Ղարաբաղ. առաջնագծի արվեստագետները

Knar Babayan

«Ստեղծագործելը մեզ համար հաց ու ջրի նման է։ Հաճախ մեզ զրկում ենք մի բանից, որպեսզի կարողանանք ստեղծագործելու նյութեր գնել»,-ասում է Սաթենիկ Հայրիյանը։

Նա հագուստի մոդելավորող ու դիզայներ է եւ ապրում է կավագործ ամուսնու՝ Սերոբի հետ։ 28-ամյա այս երիտասարդներն իրենց առաջ հավակնոտ նպատակ են դրել` նպաստել արվեստի զարգացմանը չճանաչված Լեռնային Ղարաբաղում։ Սակայն լեռնային այս բնակավայրում, որը տեխնիկապես դեռ պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, տեղացիների մեծ մասի համար առաջնահերթությունն ազգային անվտանգությունն ու պաշտպանությունն է:

Սերոբն ու Սաթենիկը համակուրսեցիներ են։ Համալսարանի վերջին կուրսում ամուսնացել են։ Այդ ժամանակ երկուսն էլ ընդամենը 23 տարեկան էին։ Ամուսնության 6 տարիների ընթացքում աշխատանքի պատճառով զույգը մի քանի բնակարան ու բնակության վայր է փոխել։ Սերոբը երկրի հյուսիսում գտնվող Մարտակերտ քաղաքից է, որը սահմանից ընդամենը 4-5 կմ է հեռու։

Հակամարտությունն ազդել է նրանց երկուսի կյանքի վրա էլ: Ավելի ճիշտ, հակամարտության վտանգն առկա է նրանց կյանքում, որն այնքան ուժեղ է զգացվում Ղարաբաղում։ Սերոբը 1990-ականների պատերազմում կորցրել է հորը։ Այս ամենը հիմնովին ազդել է նաեւ նրա աշխարհայացքի ու աշխարհընկալման վրա, որն էլ իր հերթին դրսևորվում է նրա արվեստում։

Սերոբի կինը` Սաթենիկը, Ղարաբաղի հարավում գտնվող Սղնախ գյուղից է։ Ամուսնությունից հետո տեղափոխվել է Սերոբի հայրենի Մարտակերտ քաղաքը, այնտեղ աշխատանք է գտել և երկու տարի դասավանդել արվեստի դպրոցում։ Սակայն 2016-ի ապրիլին հակամարտությունը կրկին բռնկվեց և սահմանամերձ այս քաղաքը հայտնվեց ծանր հրթիռակոծման տակ։ Սաթենկը, որը հղի էր իր կրտսեր որդով, մեծ տղայի հետ Մարտակերտից տարհանվել է միայն ապրիլի 2-ին։

«Դա փոխեց իմ ողջ աշխարհընկալումը, չնայած մինչ օրս պատերազմի թեմայով ոչինչ չեմ ստեղծել: Պատերազմը շատ զգայուն թեմա է, որին պետք է զգուշությամբ մոտենալ»,- ասում է Սաթենիկը։ Դրանից հետո նա որոշեց երբեք չհեռանալ Ղարաբաղից։

Որոշ ժամանակ մայրաքաղաք Ստեփանակերտում ապրելուց հետո զույգը վերջերս տեղափոխվեց պատմական Շուշի քաղաք։ Նրանք ստիպված էին ամեն ինչ զրոյից սկսել։

«2012-ից երկուսով սկսեցինք աշխատել Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի (անգլիացի բարոնուհի, Լորդերի պալատի անդամ, որը պատերազմի տարիներին մեծ աջակցություն է ցուցաբերել Ղարաբաղի հայերին) անվան վերականգնողական կենտրոնում։ Ես կավագործության արթ թերապիա էի անցկացնում ֆիզիկական ու մտավոր սահմանափակումներ ունեցողների հետ, իսկ Սաթենիկը նրանց տիկնիկագործություն էր սովորեցնում։ Անհատական պատվերներ էլ էինք անում»,- պատմում է Մամունցը, որը 2014-ին առաջին երեխայի ծնվելուց հետո ստիպված էր երկրորդ աշխատանք գտնել։

Սերոբի և Սաթենիկի նման արվեստագետները սովորաբար ստիպված են լինում մեկ ուրիշ աշխատանք էլ գտնել ծայրը ծայրին հասցնելու համար։ Որպես կանոն` Ղարաբաղում արվեստագետները հաճախ մասնագիտության ու երկրում մնալու ընտրության առաջ են կանգնում։ Շատերը տեղափոխվում են ՀՀ-ի մայրաքաղաք Երևան, որտեղ ավելի շատ հնարավորություն ունեն զարգանալու, իսկ արվեստագետների շրջանակն ավելի լայն է։

Ղարաբաղում մնացողների համար զբոսաշրջային ոլորտը կարևոր ուղղություն է։ Տեղացիներից քչերն են գումար ծախսում արվեստի վրա, հիմնական գնորդները զբոսաշրջիկներն են։ Սա թույլ է տալիս ձեռքի աշխատանքով զբաղվողներին հավելյալ գումար վաստակել ամառային ամիսներին։ Տեղի շուկայի առանձնահատկությունը  յուրահատուկ ձեռքի աշխատանքներն են՝ կարպետներ և գորգեր, որով Ղարաբաղը այդքան հայտնի է։ Արցախի պետական համալսարանի գեղարվեստի բաժնի, Շուշիի Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի որոշ շրջանավարտներ նախընտրում են զբոսաշրջիկների համար հուշանվերներ պատրաստել, քան գեղարվեստով զբաղվել։

Բայց արվեստն ավելին է, քան ազգային ոճով ձեռքի աշխատանքների պատրաստումն ու վաճառքը։ Ղարաբաղի որոշ արվեստագետներ բողոքում են, որ երկրի չճանաչված լինելը նրանց մեկուսացնում է ժամանակակից արվեստի միջազգային միտումներից։ Պատճառը պարզ է. արտասահմանցի այն արվեստագետները, որոնք այցելում են Ղարաբաղ և հրապարակավ հայտնում դրա մասին, կարող են հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում։

Սարինե Հայրիյանը նախկին մշակութային լրագրող է, որն այժմ միջոցառումների կազմակերպիչ է աշխատում Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում։ Նրա կարծիքով, Ղարաբաղի չճանաչված կարգավիճակը բացասական ոչ մի ազդեցություն չունի մշակութային կյանքի վրա, ավելին` արդեն երրորդ տարին է, որ իրենց կենսակենտրոնը Լեռնային Ղարաբաղի արվեստագետների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ է կազմակերպում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։

Նա հավելում է, որ միջազգային շատ արվեստագետներ, չնայած սև ցուցակում հայտնվելու սպառնալիքին, խիզախել են իրենց աշխատանքները ցուցադրել Ղարաբաղում։ Սարինեն հավատում է, որ ճիշտ դիվանագիտությամբ կարելի է հաղթահարել ցանկացած քաղաքական խնդիր։ Փոխարենը, նրա կարծիքով, առկա խնդիրների պատճառներից մեկը արվեստի ոլորտում պետական միջոցնքերի քիչ ներդրումներն են։

«Իմ կարծիքով, Մշակույթի նախարարությունը չպետք է արվեստագետներին օգնի պարզապես նյութեր ու գործիքներ ձեռք բերելու հարցում, այլ պետք է ստեղծի համապատասխան մթնոլորտ ու միջավայր»,- ասում է Սարինեն` հավելելով,- «Նախկինում նախարարությունը արվեստագետներին գոնե ստուդիաներ էր տրամադրում, այսօր, ցավոք, դա էլ չի արվում։ Մեր երիտասարդ արվեստագետները դրսի գործընկերների հետ շփման պակաս ունեն, որն էլ ազդում է նրանց ստեղծարար մտածողության վրա: Նա նաեւ նշում է, որ Ղարաբաղում որոշ միջազգային փառատոններ են կազմակերպվել, ներառյալ քանդակագործության սիմպոզիում և դասական երաժշտության փառատոն։

«Ղարաբաղում տաղանդավոր շատ արվեստագետներ կան, որոնց ստեղծագործություններով հիանում են միջազգային մասնագետները։ Այսօր նրանք անում են իրենց ուժերի ներածի չափով, բայց ցավոք սրտի, դա երկար չի տևի։ Մի օր նրանք կսպառեն իրենց»,- եզրափակում է Սարինեն։

Լեռնային Ղարաբաղի 2019-ի 113 միլարդ դրամ բյուջեից Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը հատկացվել է միայն 2,1 միլիարդ դրամ։ Իր հերթին էլ նախարարությունը 224 միլիոնը ծախսում է միայն մշակութային միջոցառումների կազմակերպման վրա։

Այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը պնդում է, որ իրենք ամեն ինչ անում են արվեստագետներին աջակցելու համար։

«Մենք տարբեր տեսակի աջակցություն ենք ցուցաբերում արվեստագետներին: Երբեմն նախարարությունը նրանց հրավիրում է մասնակցելու հատուկ միջոցառումների, երբեմն էլ իրենք են դիմում մեզ, որպեսզի օգնենք որևէ փառատոն կամ սիմպոզիում կազմակերպելու հարցում: 2019-ին պլանավորում ենք 10-ից ավելի միջոցառումներ կազմակերպել, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 104.5 միլիոն դրամ ($214,108): Բյուջեում ներառված են նաև ներհանրապետական և արտերկրյա հյուրախաղեր, համերգներ, ցուցահանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ: Իսկ մոտ 120 միլիոն դրամ էլ հատկացվել է պատմամշակութային հուշարձանների պահպանմանն ու վերանորոգմանը»,-ասում է նախարարը:

28-ամյա կավագործ Սերոբ Մամունցը Շուշիի Նարեկացի արվեստի միությունում իր սարքած կավե կուժի վրա փորագրություն է անում։ 2017-ից շաբաթը 3 անգամ Մամունցը շուշեցի երեխաներին կավագործության դասեր է տալիս։

Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի կավագործության արվեստանոցում Մամունցը շաբաթական երկու օր արթ թերապիա է անցկացնում` ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող երեխաների և մեծահասակների համար: 2012թ-ին այս արվեստանոցում է Սերոբը սկսել հմտանալ կավագործության մեջ։

Վերականգնողական կենտրոնի արվեստանոցում։ Սերոբն անիվի վրա կուժ պատրաստելու համար կավե գունդն է մշակում։ Նա ասում է, որ կավը ամեն ինչ զգում է, դրա համար անգամ իր ամենափոքր գործը պատահական մարդու չի նվիրում կամ վաճառում։ «Կավը մաքուր ու ազնիվ հոգով մարդկանց է սիրում»,-ասում է նա: Սերոբի գործերը հասել են Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, ԱՄՆ, ՌԴ և այլ երկրներ։

Կավագործությունը շատ է օգնում վերին վերջույթների մատորիկայի խնդիրներ ունեցողներին։ Կենտրոնում բուժվող մեծահասակների մոտ դա հիմնականում ինսուլտի հետևանք է:

Շուշիի Նարեկացի արվեստի միության ետնաբակում «Բրուտ արտ» կավագործության սիմպոզիումի համար Մամունցը ընկերների հետ 4-5 ամսում կավը թրծելու համար 2 մեծ վառարան է պատրաստել։ Բացօթյա արվեստանոցին կից պլանավորվում է «արթ կաֆե» բացել։

5-ամյա Հայկը հայրիկին ցույց է տալիս գաջեթով նկարելու իր հմտությունները։ Արվեստագետների ընտանիքում շաբաթը «հայրիկի օրն է»։ Տղաներն ամբողջ օրն անց են կացնում Սերոբի հետ։ «Քանի որ երկուսս էլ ծանրաբեռնված գրաֆիկ ունենք, երեխաների խնամքն ու տան գործերը բաշխել ենք երկուսիս մեջ»,-ասում է Սերոբը։

Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողները ծանոթանում են հայկական զարդանախշերին։ 28-ամյա հագուստի մոդելավորող, դիզայներ ու գեղանկարիչ Սաթենիկ Հայրիյանը քոլեջում հագուստի պատմություն է դասավանդում։

Հայրիյանը Շուշիի արվեստի դպրոցում շաբաթական 2 օր 6-15 տարեկան երեխաներին նաեւ կավագործություն ու գեղանկարչություն է դասավանդում։

Շուշիի արվեստի դպրոցում։ «Շատ եմ փոշմանում, որ շուտ չենք տեղափոխվել Շուշի։ Պատմական այս փոքր քաղաքը ստեղծագործելու համար շատ տրամադրող ու ոգեշնչող է։ Արդեն մի քանի սիրուն տեսարաններ եմ իմ համար առանձնացրել ու անհամբեր սպասում եմ գարնանը, որ գնամ նկարելու»,-ասում է Սաթենիկը։

Երիտասարդ դիզայների «Դրախտային պարտեզ» կոչվող հավաքածուն 2017թ․ առաջին անգամ ներկայացվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած «ArmMod Fasion» հայկական նորաձեւության ամենամյա ցուցադրության ժամանակ։ 50 դիզայներներից միայն Հայրիյանն էր Ղարաբաղից:

Սաթենիկը որդիների՝ Հայկի և Միհրանի հետ Շուշիի իրենց տանը։

Այս համատեքստում, կազմակերպությունը, որտեղ աշխատում է Սարինե Հայրիյանը, մեծ դեր է կատարում Ղարաբաղի մշակութային կյանքի աշխուժացման գործում: Եվ պատահական չէ, որ Ստեփանակերտի միակ վերնիսաժը, որտեղ տեղացի արվեստագետները վաճառում են իրենց ձեռքի աշխատանքները, գտնվում է հենց «Արմատներ» կենսակենտրոնում: Այստեղ հաճախ են կազմակերպվում նաև տեղացի արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսներ:

Ոչ պակաս կարեւոր դեր ունի նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության Ստեփանակերտի գրասենյակը:

«Մեր ուշադրության կենտրոնում հիմնականում երիտասարդ արվեստագետներն են, մասնավորապես` հեռավոր և սահմանամերձ գյուղերից»,- բացատրում է Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Հերմինե Ավագյանը:

«Փորձում ենք գտնել նոր տաղանդներ և ավելի ակտիվացնել մշակութային կյանքը, օգտագործելով մեր ռեսուրսներն ու կապերը` ցուցադրել տեղացի արվեստագետների գործերը Ղարբաղում, ՀՀ-ում և արտերկրում: Մենք աշխարհին ներկայանում ենք ղարաբաղցի արվեստագետների աշխատանքների միջոցով»,- ասում է նա` հավելելով, որ շուտով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում միությունը ցուցահանդես է բացելու:

Չնայած այս ամենին` միևնույնն է դժվար է գումար վաստակել արվեստով: Այսօր Սաթենիկի և Սերոբի ամսական եկամուտը ընդամենը 190 հազար դրամ է ($400-ից էլ քիչ): Այնինչ, վեց ամիս է ինչ զույգը 40 հազար դրամով (մոտավոր $ 82) երկու սենյականոց տուն է վարձում Շուշիում, որտեղ անգամ ստեղծագործելու համար անկյուն չկա։

Փոխարենը տանն ամենուր նրանց ժամանակակից արվեստի գործերն են։ Սաթենիկի մի քանի կտավների կողքին փակցված են նրանց 5-ամյա որդու՝ Հայկի նկարչության առաջին փորձերը։ Նույն պատի ներքևի հատվածի նկարչությունը նրանց կրտսեր որդու՝ 2,5 տարեկան Միհրանի «ձեռքի գործն» է։

Հայրիյանն իրեն առաջին հերթին համարում է հագուստի մոդելավորող, դիզայներ, այնուհետեւ գեղանկաիրչ։

«Ամեն ինչ սկսվեց կանացի հագուստի փոքրիկ հավաքածուից, որը կոչվում էր «Դրախտային պարտեզ»։ Նկարազարդել եմ հայկական մանրանկարչության մեջ հայտնի թռչնանախշերը` իմ մեկնաբանությամբ»,-ասում է Սաթենիկը։

Տարիների ընթացքում Հայրիյանին հաջողվել է ձեռք բերել մի քանի մշտական հաճախորդներ, որոնք պարբերաբար դիզայներական հագուստ են պատվիրում։

Սաթենիկը չի ուզում սահմանափակվել Ղարաբաղով։ Թեեւ տեսականորեն կարող է համացանցի միջոցով իր արտադրանքը վաճառել դրսում, բայց ասում է, որ ֆինանսական սուղ պայմանների ու տեխնիկական խնդիրների պատճառով, ստիպված է մերժել սփյուռքից ստացվող պատվերները։

«Շատ կուզենայի մի փոքրիկ թիմ ունենալ ու դիզայներական հագուստի ինչ-որ քանակ ապահովել, մանավանդ, որ  պահանջարկը գնալով մեծանում է»,-ասում է նա։

«Շատ քչերն են հասկանում ու գնահատում իմ ոճը։ Իհարկե, անհնար է միայն դրանով փող վաստակել։ Զուգահեռ կավագործություն ու գեղանկարչություն եմ դասավանդում Շուշիի արվեստի դպրոցում ու հումանիտար քոլեջում»,- պատմում է Սաթենիկը։

Շուշիի հումանիտար քոլեջն առաջին հայացքից բանի պիտանի չէ։ Երեք կորպուսից բաղկացած եռհարկանի շենքի միայն մեջտեղի հատվածն է այսօր շահագործվում։ Մնացած երկուսից միայն պատերն են կանգուն, որոնք ժամանակի ընթացքում ծածկվել են մացառուտներով։ 1991-94թթ․ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շուշիի շենքերի մեծ մասը ռմբակոծվել կամ հրդեհվել են։

Սերոբը հինգ տարի է, ինչ կավագործություն է դասավանդում այստեղ։

Կավագործությամբ սկսել է զբաղվել 2012-ին, երբ դեռ Արցախի պետական համալսարանի արվեստի բաժնի ուսանող էր։ Այն ժամանակ, ինչպես և այսօր, հմուտ կավագործներ քիչ կային Ղարաբաղում։ Չնայած Սերոբի ջանքերին` իրավիճակը այնքան էլ չի փոխվել։

«Ցավոք սրտի կավագործությամբ քչերն են հետաքրքրվում։ Իմ ուսանողների մեծ մասը  նախընտրում է գրպանի փող վաստակել ոչ թե կավագործությամբ, այլ բանվորությամբ»,- նշում է Սերոբը։

Արվեստանոցի պատերից կախված դարակներին տարբեր տարիների ուսանողների աշխատանքներն են։ Իսկ պատուհանից տեսարան է բացվում դեպի Շուշիի 19-րդ դարի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի (ռմբակոծությունից փրկված Շուշիի եզակի շինություններից է)։

Սերոբն այստեղ հազվադեպ է ստեղծագործում։

«Արվեստանոց չունեմ, հիմնականում աշխատում եմ Շուշիի Նարեկացի արվեստի միությունում։ Երկու տարի է այնտեղ նույնպես կավագործություն եմ սովորեցնում երեխաներին»,-ասում է նա։

«Անցած ամռանը Շուշիի Նարեկացի արվեստի միության ղեկավար, տիկնիկագործ Հայկ Պապյանի հետ նախաձեռնել էինք Ղարաբաղում առաջին «Բրուտ արտ» կավագործության ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցել են 10-ից ավելի արվեստագետներ` Ղարաբաղից և ՀՀ տարբեր քաղաքներից: Այդկերպ փորձում ենք և՛ կավագործությունը Ղարաբաղում զարգացնել, և՛ արվեստի միջոցով Ղարաբաղը աշխարհին ճանաչելի դարձնել»-ասում է Սերոբը` հավելելով, որ այս տարի փառատոնը հավակնում է դառնալ միջազգային։

2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմն այն եզակի դեպքն էր, որ ստիպեց կավագործին կիսատ թողնել սկսած գործերն ու օրերով մոտ չգնալ կավին։ Բայց անգամ պատերազմական իրավիճակում, Մամունցը անիմաստ չի համարել իր արվեստով զբաղվելը։

«Ցանկացած բնագավառում դժվարություններ ու սահմանափակումներ կան՝ աշխատանքային նյութերի, հնարավորությունների և ամենակարևորը` արվեստի ընկալման ու գնահատման խնդիրներ։ Բայց դա չի նշանակում, որ արվեստագետը դադարում է ստեղծագործել»,-ասում է նա:

Սաթենիկի արվեստն այս ամսվա վերջին ներկայացվելու է Բեյրութի ամենամեծ պատկերասրահներից մեկում` «Արցախն ափի մեջ» ցուցահանդեսի ժամանակ, որը կազմակերպում է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը։ Միջոցառման ընթացքում կլինեն նաեւ 13 ղարաբաղցի կին այլ արվեստագետների աշխատանքներ:

«Նոր հավաքածուն լինելու է հայկական մանրանկարչության տարրերով եւ ավելի հարմարեցված է լինելու սփյուռքի ճաշակին»,- բացատրում է Սաթենիկը։

«Գաղափարն արդեն կա, այս պահին աշխատում եմ հագուստի մոդելների ու դիզայնի դետալների վրա։ Սա շատ լավ հնարավորություն է իմ արվեստը ցուցադրելու Ղարաբաղից ու Հայաստանից դուրս»,-ամփոփում է նա:

թողարկում

Միլլենիալներ

հաջորդ պատմությունը