարներից միայն 2-ն են կին (մշակույթի նախարար Լիլիթ Մակունց, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան):

«Այսօր հետընթաց ենք արձանագրում: Որոշումներ կայացնող կանայք քիչ են», - մեկնաբանում է Անահիտ Հարությունյանը: «Իսկ ինչու՞: Որովհետև Հայաստանում կանայք չեն անցել ֆեմինիզմի թոհուբոհով ու չեն սովորել իրենց իրավունքների համար պայքարել: Հիմա կանայք որոշում կայացնելու համար դառնում են կուսակցական, բայց կրավորական վիճակում են հայտնվում­: Իսկ եթե հայտնվում են ընտրական ցուցակներում, դա միայն քվոտայի արդյունք է»:

Տարիների ընթացքում Հայաստանն ընդունել և աստիճանաբար բարձրացնում է գենդերային քվոտան` ապահովելու կանանց ներգրավվածությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունների ցուցակներում. 1999 թվականին նվազագույնը 5 տոկոս էր, իսկ 2017-ին արդեն 25 տոկոս: Նախատեսվում է 2022 թվականի ընտրությունների ժամանակ կիրառել 30 տոկոս քվոտա:

Գենդերային քվոտաները, սակայն, շարունակում են վիճահարույց հարց մնալ: Քննադատները կարծում են, որ կանանց մասնակցությունը պետք է լինի հավասար հասարակության բնական արդյունք և ոչ օրենքի պարտադրանք:

Women's Suffrage: The Armenian Formula

53-ամյա պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով կողմ է քվերակել գենդերային քվոտայի բարձրացմանը, համակարծիք է: Նա, սակայն ընդգծում է, որ առանց քվոտայի քաղաքական սանդուղքով բարձրանալը բարդ է:

«Դժբախտաբար Հայաստանում խաղի կանոնները թույլ չեն տալիս կանանց մրցունակ լինել քաղաքականությունում»-բացատրում է «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Զոհրաբյանը, ով 2008 թվականից ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: «Առաջին հերթին մենք ունենք ընտրական արատավոր ավանդույթներ. կիրառվում են վարչական ու ֆինանսական լծակներ:  Բացի այդ՝ ձևավորվել էր կարծրատիպ, որ քաղաքականությունը կնոջ գործը չէ կամ քաղաքականությամբ են զբաղվում կանացիությունից զուրկ կանայք»:

1919 թվականի մասնակցելով ընտրություններին՝ Հայաստանի առաջին երեք կին պատգամավորները այդ կարծրատիպը կոտրելու հիմքն են դրել:

թողարկում

Հիշողություն

հաջորդ պատմությունը

Do you like Chai Khana?