Տատուները և մյուս տաբուները

Սերինե Գաբրիելյան, Արամ Կիրակոսյան,


Տեքստը՝ Սերինե Գաբրիելյանի
Լուսանկարները՝ Արամ Կիրակոսյանի

Սոնա Հակոբյանը 14 տարեկան էր, երբ ինքն իր մարմնի վրա առաջին անգամ դաջվածք արեց` փոքրիկ սիրտ ձեռքի մեջ: Տարիների ընթացքում դաջվածքներն ավելացան մեկը մյուսի հետևից, և ձմեռային ամիսներին է միայն, որ Սոնայի համար անսովոր է, քանի որ ստիպված է դրանք փակել:

Սոնան 14 տարեկան էր, երբ իր առաջին տատուն արեց՝ սրտի տեսքով: Նա ասում է, որ ձմռանը, երբ հագուստը ծածկում է տատուները, այնպիսի զգացողություն է ունենում, կարծես թե մարմնից ինչ-որ մաս է բացակայում:

Ներկայումս 24-ամյա Սոնան նոր դաջվածքներ չի անում ոչ իր, ոչ այլ մարդկանց վրա: Չնայած որ ծնողները միշտ աջակցել են նրան այս մասնագիտության ընտրության մեջ, մայրը նույնիսկ պրոֆեսիոնալ գործիք է նվիրել, շրջապատող մարդկանց մեծ մասն այդքան էլ մեծ աջակցություն չի ցուցաբերել:

Տասնամյակներ շարունակ տատուները համարվել են հայ տղամարդկանց բացառիկ իրավունքը՝ հատկապես տարածված լինելով կալանավորների կամ նախկին կալանավորների շրջանակներում: Տատուները, որ մշտապես համարվել են «Воровская наколка», հայ հասարակությունը դժվար ու բավականաչափ դանդաղ է ընդունում որպես արվեստի մի տեսակ, հատկապես, երբ կինն է այն ունենում:

Սոնան ասում է, որ 10 տարի առաջ, երբ սկսեց դաջվածքներով զբաղվել, հույս ուներ, որ կանանց դաջվածքների մասին կարծրատիպերը կվերանան կամ կփոխվեն ժամանակի ընթացքում: Մեկ տասնամյակ անց նա գիտակցում է, որ շատ բան չէ, որ փոխվել է այս առումով:

Սոնան այլևս չի զբաղվում դաջվածքներով, իր վրա էլ նորը չի անում: Նա նշում է, որ այլևս չի կարողանում չարձագանքել և չվիճել նրանց հետ, ովքեր զզվանքով են վերաբերվում իր տատուներին կամ շփոթում են անբարոյականությունը տատուների առկայության հետ:

Դաջվածքները մշտապես տարածված են եղել Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Մինչ ավելի ու ավելի շատ մարդիկ են ՌԴ-ում տատուներ անում, Խորհրդային միության մյուս երկրները, ինչպես օրինակ՝ Հայաստանը, հետ են մնում: Հայաստանյան հոգեբանները նկատում են, որ կանայք հաճախ քննադատվում են իրենց արտաքին տեսքի համար, իսկ կանխորոշված մտքերը կամ նախապաշարմունքներն այն մասին, թե ինչ պետք է կինը անի կամ չանի, կամ ինչպիսի տեսք ունենա, խորությամբ արմատացած են հասարակության մեջ:

Ավելի հասուն դառնալով՝ Սոնայի համար ավելի դժվար է դարձել լինել տատու արտիստ: Նա նշում է, որ նույնիսկ կոպիտ ու քննադատական հայացքների է արժանանում հանրային վայրերում, նույնիսկ մայրաքաղաք Երևանում: Տղաները կարող են հավանել նրա տատուները, ասել այդ մասին, բայց խնդրել նրան դա գաղտնի պահել, չասել ընկերների մոտ:

Մի անգամ Սոնան բախվել է իր հաճախորդներից մեկի հետևյալ արտահայտությանը. «Տատուներով աղջիկը, արա, չի կարա էլի նորմալ լինի»: Եվ սա այն ժամանակ, երբ այդ տղամարդը կանգնած սպասելիս է եղել  իր հերթին:

«Նրանք մտածում են, որ «նորմալ», բարոյական աղջիկը չի կարող տատուներ անել: Կան նույնիսկ ամուսիններ, ովքեր իրենց կանանց բերում են, բայց խնդրում են տատուն անել կնոջ մարմնի այն հատվածում, որը սովորաբար հագուստը ծածկում է»,-ասում է Սոնան:

Արդյունքում, Սոնան փոխել է իր աշխատանքը՝ անցում կատարելով ավանդական արվեստին՝ նկարչությանը, իսկ տատուներին կվերադառնա միայն արտերկրում բնակվելու դեպքում:

Հույս և օգնություն ՀԿ հոգեբան Անի Ենգիբարյանը նշում է, որ Հայաստանում կնոջից հաճախ առաջին հերթին ակնկալում են համապատասխանել ստեղծված կերպարին՝ լինել ավանդական ու համեստ.

«Միշտ համարվել է, որ հայ կինը պետք է լինի խոնարհ և կենտրոնանա երեխաների դաստիարակության վրա: Մինչդեռ այսօր մենք տեսնում են հայ կնոջը տատուներով, ոչ ստանդարտ սանրվածքներով. շատերը սա պարզապես չեն ընդունում»:

 Հայ կանայք միայն տատուների հետ կապված կարծրատիպերին չէ, որ առնչվում են: 30-ամյա Անի Դոլմազյանն այս Ամանորին ամբողջությամբ սափրել է գլուխը, նոր տեսքը չի ընկալվել ընկերների ու ընտանիքի անդամների կողմից:



2019 թ.-ին Անի որոշեց սափրել գլուխը: Նա ասում է՝ միշտ է ցանկացել ունենալ նմանատիպ սանրվածք, բայց ինչ-որ բան խանգարել է նրան դա անել: Սակայն այս Ամանորին՝ Լիտվայում մի քանի ամիս ապրելուց հետո, Անին վերադարձավ Երևան ու որոշեց իրականացնել իր ցանկությունը:

Նախնական փուլում, մի քանի ամիս էր պետք, որ շրջապատող մարդիկ ընկալեին ու ընդունեին Անի նոր արտաքինը, որը, ինչպես ներկայացնում է  Անին,  թույլ է տալիս ավելի ազնիվ լինելն ինքն իր հետ:

«Երբ քաչալացա, հասկացա, որ մազերն ավելորդություն են եղել, ստանդարտ կանացի կերպար է եղել ինձ կցված, իսկ այսպես այդ ավելորդությունը չունեմ, այսինքն՝ մազերի միջոցով չէ, որ կանացի եմ, ու այդ կանացիությունս այլ կերպ պետք է արտահայտվի»,-ասում է նա:

Այսպիսով, Անին սկսել է ստեղծագործել. բանաստեղծություններ է գրում, վերսկսել է կարել ու կար ու ձևի դասեր է տալիս, նորարական թատրոն է հիմնել և պլաններում էլ գիրք հրատարակելն է:

Եթե ճաղատ լինելը մի կողմից Անիին հնարավորություն է տվել նաև իր ներքինը կարդալ, ստեղծագործել, իրեն նորովի ճանաչել, մյուս կողմից հանրային բացասական վերաբերմունք է առաջացրել: Որոշ կանայք Անիին զզվանքով են նայում, մեկ այլ խումբ էլ կա, որ խղճահարությամբ է վերաբերվում՝ մտածելով, որ նա առողջական խնդիրներ ունի, եթե որոշել է գնալ այդ «քայլին»:

Անիի կյանքը փոխվել է գլուխն ամբողջությամբ սափրելուց հետո: Նա վերսկսել է կար ու ձևը, սկսել է կարի դասեր տալ: Ավելին, նա այժմ դերասանուհի է և նկարահանվում է ֆիլմերում, ինքն էլ իր սեփական ֆիլմն է նկարում:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը համարում է, որ հայ հասարակությունը դեռևս շարժվում է կարծրատիպային մտածելակերպով, չի գիտակցում, որ յուրաքանչյուր անձի խնդիրն է, թե ինչպես է նա հագնվում, ինչ ունի իր մարմնի վրա կամ ինչով է զբաղվում ընդհանրապես. «Ամբողջ խնդիրն այն է, որ օրինակ՝ մարդն ունի տատուներ, դա նրա անձնական գործն է, դիմացինն իրավունք չունի մեկնաբանել դա որպես բարոյականության հետ առնչվող ինչ-որ հարց, հանդուրժողականություն է պետք  ցուցաբերել»:

Սակայն, սա բարդ է պահպանողական հասարակության մեջ, ինչպիսի հայաստանյանն է, հատկապես այն մարդկանց համար, ովքեր մեծացել են Խորհրդային Միությունում: Ծատուրյանը նշում է, որ կան բազմաթիվ ավանդական հասարակություններ, ազգեր, որոնք բաց են նոր գաղափարների առաջ, մինչդեռ հայկական մշակույթը «տառապում է»՝ տարօրինակ որակելով կամ չընդունելով ստանդարտից դուրս արտաքինները:

Հայկական կարծրատիպերն անմասն չեն թողնում նաև մասնագիտությունները: «Պրոտեստ» բիզնեսի համահիմնադիրներ Նարինե Եղոյանն ու Թինա Վոլկովան բախվել են նախապաշարմունքների ու խտրականության միայն այն բանի համար, որ նրանք նախ զբաղվել են կաշեգործությամբ, ապա՝ արծաթագործությամբ, իսկ մարդիկ կարծում են, որ կինը մետաղական աշխատանքներով չպիտի և չի կարող զբաղվել:

Պրոտեստի հիմնադիրներից Նարինեն ասում է, որ դժվար էր սկսել մետաղագործությամբ զբաղվել 7 տարի առաջ:

«Քչերն են հասկանում, որ Հայաստանից դուրս բարքեր ու վարքեր կան, որ Հայաստանում ընդունված վարքերը հետ են մնացել: Մեծահասակները, ուղղակի լինելով սովետական մտածելակերպի տեր, չեն ուզում կարծրատիպերի դեմ պայքարել,  որևէ բան փոխել»,-ասում է Նարինեն:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նշված է, որ կանանց հետ կապված այս կարծրատիպերի ազդեցությունը իր դերն է խաղում նաև աշխատաշուկա մուտքի վրա: Օրինակ՝ նշվում է, որ դեռևս առկա են կնոջը «հարիր» և «հարմար» աշխատատեղերի մասին հանրային կարծրատիպեր, և հենց այս պատճառով էլ կանանց թվաքանակը որոշ ոլորտներում չափազանց քիչ է: Հայաստանում կանանց ամսական միջին աշխատավարձը տնտեսության բոլոր հատվածներում զիջում է տղամարդկանց միջին աշխատավարձին, և այդ ճեղքվածքը կազմում է 35.9 տոկոս:

Խնդիր է նաև այն, թե ինչպիսի դեր է վերագրվում կնոջը սոցիումի կողմից: Փոքրիկ քաղաքներում կամ գյուղական համայնքներում ընդունված է կարծել, որ տղամարդը պետք է աշխատի, կինը խնամի երեխաներին և զբաղվի տնտեսությամբ՝ համաձայն ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի սոցիոլոգիական հարցման՝ «Հայաստանի գենդերային բարոմետր» խորագրով:

Նարինեն, Թինան և Անին, ով հետո միացել է «Պրոտեստին», փորձում են մետաղների հետ իրենց աշխատանքով հակազդել այս կարծրատիպերի վրա: Նրանց հաճախ են ասել, թե կանայք պետք է հուլունքների հետ աշխատեն, ոչ թե մետաղ զոդեն: Բայց սա չի կանգնեցրել նրանց:

Նարինեն, Անին և Թինան փորձում են հակադարձել կարծրատիպերին արծաթագործությամբ զբաղվող «Պրոտեստ» բիզնեսի միջոցով:

«Մտածում են, որ եթե մուրճ ու կրակ կա գործի մեջ, կինը չի կարող դրանից գլուխ հանել,-ասում է Նարինեն,- մատս կտրվում է, եղունգս կոտրվում է, հաճախ նաև վնասվել  ենք, հա, բայց դա աշխարհի վերջը չէ»:

Շատ տղամարդիկ ու կանայք ևս զարմանում էին իմանալով, որ աղջիկները կիրառում են մուրճ կամ «տղամարդկային» այլ գործիքներ իրենց աշխատանքի մեջ:

Անին նկատում է, որ երբ մարդիկ տեսնում են իրենց փողոցում՝ տարբերվող հագուստով, տատուներով, պիրսինգով, սկսում են անգլերեն խոսել՝ մտածելով, որ օտարերկրացի են: Եղել են դեպքեր էլ, երբ իմացել են, որ հայ  են, զարմացել են, ասել, թե հայուհին  չէր կարող այդպիսի վառ տեսք ունենալ:



«Պրոտեստ» արծաթյա զարդերն ավելի հայտնի են դառնում Հայաստանում, -ասում է Թինան,-չնայած հիմա էլ դեռ կան մարդիկ, ովքեր չեն հավատում, որ կինը կարող էր դա պատրաստել և հարցնում են՝ ինչու եմ ես մուրճով աշխատում: Ես ուղղակի ժպտում եմ»:

Իրինա Ծատուրյանը կարծում է, որ ամեն դեպքում ակնհայտ է, որ հասարակությունը փոխվում է: Որպես օրինակ բերում է կին վարորդներին, որոնց դեռ 20 տարի առաջ ոչ մի կերպ չէին ընկալում: Հիմա կին վարորդ տեսնելը սովորական է:

Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը տարիներ շարունակ վախեցել է որակվել տարբերվող միայն իր հագուստների կամ ոճի համար: Այնուհետև հասկացել է, որ պետք է միայն կենտրոնանալ այն մտքի վրա, թե ինչն է իրեն ստիպում լավ զգալ, ոչ թե կրել կամ անել այն, ինչ  հասարակությունն է թելադրում:

«Հասարակությունը չէ, որ անպայման պիտի իր բարձր գնահատականը քեզ տա, որ դու ինքդ քեզ լավը համարես, դա փաթաթված կարծրատիպ է,-ասում է նա,- ինքդ պիտի ընտրես քո սեփական ոճը, արտաքին տեսքը և առաջ գնաս, իսկ հայ հասարակությունն իր բոլոր տարրերով հանդերձ դեռևս կարիք ունի գիտակցության մեջ փոփոխություններ անել և ինքնահաստատվել»:

թողարկում

Իմ մարմինը, իմ ընտրությունը

հաջորդ պատմությունը