Մուսուլմանի կյանքը քրիստոնյա Հայաստանում

Armine Avetisyan

Մասնագիտությամբ լեզվաբան 36-ամյա իրանցի Մարյամ Թորաբին մեկ տարի առաջ որոշեց տեղափոխվել Հայաստան: Նրա` Երեւան գալու նպատակը տարբերվում է իր բազմաթիվ հայրենակիցների այցելություններից: Եկել է նոր լեզու սովորելու և նոր մշակույթին ծանոթանալու համար: Սակայն, որպես պահպանողական մուսուլմանի, Մարյամի համար աշխարհի ամենահին քրիստոնյա երկրում ապրելը մարտահրավերներով լի է:

Իրանի ավանդապաշտ Սպահան քաղաքում ապրող Մարյամի ընտանիքը ուրախ չէր, երբ առաջին անգամ իմացավ դստեր` լեզվաբանական կրթությունը Երեւանի պետական համալսարանում շարունակելու եւ դրա համար կրթաթոշակ ստանալու լուրը:

«Նրանք ասում էին օտար, այն էլ քրիստոնյա երկրում մուսուլման աղջիկը չի կարող միայնակ ապրել: Նաև շեշտում էին, որ ես շատ դժվարություններ եմ ունենալու»,-պատմում է Թորաբին, ով այդ ժամանակ Սպահանի պետական համալսարանում լեզվաբանության դասախոս և միևնույն ժամանակ ուսանող էր,-«Ծնողներս նախընտրում էին, որ ես մնայի իմ հարազատ քաղաքում, աշխատեի և սովորեի այնտեղ: Դժգոհ էին, բայց քանի որ որոշումս կայացրել էի՝ եկա»:

Հայաստանը թեպետ սահմանակից է երեք մուսուլման երկրների (Ադրբեջան, Իրան եւ Թուրքիա), տեղի մուսուլման բնակչությունը չափազանց փոքր է ` պաշտոնական վիճակագրության (2011 թ.) համաձայն 3 մլն բնակչությունից ընդամենը 812 մարդ է իսլամադավան: Հայերի մեծամասնությունը (շուրջ 95%) քրիստոնյաներ են եւ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ: Հաճախ հավատքը տեսնում են որպես ազգային ինքնության մաս:

Մարյամի խոսքով՝ ժամանակի ընթացքում նա «հարմարվել է տեղի սովորություններին», նաև ձեռք է բերել շատ հայ ընկերներ, բայց ընդունում է, որ «սկզբում բարդ է եղել»:

36-ամյա Մարյամ Թորաբին յուրքանչյուր օր 9 ժամ գրադարանավարուհի է աշխատում Կապույտ մզկիթում: Գրադարանում պարսկերեն գրքեր են՝ գրված թե իրանցի, թե օտարերկրյա հեղիանկների կողմից:

Չնայած Երևանի փողոցներում Մարյամը հանդիպում է սեւեռուն հայացքների` ուղղված իր գլխաշորին, նա շարունակում է կրել այն:

Մարյամը Հայաստանում մշտապես գլխաշոր է կրում: Ասում է, որ դա «անսովոր է տեղացիների համար» եւ երբեմն տարօրինակ կերպով են նայում իրեն: Փորձում է անտեսել այդ հայացքները:

Սնվելու խնդիրը Հայաստանում ապրելու հաջորդ լուրջ մարտահրավերն է: Մյուս մուսուլմանների նման, Թորաբին երբեք խոզի միս չի ուտում եւ սնվում է միայն իսլամական ավանդույթներով պատրաստված հալալ մսով: Հայաստանն ունի սպանդանոցներ, որտեղ մորթն իրականացվում է «հալալ» կանոնների համաձայն, բայց պարբերաբար անհրաժեշտ է լինում ստուգել՝ արդյոք ձեռք բերված միսը հալալ է, թե ոչ:

 «Այդ առումով մի փոքր բարդ է մուսուլմանի կյանքը Հայաստանում»,-ասում է Թորաբին՝ հավելելով, որ ամեն դեպքում իր ծնողներն այն եզրակացությանն են, որ Հայաստանը ապահով երկիր է:

Հայերենի իմացությունը օգնել է Մարյամին: Հայերեն սկսել է ուսանել դեռ Իրանում: Նրա դոկտորական ատենախոսության թեման հիմնված է միջնադարյան հայ բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի աշխատությունների վրա: Հիմա նա ազատ խոսում է հայերեն: Լեզուն օգտագործում է նաև իր նոր աշխատանքի ժամանակ: Թորաբին Երևանում գտնվող «Կապույտ մզկիթի» գրադարանավարուհին է: Այն միակ մզկիթն է Հայաստանում:

Երևանի Կապույտ մզկիթը` մուսուլմաների միակ աղոթատեղին է Հայաստանում, կառուցվել է 1765-1766 թվականներին, երբ քաղաքը պարսկական հպատակության տակ էր: Խորհրդային միության տարիներին ծառայել է որպես Երևանի պատմության թանգարան: Իրանի դեսպանատունը մզկիթը վարձակալությամբ վերցրել է 99 տարով:

Նախքան խորհրդային կարգերի հաստատումը, մզկիթի այս հատվածում հյուրասրահներ էին: Հիմա դրանք օգտագործվում են որպես պահակների սենյակ, պահեստասենյակ կամ պարզապես փակ են պահվում:

Շիա մահմեդականների պաշտամունքի այս կառույցը հիմնվել է 1766 թվականին: Մզկիթը վերանորոգել է Իրանի դեսպանատունը, որն ունի այն վարձակալությամբ օգտագործելու 99 տարվա թույլտվություն: Կապույտ մզկիթն այսօր Հայաստանում ապրող մուսուլմանների հիմնական հավաքատեղին եւ համայնքային կենտրոնն է, հատկապես Երեւանում ապրող իրանցիների համար, ովքեր Երեւանը համարում են իրենց տունը:

«Սա միակ վայրն է, որտեղ մենք մուսուլմաներով հավաքվում ենք եւ հոգեւոր սնունդ ստանում»,- ասում է 34-ամյա թեհրանցի Զառա Սալամաթը, ով Երեւանում է ապրում 2012 թվականից: Այս վայրը Սալամաթի համար հատուկ կարեւորություն ունի, քանի որ նա իր հնգամյա դստերը մեծացնում է քրիստոնյա երկրում:

Յուրաքանչյուր շաբաթ նա իր ամուսնու եւ դստեր հետ գալիս է աղոթքի մզկիթում, ինչպես նաեւ նշում է բոլոր կրոնական տոները: «Մզկիթ այցելելը օգնում է մեզ մոտ մնալ մեր արմատներին», - ասում է Զառան:

34-ամյա տնային տնտեսուհի Զառա Սալամաթը վեց տարի առաջ Թեհրանից Երևան է տեղափոխվել գործարար ամուսնու հետ: Մաքուր հայերեն է խոսում և նշում, որ այլևս չի պատկերացնում իր կյանքն այլ քաղաքում:

Մուսուլման կինը խոսում է մոլլա Մահմուդ Մովահեդի Ֆարդիի հետ Կապույտ մզկիթի բակում: 1991-ին՝ Խորհրդայի միության փլուզումից հետո մզկիթում վերականգնվեց կրոնական ծառայությունները:

Էիդ ալ_Ադհա զոհաբերության տոնի ժամանակ, որը մուսուլմանների գլխավոր տոներից մեկն է, կանայք փոխանակվում են թխվածքներով, փոքրիկ նվերներով և ջերմ բարեմաղթանքներով:

Կանայք` նամազի ժամանակ:

Տարեց կինը կրում է սպիտակ հագուստ, որը խորհրդանշում է հոգևոր մաքրություն: Նա մասնակցում է Էիդ ալ_Ադհայի աղթոքին: Այն զոհաբերության տոն է, որը նշանավորվում է Աբրահամ մարգարեի՝ Աստծոն զոհաբերվելու պատրաստակամությամբ:

Դեռահաս աղջիկները պարտավոր չեն գլխաշոր կրել Կապույտ մզկիթում:

Փոքր տղաները կարող են մտնել Կապույտ մզկիթի կանանց աղոթասրահ:

Հայաստանում ապրող մուսուլմանների մեծամասնությունը, ըստ էության, հարևան Իրանից է: Իրանի դեսպանատան տվյալների համաձայն` 2017 թ. Հայաստան է այցելել շուրջ 220 հազար իրանցի: Հիմնականում բիզնես նպատակներով, սովորելու համար կամ ուղղակի որպես զբոսաշրջիկ:

Նրանցից մեկն էլ 17-ամյա Ամին Ահմադիփուրն է, ով Իրանի հարավ-արեւմուտքից՝ Շիրազ քաղաքից է: Նա Հայաստան է եկել հուլիսին` հմտանալու թառ նվագելու մեջ: Սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում: Ասում է` Հայաստանում կրթությունն ավելի էժան է և որակյալ, քան Իրանում:

Սակայն նրա առաջին քայլը Երեւանում ամենեւին էլ կապված չէր երաժշտության հետ:

«Երբ ես եկա Հայաստան, սկզբում գտա հատուկ ռեստորան, որտեղ մենք կարող ենք սնվել մուսուլմանական կանոնների համաձայն» - ասում է Ահմադիփուրը՝ հավելելով, որ այս առումով Երեւանը շատ հարմար է:

17-ամյա երաժիշտ Ամին Ահմադիփուրը ուսանող է, վերջերս է Իրանի Շիրազ քաղաքից տեղափոխվել Երեւան:

Յուրաքանչյուր հինգշաբթի 17-ամյա իրանցի երաժիշտ Ամին Ահմադիփուրը (լուսանկարում ձախից) իր երկու իրանցի ընկերների հետ այցելում է Կապույտ մզկիթ` աղոթելու:

17-ամյա երաժիշտ Արամ Նիկային Երեւան էր եկել ամառային արձակուրդի ընթացքում Իրանի Շիրազ քաղաքից: Երկրորդ անգամ է Հայաստանում: Ասում է, որ Հայաստանը մատչելի երկիր է:

Ահմադիփուրը ամեն հինգշաբթի այցելում է մզկիթ պարտադիր աղոթքի համար:

Ինչպես հայրն է սովորեցրել, նա հետևում է ղուրանի կանոններին: Ասում է, որ միայն մուսուլման կնոջ հետ կամուսնանա, քանի որ այդպես է պարտադրում Ղուրանը:

«Քայլ առ քայլ ես հարմարվում եմ տեղի կյանքին: Բայց զգում եմ, որ ամբողջ կյանքս չեմ կարող ապրել քրիստոնյա երկրում: Սա իմը չի: Ես մտածում եմ ապագայի մասին»,-ասում է նա:

Այնուամենայնիվ, դա չի խանգարում, որ Ահմադիփուրը իր սովորույթներից բացի ուրիշ մշակույթ էլ ուսումնասիրի:

«Ես մուսուլման եմ, դիմացինս քրիստոնյա: Բայց դա կապ չունի, թե դու որտեղ ես ապրում: Դու կարող ես քո կրոնը կրել քո մեջ: Աստված մեկն է:»

թողարկում

Հավատք եւ Կրոն

հաջորդ պատմությունը