Դեռ նորություն չունե՞ք

Արեն Մելիքյան

27-ամյա Սաթին Ալեքսանյանն իր հասակակից մյուս կանանցից շատերի պես զբաղվում է յոգայով, ոմանց պես սիրում է ֆուտբոլ և երազում է Ֆրանսիա տեղափոխվելու մասին։

Կենտրոնացած իր կարիերայի վրա՝ Ալեքսանյանը հետաքրքրված չէ ամուսնանալով կամ երեխաներ ունենալով։ Սա էլ նրան արտասովոր է դարձնում հայաստանցի այլ կանանց համեմատ:

Հայերենում «կին» բառը համարժեքաբար նշանակում է, թե՛ անձի իգական սեռը, թե՛ նրա կարգավիճակն ընտանիքում՝ հաճախ նույնականացնելով այս երկու հասկացությունները։ Ալեքսանյանի նման երիտասարդ կանանցից ևս ակնկալվում է, որ նրանք պետք է ամուսնանան, երեխաներ ունենան։

Այս ակնկալիքը հիմնականում ծնողներինն է, ովքեր ցանկանում են թոռներ ունենալ՝ մեկին, ով կստանձնի ազգանունը շարունակելու հանձնառությունը։ Հայ պահպանողական հասարակությունում երեխա ունենալը դիտարկվում է որպես կնոջ հիմնական պարտականություններից մեկը։

Ալեքսանյանը շաբաթական երեք անգամ զբաղվում է յոգայով։ Սա նրան օգնում է պահպանել հոգեկան հավասարակշռությունը։ Սովորաբար հարաբերությունները տղամարդկանց հետ ձախողվում են, քանի որ հայ տղամարդկանց մեծամասնությունը ցանկանում է ամուսնանալ և երեխաներ ունենալ, իսկ Ալեքսանյանի դիրքորոշումը նրանց համար անընդունելի է։

«Ես լիարժեք կյանքով եմ ապրում։ Ես շատ երջանիկ մարդ եմ՝ չնայած բոլոր հնարավոր խնդիրներին։ Իմ երջանկությունն իմ ներսում է»,-ասում է Ալեքսանյանը։

«Հայաստանում, ինչպես հայրիշխանական ցանկացած հասարակությունում, մեծապես ընդունված է կնոջը մեկուսացնել հանրային կյանքից` նրան վերագրելով խիստ սահմանափակ և հստակեցված տարածքներ և դերեր՝ ինչպես՝ մայր, կին, երեխաների և ընտանիքի այլ անդամների խնամքով զբաղվող անձ՝ վերոնոշյալ դերերը ներկայացնելով իբրև կնոջ ինքնության անբաժան և միակ կողմ, որից դուրս կինը, որպես այդպիսին, գոյություն չունի և չի ընկալվում հասարակության կողմից»,-ասում է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ և հետազոտող Անահիտ Սիմոնյանը։ 

Նույն ակնկալիքն ունի երկրի Կառավարությունը ևս։ Օգոստոսին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի բնակչությունը ներկայիս պաշտոնական երեք միլիոնի փոխարեն առնվազն հինգ միլիոնի հասցնելու ռազմավարության մասին։  

Պետությունն առհասարակ հաճախ է արժևորում կանանց` ըստ նրան ունեցած երեխաների քանակի։ Հատկանշական է 2018-ի խորհրդարանական ընտրություններից առաջ հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող նախընտրական բանավեճում Փաշինյանի փորձն՝ արդարացնել հանրության որոշ խմբերի կողմից քննադատության ենթարկված իր կուսակցության խորհրդի անդամ, ակտիվիստ Լարա Ահարոնյանին։ Փաշինյանը վերջինիս ներկայացրեց որպես չորս երեխաների մայր։ 

Պատճառն այն է, որ նրա` երեխաներ ունենալու փաստն ընդունվում է որպես ապացույց, որ նա դրական, բարոյական անձնավորություն է։ 

«Հասարակության վերաբերմունքն այն կանանց հանդեպ, ովքեր չենք ցանկանում ունենալ երեխա, ստանձնել այդ դերերը բացասական է։ Նման կանայք մեծ հաշվով դիտարկվում են իբրև «սպառնալիք» ընդունված հայրիշխանական նորմերին։ Երեխա չունենալու ցանկությունը բնական է և հատուկ է նաև տղամարդուն, սակայն չի դառնում նույնչափ հանրային պարսավանքի, քննադատության և պիտակավորման առարկա։ Երեխա չունեցող կանայք հաճախ հասարակության կողմից պիտակավորվում են իբրև ոչ լիարժեք, միայնակ, դժբախտ կանայք, ինչպես նաև անբարոյական»,-ասում է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Սիմոնյանը։ 

Այս հանգամանքն ամուսնացած կանանց համար իրական ճնշում է։ «Դեռ նորություն չունե՞ք» հարցը, որ համարժեք է «դեռ հղի՞ չես»-ին, ամենահաճախ տրվող հարցերից է, որոնց կանայք ստիպված են պատասխանել ամուսնությունից մի քանի շաբաթ հետո։ 

24-ամյա Լիլիթ Բաղդասարյանը ֆեմինիստ ակտիվիստ է և մարկետինգի առաջատար մասնագետ։ Երիտասարդ կինն ամուսնու հետ ևս կանոնավոր կերպով ստիպված է պատասխանել բարեկամների, ինչպես նաև անծանոթների կողմից հաճախ տրվող այս հարցին։ 

Լիլիթի կարծիքով Հայաստանում շատերը երեխա ունենալը դիտարկում են որպես պարտադիր պայման կայացած լինելու համար։  

«Հասարակության բավականին մեծ թիվ կազմող շերտեր կնոջն ընդունում են որպես «ինկուբատոր», որի մարմինը ցանկացած պահի պատրաստ է ունենալ երեխաներ, ընդ որում, նախընտրելի է` տղա երեխաներ։ Լսել եմ դեպքեր, երբ 34֊35-անց կանանց հորդորել են գոնե մեկ երեխա ունենալ, որովհետև հետո էլ չեն կարող, ու չէ՞ որ հետո մեկը պետք է լինի, որ իրեն պահի»,-ասում է Բաղդասարյանը։ 

Բաղդասարյանին, սակայն, այս հարցն այլևս չի անհանգստացնում։ 

«Ժամանակի ընթացքում նման խոսակցությունները հավասարվել են նվազագույնի։ Կարողացել ենք նման հարցեր տվող մարդկանց հստակ պատասխան տալ և հասկացնել, որ դա իրենց գործը չէ, այլ մեր խիստ անձնական կյանքն է, և որոշումների կայացումը կատարվում է բացառապես երկուսիս միջև»,-ասում է Բաղդասարայանը։ 

Չամուսնացած կանանց համար, սակայն, ինչպես, օրինակ, Ալեքսանյանն է, իրավիճակն ավելի ճնշող է։

Մոտ 18 տարեկանում Ալեքսանյանն սկսեց հարցականի տակ դնել ամուսնանալու և երեխաներ ունենալու իր ցանկությունը։ Այժմ նրա հիմնական ուշադրությունն ուղղված է իր կարիերային՝ Երևանում գործող ֆրանսիական մի ընկերությունում, ինչպես նաև նպատակը՝ գիրք գրել և հրատարակել Ֆրանսիայում։  

«18 կամ 19 տարեկանում, երբ ես սկսեցի բացահայտել ինքս ինձ, իմ ինքնությունը, ինչն է ինձ դուր գալիս և ինչը՝ ոչ, ես հասկացա, որ ամուսնանալու կամ երեխա ունենալու ցանկություն չունեմ»,-ասում է Ալեքսանյանը։

Մոր ջանքերի շնորհիվ`Ալեքսանյանը կարողացել է ֆրանսերեն սովորել 8 տարեկանից, թեև ոչ դպրոցում, ոչ համալսարանում ֆրանսերենն ուսուցման լեզու չի եղել նրա համար։

Նրա երազանքներում չկա ո՛չ ամուսնանալը, ո՛չ երեխա ունենալը։

«Ես իմ նպատակների իրականացման ճանապարհին եմ և չեմ կարող պատկերացնել իմ կյանքն այլ կերպ, քանի դեռ չեմ իրականացրել այդ նպատակները։ Պարզապես չեմ կարող պատկերացնել»,-ասում է նա։ 

Ալեքսանյանի ծնողները մշտապես աջակցել են իրենց դստերը նրա կարիերայի և ուսման հարցում, այդուհանդերձ, երիտասարդ կինը բարեկամների կողմից զգում է տարեցտարի աճող ճնշումն՝ ամուսնանալու և երեխաներ ունենալու մասին:

Երբ բարեկամները հերթական անգամ սկսում են նրա երեխաներ ունենալու մասին քննարկումները, Ալեքսանյանը հակադարձում է մի պարզ հարցով, եթե բնությունն իսկապես կանանց միայն երեխա ունենալու համար է ստեղծել, ապա ինչու՞ են որոշ կանայք զրկված երեխա ունենալու հնարավորությունից։ 

Որպես պատասխան` Ալեքսանյանն իր հասցեին ստանում է այնպիսի պիտակներ, ինչպիսիք են «էգոիստ» կամ «անհասկացող», ինչպես նաև նախազգուշացումներ, որ Աստված կարող է պատժել նրան երեխա չունենալու ցանկության համար։ 

Հայաստանում երեխա չունենալու ցանկության թեման այնքան զգայուն է, որ Ալեքսանյանի գործընկերներն ու ընկերները զգուշացնում են նրան չխոսել իր այս պլանների մասին, քանի որ դա կարող է վտանգել նրա բախտը։ Շատերը կարծում են, որ կնոջ համար մայրական բնազդ չունենալն աննորմալ է։ 

Այժմ Ալեքսանյանը հաճախ է անուշադրության մատնում նման մեկնաբանությունները, սակայն գոյություն ունեցող ճնշումն անհետևանք չի մնում։

Երիտասարդ կինը նախկինում փորձել է իրեն փոխելուն միտված ճնշումների հետ համակերպվելու լուծումը գտնել հոգեբանի օգնությամբ։ Սակայն օգնության փոխարեն, Ալեքսանյանի խոսքով, հոգեբանը փորձել է «բուժել» նրան՝ փոխելու նրա աշխարհայացքը։ Մեկ այլ հոգեբան նրան մեղադրել է էգոիզմի մեջ, քանի որ երեխաներ չունենալու ցանկությունը եսաակենտրոնություն է, կամ պատճառաբանել Ալեքսանյանի դիրքորոշումը երեխաներ ունեցող կանանց նկատմամբ նախանձով։ 

«Երբեմն ես պարզապես ցանկանում եմ, որ հասարկությունն ինձ ընդունի այնպիսին, ինչպիսին կամ, չհամարի ինձ ոչ նորմալ։ Մարդիկ պետք է հասկանան որ աշխարհում կանանց այս տեսակն էլ գոյություն ունի»,-ասում է Ալեքսանյանը։ 

Սաթին Ալեքսնայնն իր կյանքի նախորդ 27 տարիներն ապրել է մեծապես պահպանողական արժեհամակարգ ունեցող հայ հասարակությունում։ Երիտասարդ կինը սիրում է սպորտ, Առաջին հայկական ճակատ ֆուտբոլի երկրպագուների ակումբի անդամ է և մասնակցումէ Երևանում անցկացվող բոլոր ֆուտբոլային խաղերին։

56-ամյա Կարինե Ավանյանը մեծացել է ընտանիքում, որտեղ բացառված է եղել ամուսնանալու նպատակով նրա նկատմամբ ճնշումը։ Նա կարծում է, որ երեխաներ ունենալու՝ կանանց նկատմամաբ հասարակական ճնշումը նպատակ ունի պահպանել գոյություն ունեցող «ընտանիքի ինստիտուտը», սակայն նա ընտանիք կազմելը երբեք չի դիտարկել որպես երջանկության բաղկացուցիչ մաս։ 

Ավանյանը կարծում է, որ երեխաները ծնողներին պահում են մշտական տագնապի մեջ, իսկ սա պատասխանատվություն է, որը նա, գուցե, պատրաստ չէ կրել։

Փոխարենը նա ունի զարմիկներ, որոնց պաշտում է և նրանց հետ հրաշալի ընկերություն է անում։ Ավանյանը վարում է ակտիվ կյանք՝ լի տեղափոխություններով և հասարակական ակտիվիզմով։

Երեք իր անպակաս է Ավանյանի պայուսակում` ձեռնոցներ պլաստիկ իրեր հավաքելու համար, բահ, փոքր եղան, ռուս հեղինակ Մարինա Ցվետաեւայի գիրքը ու կարմի փայտե կով, որն իրեն հիշեցնում է հայկական հայտնի ասացվածքը`«Կարմիր կովը կաշին չի փոխի»:

«Ես սիրում եմ Երևանն ինչպես բազմաթիվ կանայք չեն կարող սիրել իրենց ամուսիններին։ Ես ֆիզիկական գրավչություն եմ զգում այս քաղաքի հանդեպ»,-ասում է Ավանյանը։

«Նկատել եմ, որ իմ մտերիմ կին ընկերները նախանձում են իմ ազատությանը, սեփական որոշումներ կայացնելու իմ անկախությանը»,-ասում է Ավանյանը։ 

«Նրանք միշտ ցանկանում են պահպանել ինձ հետ կապը, քանի որ իմ ընկերակցությունը թարմ օդ է նրանց համար, որը թույլ է տալիս նրանց դուրս գալ իրենց «ընտանեկան երջանկության» անդունդից։ Եվ իհարկե, նրանք իրենց սահամանափակված են զգում, քանի որ տեսնում են` կյանքն առանց ամուսնության ևս հնարավոր է։ Նրանք զգում են, որ թեև հաջողակ երեխաներ ունենալը հրաշալի է, սակայն այդ «ընտանեկան երջանկության» արժեքն իրենց ողջ կյանքն է»,-ասում է Ավանյանը։


Լուսանկարները` Մարիամ Թերզյանի

թողարկում

հաջորդ պատմությունը