Հին Երևանի վերջին ականատեսը

Հեղինակ՝ Anushik Avetyan


Հին Երևանի պահպանված վերջին թաղամասը` Կոնդը, հիմնադրվել է 17-րդ դարում: Մինչև այժմ քաղաքաշինական զարգացումները շրջանցել են Կոնդը: Սակայն վտանգ կա, որ մի օր Երևանը կկորցնի իր հին պատմության վերջին ականատեսին: 


Կոնդը գտնվում է Երևանի կենտրոնում: Հանրապետության հրապակից այստեղ քայլելով հասնելու համար կպահանջվի 5-10 րոպե: Նեղ փողոցները, աստիճաններն ու կամարները Ձեզ կուղեկեցեն դեպի Երևանի ամենահին թաղամասերից մեկը:

Կոնդ այցելելիս առաջինն աչքի են ընկնում Կոնդ ելք ու մուտք անող տեղացիները: Թեև Կոնդը գտնվում է քաղաքի կենտրունում, միևնույն է, մարդիկ ստիպված են լինում դուրս գալ Կոնդից գնումներ կատարելու կամ այլ կենցաղային հարցեր լուծելու համար: Այս երեխաները քայլում են Լեոյի փողոց՝ աղբը թափելու համար:

Երկու տեսակի ճարտարապետություն, որոնք ցույց են տալիս Կոնդի կյանքի և պատմության զարգացումը:

Նրանք երկուսն էլ ծնվել են Երևանում 1940-ականներին, հիշում են հին Երևանը և նրա ճարտարապետությունը, որ քանդվեց քաղաքաշինական զարգացումների պատճառով վերջին 20 տարիների ընթացքում: Այս տղամարդիկ նշում են, որ Կառավարությունը պետք է գիտակցի՝ պատմական հուշարձաններն ու թաղամասերը մշակութային արժեքներ են, քանդելու փոխարեն ավելի լավ է վերակառուցել:

Քայլելով Կոնդի փողոցներում կարելի է տեսնել պարաններից կախված լվացք, կարպետներ կամ անկողին: Սա մշակույթ է, որը չեք հանդիպի Երևանի այլ կենտրոնական թաղամասերում:

Կոնդի գեղեցկության սրահն ու բանջարեղենի խանութը գտնվում են կողք կողքի:

Թեև շատ շենքեր և տներ գտնվում են վթարային վիճակում և փլուզման եզրին են, բայց դրանց ներսում ապրում են ընտանիքներ:

Վարդուշ Զարգարյանն ամուսնացել և տեղափոխվել է Կոնդ 1954թ-ին: Նա բողոքում է այս հին թաղամասի պայմաններից և պահանջում պետությունից վերակառուցել տները:

Դվին հյուրանոցն այժմ գտնվում է վերակառուցման փուլում: Այստեղ նախկինում եղել է Աղամալյանների մեծ տունը: Աղամալյան ընտանիքը Կոնդի հիմնադիրներից է:

Այս շենքը կառուցվել է 18-րդ դարի վերջին կամ 19-րդ դարի սկզբին: Այն պատկանել է Աղամալյանների` Կոնդի ամենահարուստ ընտանիքին: Սա հազվագյուտ շենքերից է, որը պահպանվել է առանց փոփոխությունների: Այժմ սեփականատերն այլևս այստեղ չի ապրում՝ կենցաղային պայմանների բացակայության պատճառով:

Սամվել Մարտիրոսյանը ծնվել է Կոնդում և իրեն համարում է կոնդեցի: Նա նշում է. «Կոնդի դիրքը, կլիման, տրամադրությունն ու լռությունը, քաղաքի աղմուկից հեռու լինելը թույլ են տալիս այն համարել Երևանի լավագույն հատվածը: Կոնդն ունի իր պատմությունը և դա թաղամասի ամենամեծ արժեքն է»: Սամվելը դեմ է այն քանդելու գաղափարին և հավելում է, որ հին թաղամասում ծնվածները նախընտրում են ապրել այստեղ նույնիսկ այսպիսի վատ պայմաններում:

Մինչև 20-րդ դարի սկիզբն այս շենքը եղել է իրանական մզկիթ, հետո բնակեցվել է հայ ընտանիքների կողմից: Շենքը ճարտարապետական փոփոխությունների չի ենթարկվել հայերի բնակեցումից հետո:

Գարուշ Վարդանյանը հրավիրում է իր մզկիթ-բնակարան, որտեղ ապրում է 1965թ.-ից:

Մզկիթ-բնակարանի ներսը: Սենյակները վերանորոգել են` ապրելու համար հարմարավետ դարձնելով:

Կոնդի դռներից մեկը:

Կոնդի բնակիչները շատ հյուրընկալ են: Եթե փողոցում հանդիպում ես որևէ մեկին և որևէ հարցով դիմում, ապա նա անմիջապես հրավիրում է իր տուն՝ հրաժարվելու ոչ մի հնարավորություն չթողնելով:

2006թ.-ին Կառավարության կողմից Կոնդը համարվեց հանրային գերակա շահ: Բնակիչները պետք է պայմանագրեր կնքեն մասնավոր շինարարական/կառուցապատող կազմակերպությունների հետ և ստանան նոր բնակարաններ: Այն բնակիչները, ովքեր պայմանագիր էին կնքել, մինչև օրս չեն ստացել իրենց բնակարանները. շինարարությունը կանգնեցված է:

Այս տղամարդիկ ծնվել են Կոնդում, սակայն կենցաղային պայմանների բացակայության պատճառով տեղափոխվել են այլ թաղամասեր: Նրանք երկուսն էլ պահանջում են կամ նոր բնակարաններ տրամադրել կամ հին տները վերակառուցել:

Գրեթե յուրաքանչյուր փողոցում կարելի է հանդիպել աղավնի պահողների: Արդեն 40 տարի է, ինչ այս պապիկը պահում է աղունիկներ, որոնք իր առօրյայի անբաժանելի մասն է կազմում:

Կոնդի նոր սերունդը: Այս երեխաների խաղահրապարակները նեղ փողոցներն են: Նրանք թվարկում են տարբեր ծրագրերի անունները, որոնք միտված են պահպանել Կոնդը:

Կոնդի տարբեր սերունդներ իրենց ժամանակն անցկացնում են նեղլիկ տարածքներում: Վարսիկ տատիկն ապրում է Կոնդում` սկսած 1962թ.-ից: Նա ցանկանում է իր բնակարանը տեսնել վերակառուցված:

թողարկում

Քաղաքաշինություն

գլխավոր