Որսագողության դեմ պայքարի երկու ընկերները

Արեն Մելիքյան

Բորիս Վանյանի օրն սկսվում է արևածագին․ որսագողության դեմ պայքարն սովորական առավոտյան 09։00-ից երեկոյան ժամը 17։00-ը տեւող աշխատանք չէ։

Ատամնաբույժ Վանյանը 2017 թվականին, գերադասելով բնության հանդեպ ունեցած իր սերը, դարձավ անտառապահ: Այժմ նրա առօրյան փոխվում է բնության քմահաճույքների հետ։ Նրա առաքելությունը որսագողության դեմ պայքարն է Արարատի մարզի՝ հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում գտնվող Տիգրանաշեն գյուղի շրջակայքում։ 

Հայաստանում որսորդությունն արգելված չէ, այնուամենայնիվ այն ունի հստակ կարգավորումներ և սահմանափակումներ տարվա որոշ շրջանների և կենդանիների մի շարք տեսակների համար։ Որսի շրջանն սկսվում է մոտավորապես օգոստոսի երրորդ շաբաթից և տևում մինչև փետրվարի վերջը՝ մինչև կենդանատեսակների հիմնական մասի բազմացման շրջանի սկիզբը։ Սակայն ապօրինի որսը շարունակում է խնդիր մնալ երկրի համար։ 

ՀՀ Կառավարությանը ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը կարծում է, որ որսագողությունը բացառելու համար պետք է զարգացնել վերահսկողական միջոցները` ավելացնել տեսչական կազմը, բարձրացնել հասարակության իրազեկվածության աստիճանը, քանի որ շատերն անգամ տեղյակ չեն պատժամիջոցների խստության մասին, ծանոթ չեն օրենսդրությանը։

Չկա որսագողության հստակ վիճակագրություն, սակայն տարիներ շարունակ երկրում գոյություն ունեցող ամենաթողությունը պարարտ հող է ստեղծել դրա համար:

«Ժամանակին զուգընթաց որսագողերը ևս զարգանում են, ամենագնաց մեքենաներ են ձեռքբերում, տիրապետում են հսկիչների տեղակայման մասին տեղեկատվությանը։ Վերջին տարվա ընթացքում, սակայն, որսագողության դեպքերը քչացել են։ Դրանց հիման վրա հարուցվել են քրեական գործեր:

Տարիներ շարունակ գրանցվել է միջինում 150-200 որսագողության դեպք՝ տարբեր չափերի ու մակարդակների։ Եղել է տարի, երբ բնությանը հասցրած վնասի չափը հասել է 200 միլիոն դրամի»,-ասում է Բեգլարյանը։

Գյուղի մոտակայքում Սև ագռավների նոր ընտանիք է հաստատվել։ Բորիսը հեռվից հետևում է քարանձավում տեղավորված թռչունների մորը և երկու ձագերին։

Նրա օրվա մեծ մասն անցնում է Հովազի ձոր կոչվող վայրում։ Այստեղ տեղադրված տեսախցիկները պարբերաբար արձանագրում են Կովկասյան հովազի ելումուտն այս տարածք։

Բորիսի երեք երեխաներից ամենակրտսերը՝ 4-ամյա Դանիելը, որոշել է ֆուտբոլիստ դառնալ։ Առայժմ հետաքրքրությամբ լսում է՝ ինչպես է հայրը սովորեցնում տարբերել անգղների տեսակները։

Տուն վերադառնալուց հետո Բորիսը փորձում է ընտանիքից բացի ժամանակ գտնել նաև իր այգու և ընտանի կենդանիների խնամքի համար։

Իր գործընկեր Ռադիկ Մաթևոսյանի հետ Վանյանը մեծ եռանդ է գործադրում նման դեպքերը կանխելու նպատակով։

Վանյանը 8 տարեկան էր, երբ նրա ընտանիքը ղարաբաղյան հակամարտության հետևանքով լքեց իրենց տունն ադրբեջանական Բեգում Սարով գյուղում՝ տեղափոխվելով Լեռնային Ղարաբաղ, ապա հաստատվելով Հայաստանի Տիգրանաշեն [նախկին ադրբեջանական Քյարքի] գյուղում։ 35-ամյա Բորիսը երբեք չի լքել այս գյուղը և այժմ անգիր գիտի շրջակայքի յուրաքանչյուր քարանձավ ու առվակ։ Վանյանը Տիգրանաշենի հարևան գյուղում՝ Զանգակատանն ապրող 36-ամյա Մաթևոսյանին հանդիպեց 2018-ի ամռանը՝ առաջարկելով նրան դառնալ անտառապահների իր թիմի անդամ։ Մաթևոսյանը, որ մինչև ի պաշտոնե անտառապահությամբ զբաղվելը տարբեր եղանակներով փորձել էր պայքարել Զանգակատան մոտակայքում որսագողության դեմ, առանց երկար մտածելու ընդունել էր առաջարկը։ Հիմա բնության հանդեպ ընդհանուր սերը նրանց մտերիմ ընկերներ է դարձրել։ Այնուամենայնիվ շատ հարցերում համաձայնության չեն գալիս, այդ թվում, երբ խոսքը որսագողության դեմ պայքարի եղանակների մասին է։

Մաթևոսյանը, որը նախկինում հաճախ է որսորդությամբ զբաղվել, այժմ ոչ միայն պայքարում է ապօրինի որսի դեմ, այլև կողմնակից է ընդհանրապես որսի արգելքին։ 

«Ես նախատեսված եմ բնապահպանության համար։ Բնապահպան չեն դառնում։ Բանաստեղծ ծնվում են, վարորդ էլ չես կարող դառնալ, բնապահպան էլ են ծնվում, ամեն մարդ իր գործ ունի։ Հիմա ես նախատեսված եմ այս գործի համար՝ պահելու ու պահպանելու բնությունը»,-ասում է Մաթևոսյանը։ 

Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր 3-5 տարի ժամկետով արգելել որսը երկրում։ Նույն ժամանակ երկրի կառավարությունը հավանություն էր տվել Կարմիր գրքում հայտնված մի շարք կենդանիների որսի վերաբերյալ նոր կարգավորումներին՝ ավելացնելով օրենքի խախտման դեպքում տուգանքի չափը։ 

Հայաստանի Քրեական օրենսգիրքն ապօրինի որսի համար սահմանում է տուգանք նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով։  

«Նախկին իշխանության օրոք փոշիացրել են ամբողջ բնությունը։ Աջուձախ ոչնչացրել են՝ չնայելով ո՛չ ժամանակ, ո՛չ տեղ։ Իսկ եթե այս օրենքը գործի, 3 տարի կարելի է համբերել, որսորդությունը չբուժվող հիվանդություն չէ։ Երեք տարում բնությունը կզարգանա։ Երեք տարին ի՞նչ է, որ որսորդները չդիմանան»,-հարցնում է Ռադիկը` Բորիսին, որը կարծում է, որ որոշ կենդանատեսակների համար որսը կարելի է թույլ տալ։

Ռադիկի ընտանիքում որսորդությամբ զբաղվելը ժառանգական բնույթ է կրել։ Նրա ապուպապն էլ է որսորդ եղել, պապն էլ։ Հավատացնում է, որ մինչև բնապահպանությամբ զբաղվելը՝ տարիներ առաջ, ինքն էլ է հասցրել հայտնի որսորդի համբավ ձեռք բերել։

Նա պնդում է, որ որսագողությունը կանխելու համար պիտի ինքդ լավ որսորդ լինես՝ հասկանալու, թե՛ ապօրինի որսի դուրս եկած մարդու հոգեբանությունը, թե՛ որտեղ կարելի է հսկել պատսպարված կենդանու անվտանգությունը։ Հիմա նրա համար որսը բացառված է։

Կյանքի մեծ մասը բնության մեջ անցկացրած տղամարդն ասում է, որ բնությունն իր համար նաև դպրոց է եղել, ուր կոփվել են իր բնավորության գծերի մեծ մասը։

Երբ տանն է, զբաղվում է իր խնձորենիների խնամքով։ Նրա հսկայական այգում ավելի քան 5 տեսակի խնձոր է աճում։

Բորիսն ու Ռադիկն առաջին հայացքից իրարից բացարձակ տարբեր բնավորություններ ու խառնվածքներ ունեցող մարդիկ են, բայց բնության հանդեպ նրանց ընդհանուր սերը միավորում է միմյանց:

Ամեն օր պարտադիր մի քանի անգամ ընկերները զանգահարում են իրար՝ զեկուցելու միմյանց անցուդարձի վերաբերյալ ու հարցնելու միմյանց որպիսությունը։

Մինչ Բորիսն ու Ռադիկը հսկում են բնության անդորրը, նրանց հսկում է Նորթը՝ Բորիսի 1,5 տարեկան շունը։ Նորթին Բորիսիսն նվիրել է իր ընկերներից մեկը։ Հիմա նա ամենուր հետևում է տիրոջը՝ ոչ պաշտոնապես համալրելով բնության պահապանների թիմը։

Այդուհանդերձ որսագողությունն այս տարածաշրջանում կենդանական աշխարհի համար միակ վտանգը չէ։ Առայսօր շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտությունը ևս ազդում է վայրի բնության վրա։ Տիգրանաշենի մոտակայքում է գտնվում այնպիսի կենդանիների միգրացիոն միջանցքը, ինչպիսիք են հովազը և մուֆլոնը: Սակայն պատերազմական իրադրության պատճառով այս գոտին նաև ռազմական է։ Երբեմն հենց զինվորներն են որսով զբաղվում: Բացի այդ, տարածքն ականապատված է։ 

«Դիրքերի հատվածը հսկել հնարավոր չէ, բայց շուտով դա էլ կկարողանանք հսկել։ Իրենք էլ [ադրբեջանցի անտառապահները] իրենց կողմից են հսկում»,- ասում է Մաթևոսյանը՝ բացատրելով, որ անտառապահների կողմից մշտապես պիտի հսկողության տակ լինեն սահմանի թե՛ Նախիջևանի, թե՛ Արարատի մարզի հատվածները, քանի որ կենդանիները, որ չեն ճանաչում մարդկանց գծած սահմանները, շարունակում են անցնել դրանց մի կողմից մյուսը՝ վտանգելով իրենց կյանքը։ 

թողարկում

Մեր շրջակա միջավայրը

հաջորդ պատմությունը