Հայ ակտիվիստներն արվեստը վերածում են բողոքի

Հեղինակ՝ Շուշան Աբրահամյան

Պատկերազարդումը՝ Մանանիկո Կոբախիձեի


Մի՛ խաբիր:

Դրանք առաջին բողոքի բառերն էին, որ 26-ամյա ակտիվիստ Նվարդ Ավետիսյանը գրել էր պատին: 

Նա այդ խոսքերը տարածել էր Հայաստանի մայրաքաղաք Երևանում, պատի վրա` 2013-ի ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցի ժամանակ:

Ուղերձը պարզ էր նրանց համար, ովքեր հասկանում էին բողոքի ակցիայի իմաստը, սակայն բավական վերացական՝ այն այլ կերպ մեկնաբանելու համար:

Քաղաքական ուղիղ մեկնաբանության և անձնական մեկնաբանության միջև եղած այդ նուրբ սահմանն էր, որ տարիներ ի վեր դարձավ Ավետիսյանի աշխատանքի թեման:

Օրինակ, երբ Ավետիսյանը մասնակցում էր Electric Yerevan-ին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ 2015-ին կազմակերպված բողոքի ակցիաներին, սկսեց պատերին գրել այնպիսի արտահայտություններ, որոնք, առաջին հայացքից, ոչ մի առնչություն չունեին հավաքների հետ:

Ընկերներից մեկի հետ միասին նրանք գրել էին հայկական հայտնի ասույթը՝ «#Աչքներս լույս» և գրաֆիտները տեղակայել Մարգարյան ծննդատան պատերին: Արդյունքում, շատերը սկզբում մտածել էին, որ դա շնորհավորական ուղերձ է նրանց համար, ովքեր նոր են երեխա ունեցել: Հետագայում նրանք ասույթը գրեցին նաև այլ վայրերում, հիմնականում քաղաքի կենտրոնում՝ այն մեծ լսարանի համար ավելի հասանելի դարձնելով:



Ավետիսյանը նաև օգտագործում էր գրաֆիտները՝ փորձելով մարդկանց դրդել մտածել մայրաքաղաքում իրականացվող քաղաքականության մասին: Նա, օրինակ, ստեղծեց մի քանի հայտնի փողոցային արվեստի գործեր՝ ի նշան հին շնենքերի քանդման արշավի դեմ բողոքի, ներառյալ՝ «Տունը շենք չէ, տունը մարդ է»-ն: Նրա աշխատանքը հայտնի դարձավ երևանցիներին, բայց ոչ բոլորն էին դա կապում քաղաքի հին շինությունների քանդման արշավի հետ: «Ես դա արել եմ էն շենքերի վրա, որոնք ենթակա էին քանդման», - ասում է նա՝ նշելով, որ նա հույս ուներ, որ իր բառերը մարդկանց կստիպեն մտածել:



Արվեստաբան Հասմիկ Բարխուդարյանը նշում է, որ 2015-ից Հայաստանում արվեստագետները սկսեցին օգտագործել գրաֆիտիները՝ սուր քննադատություն արտահայտելու համար:

«Դա լավագույն միջոցն էր բողոքի, որն ընդհանրապես կարելի էր այդ ժամանակահատվածում մտածել», - ասում է նա:

Սոցիոլոգ Աննա Ժամակոչյանը համաձայն է, որ բողոքի այլ հարթակների և տարածությունների բացակայության պատճառով փողոցային արվեստը դարձավ «դիմադրություն արտահայտելու լավագույն միջոցներից մեկը»:

«Երբ բողոքի ակցիաների համար քաղաքում շատ տարածքներ չկային, հասարակական վայրերից մնում էին միայն պատերը, որտեղ կարելի էր բողոք արտահայտել և տեսանելի դարձնել, որպեսզի այն ներթափանցեր առօրյա կյանք», - ասում է նա:

Ժամակոչյանը հիշում է, որ գրաֆիտիի այս ալիքը սկսվել է բնապահպանական բողոքներով, ինչպես 2007-ի ցույցերը՝ Թեղուտում հանքարդյունաբերություն սկսելու նախագծի դեմ:

Ավետիսյանի համար, ով իրեն արվեստագետ չի համարում, փողոցային արվեստը իր բողոքի արտահայտման բնական զարգացումն էր:

Նա այլոց նման սկսեց փողոցներում գրառումներ անել, քանի որ դա հնարավորություն էր տալիս քաղաքական հաղորդագրությունները ավելի հասանելի դարձնել հանրությանը: Ավետիսյանը նաև գաղափարական առումով է մեծ նշանակություն է տալիս փողոցներին, կապված ենթադրաբար նրա հետ, որ բոլոր քաղաքական բողոքները, որոնց նա մասնակցել է, տեղի են ունեցել փողոցներում:

Գրաֆիտին թույլ տվեց նրան գրել, և ամենակարևորը գրել այն փողոցներում, որտեղ ըստ նրա ծնվում է քաղաքացին:

«Թուղթն ու գրիչը ձևավորեցին իմ ստեղծագործական տարածքը», - ասում է նա: Գրիչը և թուղթը փոխելով ներկերի և պատերի հետ՝ նա գրաֆիտները դարձրեց պայքարի համար մեկ այլ գործիք: Ավետիսյանը նշում է, որ գաղափարական առումով իր համար կարևոր էր փողոցներում գրառումներ անելը, իսկ գրաֆիտները նրան թույլ տվեցին իր հաղորդագրությունների համար ավելի մեծ լսարան ունենալ:

Ըստ արվեստաբան Բարխուդարյանի՝ փողոցային արվեստն ըստ էության  ենթադրում է դիմադրություն:

«Նախքան այն, որ այն կարող է լինել բողոքի գործիք, ունի այդ պոտենցիալը որևէ խնդրի բարձրաձայնման, կարծում եմ՝ այն նաև ինքնին արդեն բողոք է հենց արվեստի դաշտում»,- ասում է նա:

Գրաֆիտին համեմատելով արվեստի այլ ձևերի հետ` նա ավելացնում է. «Կոլլեկտիվ հայեցման շատ հետաքրքիր ֆենոմեն ունի սթրիթ արթը»:

«Հետևաբար նաև ավելի մեծ ազդեցություն ունի և հավանականությունը ավելի մեծ է, որ արծարծվող խնդիրը ավելի արագ կներթափանցի լայն հասարակության տարբեր շերտեր, ավելի արագ կդառնա քննարկման առարկա»:



Այսօր ակտիվիստներն՝ ինչպիսին է երևանաբնակ Աիդա Մարուքյանը, օգտագործում են գրաֆիտները՝ կոնկրետ սոցիալական խնդիրների, օրինակ գենդերային հավասարության  վերաբերյալ իրազեկություն տարածելու համար:

21-ամյա Մարուքյանը «Աղջիկները խոսում են» նախաձեռնության համահիմնադիրն է:

Նա ասում է, որ խումբը տեսնում է, որ «կանանց և տղամարդկանց միջև հավասարության չկա», և նրանք ցանկանում են փոխել «այն իրավիճակը, որը կա, այն անհավասարությունը, որը հասարակության մեջ բավական արմատացած է»:

Մարդկանց ուշադրությունը գենդերային հիմնահարցերի վրա հրավիրելը շատ անձնական պայքար է դարձել Մարուքյանի համար: «Մենք բոլորս, չնայած ամեն ինչին, առնչվում ենք այս խնդիրներին», - ասում է նա:

«Ինչ-որ բան անել փոխելու համար ստեղված իրավիճակը ինձ համար գոնե շատ կարևոր է ... մենք բարձրացնում ենք այնպիսի հարցեր, որոնք որպես հասարակություն չենք ընդունում որպես խնդիր, բայց դա մի բան է, որն ըստ մեզ խնդիր է»:

2018-ի աշնանից սկսած աղջիկներն ուղևորվում են մարզեր՝ կանանց իրավունքների մասին գրաֆիտիներ անելու: Նրանք իրենց առաջին ուղերձները հղեցին հյուսիսում գտնվող Գյումրիում: Այն կնոջ դիմանկարն էր՝ գրությամբ. «Ես մեկն եմ, ոչ թե՝ մեկինը»:
Տեքստը վերաբերում էր այն համոզմունքին, որ կանայք առաջին հերթին անհատներ են, ոչ թե, ավանդույթի համաձայն, պարզապես ինչ-որ մեկի դուստրը, քույրը, մայրը կամ կինը:



Նրանք նաև ստեղծեցին կարգախոսներ՝ ինչպիսիք են «50/50»-ը՝ գենդերային խորհրդանիշներով, «Ուռաա, աղջիկ ա» գրաֆիտին, որը վերաբերում էր Հայաստանում ոչ միշտ խրախուսվող աղջիկ երեխաների ծնունդին: Մայրաքաղաքից հյուսիս-արևելք ընկած Հրազդան քաղաքում նրանք փակցրեցին այսպիսի կարգախոսներ՝ «Կնոջ տեղն անտեղ է, ուր նա ուզում է լինել…», «Ինչո՞ւ է ազատությունս վախեցնում քեզ»:



Խմբի ջանքերը միշտ չէ, որ գնահատվում են: Գյումրիում մեքենայի մեջ նստած մի խումբ տղամարդիկ կոպիտ մեկնաբանություններ էին արել, մինչ աղջիկներն աշխատում էին: Հրազդան քաղաքում էլ մի կին սպառնացել էր, որ կպատռի նրանց պաստառները:

Բայց Մարուքյանը կարծում է, որ հասարակության հետ շփվելը գործընթացի մի մասն է: Գրաֆիտիի ուժն այն է, որ այն հասանելի է, ասում է նա՝ նշելով՝ «մենք բոլորս անցնում ենք այս փողոցներով»:


թողարկում

Բողոք

գլխավոր
Chai-khana Survay