Ապրելով առանց ջրի՝ հայկական գյուղում

Հեղինակ` Արփի Բեքարյան

Թլիկի բնակիչները շատ պարզ երազանքներ ունեն․ սկզբի համար՝ գյուղում ջուր ունենալ։ Թուրքիայի հետ սահմանամերձ եզդիաբնակ այս գյուղում մշտական բնակիչների թիվն այսօր 100-ից էլ պակաս է։ Գյուղացիները նորմալ ջրամատակարարում չունեն` սկսած 1993 թվականից։ Հիմա Թլիկի բնակիչները կախված են պոմպից ու խմելու ջրից, որն առնում են շշերով։

Թլիկում, սակայն, իրավիճակը միշտ չէ այսպիսին եղել։ Գյուղը Սովետական Միության տարիներին ուներ ջրամատակարարման համակարգ։ Բայց մի օր ջուրը դադարեց հոսել, ու այդպես էլ խնդրին վերջնական լուծում չտրվեց։ Նախկինում ունեցած ջրային ենթակառուցվածքն արդեն հնարավոր չէ վերականգնել, իսկ խնդրի համար գյուղացիների անթիվ բողոքները լսելի չեն եղել իշխանության ներկայացուցիչներից և ոչ մեկի համար։ Մաքուր ջրի մշտական բացակայությունը հարյուրավոր բնակիչների արտագաղթի պատճառ է դարձել։

Այսօր նախկին Թլիկից միայն դրա ստվերն է մնացել։ Հայաստանը հայտնի է իր քաղցրահամ ջրի ռեսուրսներով։ Բնակչության 95%-ն ապահովված է մաքուր խմելու և ոռոգման ջրով։ Բայց, միևնույն ժամանակ, խորը ջրբաժան կա քաղաքային ու գյուղական համայնքների միջև։ Այն առավել ակնառու է հենց այս գյուղի պարագայում, որը շարունակում է անտեսված մնալ իշխանության կողմից։

Խմելու ջուր գյուղը ստանում է յուրաքանչյուր 10 օրը մեկ, ինչի համար ամեն ընտանիք վճարում է 1700-1800 դրամ։ Բայց այս 10 օրն էլ ժամանակ առ ժամանակ ձգվում է՝ երբեմն հասնելով 20-ի։ Գյուղում առկա միակ պոմպը կապված է Ախուրյան գետի հետ։ Գետի ջրի մաքրությունը կարելի է չափել դրա դեղին գույնով ու պոմպում հայտնված ձկներով։ Հենց այդ պոմպից էլ գյուղացիներն ամեն օր դույլերով ջուր են կրում ու դրանք, էշի վրա բարձելով` յուրաքանչյուրն իր տուն հասցնում:

թողարկում

Մեր շրջակա միջավայրը

հաջորդ պատմությունը