«Երեխան անհետացել է». Հայ կանայք պայքարում են իրենց կորցրած երեխաներին գտնելու համար

Հեղինակ՝ Հասմիկ Բալեյան


Լուսանկարները՝ Ավետիս Ավետիսյանի


20 տարի է, ինչ Սյուզաննա Պատվականյանը մայր է, սակայն առանց երեխայի ՝ դստերը բաց է թողել վշտով և հուսահատորեն փնտրում է նրան:

Սյուզաննան ընդամենը 16 տարեկան էր, երբ իմացավ, որ հղի է:

Փոքրիկը գուցե պլանավորված չէր, սակայն անցանկալի էլ չէր: Սյուզաննան պարզեց, որ աղջիկ է ունենալու: Նա երազում էր դստերը Ստելլա անվանակոչել  և մեծացնել նրան:

Սկզբում ամեն ինչ այնպես էր, ինչպես ինքն էր պատկերացնում: Նա ծննդաբերեց Երևանում ՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում:

Ստելլայի ծննդից հետո, սակայն, ամեն ինչ այլ ընթացք ստացավ: Բժիշկներն ասացին, որ տուն տանելու համար երեխան շատ հիվանդ է և փորձեցին համոզել, որ նա հրաժարվի աղջկանից:


 Սյուզաննա Պատվականյանն ու նրա փաստաբանը վստահ են՝ արդարությունը վերականգնվելու է, Ստելլային գտնելու են։


Սյուզաննան միայնակ էր և ուժասպառ, երբ նրան ներկայացրեցին մի թղթի կտոր և ասացին, որ դրա վրա գրի իր անունը: Այսօր նա հասկանում է, որ թուղթը օգտագործվել է երեխային ապօրինի որդեգրելու համար:

«Ես իմ երեխայից  հրաժարվելու մասին ոչինչ չեմ գրել, երբեք չեմ ցանկացել իրաժարվել նրանից»,- ասում է նա:

«Ես ընդամենը գրել եմ՝ երեխայի մայրն եմ, իմ երեխային անվանակոչել եմ Ստելլա Պատվականյան»:

Նա նշում է՝ փաստաթղթի օրինակից երևում է, որ այն վավերացվել է ստորագրելուց հետո. ինքը գրել է սովորական թղթի վրա, իսկ ավելի ուշ ստորագրությունը հայտնվել է որդեգրման համաձայնության համապատասխան փաստաթղթի վրա:

«Այդ փաստաթուղթը կեղծել են, իրենք են լրացրել իմ հասակը, իբր 171 սմ,  անգամ կնիքը կա, բայց բուժող բժշկի անունը չկա․․․կեղծիքները բազմաթիվ են։ Ինձ ասացին ստորագրիր, ես ասացի  ինչպե՞ս ստորագրեմ, ես  անչափահաս եմ․ նույնիսկ դա եմ հստակ հիշում», -  պատմում է Սյուզաննա Պատվականյանը։

«Իմ երեխային մանկատուն էլ չեն տարել։ Երեխան անհետացել է»:


Սյուզաննան պնդում է՝ այս փաստաթուղթը կեղծված է, ինքը որդեգրման համաձայնության մասին փաստաթուղթ չի ստորագրել։


36-ամյա Սյուզաննան անցած 20 տարիներն անցկացրել է իր կորցրած երեխային փնտրելու համար: Նա հրաժարվել է ամուսնանալ և դադարեցնել իր պայքարը:

Ստելլայի հայրը, վերջիվերջո,  տեղափոխվել է արտերկիր, բայց Սյուզաննայի ընտանիքի հետ միասին փորձել է օգնել նրան պարզելու տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել Ստելլային գտնելու համար: Սյուզաննան անգամ գտել է այն ծնողների անուններն ու հասցեները, որոնք Ստելլայի ծննդյան ժամանակ երեխաներ են որդեգրել: Իր դստեր մասին, սակայն, լուր չկա:

Փորձերը, որպեսզի ոստիկաններն իր գործով զբաղվեն, երկար ժամանակ ապարդյուն էին: Բժիշկները լուռ էին, և առանց դատարանի վճռի, որով կհաստատվեր, որ որդեգրումն անօրինական է, ոստիկանությունը իրավունք չուներ փնտրելու Ստելլային:

Հայաստանում Սյուուզաննայի ճակատագիրը կիսում է մոտ 728 մայր: Որոշ դեպքերում, ինչպես օրինակ Հայկուհի Խաչատրյանի դեպքում, մայրերին ասել են, որ երեխան մեռելածին է, կամ մահացել է ծնվելուց հետո: Մյուսները պատմում են, որ ինչպես Սյուզաննայի դեպքում, իրենց եւս ասվել է, որ երեխան չափազանց հիվանդ է, հիվանդանոցից դուրս ապրելու համար:

Գրեթե բոլոր դեպքերում կա մեկ հասցեատեր ՝ բժիշկ Ռազմիկ Աբրահամյանը՝  Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրենը:


Ռազմիկ Աբրահամյանը մայրերի այս կազմակերպված պայքարը ուղղորդված պատվեր որակեց և հեռացավ դատարանի բակից։

Ռազմիկ Աբրահամյանը hեռացավ դատարանից՝ շարունակելով պնդել, որ ինքը երեխաների ապօրինի որդեգրումների գործի հետ որևէ կապ չունի։


Բժիշկ Աբրահամյանը աչքի է ընկնում նաև Սյուզաննայի գործով:

Նրա ստորագրությունը դրված է այն փաստաթղթի վրա, որը Սյուզաննան իբր ստորագրել է իր երեխայից հրաժարվելու համար: Սյուզաննայի փաստաբան Մարատ Կոստանյանը պնդում է, որ եթե անգամ Սյուզաննան ինչ-որ բան ստորագրել է, բժիշկն իրավունք չուներ երեխային որդեգրման հանձնել:

2013-ին Սյուզաննան և նրա փաստաբանը դատի տվեցին բժիշկ Աբրահամյանին ՝ փորձելով ստիպել նրան տեղեկություններ հաղորդել երեխայի ճակատագրի մասին: Դատարանը մերժեց նրանց հայցը ՝ վկայակոչելով հանցագործության ապացույցների բացակայությունը:

Սյուզաննան սակայն նշում է՝ ոստիկանները նրան ասել են, որ կան ապացույցներ այն մասին, որ Երևանում ընտանիքը երեխա է որդեգրել այն ժամանակ, երբ Ստելլան ծնվել է: Նրանք հրաժարվել են Սյուզաննային և նրա փաստաբանին որդեգրման մասին փաստաթղթերը տրամադրել՝ վկայակոչելով օրենքներ, որոնք պաշտպանում են որդեգրման գաղտնիքը:


Սյուզաննա Պատվականյանի փաստաբանը պարբերաբար գրություններ է ուղարկում պատկան մարմիններին՝ փորձելով հասնել նրան, որ դատական նոր գործընթացներ սկսվեն։

Այժմ իրավապահները նշում են, որ որդեգրման գաղտնիքը պետք է պահպանվի օրենքով։


Այլ ընտանիքներ ևս՝ այդ թվում Հայկուհու ընտանիքը, պայքարում են իրենց երեխաների մասին բժիշկ Աբրահամյանից տեղեկություններ ստանալու համար: Հայկուհուն, օրինակ, իրավունք չեն տվել տեսնել որդու դին կամ թաղել նրան:

«Երբ երեխաս ծնվեց, ասացի տվեք գրկեմ, չտվեցին։  Ինձ քնաբերների ազդեցության տակ են պահել ու երեխայիս տարել։ Փոքրիկիս ծնվելուց հետո Ռազմիկ Աբրահամյանը  մյուս մասնագետներին   հարցրեց՝ երեխայի մարմինը կապտա՞ծ է,  ասացին ոչ»,-  պատմում է Հայկուհին ։

«Իրենց պնդմամբ՝ երեխան մեռելածին է եղել։ Ես 9 ամսական հղի էի։ Ինչպե՞ս կարող էր նա դեռ իմ արգանդում մահացած լինել, երբ ես նրա շարժումները զգում էի ու տեսնում»:

Հայկուհին աղերսել է հիվանդանոցի անձնակազմին երեխայի մասին որևէ տեղեկատվություն տալ, սակայն նրանք հրաժարվել են որևէ բան տրամադրել, նույնիսկ ԴՆԹ նմուշ: Ծննդատնից դուրս գրվելուց քիչ անց, նա առողջական խնդիրների հետևանքով կրկին հիվանդանոցում է հայտնվել:

Հենց վերակենդանացման բաժանմունքում գտնվելու ժամանակ էլ Հայկուհին որոշել է  խոսել իր երեխայի հետ պատահածի և հիվանդանոցի գործողությունների մասին:

«Հենց այս օրերին ես  Ֆեյսբուքում բարձրաձայնեցի կատարվածի մասին, աստիճանաբար ինձ սկսեցին գրել մայրեր, որոնց պարագայում ևս նույնանման պատմություններ էին եղել, և ես առցանց փաստաթուղթ կազմեցի, ստորագրահավաք կազմակերպեցի, որ արդարության հասնենք։ Այդպես համախմբվեցինք», - պատմում է Հայկուհին՝ նշելով, որ «Հայոց մայրեր» խմբին մի քանի հարյուր մայր միացավ։

Խումբը սկսեց բողոքի ցույցեր կազմակերպել Երևանի գլխավոր դատախազության դիմաց, այնպես ինչպես Սյուզաննան էր անում տարիներ շարունակ:


Հայկուհի Խաչատրյանը պնդում է՝ հետևելու է դատական բոլոր պրոցեսներին, և ակնկալում է, որ դատավորներն արդար կլինեն։

Իրենց զավակներին կորցրած մայրերից շատերը պնդում են՝ իրենց խաբել են՝ ասելով՝ երեխան մահացած է, մինչդեռ փաստաթղթերը վկայում են այն մասին, որ նրանք որդեգրվել են։

Իրենց երեխաներին փնտրող ծնողների շարքում կան նաև տարեց մարդիկ, որոնք պնդում են՝ շուրջ 40-45 տարի առաջ իրենց զավակներին խլել են իրենցից:

Մայրերը նշում են՝ սկզբում չեն կարողացել հավատալ, որ իրենց հետ կարող էին այդքան դաժան վարվել․․․


Երեխաներին կորցրած մայրերի մոտ որոշ հույսեր արթնացան այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց բժիշկ Աբրահամյանի և մյուսների նկատմամբ: Պարզ չէ, թե ինչը դրդեց նոր քննություն սկսել, սակայն մինչ օրս դեռ ոչ ոք չի դատապարտվել երեխաների անհետացման համար: Բժիշկ Աբրահամյանին և մի քանի այլ անձանց մեղադրանք է առաջադրվել նույն գործով. բոլորը հայտարարել են, որ մեղավոր չեն:


Հայկուհի Խաչատրյանը պարբերաբար հավաքում է իրենց երեխաներին կորցրած մայրերի տվյալները և դրանք փոխանցում իրավապահներին

Մայը պնդում է՝ չի դադարի պայքարել, քանի դեռ չի գտել իր երեխային։

Մայրը նշում է՝ հիմա, երբ իրավական նոր գործընթացներ են սկսվել, հույս ունի՝ կգտնի իր զավակին

Դոնարա Շահազիզյանը պնդում է՝ 42 տարի առաջ Մարգարյան հիվանդանոցում իրենից խլել են իր աղջկան՝ Նանային ու ապօրինի որդեգրման տվել։

Երեխային կորցրած մայրը պնդում է՝ իրեն ասել են՝ երեխան մահացած է, բայց փաստաթղթերը վկայում են՝ երեխան չի մահացել, նրան որդեգրել են։

Մայրերի պայքարին միացել է նաև իր երեխային փնտրող հայրերից մեկը։


Բայց Սյուզաննան նշում է, որ վերջերս հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանին: Շուրջ երկու տասնամյակ չլսված լինելուց հետո, վերջապես, իրավապահները նրան ասացին այն, ինչ ցանկանում էր լսել:

«Նա ասաց, որ կան նոր հանգամանքներ, որոնք կարող են հանգեցնել նոր իրավական գործընթացների», - ասում է Սյուզաննան:

«Եթե դա տեղի ունենա, և դատարանում ապացուցվի, որ ես երեխայիցս չեմ  հրաժարվել, վստահ եմ, որ ոստիկանությունը կկարողանա գտնել նրան»:

* 2019 թ.-ի դեկտեմբերի 18-ին բժիշկ Աբրահամյանը և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի մի շարք այլ պաշտոնատար անձինք ձերբակալվել են ՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելու կասկածանքով: Նրանց բոլորին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, սակայն իրենք իրենց մեղավոր չեն ճանաչել: Նրանք հիմա ազատության մեջ են և սպասում են դատավարության ավարտին: Հինգ մեղադրյալներից միայն մեկն է կալանավորվել:


թողարկում

Բողոք

գլխավոր