Աբորտը Հայաստանում՝ օրինական, բայց խարանված

Ani Grigoryan

Հայ կանայք աբորտ անելու հանարավորություն են ունեցել 1955 թվականից:

Բայց նախաամունական սեքսի ուժեղ տաբույի պատճառով միայնակ կանայք հանդիպում են անօրինական սահմանափակումների, երբեմն անգամ վիրավորանքներ ստանում բժիշկների կողմից, ում դիմում են հղիության արհեստական ընդհատման համար:  

Կանանց իրավունքի մասնագետներն ինչպիսին Անուշ Պողոսյանն է, նշում են, որ կին հիվանդները հաճախ դատապարտվում են բժիշկների ու բուժքուրրերի կողմից, ինչը հանգեցնում է խտրականության, և երբեմն ոչ պրոֆեսիոնալ, կամ ոչ պատշաճ բուժման:

«Մենք ունենք դեպքեր, երբ, օրինակբժիշկը բոլորի դիմաց կանչել է՝ ՄԻԱՎ-ով կինը ո՞վ էր, թող գա ներս։ Նա պետք է գա զննության սենյակ»,-ասում է նա:

«Գաղտնիության հարց ևս կա. բժշկական համալսարանի ուսանողներ են լցվում սենյակ՝ առանց կնոջը հարցնելու, և այս ամենը ազդում է իհարկե։ Կարող է բժիշկի համար հերթական պացիենտն է, բայց կոնկրետ կնոջ համար այլ իրավիճակ է»,- նշում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Պողոսյանը:

«Մի հասարակությունում, որտեղ նախաամուսնական սեքս տաբու է, և պահպանվում է կարմիր խնձորի ավանդույթը (աղջիկները պետք է կույս լինեն, երբ ամուսնանում են), բժիշկների պահվածքը դառնում է խիստ և դատապարտող, երբ նրանք պարզում են, որ կինը խախտել է ավանդույթը»,- ավելացնում է նա:

Այդպիսին է 29-ամյա Նանայի փորձառությունը:

Նանայից (անունը փոխված է) հղիության ինը թեստ պահանջվեց՝ հավատալու, որ հղի է։

«Ես միշտ ուզել եմ երեխա ունենալ, 18 տարեկանից մտածել եմ, որ պատրաստ եմ մայրանալուն: Բայց ինքը հենց առաջին օրվանից ասում էր, որ եթե այդպիսի բան լինի (հղիություն-խմբ.), ապա պայմանավորվում ենք, որ դու երեխա չես ունենա: Ես էլ ասացի, որ արի այնպես անենք, որ այդպես չլինի»,- ասում է Նանան։

Նանան Երևանից է՝ Հայաստանի մայրաքաղաքից։ Ընկերոջ՝ Դավիթի, հետ ծանոթացել է Հայաստանում 2018թ. ապրիլին տեղի ունեցած հեղափոխության օրերին։ Նրանք հանդիպում էին յոթ ամիս, երբ պարզվեց, որ Նանան հղի է։

«Աշխատանքի վայրում սիրտս սկսեց խառնել: Մինչ այդ պետք է դաշտանս սկսվեր, բայց ուշանում էր։ Գնացի տուն ու համացանցում փնտրեցի ինձ մոտ եղած ախտանիշները. դրանք համապատասխանում էին հղիի աշխատնիշներին։ Զանգեցի Դավիթին՝ ասացի կասկածներիս մասին և խնդրեցի հղիության թեստ բերել: 20 րոպեից իմ տանն էր: Ինքն արդեն պանիկայի մեջ էր, բայց ես համոզված էի, որ թեստերը հակառակն էին ցույց տալու»,- պատմում է Նանան։  

Երեք թեստերն էլ ցույց տվեց նույն արդյունքը՝ երկու գիծ՝ դուք հղի եք:

«Ես չէի ուզում հավատալ: Որոշեցինք առավոտյան էլ փորձել: Բայց առավոտյան արված թեստերի արդյունքն էլ էր նույնը: Ու Դավիթն ինձ նայեց և ասաց՝ գիտես, թե ինչ պետք է անենք: Գնում ենք հիվանդանոց ու վերջ»,- ասում է Նանան:

Նանայի խոսքով դա շատ արագ կատարվեց, այնպես, որ նա ընտրության հնարավորություն չունեցավ: Իվերջո, այն ժամանակ նա մտածում էր, որ հարաբերությունների սկզբում համաձայնել էր, որ հղիանալու դեպքում, ընդհատելու:

Բայց շարունակությունն ավելի բարդ էր, քան սպասվում էր:

Նանան ու Դավիթը փորձում էին հանդիպել բժշկի, որին առաջարկել էին տեղի կլինիկայում, բայց չկարողացան: Նրանք սպասում էին ընդունարանում, որպեսզի մեկ ուրիշի բժշկի մոտենան:

«Մենք շատ երկար սպասեցինք ընդունարանում: Նստած էին այլ մարդիկ ևս և, բոլորը լսում էին, թե ինչ ես խոսում: Աշխատակիցը գրանցեց իմ անուն-ազգանունը, և թե ինչ պատճառով եմ եկել: Գրանցողը, որը մինչ այդ ժպտում էր, այդ պահին էլ չժպտաց ու, բարձրաձայն արտասանեց, թե ինչու եմ եկել»,- պատմում է Նանան:

«Եկավ մի ուրիշ գինեկոլոգ՝ շատ սառը դեմքով։ Եվ ընդունարանի աշխատողն ինձ ցույց տալով` բարձրաձայն ասաց՝ այդ աղջիկը եկել է ընդհատման համար։ Ու բոլորը ինձ նայեցին»,- հիշում է Նանան: Բժիշկների վերաբերմունքը Նանայի համար թերևս ամենաշոկայինն էր։ 

«Ինձ թվում էր, որ ես շրջապատված եմ ոչ թե բժիշկներով, այլ դատավորներով: Բայց դա իմ օրինական իրավունքն էր: Նրանք պարտավոր էին անել իրենց աշխատանքը»,-ասում է Նանան:

«Նրանք քեզ վերաբերվում են ինչպես հանցագործի։ Դու սխալ ես կատարել ու պետք է պատասխան տաս դրա համար»:

Հայաստանում հղիության ընդհատումն օրինական է մինչև 12 շաբաթականը և օրենքով նախատեսված է, որ բժիշկները պետք է մատուցեն այդ ծառայությունը: Մեկ տարվա ընթացքում միջինում 8000-8500 հղիության ընդհատում է կատարվում երկրում:

Սակայն ՀՀ Առողջապահության նախարարությունից «Չայխանային» տեղեկացրեցին, որ աբորտների նկատմամբ կառավարությունը «բացասական» վերաբերմունք ունի և շեշտը դնում է ծննդաբերության վերահսկման ապահովման վրա, ոչ թե հղիության ընդհատման ծառայության:

Սա նշանակում է, որ չնայած օրենքին, հղիության ընդհատումը կանանց համար դժվար հասանելի է՝ նշում է Պողոսյանը:

Նա հավելում է, որ թեև օրենքով ամրագրված է կնոջ՝ արհեստական ընդհատում իրականացնելու իրավունքը, հաճախ այն հասանելի չէ, կամ կինը, որը բժշկական ծառայության կարիք ունի, բախվում է անհարկի խոչընդոտների՝ բուժաշխատողների վարվելակերպի պատճառով:

«Սկսած նրանից, թե ինչպես են բուժաշխատողները կնոջն ընդունում, ինչ հարցեր են տալիս։ Փորձում են համոզել, որ ճիշտ որոշում չէ, անգամ աբորտը համեմատում են մարդասպանության հետ։ Բացի այդ, հետազոտություններ են իրականացնում՝ միացնում են սրտի բաբախը և այլն։ Այդ ամենը միանշանակ անդրադառնում է կնոջ վրա»,- ասում է Պողոսյանը:

Նանայի համար ուլտրաձայնային հետազոտությունը շոկային էր, հատկապես այն պատճառով, որ ստիպված էր հետևեել այլ հղի կանանց ուլտրաձայնային հետազոտությանը, մինչ իր հերթը կհասներ:

«Այդ պրոցեսը հնարավոր էր ամբողջությամբ և՛ լսել, և՛ տեսնել, քանի որ ընդամենը մեկ վարագույր էր բաժանում: Ինձնից առաջ մոտ 40 տարեկան մի հղի կին էր հետազոտություն անցնում։ Ու պատմում էր, որ նախորդ անգամ աբորտ է արել, քանի որ պարզվել է՝ աղջիկ է։ Ես սկսեցի մտքում քննադատել այդ մարդուն, միայն այն բանի համար, որ սեռով պայմանավորված աբորտ է արել։ Իհարկե իրավունք չունեի: Ու պատկերացրեցի, թե մարդիկ ինչպես են ինձ քննադատելու աբորտ անելու համար»։

Պտղին տեսնելը նույնպես անսպասելի էր և ցավոտ:

«Նստում եմ, էխո է անում ու էկրանը թեքում է այնպես, որ այն հայտնվում է իմ առաջ: Նա շատ լավ գիտի, որ ես եկել եմ աբորտ անելու համար, որ ես դժվար ժամեր եմ անցկացրել այդ որոշումից առաջ, ինչո՞ւ եմ ես ստիպված տեսնել այդ էկրանը: Ամեն ինչ արդեն բավական դաժան էր, ինչու ես պետք է տեսնեմ այդ պտուղը»,- արցունքներն աչքերին պատմում է Նանան։

Վերջնական հետազոտությունից հետո, նա ստիպված էր կրկին բժշկին բացատրել, թե ինչու է որոշել հղիության ընդհատում անել:

«Ինձ թվում էր, որ ես պետք է արդարանամ բոլորի դիմաց։ Ես այդ ժամանակ պետք է ասեի՝ գիտես քո գործը չի, ուղղակի գործդ արա ու հանգիստ թող ինձ։ Բայց այդ պահին փոքր երեխայի պես այնքան ես ընկճվում»,- ասում է Նանան:

«Թվում է՝ քո մայրն է ու քեզ ջղայն նայում է՝ դատելով քո սխալի համար։ Ես իրեն ասում եմ՝ պատրաստ չեմ երեխային մենակ մեծացնել, իմ ընկերը չի ուզում, որ պահեմ, ու ես մենակ եմ այս քաղաքում, անընդհատ աշխատում եմ ու այդքան գումար չունեմ երկու հոգու պահելու համար։ Քննադատաբար նայում է՝ լավ դե ինչ ասեմ, քո կյանքն է»,-հիշում է Նանան:

Նա հղիության ընդհատում արեց հաջորդ օրը: Բժշկական միջամտությունից հետո տեղավորեցին հղի կանանց հետ մի սենյակում, որպեսզի դեղեր ստանա: Բայց Նանան ասում է հղիության ու երեխաների ծննդից հետո հետագա պլանների մասին կանանց խոսակցությունները լսելը չափից ավելի ծանր էին իր համար և նա ու Դավիթը հեռացան:

Նանան այլևս չվերադարձավ հիվանդանոց, նույնիսկ հետագա ստուգման համար:

Անուշ Պողոսյանը նշում է, որ Նանայի փորձառությունը եզակի չէ:

ՀՀ առողջապահության նախարարությունից «Չայխանային» փոխանցեցին, որ յուրաքանչյուր հիվանդ լավ բժշկական օգնություն ստանալու իրավունք ունի և եթե կինը դժգոհ է իր բժշկից, նա իրավունք ունի փոխել բժշկին:

Պողոսյանը մինչդեռ հակադարձում է՝ բժիշկների պարտականությունն է սովորել հիվանդներին վերաբերվել հարգանքով:

Կանանց Ռեսուրսային կենտրոն ՀԿ-ն բուժաշխատողների համար անգամ դասընթացներ, ուղեցույցներ է պատրաստել, որպեսզի օգնի փոխել իրավիճակը:

«Մենք մշակել ենք ձեռնարկ բուժաշխատողների համար, որն ուղղված է զգայունության բարձրացմանը տարբեր խմբի կանանց հետ աշխատելու ժամանակ։ Մենք փորձելու ենք վերապատրաստման դասընթացներ իրականացնել բուժաշխատողների հետ հենց այս թեմայով, թե ինչպես ոչ խտրական պայմաններում կարող են ընդունել կանանց, ինչպիսի հարցեր է կարելի տալ և ինչպիսի հարցերից պետք է խուսափել։ Այժմ ձեռնարկը գտնվում է նախարարությունում, պետք է կրեդիտավորվի»,- ասաց Պողոսյան:

Նա նշում է կայանք իրավունք ունեն ակնկալել ազնիվ վերաբերմունք, երբ նրանք բժշկի են գնում:

«Սա կնոջ իրավունքն է, ինքը եկել է ծառայություն ստանալու՝ ընդհատման միջամտությունից օգտվելու»,- ասում է Պողոսյանը:

«Անկախ նրանից՝ ինչու և ինչպես է նա հղիացել, դա իր մարմինն է, իր ընտրությունը, և ինքն է որոշում՝ անում է այդ միջամտությունը, թե ոչ։ Եվ եթե որոշել է, որ պետք է անի, ապա պետք է ստանա պատշաճ և ոչ խտրական վերաբերմունք բուժաշխատողի կողմից»,- եզրափակում է փորձագետը:

թողարկում

Իմ մարմինը, իմ ընտրությունը

հաջորդ պատմությունը