Ապրել առանց մահվան վախի

Անի Ռափյան

Երեք տարի առաջ Ալբերտ Դալլաքյանն արթնացավ կոմայից՝ չգիտակցելով, թե ով է ինքը կամ ինչպես է հայտնվել այդ վիճակում:

Ալբերտը ծառայում էր Լեռնային Ղարաբաղում, բայց չի վիրավորվել ադրբեջանական կողմի կրակոցից: Նրա վրա անփութորեն կրակել էր դասակի հրամանատարը:

2017-ին հայկական բանակում զոհված 76 զինծառայողներից, առկա վերջին տվյալների համաձայն, միայն 23-ն են հակառակորդի կրակի զոհ դարձել: Չորս զինվոր մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու պատճառով, ինչպիսին և Ալբերտի դեպքն է:  

Ծնողները, որ իրենց տղային մեծացրել էին Դոնի Ռոստով քաղաքում (Ռուսաստանի հարավ), չէին ուզում, որ Ալբերտը ծառայի Հայաստանի զինված ուժերում: Բայց երբ լրացավ նրա 18 տարեկանը, ուսումնառությունից մեկ տարի անց, նա եկավ Երևան և ծառայության մեկնեց Լեռնային Ղարաբաղ: 

Ծնողները վախենում էին, որ նա կարող է սպանվել մարտական գործողությունների ժամանակ: Վիրավորումից հետո նրանք իրենց որդուն ոչ մի վայրկյան մենակ չթողեցին՝ վախենալով, որ կարող է տրվել հիվանդությանը:



Կոմայի մեջ եղած ժամանակ ծնողները մկրտել են Ալբերտին։ Այդ խաչը նա երբեք չի հանում վզից։

Ալբերտն ապրեց, բայց առողջությանը հասցված վնասը շատ մեծ էր: Նախկինում առողջ երիտասարդը կոմայի մեջ անցկացրեց 28 օր և ժամանակավորապես կորցրեց հիշողությունը: Նա կորցրեց նաև քայլելու ունակությունը, տեսողությունն էլ զգալիորեն վատացավ:

 «Կոմայից հետո, որ աչքերս բացեցի, մարդ չէի ճանաչում, անգամ մայրիկիս. զգում էի, որ ինչ-որ տեղ տեսել եմ իրեն, բայց չգիտեի` ով է»,- հիշում է 23-ամյա Ալբերտը. «Տեսողությունս էլ շատ թույլ էր ու կտրտված, չէի խոսում, գիտակցությունս նորմալ չէր վերականգնվել: Հետո կամաց-կամաց սկսեցի ինչ-որ բաներ հասկանալ, ինձ ասացին, որ թեթեւ վիրավորում է»:

«Թեթև վիրավորում»-ն իրականում ուղեղի մասնակի վնասվածքն էր:

Ալբերտ Դալլաքյանը վերջին երեք տարին անցկացրել է ՝ վերականգնվելով գլխուղեղի ծանր տրավմայից, որը ստացել է բանակում ծառայության ժամանակ: Մահվան շունչը մոտիկից զգալն ամբողջովին փոխել է նրա աշխարհընկալումը:

Բժիշկները հույս չունեին, որ նա կապրի, ծնողները նույնպես վախենում էին վատագույնից:

«Որ Ալբերտին կենտրոնական հոսպիտալ էին տեղափոխում, անհույս էինք, մտածում էինք` ուղղաթիռի վայրէջք կատարելուն անգամ չի դիմանա, բայց նա ապացուցեց, որ հնարավոր է անգամ անհուսությանը հաղթել»,- ասում է Ալբերտի վերականգնման գործում մեծ դեր ունեցած մասնագետներից մեկը` կինեզիոլոգ Դավիթ Արսենյանը:

Ալբերտը պատմում է՝ մի պահ ինքն էլ էր հույսը կորցրել. ամենասարսափելին սկզբում էր, երբ արթնացել էր ու տեսել, որ կարծես կես մարդ է դարձել:

«Ես խոշորամարմին էի, մկանուտ, բայց կարծես ինձանից մի մաս կտրած լինեին: Շատ ծանր ապրումներ էին, ոչինչ չէի ուզում անել ապրելու, բժիշկներին օգնելու համար, մինչեւ մի օր հիվանդասենյակիս դուռը պատահական բաց թողեցին, ու տեսա, թե ինչպես է մայրս միջանցքում լաց լինում»,- ասում է նա և շարունակում. «Ես հասկացա, որ պետք է հաղթահարեմ վախերս ու առաջ գնամ, թեկուզ հանուն էն բանի, որ մորս չկորցնեմ»:

Զինծառայության ընթացքն Ալբերտը սիրով է հիշում։ Ասում է՝ շատ ավելի լավ եւ ուժեղ մարդ է դարձել։

Երբ Ալբերտը հասկացավ, թե ինչպես է իր վիճակն ազդում մոր վրա, հավաքեց ուժերը եւ փորձեց կազդուրվել: Եվ նույնիսկ դեպքի մասին մտածմունքները (ըստ դատարանի որոշման, վիրավորումը եղել էր դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով) հետ չպահեցին նրան իր ձգտումից: 

Սակայն բժշկական օգնությունը, որ կարող էր նրան ցուցաբերվել Հայաստանում, սահմանափակ էր: Կենտրոնական զինվորական հոսպիտալում և «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ամիսներ անցկացնելուց հետո բժիշկները խորհուրդ տվեցին վիրահատության մեկնել Գերմանիա:

Վիրահատությունը, որ առաջակվեց Գերմանիայի Հայդելբերգի կլինիկայում, արժեր 45.000 եվրո:  Բայց Ալբերտը և ծնողներն ի վիճակի չէին այդքան գումար վճարել: Հայաստանի կառավարությունը ևս չէր կարող հոգալ վիրահատության ամբողջական ծախսերը:  

Երբ հանրությունը տեղեկացավ խնդրի մասին, Ալբերտի համար դրամահավաքի էջ բացվեց. գումարն արագ հավաքվեց:

«Ես նաեւ էդ ժամանակ հասկացա, որ պարտավոր եմ ապրել, որովհետեւ ծանոթ ու անծանոթ մարդիկ ինձ համար այդքան գումար հավաքեցին. ես տեսել եմ փոխանցումների մեջ, որ անգամ երեխաներ են 5-10 դոլար նվիրաբերել»,- նշում է Ալբերտը:

Վիրահատությունները, որոնք ուղղված էին գլխի անոթային համակարգը կարգավորելուն, շատ բարդ էին և ռիսկային: Գերմանիայի բժիշկներին զարմացել էր Ալբերտի վերականգնվելու վճռականությունը: Ալբերտն էլ ասում է, որ պարտավորված է զգում իրեն ընտանիքի և այն մարդկանց առջեւ, ովքեր օգնել են իրեն ավելի լավ զգալ:

«Ես տեսել եմ, որ Աստված իմ հետ է, ես երկրորդ կյանք եմ ստացել ու սկսել եմ պայքարել»,- ասում է Ալբերտը. «Առաջ վախենում էի, հիմա չէ: Ինչի՞ց վախենամ, մեռնելո՞ւց, ես դա էլ եմ հաղթահարել... Ես միայն ծնողներիս համար եմ վախենում, նրանց ցավ պատճառելուց»:

Հայդելբերգի կլինիկայում ևս Ալբերտը ջանք չի խնայել արագ վերականգվելու համար:

Կինեզիոլոգ Անուշն Ալբերտի հետ սկսել է աշխատել դեռ այն ժամանակից, երբ նա նոր է արթնացել կոմայից։ Այսօր նրանք նաեւ լավ ընկերներ են։

«Եթե մարդը չուզեց, ոչ ոք չի կարող օգնել նրան՝ ո´չ լավագույն մասնագետները, ո´չ լավագույն տեխնիկան: Ինձ հետ տղաներ կային պառկած հիվանդանոցում, իրենց հասանելիք մի ժամը պարապում էին, գնում էին հանգստանալու ամբողջ օրը, ես էդպես չեմ կարող, ես մինչեւ գիշեր աշխատել եմ ինձ վրա: Մարդիկ կան` սպասում են, որ իրենց ասեն` ինչ անեն, ես նախաձեռնությունն իմ ձեռքն եմ վերցնում»,- վստահեցնում է Ալբերտը:

Ժամանակի ընթացքում Ալբերտը կրկին սովորեց խոսել, անել առաջին քայլերը, և աստիճանաբար սկսեց վերակառուցել իր կյանքը: Այժմ նա տնտեսագիտություն և մենեջմենթ է սովորում Երևանի պետական համալսարանում: Զուգահեռ նաեւ անգլերեն է պարապում:

Ալբերտը սովորում է ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում: «Սիրում եմ հաճախել դասերին, շփվել համակուրսեցիներիս հետ, այդպիսով կտրվում եմ առօրյա մտքերից, որոնք միշտ չէ, որ դրական են»,- ասում է նա։

Բայց լինում են պահեր, որ կորցրածի ցավը շատ է ճնշում նրան: Երբեմն դեռ ուշաթափություններ է ունենում: Վիրավորման հետեւանքները շարունակում են զգացնել տալ իրենց. նա այլեւս չի կարող զբաղվել իր սիրած հոբբիներից շատերով, ինչպես օրինակ՝ սպորտով:  

Ավտոմեքենաներն Ալբերտի թուլությունն են։ Իր առաջին մեքենան գնել է 15 տարեկանում՝ իր աշխատած գումարով։ Այսօր նա երազում է սեփական մեքենան ունենալու եւ վարելու մասին: «Մեքենա վարելով միայն ես կզգամ, որ վերադարձել եմ լիարժեք կյանք»,- ասում է Ալբերտը:

«Որ զբաղմունք չեմ ունենում, շատ եմ կենտրոնանում իմ խնդիրների վրա, մի փոքր ցավ եմ զգում, սկսում եմ վախենալ, որ կվատանամ: Ինձ անընդհատ զբաղմունք է պետք»,- ասում է նա եւ հավելում. «Հասկանո՞ւմ ես` ուզում եմ ինձ լիարժեք մարդ զգալ, նախկինը դառնալ»:

թողարկում

Վախ

հաջորդ պատմությունը