Ծանոթ օտարներ. Ստամբուլի հայ միգրանտները

Գայանե Միրզոյան

Ստամբուլի հայերի մասին խոսելիս առաջինը երբեմնի մեծ հայկական համայանքի այսօրվա հետնորդներն են մտքիդ գալիս, որոնց թիվը, որոշ գնահատականներով, հասնում է մինչեւ 70 հազարի: Հնարավոր է` մտքումդ ուրվագծվեն նաեւ լքված եւ փակված եկեղեցիները` սփռված Ստամբուլով, կամ լրագրող Հրանտ Դինքը, որը սպանվեց իր հարազատ քաղաքի փողոցներից մեկում` տասներկու տարի առաջ երիտասարդ թուրք ազգայնականի կողմից: Բայց այսօր «Ստմաբուլի հայեր» ասելիս, կարելի է նկատի ունենալ նաեւ մեկ այլ համայնք: Այստեղ եւս լսվում է հայերեն խոսքը, բայց արեւալահայերենով, որով խոսում են Հայաստանի Հանրապետությունից արտագնա աշխատանքի եկածները:

Հստակ տվյալներ չկան, թե Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է այսօր ապրում Թուրքիայում: 2018 թվականին Բուենոս Այրեսում G20 գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփէրդողանը հայտարարել է, որ «Թուրքիայում ապրում է 100,000 հայ, որից 30 հազարը բնիկներ են։ Մյուսները եկել են Հայաստանից և փաստաթուղթ չունեն»: Էրդողանի նմանատիպ մեկ այլ հայտարարությունը, որն արվել էր 2010 թվականին, դեռեւս վարչապետ եղած ժամանակ, խստորեն քննադատվեց պաշտոնական Երեւանի եւ անկախ հետազոտողների կողմից: Եվրասիա համագործակցության հիմնադրամի 2009 թվականին արված հետազոտության համաձայն` Ստամբուլում ապրում է փաստաթղթավորում չունեցող 15 000 հայ:

Տվյալների այս բացը պայմանավորված է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի լարված դիվանագիտական հարաբերություններով, որն պատմական հակամարտության արմատներ ունի: Տասնամյակներ շարունակ Հայաստանի կառավարությունը եւ աշխարհասփյուռ հայությունը կոչ է անում Թուրքիային ճանաչել 1915 թվականի Ցեղասպանությունը: Մինչ Հայաստանը եւ ՄԱԿ-ի անդամ 30 պետություններ արդեն ճանաչել են Ցեղասպանությունը, Թուրքիայի կառավարությունը համարում է, որ զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքն են:

1991-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ այնուհետեւ 1995-ին`բացել իր օդային տարածքը միջազգային հանրության ճնշման ներքո: Այնուամենայնիվ, 311 կմ ձգվող հայ-թուրքական սահմանը 1993-ից ի վեր մնում է փակված թուրքական կողմի նախաձեռնությամբ: Սա Անկարայի կողմից համերաշխության քայլ էր Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում: Արդյունքում` Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողները ստիպված են կտրել երկար ճանապարհ եւ Թուրքիա մուտք գործել Վրաստանից, ինչն ավելի է բարդացնում արտագնա աշխատանքի մեկնածների մասին ամբողջական տվյալներ ունենալը:

Չնայած երկու երկրների միջեւ եղած լարված հարաբերություններին, Հայաստանի քաղաքացիները մեկնում են Թուրքիա` արտագնա աշխատանքի` հաստատվելով հիմնականում Ստամբուլում: «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի իրավաբան, խորհրդատու Մերի Խաչատրյանն ասում է, որ նա ստացել է մի քանի դիմումներ Թուրքիայում աշխատող Հայաստանի քաղաքացիներից: Նրանք հիմնականում խնդրում են օգնել` վերականգնելու անձնագրերը կամ ծննդյան վկայականներ ստանալու Հայաստանում:

Մերի Խաչատրյան, «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի իրավաբան, խորհրդատու:

Հայ միգրատները Թուրքիա արտագնա աշխատանքի են գալիս 1990-ականներից սկսած:

Ոչ պաշտոնական տվյալներով, հայ միգրանտների 90%-ն ապրում է Ստամբուլում:

Թաքսիմի հրապարակը: Քանի որ Ստամբուլն ազդվել է բազմաթիվ մշակույթներից, այդ թվում նաեւ հայկական, այն գրավում է հայ միգրանտներին: Նրանցից շատերը որոշում են մնալ եւ կառուցել իրենց կյանքն այնտեղ:

Աշխարհի տարբեր մասերից այստեղ վաստակելու են գալիս աշխատանքային միգրանտներ:

«Զգացի, որ կարիք ունեմ հասկանալու նաև Թուրքիայի օրենսդրությունը, քանի որ այդ շահառուների երեխաներից մի քանիսը ծնվել էին Թուրքիայի տարածքում։ Ինձ հետաքրքրեց, թե ինչպես է թուրքական օրենսդրությունը կարգավորում այդ հարցերը: Դա զուգադիպեց Հրանտ Դինք հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի ծրագրին»,-ասում է Խաչատրյանը։

2017-2018 թվականներին Ստամբուլի Բիլգի համալսարանում Մերին աշխատել է իր հետազոտության վրա: Ըստ Խաչատրյանի` հայաստանցի միգրանտների համար դժվարություններ ստեղծող խնդիրների շարքում ամենահրատապը ինֆորմացիայի բացակայությունն է:

«Հայերը հիմնականում առևտրի նպատակով են գնում, հետո ոգևորվում են [ու մնում այնտեղ]։ Մագնիսական դաշտ ունի Ստամբուլը։ Ես այն տեսա որպես աշխարհի խաչմերուկում [գտնվող] քաղաք։ Այն բազմամշակույթ է։ Չես կարող ասել, որ Ստամբուլն ամբողջ Թուրքիայի պատկերն է։ Բայց հայերը շատ հետաքրքրված են Ստամբուլով»,-ասում է Խաչատրյանը:

Այնուամենայնիվ, հայ միգրանտների համար կյանքը հին քաղաքում շատ արագ լցվում է մարտահրավերներով, իսկ Թուրքիայի միգրացիոն օրենքի չիմացությունն ավելի է դժվարացնում իրավիճակը:

Թուրքիայում միգրանտների խնդիրները կարգավորվում են «Օտարերկրացիների եւ միջազգային պաշտպանության» մասին օրենքով, որը Թուրքիայի կառավարությունն ընդունել է 2014 թվականին: Խաչատրյանը նշում է, որ կացության կարգավիճակներ տրամադրելիս Թուրքիայի օրենսդրությունն ավելի խիստ է, քան Հայաստանինը: Պահանջում են բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում նաեւ առողջապահական ապահովագրություն:

Հայերեն գրություն Քուրթուլուշ թաղամասի պատերից մեկի վրա:

Հայերեն գրություն Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում:

Հայկական եկեղեցին` Գեդիկփաշա թաղամասում, Ստամբուլ:

Քումքափը թաղամասի փողոցներից մեկը:

Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասի փողոցների մեկը, որը հայտնի է կոշիկների արտադրությամբ եւ առեւտրով:

Քումքափը թաղամասի փողոցներից մեկը:

Քանի որ միգրանտներից շատերը նախընտրում են խուսափել այս բյուրոկրատիայից, նրանք ստիպված երկրում մնում են անօրինականորեն, ինչի պատճառով էլ նաեւ ստիպված են օրենքով սահմանված տուգանքներ վճարել: Իսկ երբ չեն վճարում այդ տուգանքները, կուտակվում են տարիներ շարունակ: Որոշ միգրատներ կորցնում են դրանք երբեւէ վճարելու հույսը:

Խաչատրյանը հանդիպել է միգրանտների, որոնք առանց փաստաթղթերի, անօրինականորեն Թուրքիայում ապրում են 1990-ականներից: Նրանց տուգանքները կարող ես հասնել տասնյակ հազարավոր թուրքական լիրայի: (10 000 TRY= $1 900).

«Եթե միգրանտը սահմանին չի կարող վճարել, նրան արգելում են մտնել Թուրքիա հինգ տարով: Եթե միգրանտը խախտել է Թուրքիայի քրեական օրենսգիրքը [միգրացիայի հետ կապ չունեցող], որոշ դեպքերում հնարավոր է արգելեն մուտքը` 10-տարով: Քանի որ շատ մարդիկ արդեն ընտանիքներ ունեն Թուրքիայում, շատ դժվար է ընդունել արտաքսումը»,-ասում Խաչատրյանը:

Familiar Strangers: the Armenian migrants of Istanbul

Իռենա Գրիգորյանը միգրացիայի եւ միջմշակութային հարաբերությունների թեմաներով ֆրիլանս հետազոտող է: Նա նախկինում աշխատել է Ստամբուլի Քոչ համալսարանի հետ: Իռենան, մեջբերելով մի միգրանտի հետ հարցազրույցից, ասում է, որ Ստամբուլում հայերն իրենց զգում եմ որպես «ծանոթ օտարներ»:

Իռենա Գրիգորյան, միգրացիայի եւ միջմշակութային հարաբերությունների թեմաներով հետազոտող:

«Հայերը թե ՛արտաքնապես, թե ՛որոշակի մշակութային դրսևորումներով շատ հեշտ են մերվում Ստամբուլի կյանքին։ Այն խնդիրները, որոնք կան իրավական եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, միգրանտները լուծում են` ինքնակազմակերպվելով: Խորհրդատվական աջակցության կամ տեղեկատվական պակասը լրացվում է էթնիկ ցանցերի ու կապերի միջոցով։Այնտեղ [Ստամբուլում] միգրանտների միջեւ գործում է շատ հետաքրքիր և արագ զարգացող հարաբերություններ, մեկը մյուսին օգնում է»,-ասում է Գրիգորյանը:

2017 թվականին, որպես Հրանտ Դինքի ծրագրի մասնակից, Իռենան առաջին անգամ մեկնեց Թուրքիա: Նրան հատկապես հետաքրքրում էր Ստամբուլի հայ միգրանտների արագ զարգացող համայնքը: Ի սկզբանե նախատեսել էր գրել միայն մի հոդված, սակայն վեցամսյա աշխատանքի արդյունքում ստեղծվեց ամբողջական զեկույց` առաջարկություններով եւ ապագա հետազոտությունների գաղափարներով, ինչպես նաեւ քաղաքականության եւ ծրագրերի առաջարկություններով` ուղղված երկու երկրների շահառուներին:

  

 

«Աշխատանքի ընթացքում շատ հետաքրքիր դեպքեր են եղել` և ՛ ուրախ, և ՛ տխուր, և ՛ զգացմունքային, և ՛ մտահոգիչ: Այդ հանդիպումներն ինձ համար դժվար էին, թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն: Որոշ հանդիպումներից հետո ամբողջովին քայքայված էի զգում, քանի որ մարդիկ թակարդվել էին անարդարության ու դաժան իրավիճակների ճիրաններում»,-ամփոփում է Իռենան: 

 

Familiar Strangers: the Armenian migrants of Istanbul

Գրիգորյանը նաեւ փորձել է գտնել Թուրքիայի հայ միգրանտների վերաբերյալ հետազոտությունների բացերը: Առաջին հերթին, նրա համոզմամբ, չուսումնասիրված է մնում աշխատող երեխաների խնդիրը: Տարեց միգրանտների`աշխատանքային կամ բնակարանային վատ պայմանների պատճառով քայքայված առողջությունը եւս առաջնային խնդիրներից է: Իռենան առաջարկում է դրանք լուծել միջազգային կազմակերպությունների օգնությամբ:

«Չի կարելի մարդկանց մեղադրել Թուրքիա գնալու համար, այնուհետեւ մեղադրել առողջությունը քայքայելու մեջ: Մարդը գերագույն արժեք է: Եթե ստիպված է գնալ աշխատել որևէ երկրում, ուրեմն նախադրյալներ կան: Պետք է հնարավորինս օգնել մարդկանց, որպեսզի արժանավայել ապրեն։


2017-2019 թթ.-ին Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծը իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ` Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

թողարկում

Ճանապարհին

հաջորդ պատմությունը