Ո՞վ է իմ մարմնի տերը

Արշալույս Բարսեղյան

Նարեն* 12 տարի փորձում էր չհիշել երեխա ժամանակ իր հետ կատարվածը, իր մարմնի հետ արվածը։

Ընտանիքի մտերիմ ընկերոջ կրկնվող բռնաբարություններից հետո նա մեծ ամոթ էր զգում, փորձում մոռացության մատնել հիշողությունները։ 

Իրականում Նարեն միակը չէ, որը լռել է իր հանդեպ կատարվածի մասին։ Պահպանողական Հայաստանը բռնության ենթարկվածներին արդարադատությունը վերականգնելու և օգնություն ստանալու համար քիչ ելքեր է առաջարկում:

Սեռական հետապնդումը և բռնությունը բաց քննարկելու տաբուն Հայաստանում որոշակիորեն կոտրվեց հուլիսին, երբ լրագրող Լուսի Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջը դարձրեց հարթակ՝ հրապարակելու մանկության կամ չափահասության շրջանում կանանց եւ տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգության պատմությունները:

Քոչարյանի այս շարժումը սկսվեց Եվայի մասին հոդվածն իր էջում կիսելուց հետո․ աղջիկը սեռական ոտնձգության էր ենթարկվել Հայաստանում կամավորություն անելու շրջանում։ Եվայի պայքարն արդարության համար և գերիշխող այն մտածելակերպի դեմ, թե բռնաբարություն Հայաստանում չի լինում, առիթ դարձավ մոտ 200 կնոջ պատմությունների հոսքի, որտեղ նկարագրվում էր նրանց հետ պատահածը։ 

Այս պատմությունները ցնցեցին շատերին Հայաստանում, և մեղմացրին երկար ձգված ամոթը, որն ավանդաբար լռեցրել է սեռական բռնության զոհերին։

Չնայած, որ պաշտոնական տվյալները ցույց են տալիս, թե երեխաների դեմ սեռական բռնության դեպքերը նվազել են վերջին երեք տարում, սակայն այս հանցանքի մասին միշտ չէ, որ հայտնում են պատկան մարմիններին։ Սա, ըստ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի պատասխանատու Անուշ Պետրոսյանի, մնում է սուր խնդիր Հայաստանում։

«Սեռական բռնությունը որպես գործիք է կիրառվում վերահաստատելու համար իշխանությունն ու ուժը։ Դա հիմնականում կիրառվում է կանանց ու երեխաների նկատմամբ», - ասում է մասնագետը։

Պաշտոնական տվյալները վկայում են, որ 14-17 տարեկանները սեռական բռնության ամենամեծ ռիսկային խմբում են

Իրականում ընտրողը ես չէի

«Մոտ մի տարի առաջ սկսեցի ընկերներիս ասել, որ իմ կյանքում եղել է մեկը, ում հետ սեռական հարաբերություն եմ ունեցել։ Ինձ համար դա արդարացում էր իմ կույս չլինելուն, նաև տվել էր ժամանակավոր զգացում, թե ես եմ ընտրել` երբ ունենալ սեքս»։

Այսօր 24-ամյա Նարեն մասնակի է հիշում սեռական բռնությունը, որի զոհն է դարձել 12 տարի առաջ։ Նա փորձել էր մոռանալ այդ շրջանը, սակայն ստիպված էր կրկին վերհիշել, երբ անցած ամռանն ընկերներից մեկը պատմեց մանուկ հասակում սեռական ոտնձգության զոհ դարձած իր ծանոթի մասին։ 

«Այդ պահին չգիտեմ հետս ինչ կատարվեց։ Գնացի զուգարան ու հիշում եմ, որ անընդհատ դեմքս էի լվանում։ Եկա, նստեցի ու իրեն պատմեցի։ Այդտեղից էլ ամեն ինչ սկսեց »,-պատմում է Նարեն։

Այդ գիշերվանից հետո Նարեի մոտ սկսեցին մղձավանջները, խուճապային գրոհները, խորացող դեպրեսիան, ինքնասպանության մտքերը:

«Ինձ թվում էր, թե այդ դեպքն ինձ հետ նոր է եղել», - ասում է նա։ 

Իրականում բռնությունը սկսել էր 12 տարեկանում։ Բարեկամը, որն իր ծնողների կողմից հարգված էր, երկու տարի շարունակ բռնաբարել էր նրան: Այն ժամանակ էլ Նարեն գիտակցել է իր հետ կատարվածը․ մայրն արդեն բացատրել էր, թե ինչ է սեռական հարաբերությունը, ինչպես են հղիանում․․․ 

Կատարվողի մասին լռել ստիպել է այդ մարդը։ Արդյունքում նա ոչ մեկին չէր պատմել եղածը նույնիսկ այն ժամանակ, երբ մտածում էր, թե հղի է։

«Հիշում եմ` ինքն ասում էր, թե ես եմ մեղավորը: Եթե բարձրաձայնեմ՝ կհերքի, կասի, որ դա իմ մեղքով էր։ Այդ ընթացքում մի քանի անգամ ինքնասպանության փորձ եմ արել։ Ինձ թվում էր, որ ճանճ ուտեմ՝ կմահանամ, որովհետև ճանճը բակտերիաներով հարուստ է․․․ Մի քանի անգամ կերել եմ, միանգամից մի քանի հատ», - պատմում է Նարեն։

«Պահ եկավ, երբ դրա մասին սկսեցի պատմել անծանոթներին։ Ինքս ինձ համար բուժման մեխանիզմ էի մշակել․ մտածում էի՝ ինչքան շատ մարդու պատմեմ, այնքան արագ կվերապրեմ, բայց չէր օգնում, հակառակը՝ վատացնում էր»։

«Ինքը որպես առանձին վերցրած անհատ մեղավոր չի։ Մեղավոր է հասարակությունը, հայրիշխանական համակարգը, որովհետև դրա պատճառով էր, որ իրեն թվում էր, թե ինքը կարող է ինձ կպնի, երբ ես չեմ ուզում։ Իրեն ավելի են հավատում, քան՝ ինձ»։

Հիմա Նարեն հոգեբանի մոտ է գնում․ «Երբեմն հոգեբանիս բաներ եմ պատմում, որ իրեն թվում է, թե դա իմ երևակայության արդյունքն է։ Հետո ինչ-որ մանրամասն հարցերի միջոցով հասկանում ենք, որ չէ, ուղղակի նոր եմ սկսել հիշել», - ասում է նա։ 

Այս հանդիպումների շնորհիվ Նարեն հասկացել է, որ սեռական բռնությունը, որի զոհն է դարձել երեխա ժամանակ, մինչև հիմա եւ հատկապես իր անձնական հարաբերություններում ազդեցություն ունի։ Օրինակ, նա չի կարողանում «ոչ» ասել սեքսին, նույնիսկ երբ չի ուզում։ Մինչև հիմա սեռական հարաբերության ժամանակ փայտացումներ է ունենում, քանի որ վախը անզգայացրել է իր մարմնի որոշ հատվածները զգայուն հպումների հանդեպ։ 

«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի փորձագետ Անուշ Պողոսյանն ասում է, որ ընտանեկան բռնությունը նույնպես ունի իր բացասական ազդեցությունը կանանց սեռական և վերարտադրողական առողջության վրա։ Խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ․

«Շատ տարածված է նաև տնտեսական և հոգեբանական բռնությունը։ Մի վիճակ, երբ կնոջը պարբերաբար նվաստացնում են, ինքնագնահատականը փորձում իջեցնել` վիրավորելով, չթողնելով, որ շփվի իր ծնողների, ընկերների հետ», - բացատրում է Պողոսյանը։

Ընտանեկան բռնությունը հանգեցրեց սեռական ոտնձգության

«Ես երբեք սեքսով չեմ ուզել զբաղվել։ Մի շրջան կար, երբ իսկապես չէի ուզում որևէ սեռական հարաբերություն ունենալ։ Խուսափում էի հանդիպել ընկերոջս, հատկապես երբ գիտեի, որ նպատակը դա է»։ 

Ընտանեկան բռնությունը, որին ականատես է եղել և ենթարկվել երեխա ժամանակ, դեռ հետապնդում է 27-ամյա Վարդինեին*։ 

Ծնողների ոչ հաշտ համատեղ կյանքի ընթացքում եղել են մշտական վեճեր ու ֆիզիկական բռնություն։ Չնայած Վարդինեն միշտ չէ հարվածների թիրախում եղել, բայց ընտանեկան բռնությունն իր ազդեցությունը թողել է։

Բացի ֆիզիկականից, Վարդինեն ասում է, որ իր մանկությունը տուժել է նաև հոգեբանական բռնությունից, օրինակ` մի օր պատահական տեսել է ծնողներին սեքս անելիս․ 

«Եթե սենյակից դուրս գայի, կտեսնեի, թե ոնց են դա անում։ Մի անգամ եղավ։ Միանգամից հետ եկա, որովհետև իմ գործը չէր», -ասում է նա։

Վարդինեն յոթ-ութ տարեկան էր, երբ այս դեպքը պատահել է, սակայն, սեռական հարաբերության ձայները լսել է շատ ավելի վաղ՝ չորս տարեկանից սկսած։

«Հինգ-վեց տարեկանում արդեն հասկանում էի`ինչ ձայներ էին։ Զզվելի էր։ Դրանք  խաթարել են իմ մանկական քունը, ազդել նյարդերիս վրա։ Հետո սկսեցի գիշերներն ատել։ Սա նաև ազդել է իմ սեռական կյանքի ու իմ՝ որպես կին ձևավորվելու վրա։ Երկար ժամանակ զզվել եմ տղամարդու մարմնից ու սեքսից։ Սրանք հոգեբանական մեծ ազդեցություններ են, որը ես ընտանեկան բռնություն եմ համարում», - պատմում է Վարդինեն։

Ասում է, որ իր ամենաերկար՝ չորս տարի տևած հարաբերությունն էլ բռնության շրջան է եղել, որը հասկացել է միայն բաժանվելուց հետո։

«Ես երբեք սեքսով չեմ ուզել զբաղվել։ Մի շրջան կար, երբ իսկապես չէի ուզում որևէ սեռական հարաբերություն ունենալ։ Խուսափում էի հանդիպել ընկերոջս, եթե հատկապես գիտեի, որ նպատակը դա է։ Բայց ստացվում էր այնպես, որ մանիպուլյացիայի զոհ էի դառնում․․․», - ասում է նա ու բացատրում իրավիճակը․ «Երբ ստաբիլ հարաբերության մեջ ես, փորձում ես ինչ-որ չափով բավարարել դիմացինիդ ակնկալիքները։ Դա սեռական-հոգեբանական բռնություն էր, որովհետև ստիպված երկար ժամանակ սեռական հարաբերություն եմ ունեցել իր հետ, որ չնեղանա»։ 

Վարդինեն համոզված է, որ իր հարաբերության սեռական բռնության պատճառը իր մանկական տրավմաներն են. «Ես եղել եմ զոհի կարգավիճակում ու էլ երբեք իմ մարմնին դեմ չեմ գնա ու անեմ բան, որը հասարակությունն ինձնից կպահանջի»։
 
Անուշը՝ կանանց վերարտադրողական առողջության փորձագետը, ասում է, որ գենդերային կարծրատիպերը ևս մեծ ազդեցություն ունեն կանանց սեռական և վերարտադրողական առողջության վրա։ 

«Շատ անգամ մեզ փոքրուց չեն սովորեցնում, որ մեր մարմինը, մեր սեռականությունը կարևոր է։ Նույնիսկ չեն սովորեցնում մեր սեռական օրգանների տարբեր ֆունկցիաները, անվանումները։ Եթե նկատել եք, տղայինը ինչ-որ անուն ունի, իսկ աղջիկներինը ընդհանրապես բացակայում է։ Այնպիսի տպավորություն է, որ աղջիկները զրկված են սեռականությունից և այդպես էլ մեծացնում են։ Աղջիկների մեջ դրոշմվում է, որ իրենց սեռական կյանքը երկրորդական է, շատ ավելի կարևոր է տղամարդունը», - ասում է նա։ 


Վլոգինգ՝ իրազեկելու համար

«Անունը ընթացքում եկավ։ Ինչ անում էի, ամեն ինչին կցում էին «ամոթ ա»-ն։ Ամոթ ա մարշրուտկայում առջեւի տեղը նստելը, ամոթ ա ավտոստոպ անելը․․․ բայց իրականում ամոթ չի՛»։ 

24-ամյա Մոնիկա Հովհաննիսյանը վլոգեր է։ Իր «Ամոթ չի» յություբյան ալիքը սկսել է 2018 թվին՝ սեռականության մասին իրազեկում անելու համար։ 

Ավելի վաղ տարիքում Մոնիկան ինքն էլ պայքարել է գնտելու համար իր սեռականության և մարմնի փոփոխությունների վերաբերյալ առաջացող հարցերի պատասխանները։ 

Այս թեման երբեք չի քննարկվել դպրոցում, տանը։ Միայն համալսարանական տարիներին է, որ նա հասանելիություն է ունեցել համապատասխան գրականությանը, գտել հասարակական կազմակերպություններ, որոնք տրամադրել են մեծ ծավալի տեղեկություն։

«Ուզում էի զբաղվել վլոգինգով կամ ցանկացած տեսակի վիդեո արտադրությամբ, որը իր մեջ կոնկրետ մեսիջ կպարունակեր ու կոնկրետ խնդրի մասին կբարձրաձայներ»։

Մի քանի տարի առաջ մի ծրագրի շրջանակում Մոնիկան շրջում է Հայաստանի մի քանի համայնքներով՝ կնոջ սեռական և վերարտադրողական առողջության մասին իրազեկում անելու համար։ Նրան դուր է գալիս այս փորձառությունը, և այսպես որոշում է ալիքը բացել։ 

Առայժմ երկու տեսանյութ է հրապարակել․ մեկը զրույց է սեքս մարզիչի, մյուսը՝ հարցազրույց սեքսոլոգի հետ։

Հակասական արձագանքներ է ստանում․ որոշները գովում են իր նախաձեռությունը, մյուսները՝ առցանց հարձակումներ անում։ Մի անգամ նույնիսկ նրա տեսանյութը հայտնվել է պոռնո կայքում։

Մոնիկան, սակայն, չի հուսահատվում։ Ասում է հանրության մեջ առաջացող այս իրարանցումը ցույց է տալիս, որ կրթության կարիք կա։ 

«Շատ կարևոր ա սովորել մեր սեռականության մասին», - ասում է վլոգերը, - «Երբեք մի դադարեք ուսումնասիրել ձեր մարմիններն ու էմոցիաները»։

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------*Այս կանանց անունները փոխվել են` իրենց անանուն մնալու ցանկության համաձայն։ 

թողարկում

Իմ մարմինը, իմ ընտրությունը

հաջորդ պատմությունը