Տասնվեցամյա Ալեքսի կյանքը վերածվել է ամենօրյա ռեժիմով ընթացող պայքարի, որը նա ստիպված մղում է պահպանողական հասարակության դեմ՝ ազատ ապրելու իր իրավունքի նվաճման համար: Նրա ընդգծված կերպարը՝ էքսցենտրիկ վարք, գունավոր մազեր, դաջված դեմք փակ հասարակությունում ընկալվում է որպես սպառնալիք՝ ուղղված ավանդական արժեքների խարխլմանը: Հասարակությունը միավորվում է ընդդեմ
«տարբերվողի» և պարտադրում նրան՝ համապատասխանել ընդունված նորմերին, որպես արդյունք,  Ալեքսն իր հիմնական ժամանակն անցկացնում է տանը, մենակ։ Ալեքսը երաժիշտ է և մեծ մտավախություն ունի, որ իր արվեստը Հայաստանում երբեք չի ընդունվի և հարկադրական մեկուսացումը կդառնա իր ապրելու ձևը:

Սիրո և համերաշխության հեղափոխություն իրականացրած հասարակության անհանդուրժող ու պառակտված լինելը ցայտուն դրսևորվեց բոլորովին վերջերս՝ Երևանի Հանրապետության Հրապարակ մետրոյի մոտ տեղի ունեցած ժամանակակից պարի  փերֆորմանսի ժամանակ, երբ ուղղորդված հետադեմ ուժերը համարեցին, որ իրավունք ունեն միջամտել ու իրենց օրակարգը թելադրել ներկայացման մասնակիցներին: Հնի ու նորի այս աղմկոտ բախումը տարբեր մեկնաբանություններ ստացավ մեդիայում՝  մշակութային հեղափոխությունից մինչև սատանիստական ակտ:

Ալեքսն այդ օրը հանդիսատեսի շարքերում էր և ականատեսն էր կատարողների նկատմամբ բռնությանը։ Նմանատիպ խնդիր ինքը ևս ունեցել էր, երբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նկուղում ընթացող համերգի ժամանակ իր ելույթը դադարեցվել էր ոստիկանության կողմից։ Համերգը որակվել էր որպես սատանիստական ակտ, մասնակիցները ներկայացվել էին որպես սատանիստներ: Դրան հաջորդած մեդիախառնաշփոթը ավելի էր բարդացրել իրավիճակը և ընդգծված առճակատում էր  առաջացել հասարակության տարբեր շերտերի միջև:
Հասարակությունն ամեն կերպ փորձում է դուրս մղել ընդունված չափանիշներին չհամապատասխանող «ուրիշներին», և  Ալեքսի ու իր ընկերների համար  երաժշտությունը դառնում է պայքարի մի ձև, անվախության դրսևորում և ձգտում՝ ունենալու ստեղծագործական ազատություն սեփական երկրում: 


թողարկում

Վախ

գլխավոր
Chai-khana Survay