Հայ հանքագործների 50/50 կյանքը

Իննա Մխիթարյան

Տեքստը եւ լուսանկարները` Իննա Մխիթարյանի

Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզի Ախթալա քաղաքը երկրի ամենահին հանքարդյունաբերական կենտրոններից է: Շուրջ 255 տարի Ախթալայի բնակիչները սերնդեսերունդ աշխատում են տեղի լեռնահարստացման կոմբինատում: Չնայած աշխատանքային վտանգավոր պայմաններին եւ ցածր աշխատավարձերին` տեղացիները չեն կարող պատկերացնել իրենց կյանքն առանց կոմբինատի տրամադրած աշխատատեղերի:

Սակայն այդ աշխատատեղերի համար նրանք կրկնակի են վճարում, քանի որ հանքի աշխատանքային պայմանները մշտական վտանգի տակ են դնում հանքագործների կյանքը եւ օրեցօր ահագնացնում այն մտավախությունը, թե հանքը կարող է ավիրել հողը, որի վրա կառուցված են իրենց տները:

Հանքաարդյունաբերությունն անհետևանք չի, հանքերի շահագործումը էական վնաս է հասցնում բնությանն ու մարդկանց, բայց տեղացիների համար էկոլոգիական խնդիրները դրանք երկրորդական են եւ նման են դանդաղ մահի: Տեղաբնակներից 57-ամյա Սուսաննա Սարգսյանի համար ամենամեծ վտանգն այն է, որին հանքափորերն առերեսվում են առօրյա աշխատանքի ժամանակ:

«Ամեն օր հանքագործները վտանգի են ենթարկում իրենց կյանքը: Հանքափորը, երբ գործի է գնում, հավանականությունը, որ ողջ կմնա, կամ փլուզման տակ կընկնի` 50/ 50 է: Փլուզումների ու տարատեսակ պատահարների շատ դեպքեր են լինում, անվտանգ աշխատանք չէ»:- ասում է նա: 

Իբրեւ վավերագրող լուսանկարիչ, ես Ախթալա էի այցելել նաեւ 11 տարի առաջ` նկարելու հանքագործներին: Վերջերս վերադարձա այնտեղ` ուսումնասիրելու, թե ինչպես է փոխվել նրանց կյանքը, արդյոք դրա որակը վերջին 11 տարիների ընթացքում լավացե՞լ է:

Հենց հասա քաղաքի գլխավոր հրապարակն այնտեղ հավաքված տղամարդկանց ցույց տվեցի նախորդ այցելությանս ընթացքում արված նկարներից մեկը, որը պատկերում էր հանքափոր Պյոտր Մարկինին: Մինչեւ տղամարդիկ փորձում էին ճանաչել, թե ով է ֆոտոյի վրա, կապուտաչյա Պյոտրը մոտեցավ ինձ:

69-ամյա Մարկինն ազգությամբ ռուս է, նրա ընտանիքն Ախթալայում է հաստատվել 1962-ին: Կոմբինատում աշխատել է շուրջ 50 տարի: 2015-ին փակ հանքում փլուզման հետևանքով ոտքի վնասվածք է ստացել ու անցել թոշակի:

«Սովետի ժամանակ մեր աշխատանքային պայմանները շատ լավ էին: Անկախացումից անմիջապես հետո հանքը չէր աշխատում, ավելի ուշ այն վերագործարկվեց, տարբեր տնօրեններ փոխվեցին, բայց մենք` աշխատողներս, շատ տարբերություն չենք զգացել: Կոմբինատը շատ հարուստ է, բայց ժողովուրդը` աղքատ: Բազմաթիվ երիտասարդներ գալիս հրապարակում պարապ նստում են` ասելով, թե կոմբինատում աշխատելու տեղ չկա»,-նշում է Պյոտորը:

Ախթալան` 2008-ին:

Լքված տուն Ախթալայում` 2019թ.:

Պյոտր Մարկինը հանքի ներսում պայթեցման աշխատանքներն է կազմակերպում, 2008 թ.:

Մարկինը` 11 տարի անց (2019-ին) Ախթալայի հրապարակում:

69-ամյա Պյոտր Մարկինը կնոջ` 69-ամյա Նատալիա Մարկինայի և թոռան ` Ալեքսի հետ:

Կոմբինատի բաց հանքերից մեկը գտնվում է Շամլուղ համայնքի տարածքում: Այն ահռելի տարածք է զբաղեցնում, որն, ի դեպ, նախկինում անտառ է եղել: Այսօր վերածվել է հսկա մոխրագույն մի փոսի, որի կենտրոնում հորատման աշխատանքներ են ընթանում: 

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարեւոր ճյուղերից է: Սակայն բնապահպնանների պնդմամբ, արդյունաբերության այս ճյուղը աղտոտում է հողը եւ մեծ վնասներ հասցնում բնությանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մասնագետների «ՀՀ գյուղմթերքների ծանր մետաղներով աղտոտման ռիսկի գնահատում» հետազոտության համաձայն, հանրապետության տարբեր շրջաններում հողագրունտի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքարդյունահանման հետեւանքներն այսօր արդեն անթույլատրելի եւ անվերահսկելի են դարձել: 

Հետազոտության եզրակացությունը համընկնում է բնապահպան ակտիվիստների կողմից տարիներ շարունակ բարձրաձայնած մտահոգություններին: Ամենավերջին նմանատիպ մտահոգության արտացոլումն է այն, որ վերջերս, մի խումբ բնապահպան ակտիվիստներ դատական գործընթաց են սկսել հանքարդյունաբերական մի կազմակերպության դեմ, որը փորձում է նոր հանք բացել Ջերմուկ քաղաքի հարեւանությամբ գտնվող Ամուլսարում: Ըստ հանքը շահագործման իրավունք ստացած կազմակերպության, այն լի է ոսկով` մոտ 74,000 կգ եւ արծաթով: Սակայն բնապահպանների համոզմամբ շրջակա միջավայրի վրա հանքի թողած բացասական ազդեցությունն ավելին շատ կարժենա, քան արդյունաբերության արդյունքում բյուջե վճարվող հարկերը:

Մինչ քաղաքական գործիչները, ակտիվիստներն ու գիտնականները քննարկում են բնապահպանական վնասները, Շամլուղից թոշակառուներ Սուսաննա ու Սերգեյ Առուստամովները դրա հետեւանքները զգում են իրենց առօրյա կյանքում, երբ բացում են տան պատուհանը: 

65-ամյա Սուսաննա ու 73-ամյա Սերգեյը Շամլուղ տեղափոխվել են Բաքվից` 1990-ին: Նրանց է տրամադրվել Հայաստանը լքած ադրբեջանցի ընտանիքի տունը: Սերգեյը 7 տարի աշխատել է կոմբինատում, հետո թոշակի անցել: Հիմա զբաղվում է այգի մշակելով: Սակայն հարևանությամբ գործող բաց հանքի պայթեցման աշխատանքներն ամուսիններին հանգիստ չեն տալիս: Իրենց տան դուռը վերջերս չի փակվում, իսկ պատճառը նստող հողագրունտն է: 

Ամուսինները  մտահոգ են, որ իրենց տունն ու այգին մի օր կփլուզվի, քանի որ հորատման աշխատանքներն ընթանում են անմիջապես տան ներքում գտնվող բաց հանքում, որտեղ նաեւ պարբերաբար պայթեցման աշխատանքներ են իրականացվում:

«Երբ նոր էինք տեղափոխվել, այնքան գեղեցիկ տեսարան էր այստեղ, խիտ կանաչ անտառ: Բայց ամբողջը քանդվեց, ավերվեց, մնացած անտառի մասն էլ չի դիմանա, որովհետև բնության բալանսը խախտվել է»,-ասում է Սերգեյ Առուստամովը` հիշելով տունը նախկինում շրջապատած փարթամ կանաչ անտառը:

Կոմբինատի հանքանյութի մշակման արտադրամասը:

Հանքանյութի թաց մշակման պրոցեսը 2008-ին:

Կոմբինատի լաբորատորիայի աշխատակցուհիներն են, ամենավերջում կանգնած կինը 68-ամյա Ամալյա Մելքոնյանն է` 2008թ-ին:

Մելքոնյանը` Ախթալայում գտնվող իր բնակարանում, 2019թ.: Նա 15 տարի կոմբինատում աշխատելուց հետո այս տարի թոշակի է անցել: «Ես սիրում էի աշխատանքս, ուժերս տեղն էին, կարող էի շարունակել աշխատել, բայց ինձ ընտրություն չտրվեց»,- ասում է Մելքոնյանը:

Հանքի ներսում աշխատակիցը ցույց է տալիս պղնձի հանքանյութը, 2008թ.:

Մյուս հանքափորները, սակայն, չեն դժգոհում կոմբինատի աշխատանքներից` չնայած աշխատանքային վտանգավոր պայմաններին, եւ վնասվածքներին, որ ստանում են գործի ժամանակ: 51-ամյա Գագիկ Վարդանյանը եւ նրա վրացի կինն ապրում են Շամլուղում: Գագիկը կոմբինատում աշխատում է 1996-ից: 2004-ին դարձել է հորատող: 2018-ին փակ հանքում փլուզման հետևանքով ոտքի կոտրվածքներ է ստացել: Կոմբինատը վճարել է բուժման համար, սակայն, երբ նա արդեն ապաքինվել էր եւ պատրաստ էր վերադառնալ իր նախկին աշխատանքին, կոմբինատը հորատողի փոխարեն նրան կարգել է անվտանգության հսկիչ:

Գագիկը շնորհակալ է նաեւ այս աշխատանքի համար, ինչպես նաեւ կոմբինատի որոշման` փակելու իր բուժման ծախսերը, քանի որ ինքը բժշկական ապահովագրություն չուներ:

51-ամյա Գագիկ Վարդանյանը հերթափոխից առաջ համազգեստը հագնելիս, 2008 թվական:

Վարդանյանը` Շամլուղում գտնվող իր տան բակում: Հանքում փլուզման հետևանքով վիրավորվել է ու այժմ կոմբինատում աշխատում է որպես անվտանգության հսկիչ: Առողջությունը չի հերիքում ֆիզիկական այլ աշխատանք կատարելու:

Գագիկ Վարդանյանը կնոջ` ազգությամբ վրացի 48-ամյա Սյուզաննա Վարդանյանի հետ, 2019թ.:

Լքված հողամաս Շամլուղում, 2019թ.:

Շամլուղի բաց հանք տանող ճանապարհն է:

Շամլուղի բաց հանքը, 2019թ.:

Աջից առաջինը 73-ամյա Սերգեյ Առուստամովն է իր հերթափոխի ժամանակ, 2008թ.:

Առուստամովը կնոջ` Սուսաննայի հետ Շամլուղի իրենց տանը, 2019թ.:

Պղնձի խտանյութի պատրաստման վերջին փուլը, 2008թ.:

Ախթալայի բլրից հոսող ջուրը տարածքը գունավորել է քիմիական թափոնների մնացուկներով, 2019թ.:

Փակ հանքից հեռանում են հերթափոխն ավարտած հանքափորները, 2008թ.:

Սակայն կյանքն ավելի դժվար է հիմա: Որպես անվտանգության հսկիչ, ավելի քիչ է վաստակում` հորատողի աշխատավարձի գրեթե կեսը:

«Աշխատավարձս 73 000 դրամ է (շուրջ $153), նախկինում, երբ հորատող էի աշխատում, ստանում էի 150 000 -200 000 դրամ (շուրջ $420): Տարիները մեր կյանքում բան չեն փոխում: Իմ կյանքը փոխվեց միայն փլուզման պատճառով»,- ամփոփում է Գագիկը:

թողարկում

Մեր շրջակա միջավայրը

հաջորդ պատմությունը